Արդարության Եւ Հաղթանակի Տարի

Հայկական Ժամանակ, 29 Դեկտեմբեր 2010

Եւս մի քանի օր, եւ 2010 թվականը կմնա անցյալում: 2011-ը արդեն երրորդ Նոր տարին կլինի, որ մարտի 1-ի զոհերի երեխաները կդիմավորեն առանց իրենց հայրերի, նրանց ծնողները` առանց իրենց զավակների: Հայաստանի կալանավայրերում շարունակում են պահվել քաղաքական բանտարկյալներ, ովքեր բանտարկված են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու եւ սեփական իշխանությունը ընտրելու իրավունքը պաշտպանելու համար: 2011-ն էլ դիմավորում ենք առանց անկախ հեռուստատեսության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ունեցած հետընթացներով, բայց հավատով, որ 2011 թվականին ամեն ինչ այլ կերպ է լինելու: Երեկ մեր թերթի միջոցով նման հույս են հայտնել քաղբանտարկյալներից մի քանիսը, ովքեր Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով իրենց շնորհավորանքն են հղել հայ ժողովրդին:

Հայկական Ժամանակ, 29 Դեկտեմբեր 2010

Եւս մի քանի օր, եւ 2010 թվականը կմնա անցյալում: 2011-ը արդեն երրորդ Նոր տարին կլինի, որ մարտի 1-ի զոհերի երեխաները կդիմավորեն առանց իրենց հայրերի, նրանց ծնողները` առանց իրենց զավակների: Հայաստանի կալանավայրերում շարունակում են պահվել քաղաքական բանտարկյալներ, ովքեր բանտարկված են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու եւ սեփական իշխանությունը ընտրելու իրավունքը պաշտպանելու համար: 2011-ն էլ դիմավորում ենք առանց անկախ հեռուստատեսության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ունեցած հետընթացներով, բայց հավատով, որ 2011 թվականին ամեն ինչ այլ կերպ է լինելու: Երեկ մեր թերթի միջոցով նման հույս են հայտնել քաղբանտարկյալներից մի քանիսը, ովքեր Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով իրենց շնորհավորանքն են հղել հայ ժողովրդին:

 

Նշենք, որ այդպիսի շնորհավորանք հնարավոր չի եղել ստանալ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից, քանի որ, ինչպես հայտնի է, նա կատարյալ մեկուսացման մեջ է եւ նույնիսկ նամակ ուղարկելու հնարավորությունից է զրկված: Ներկայացնում ենք քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Հարություն Ուռուտյանի, Արամ Բարեղամյանի, Սարգիս Հացպանյանի եւ Շմավոն Գալստյանի մաղթանքները.

Սասուն Միքայելյան – Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ 2011 թվականը ձեր օջախներին բերի խաղաղություն, բարօրություն եւ բարեկեցություն: Սիրելի ժողովուրդ, այսօր մեր շուրջն այնքան գորշություն ու կեղծիք կա, որ մարդ ակամայից մտածում է` ո՞ւր ենք գնում եւ ո՞րն է լինելու այս ամենի հանգրվանը, քանզի մեծարվում են նրանք, ովքեր չպետք է մեծարվեն, տառապում են նրանք, ովքեր չպետք է տառապեն, իսկ վայելում են նրանք, ովքեր ոչ մի արժանիք չունեն: Սակայն ես հավատացած եմ, որ ձեր հավաքական ներուժն ի զորու է շտկել այս ամենը: Նայելով ձեզ, ձեր տոկունությանն ու համախմբվածությանը, ես խաղաղություն ու հավատ եմ զգում, նաեւ համոզմունք, որ Հայրենիքի ապագան չի վտանգվի, տեսնում եմ վստահություն եւ ապագա: Միայն թե համատեղ ջանքերով մենք պետք է այդ հավատը դարձնենք համընդհանուր ու բերենք 88-ի հավատի զորեղությանը, պետք է վերականգնենք Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայության համախմբվածությունը, միասնականությունն ու միակամությունը, զոհաբերության գնալու պատրաստակամությունն ու ինքնավստահությունը: Ու նաեւ չպետք է հանդուրժենք Հայրենիքի ապագայի նկատմամբ անտարբերության ցանկացած դրսեւորում: Միայն այս ամենի հանրագումարն է այն երաշխիքը, որ մենք կկարողանանք մեր հայրենիքը անկորուստ հանձնել սերունդներին: Թող այս համոզմունքով ու հավատով էլ դիմավորենք Նոր տարին: Ուրախ Ամանոր եւ Սուրբ ծնունդ եմ մաղթում ձեզ, սիրելի ժողովուրդ: 

Հարություն Ռուռուտյան – Ես առաջինը շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի բոլոր անդամներին` մեր առաջնորդի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Թող մարտի 1-ի մեր բոլոր զոհված ընկերներին, մարտական ընկերներին հավերժ փառք լինի: Շնորհավորում եմ նրանց ծնողներին, հարազատներին, քույրերին: Ցանկանում եմ հաջողություն բոլոր մեր համակիրներին, մեր թիմակիցներին: Թող 2011 թվականը մեր հայ ազգի համար լինի հաջողության տարի: 2011 թվականին թող ոչ միայն մենք` քաղբանտարկյալներս ազատության մեջ լինենք, այլեւ բոլորը ապրեն ազատ, անկախ Հայաստանում: Ցանկանում եմ, որ եկող տարում Հայ ազգային կոնգրեսը իր հայտարարած սահմանադրական ճանապարհով կարողանա այսօրվա անօրինական իշխանությունից վերցնել իշխանությունը եւ անել այն, ինչ պետք է մեր պետությանը, մեր կայունությանը, մեր երկրի, մեր ժողովրդի համար: Համաժողովրդական պայքարը այս երեք տարիների ընթացքում արել է այն, ինչ պետք է աներ: Ինձ համար խնդիր չկա` այսօր ես ճաղերի ետեւում եմ, թե դրսում: Ես իմ պայքարը տանում եմ, ու պետք է տանեմ, ուր էլ որ լինեմ, քանի որ 12-13 տարի մենք անօրինական իշխանության ձեռքում ենք գտնվում: Մենք պետք է շուտափույթ ազատվենք այս անօրինական իշխանություններից ու ինչքան շուտ, այնքան լավ: Մի այսպիսի պատմություն կա. Իսահակյանին հարցնում են` բարի մարդիկ շա՞տ են, թե չարերն են շատ: Ասում է` պարզ չի՞ որ բարիներն են շատ, եթե չարերը շատ լինեին, ուրեմն երկիրը կկործանվեր: Իրոք որ բարի մարդիկ այսօր շատ են, պայքարողները շատ-շատ են, ու մենք միասին կհասնենք այդ հաղթանակին, այդ երջանկությանն ու հաջողությանը: Թող 2011-ը բոլորիս համար լինի երջանկության տարի:

Արամ Բարեղամյան – Ես մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն` առաջին հերթին: Ցանկանում եմ, որ ազատ մտածողների, ազատ քաղաքացիների թիվը շատանա: Կուզենամ, որ սահմանադրական կարգի վերականգնման տարի լինի, որովհետեւ արդեն մտավախություն ունեմ, որ այսպես շարունակվելով ստիպված ենք լինելու նորից պայքարել ազատ, անկախ Հայաստանի համար: Հայաստանը գնալով կախվածության մեջ է ընկնում այլ պետություններից: Ինչպես մեզ այստեղ գերի են պահում, այնպես էլ մեր ժողովուրդն է գերի այլ պետություններին: Սա ցավով եմ ասում, բայց փաստ է: Այս պարագայում անիմաստ է նույնիսկ խոսել մարտի 1-ը բացահայտելու մասին, քանի որ դա նույնն է, ինչ իշխանափոխությունը: Մարտի 1-ը բացահայտելը իշխանության համար կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա նրանք չեն շտապում ազատության մեջ լինելու հարցում, դա իշխանությունների խնդիրն է: Կարեւորը` մեր պայքարի շնորհիվ, ՀԱԿ բոլոր կուսակցությունների, մեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում ստեղծվեց քաղաքացիական հասարակություն, սա շատ կարեւոր եմ համարում: Այդպես մեր իշխանությունն ավելի կայուն է լինելու եւ ավելի ճիշտ, քան եթե մենք 2008-ի փետրվարի 19-ն գայինք իշխանության: Ես կարծում եմ` ժամանակը չի կորել, այս առումով մենք նույնիսկ շահել ենք: Բայց ցավում եմ, որ մենք ունեցանք 10 զոհերի կորուստը, որը չի կարող վերականգնվել: Խաղաղություն եմ ցանկանում նրանց հոգիներին: Խաղաղություն ու  բարին ձեզ բոլորիդ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Սարգիս Հացպանյան – Շնորհավորելով իրենց երեխաներին բոլորովին այլ Հայաստան, մարդու իրավունքները լիիրավ հարգող մի պետություն, քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովող մի երկիր պարգեւելու գիտակցությամբ ապրող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, վաղվա գալիք օրերի համար մարտնչող մեր սքանչելի ժողովրդին հղում եմ սրտաբուխ բարեմաղթանքներս: Առավել քան վստահ եմ, որ 2007 թվականի աշնանը սկսված Համաժողովրդական շարժումը իր առաջ դրած բոլոր նպատակները իրականացնելու է անպայման, քանի որ պատմության մեջ չի եղել եւ չկա գեթ մեկ օրինակ, որ իր իրավունքների համար պայքարող ժողովուրդները պարտված լինեն:

Շմավոն Գալստյան – Ես մեր հայ ժողովրդին առաջին հերթին ցանկանում եմ խաղաղություն, երկրորդ հերթին` առողջություն, երջանկություն: Քաղբանտարկյալներին ցանկանում եմ ազատություն, ու թեեւ իշխանությունները հայտարարում են, որ չեն ընդունում քաղբանտարկյալ տերմինը, բայց իրենք լավ էլ գիտեն` ես էսօր ինչի՞ համար եմ նստած. ոչ մի բանի: Եթե կատարած լինեինք հանցագործություն, շատ նորմալ կնստեինք, բայց որ չես կատարել ոչ մի բան, ու նստեցնում են մարդասպանի կողքին, լավ չի: Իշխանություններին ցանկանում եմ մի քիչ խոհեմություն. Սերժ Սարգսյանը ընտրվելուց հետո ասում էր, որ ինքը եւ իր ընտրողների, եւ չընտրողների նախագահն է, բայց ոչ մեկի նախագահն էլ չի: Մենք ուզում ենք, որ այս երկիրը նորմալ երկիր լինի, որ մեր երեխաները ապրեն այստեղ ու ոչ թե ստիպված թողնեն-հեռանան: Մենք ծնվել ենք այս հողի վրա, իսկ մեր ընկերները արյուն են տվել այս հողի համար: Թող խաղաղություն լինի, թե չէ ստացվում է, որ մարդիկ գնում-զոհվում են խաղաղություն պահելու համար, հետո կարող է պատահել արյան գնով պահված հողերը ինչ-որ մարդիկ հանձնեն:

Շնորհավոր բոլորի Ամանորը:

You May Also Like
Read More

Հալէպ՝ Առաջին Կայարան

Մանկութիւն Ունեցո՛ղ Տղու Մը Յուշերը Հեղինակի Խօսք՝  Համանուն հատորէն Զաւէն Խանճեան, Լոս Անճելըս,  Փետրուար 2013 Այսօր, Սուրիական հայրենիքը արիւնաթաթախ է: Այսօր,…
Read More