Արեւմտահայության հայրենադարձության խնդիրը եւ հայության ակնկալիքները

Սեւակ Արծրունի,Երևան, 25 Ապրիլ 2014
Արեւմտահայերու Ազգային Համագումարի Կեդրոնական Խորհուրդի Անդամ

Ընդհանրացված սովորույթ է, նամանավանդ հարյուրամյակի նախաշեմին, հայոց ցեղասպանության խնդրի լուծումը ներկայացնել հրեական shoah-ի խնդրի լուծման մօտեցումներով։ 2015–ի նախօրէին անընդհատ հնչում են կոչեր հայկական եւ հրէական ցեղասպանությունների զոհերի հիշողությունը հավերժացնելու անհրաժեշտության մասին։Այսպիսի մոտեցումը արեւմտահայոց տեսանկյունից եթե ոչ սխալ, ապա անբավարար է եւ արդյունք է դյուրըմբռնման։ Անբավարար է, որովհետեւ հայության մոտ հայկական ցեղասպանության խնդիրը այդ ցեղասպանության հետեւանքով զոհվածների հիշողության հավերժացումով չի կարող սահմանափակվել։

Միջազգային հեղինակության տեր հայ եւ հրեա ժամանակակից մտավորականների կողմից ընթացող հիշողության արշավը չի կարող արդյունավետ լինել, նախ եւ առաջ որովհետեւ Հայության եւ մասնավորաբար արեւմտահայության պարագային հայկական ցեղասպանության խնդիրը պահանջատիրական բնույթ ունի։

Հայերի նման այո Եվրոպայի հրեաները ենթարկվել են ցեղային հիմքի վրա մասսայական եւ համակարգված կոտորածների, ողջակիզման, ֆիզիկական բնաջնջման։ Արեւմտահայոց նման նրանք նույնպես միաժամանակ ենթարկվել են համակարգված ունեզրկման, թալանի, շահագործման, ստրկացման։ Սակայն, Shoah-ի հետեւանքով, հրեաներն ընդհակառակը, միջազգային հանրության աջակցությամբ եւ որպես հատուցում, տիրացել են Իսրայել պետություն ստեղծելու իրավունքին, այնուհետեւ նաեւ տասնամյակներ շարունակ ստացել են իրենց կորուստների հատուցման իրավունքը։

Հրեաների ողջակիզումից տասնամյակներ առաջ, Օսմանյան կայսրության հայությունը ենթարկվել է մասսայական բնաջնջման եւ ընդհանրացված, համակարգված, շարունակական տեղահանությունների եւ կողոպուտի ու օրինականացված ունեզրկման։

Հայերն սպասել են, եւ 99 տարի հետո տակավին սպասում են իրենց Նյուրեմբերգին։ Հայերն սպասել են եւ տակավին սպասում են Թուրքիայի առաջնորդների ներողության մինչ Shoah-ի համար Գերմանացի ժողովրդի անունից ներողություն է խնդրել նախագահ Willy Brandt-ը 1970 թվականին, Լեհ ժողովրդի անունից Lech Walesa-ն 1990 թվականին, Հոլանդացի ժողովրդի անունից թագուհի Beatrix-ը 1995 թվականին, Ֆրանսիայի ժողովրդի անունից Ժաք Շիրաքը 1995 թվականին,  Աշխարհի կաթողիկե քրիստոնեաների անունից ներողություն են խնդրել երկու պապեր` Հովհաննես Պողոս երկրորդը եւ Benoit տասնվեցերորդը, եւ այլն։

Ցեղասպանությունը լինելով համամարդկային հիշողության խնդիր, անշու՛շտ միջազգային հանրությունը պարտավոր է հավերժացնել Shoah-ի միլիոնավոր նահատակների հիշողությունը, եւ այս հրամայականը անշու՛շտ կարեւոր խնդիր է աշխարհի հրեաների համար, եւ նրանց պայքարն այս իրողության համար իրենց արդար իրավունքն է։

Սակայն զոհերի հիշողությունը հավերժացնելու բնագավառից դուրս հրեաները հասել են իրենց մնացած բոլոր իրավունքներին։

Իրավիճակը բոլորովին այլ է հայության համար։ Թուրքիան առ այսօր ժխտում է հայոց ցեղասպանության փաստը։ Հայությունը 99 տարի հետո չի ստացել հատուցում ո՛չ կորցրած հայրենիքի եւ ոչ նյութական ու բարոյական անգնահատելի կորուստների համար։ Եւ այս փաստը, խոսում է այն մասին, որ հայկական ցեղասպանության խնդրի լուծումը բոլորովին այլ խնդիր է, եւ կարելի չե սահմանափակել հայության զոհերի հիշատակը հավերժացնելու խնդրով։

Առանց հայկական ցեղասպանության փաստի ճանաչման, առանց հայության կրած տարածքային, նյութական եւ բարոյական վնասների վերականգնման, մեկ ու կես միլիոն կոտորված հայերի հիշողությունը հավերժացնելն ընդամենը համազոր կլինի հայկական ցեղասպանության անգերեզման զոհերի մահվան վկայականի։

Այս է փաստը, որը անշրջանցելի է, անքննարկելի է հայության պահանջատիրության եւ ակնկալիքների տեսակետից։

Հայ ժողովուրդի բոլոր շրջանակներում, հայկական ցեղասպանության հիշողությունը, առաջին հերթին, պատմական հայրենիքից բռնի տեղահանման իրողության ընդհանուր հիշողությունն է։ Հայ հասարակության մեջ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ամեն ինչից առաջ, հայության պատմական հայրենիքի կորուստի եւ այդ կորստից բխող իրավունքների հատուցման խնդիրն է։ Յուրաքանչյուր հայի համար ցեղասպանությունը ամեն բանից առաջ հայրենիքի կորուստի ազգային ընդհանուր եւ ընդհանրացված խորունկ ցավով է արտահայտված։

Արեւմտահայության ընդհանուր գիտակցության մեջ, ցեղասպանություն բառը հոմանիշ է առաջին հերթին հայրենիքի կորստի։ Ոչ մեկ նյութական կամ բարոյական հատուցում չի կարող բավարարություն տալ հայ անհատի գիտակցական եւ ենթագիտակցական վիրավորվածությանը, այլապես, առաջին եւ երկրորդ սերունդներից հետո ցեղասպանության համար հայության պայքարը հետզհետե կմեղմանար։

Հրեական Shoah-ի վերապրողներն ու նրանց սերունդները երբեք չեն ցանկացել վերադառնալ եւ վերատիրանալ Եվրոպայում թողած իրենց բնակավայրերին եւ հողերին, մինչ Օսմանյան կայսրության ժառանգներն առ այսօր ամեն ապրիլ 24-ի սփյուռքի հայկական բոլոր դպրոցներում կրկնում են «այս տարի հոս գալ տարի Վանի մէջ» նշանաբանը։ Այս նշանաբանը քչերի համար քաղաքական ծրագիր է, սակայն բոլորի համար ազգային գիտակցության ընդհանրացված հիշողության եւ ակնկալիքի արտահայտություն է։

Իսրայելում, Արեւմտյան Եվրոպայում կամ Ամերիկայում ապրող Shoah-ի սերունդները չեն ստեղծել Վարշավայի, Բեռլինի հայրենակցական միություններ, մինչ աշխարհում ամենուր, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում, հայերը 99 տարիներից ի վեր ստեղծել եւ պահպանում են Վանի, Մուշի, Հաջընի, եւ Օսմանյան հայության հայրենի բնակավայրերի ու շրջանների հայրենակցական միություններ։

Սա խոսում է այն մասին, որ հայության մեջ հայկական ցեղասպանությունը հավերժական հիշողության չի կարող վերածվել, որովհետեւ այն այս պահին տակավին ապրող մղձավանջ է, չիրականացված նպատակ է, սերունդից սերունդ փոխանցված վերք է, դերեւս չլուծված հասարակական եւ քաղաքական խնդիր է։

Ընդհանրացված, եւ բոլորի կողմից կիսված գիտակցական, կամ ենթագիտակցական տառապանքը, կարող է ոմանց համար արտահայտվել վրեժի ու թուրքատիացության, ուրիշների համար զոհերի սովորամոլ հիշատակման արտահայտություններով, սակայն բոլոր հայերի համար, եւ այլ ամեն բանից անկախ, ցեղասպանությունը կորուսյալ հայրենիքի վերականգնման իղձի խորհրդանիշ է։

Կարող ենք ուրեմն արդեն եզրակացնել, որ հայկական ցեղասպանության ցանկացած արդար լուծում նախ եւ առաջ պետք է հավակնի լուծում տալ հենց այս` կորուսյալ հայրենիք վերադարձի հայկական ակնկալիքին։

*****

Այս իմաստով, եւ փորձելով գտնել հայկական ցեղասպանության խնդրի հայության ակնկալիքներին բավարարություն տվող արդար լուծումներ, նախ հարկավոր է լավագույնս հասկանալ թե ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ տարածքներ են կորցրել արեւմտահայերը։

1915-1917 թվականներին հայությունը չի կորցրել հայրենի պետություն, Երիտթուրքական բանակները խախտելով չեն ներխուժել միջպետական սահմաններից ներս, չեն նվաճել հայկական բանակների կողմից պաշտպանվող պետական տարածքներ, երկու ժողովուրդների միջեւ տեղի չի ունեցել միջազգային կամ միջպետական պատերազմ։

Տեղի է ունեցել մի ծայրաստիճան պարզ եւ նույնքան ահավոր իրողություն։ Պետությունը, իր պետական տարածքում, ցեղային խտրականության սկզբունքով, ոչնչացրել է իր քաղաքացիներից կազմված մի ամբողջ բնակչություն եւ կողոպտել` տվյալ ցեղային հատվածի ամբողջ ունեցվածքը տիրանալով նրա բնակտարածքին։ Կրկնում եմ, պետությունը տիրացել է հայկական ծագում ունեցող օսմանյան քաղաքացիների բնակտարածքին։

Արդյունքում, պետության տարածքում բնաջնջվել է, եւ կամ պետության տարածքից հեռացվել է, մի ամբողջ ազգություն, որը մինչ այդ, տվյալ տարածքում ապրել է հազարամյակներ շարունակ։

Սա է պատմական փաստը եւ այսպես է ընկալվում հայկական ցեղասպանությունը յուրաքանչյուր հայ անհատի կողմից։ Օսմանյան կայսրությունը եւ նրա իրավական շարունակող` Թուրքիայի Հանրապետությունը արեւմտահայությունից խլել են իր բնակտարածքը` այն է, պատմական հայրենիքը։

Պետականացվել է հայության հողն ու ջուրը, տունն ու գոմը, կենցաղային ու մշակութային, մասնավոր եւ համայնքային ամբողջ ունեցվածքը եւ այլեւս չի վերադարձվել։ Պետության պաշտպանության ներքո ապրող հայ քաղաքացիներից սեփական պետությունը խլել է իր հայրենիքը։ Նոր գիտակցություն ձեւավորող երեխայից մինչեւ ցեղասպանությունը վերապրած ծերունին, յուրաքանչյուր հայ, քաղաքական ինչ շրջանակից էլ լինի նա, իմանում է, որ այս է հայոց ցեղասպանության իրողության ամբողջ իմաստը։

1915 թվականին հայ ժողովուրդը պետություն չի կորցրել։ 1915 թվականին արեւմտահայության պետությունը Օսմանյան կայսրությունն է եղել։ 1915 թվականին օսմանյան կայսրությունը իր հայ քաղաքացիներին բնաջնջել է, որպեսզի տիրանա նրա բնակտարածքին եւ թալանի այնտեղ թողած նրա ամբողջ ունեցվածքը։ Այսպես, միայն այսպես կարելի է բնութագրել հայկական ցեղասպանության փաստը։ Եւ այստեղից, միայն այս փաստի արձագրած ելակետից կարելի է սկսել հայկական ցեսասպանության խնդրի լուծման գործընթացը։

Տեղի է ունեցել սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական կողոպուտ։ Կողոպուտն սկսել է Օսմանյան կայսրության պետությունը, շարունակել է Հանրապետական Թուրքիայի պետությունը։ Կողոպտվողները եղել են կողոպտող պետության քաղաքացիները։ Կողոպտվողների մի մասին ֆիզիկապես բնաջնջել են, մյուսներին բռնի տեղահանել։ Սպանելուց եւ տեղահանելուց հետո նրանց թողած ունեցվածքն ու հայրենիքը պետականացվել են, պետական օրենքներով, պետական հանձնաժողովների եւ պետական պաշտոնյաների միջոցով։ Օրը ցերեկով, գործող օրենքներով, բացահայտ։ Խլվածը` մուտք է արվել պետական գանձարան, փաստաթղթավորված, օրինական ակտերով եւ հաշվեկշիռներով։

Կրկնենք փաստերը շեշտելու համար; տեղի է ունեցել կողոպուտ։ Կողոպտվողին սպանել են կամ հեռացրել են որ խլեն նրա ունեցվածքը։ Կողոպտողը պետությունն է, կողոպտվողը` նույն այդ պետության քաղաքացին։ Սա է հայկական ցեղասպանության իրողությունը։Եւ այս իրողությունը գիտակցում է յուրաքանչյուր հայ անհատ։

Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ ճանաչել հայոց ցեղասպանությունը նշանակում է ընդունել առաջին հերթին այս փաստը։ Ճանաչել հայոց ցեղասպանությունը նշանակում է հայտարարել, որ հայերի ակնկալիքները իրենց` օսմանյան հայ նախնիների ունեցվածքին վերատիրանալու մասին, ոչ միայն արդարացի են, այլ նաեւ անխուսափելի, որովհետեւ գործված ոճիրի ապացույցները ամրագրված են Օսմանյան եւ Թուրքական պետությունների տնտեսական, օրենսդրական, սահմանադրական, քաղաքացիական, վարչական, կադաստրային եւ այլ բոլոր օրենսդրություններում։

Հայկական ցեղասպանությունը փաստաթղթավորված է։ Օրենսդրական ուժ է ունեցել։ Հայկական ցեղասպանությունը օրենքով համակարգված է եղել Օսմանյան եւ թուրքական կյանքի բոլոր բնագավառներում եւ սա, մինչեւ օրս։ Այս իմաստով բոլորովին վերջերս, Թուրքական իշխանությունները արդարացնելու համար ինչ որ ջրամբարի կառուցման համար գյուղացիների կողմից մշակվող հողերի առգրավման իրավունքը, բացահայտ հայտնում էին, որ այդ հողերը պատկանում են պետությանը, որովհետեւ «լքյալ գույք» են։ Այսինքն հայ քաղաքացիներից կողոպտված գույքի մաս են կազմում, եւ ուրեմն պետության սեփականություն են համարվում։

Արդ, այս տրամաբանությամբ, կարելի է պարզեցնել խնդիրը։ Ի՞նչ են պահանջում արեւմտահայերը։ Կամ ավելի պարզ` որո՞նք են արեւմտահայերի պահանջները։ Արեւմտահայերը պահանջում են վերադարձնել կողոպտվածը, այն ինչ թուրքիայի պետությունը անվանում է «լքյալ գույքը» կամ թուրքերեն ասած «Էմվելի մաթրուքէ»–ները։ Արեւմտահայերը, այսինքն Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգները, պահանջում են որ Օսմանյան եւ թուրքական պետությունների կողմից կողոպտված, ոչ թե լքված այլ կողոպտված գույքը վերադարձվի իրենց։ Այստեղ չկա կարծում եմ զարմանալի ոչինչ։ Գործված է ոճիր, հարկավոր է վերականգնել վնասը։ Վերականգնողը պետք է լինի ոճիր գործողը, այսինքն պետությունը։ հատուցումը պետք է լինի ի օգուտ կողոպտվածին կամ նրա ժառանգներին։ Ահավասիկ, պարզապես ամբողջ խնդիրը։ Հայոց ցեղասպանությունը մի կողոպուտի պատմություն է։ Պարզ եւ հասկանալի, սակայն իրավական, մարդկային, բարոյական մեղքի անտանելի ծավալի մի պարզ ու հասարակ կողոպուտի պատմություն։

Ոճիրը բացահայտված է։ Այդ մասին գիտեն եւ՛ կողոպտվածների սերունդները, եւ՛ կողոպտողները։ Այդ մասին գիտեն, կամ կարող են իմանալ նաեւ Թուրքիայի եւ ամոբղջ աշխարհի ամբողջ հասարակությունը։ Գաղտնի ոչինչ չկա, կասեյի ավելին` գաղտնի ոչինչ չի արվել։ Ամեն ինչ արվել է, կրկնում ենք, օր ցերեկով, բացահայտ ձեւով, ընդհուպ նունիսկ փաստորեն, օրենքի դաշտում։ Արխիվները բացելու կարիք չկա։ Արխիվների կարիք չկա։ Կան ավելի քան 7 միլիոն ժառանգորդներ, ովքեր պահանջում են վերականգնել իրենցից խլված բնակտարածքը։

Ահա եւ այս տեսակետից Արեւմտահայության իսկական ակնկալիքները իրատեսական եւ հստակ են։ Բարդույթները, անիրական ցանկությունները, քաղաքական տեսություններից ու ախորժակներից սնվող պոռոտախոս երեւակայական գումարումները եւ բազմապատկումները կապ չունեն Արեւմտահայոց ապրած զարհուրելի ողբերգության հետ։ Արեւմտահայությունը Թուրքիային պատերազմ չի հայտարարում, Արեւմտահայությունը Թուրքիայի ժողովուրդներին թշնամի չի ճանաչում։ Արեւմտահայությունը երազներով ու ցանկություններով չի առաջնորդվում։ Արեւմտահայությունը ունի հստակ ակնկալիք, իրական, պարզ եւ հասկանալի, ընդ որում նաեւ, անքննարկելիորեն իրավացի։ Վերականգնել հասցված վնասը։ Վնասը մեկն է` կորուսյալ հայրենիքը։ Հայրենիքը այս պարագային ոչ հարաբերական, ոչ փիլիսոփայական եւ ոչ խորհրդանշական արժեք չի ներկայացնում։ Արեւմտահայոց հայրենիքը` օսմանյան հայ նախահայրերի բնակտարածքն է եւ այդ բնակտարածքում նրանց ոչնչացումից հետո թալանված կենցաղային եւ մշակութային գույքն ու ժառանգությունը։

* * * * *

Արեւմտահայոց ակնկալիքները օրինական են եւ համապատասխանում են մարդու իրավունքների եւ միջազգային օրենքի բոլոր դրույթներին, այլ կերպ չեն կարող լինել։

Արեւմտահայության հայրենադարձման եւ կողոպտված ժառանգության վերականգնման պահանջները համապատասխանում են «Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» սկզբունքներին, դրանով էլ համամարդկային արժեք են պարունակում։

Այսպես, եկեք «Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» սկզբունքներով փորձենք բնութագրել Արեւմտահայոց ակնկալիքները հայկական ցեղասպանության խնդրի լուծման հեռանկարում։

Հարյուր հազարավոր սպանված, արեւանգված եւ անհետ կորած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին ոչինչ չի վերադարձնի։ Նրանց եւ նրանց հարազատների կրած բարոյական վնասների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Երիտթուրքերի կառավարությունը, որի մասին իր հստակ դիրքորոշումը պարտավոր են ճշտել նաեւ Թուրքիայի պետությունն ու հասարակությունը։ Սակայն վերապրածների իրավունքները ունեն հստակ իրավական արժեք, եւ արմատավորվում են «Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» երեք կարեւորագույն հոդվածների վրա; Հոդված 13-ի առաջին կետ, Հոդված 15–ի երկրորդ կետ եւ Հոդված 17-ի 2րդ կետ։

«Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» Հոդված 13–ի առաջին կետի համաձայն «Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և ցանկացած պետության սահմաններում բնակավայր ընտրելու իրավունք ունի:» Այսինքն յուրաքանչյուր արեւմտահայ իրավունք ունի վերադառնալու եւ բնակություն հաստատելու իր նախնիների հայրենիքի իր բնակավայրում։

«Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» 15րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն. «Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից…»։ Այսինքն յուրաքանչյուր արեւմտահայ իրավունք ունի պահանջել անօրինական եղանակով նրանից խլված Օսմանյան քաղաքացիության վերականգնման իրավունքը։ Արյան կապով եւ ժառանգության իրավունքով յուրաքանչյուր արեւմտահայ Օսմանյան, այսինքն նաեւ Թուրքիայի քաղաքացի է եւ իրավունք ունի վերստանալու այդ իրավունքը։

«Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» Հոդված 17-ի երկրորդ կետի համաձայն, «Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:» Այսինքն յուրաքանչյուր արեւմտահայ իրավունք ունի պահանջել «լքյալ գույք»–ի անվան տակ անօրինական եղանակով նրանից խլված ժառանգությունը։

Այսպիսով` «Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի» 13րդ հոդվածի առաջին կետի, 15րդ հոդվածի երկրորդ կետի եւ 17-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, յուրաքանչյուր արեւմտահայ իրավունք ունի վերստանալ Թուրքիայի քաղաքացիություն, վերադառնալ հայրենի բնակավայր եւ վերստանալ իր նախնիներից կողոպտված եւ պետության գանձարանում պահպանվող կամ պետության գանձարանից անօրինական օրենքների հիման վրա օտարված կենցաղային եւ մշակութային բոլոր արժեքները։

«Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագիր»–ը ընդունվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, այսինքն հայոց ցեղասպանությունից հետո, եւ այն չունի իրավական ուժ, սակայն լինելով մարդու իրավունքների բոլոր սկզբունքների եւ մարդու բոլոր իրավունքները պաշտպանող օրենքների հիմքում, յուրաքանչյուր մարդու համար ընկալելի եւ անքննարկելի է դարձնում արեւմտահայության պահանջատիրության սկզբունքներն ու նրա գործնական ակնկալիքները։

Եթե Հայոց ցեղասպանության խնդրի հիմքում կորուսյալ հայրենիքի սինդրոմն է ապա ուրեմն Հայոց ցեղասպանության խնդրի լուծման ողնաշարը արեւմտահայության հայրենադարձության իրավական սկզբունքն է։

Արեւմտահայության ազգային գիտակցության եւ ենթագիտակցության մեջ արմատականորեն հիմնավորված Ավետյաց Երկիր վերադառնալու բացահայտ կամ բնազդային դարձած զգացողությանը պատասխան տալու համար, Թուրքիան եւ միջազգային հանրությունը պարտավոր են առաջին հերթին պատասխան տալ Արեւմտահայության հայրենադարձման իրավունքին։ Կարեւոր չե, թե քանի արեւմտահայ ընտանիք կվերականգնվի պատմական հայրենիքում, կարեւոր չե թե նրանց քանակը շատ կլինի թե քիչ, կարեւորն այն է, որ նրանցից յուրաքանչյուրին առիթ ընծայվի վերականգնելու իր իրավական պատկանելիությունը հայրենի հողերին, որ նրանցից յուրաքանչյուրը կարողանա սեփական ազատ կամքով վերադառնալ եւ բնակություն հաստատել իր հայրական բնակավայրում, եւ որ նրանցից յուրաքանչյուրը կարողանա ձեռք բերել իր կորցրած մասնավոր եւ համայնքային ժառանգությունը կամ, վատագույն դեպքում, կրած վնասի համապատասխան հատուցումը։

Հայկական ցեղասպանության հարյուրամյակին մնացել է մեկ տարի, ավելի ճշգրիտ` 366 օր։ Այս օրերից յուրաքանչյուրը արեւմտահայերի սրտում գումարելու է կուտակված բարկությունը։ 24 Ապրիլ 2015 թվականը ոչինչ չի փոխելու, ընդամենը մեկ տարվա հաշվով ավելի է մեծանալու արեւմտահայու բարկությունը իր նկատմամբ գործված անիրավության համար։ Եւ այդ բարկությունն արդեն ունենալու է մեկ դարու պատմություն։ Իսկ այդ բարկությունն անմեղմելի է քանի չի հատուցվել հասցված վնասը։

1 comment
  1. Great Article

    This is a great article about Armenian rights. Every Armenian must read this. Thank you, Mr. Artsrouni.

Comments are closed.

You May Also Like