«Արցախի Հանրապետություն» . hայտարարություն

2009/07/18  HETQ Արցախ

 

«Արցախի Հանրապետություն»  նախաձեռնող խումբը համարում է, որ.

– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունների փաթեթային տարբերակից կրկին փուլայինի վերադարձը, ըստ էության, կանխորոշեց բանակցային գործընթացի եզրափակիչ՝ ներկա փուլի  բնույթն ու էությունը: Փոփոխված ներկա պայմաններում հայկական կողմից ակնկալվող որակապես նոր զիջումների դիմաց, որոնք նշված են Մադրիդյան դրույթներում, ադրբեջանական կողմը, որպես  փոխզիջում, արդեն պարտավորված կլինի տալ իր համաձայնությունը

2009/07/18  HETQ Արցախ

 

«Արցախի Հանրապետություն»  նախաձեռնող խումբը համարում է, որ.

– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունների փաթեթային տարբերակից կրկին փուլայինի վերադարձը, ըստ էության, կանխորոշեց բանակցային գործընթացի եզրափակիչ՝ ներկա փուլի  բնույթն ու էությունը: Փոփոխված ներկա պայմաններում հայկական կողմից ակնկալվող որակապես նոր զիջումների դիմաց, որոնք նշված են Մադրիդյան դրույթներում, ադրբեջանական կողմը, որպես  փոխզիջում, արդեն պարտավորված կլինի տալ իր համաձայնությունը

 – Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մադրիդյան դրույթներով նախանշված փոխզիջումային տարբերակի ընդունումը վերջին հաշվով, ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի (ԼՂԻՄ-ն՝ իր շրջակա ազատա–գրված տարածքներով) խաղաղ և կամավոր հանձնումը ադրբեջանական կողմին՝ առանց այդ տարածքների բնիկ բնակչության։

– Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում դեպքերի նման շրջադարձին մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա  իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը և, որպես դրա հետևանք, հարցի «սեփականաշնորհումը» իշխանությունների կողմից ու ժողովրդի միտումնավոր մեկուսացումը համապատասխան գործընթացներից։ Միաժամանակ, ակնհայտ է նաև մեր քաղաքական ուժերի անդեմ և կրավորական կեցվածքը հարցի ճակատագրի հանդեպ։

– ԼՂՀ ղեկավարությունը, որը գտնվում է ՀՀ իշխանությունների ազդեցության տակ, պահպանում է հանցավոր լռություն մի հարցի վերաբերյալ, որն առնչվում է երկրի կենսական շահերին և ամբողջ հայ ժողովրդի անվտանգությանն ու բուն գոյությանը: Տարիների ընթացքում ԼՂՀ քաղաքացիների մեկուսացումը իրենց քաղաքական հիմնախնդրի լուծման գործընթացներից, հասարակական գիտակցության մեջ արմատավորել է անտարբերության և քաղաքական նպաստառության զգացողություններ: Անսկզբունքայնությունը, անտարբերությունն ու պասիվությունը դարձել են ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի նորմերը: Իրադարձությունների նման ընթացքը հղի է ազգի համար աղետալի հետևանքներով։

– Նման հեռանկարը ոչնչով արդարացված չէ։Ինքնորոշման անքակտելի իրավունքը, որը իրականացվել է ղարաբաղցիների կողմից ազգային-ազատագրական շարժման միջոցով, արտահայտվում է ԼՂՀ  դե-ֆակտո կայացած անկախությամբ, որն իրականացնում է իր բոլոր պետական ֆունկցիաները՝ նույնիսկ շրջափակման դաժան պայմաններում։

– Չկա՛ որևէ փաստարկ, որով հնարավոր լիներ կասկածի տակ առնել ԼՂՀ ժողովրդի իղձերի և գործողությունների օրինականությունը։ 1991թ., նախկին ԽՍՀՄ փլուզման պայմաններում, ԼՂՀ-ն օրինական հիմքերով ձեռք է բերել անկախություն և որևէ կապ չունի նույն շրջանում կազմավորված Ադրբեջանի հետ։

– Միջազգային հանրությունը, ելնելով իր քաղաքական շահերից, ի գիտություն չընդունեց և հաշվի չնստեց վերոհիշյալ հանգամանքների հետ։ Արհամարհելով այն հանգամանքը, որ նախկին Ադրբ. ԽՍՀ տարածքում՝ նորանկախ Ադրբեջանական Հանրապետության ճանաչման պահին, կազմավորվել էին ռազմաքաղաքական վերահսկողության երկու  անկախ տարածքներ,  միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի սուվերենությունը նախկին Ադրբ. ԽՍՀ սահմաններում։ Դրանով իսկ  իրավական հիմք ստեղծվեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունենալու համար։Ադրբեջանը դրանում նշմարեց ԼՂՀ–ն ուժային եղանակով ենթարկեցնելու հնարավորություն, սակայն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից և ավելի խորացրեց կոնֆլիկտը։

– Համաշխարհային ուժային կենտրոնների կողմից միտումնավոր ստեղծված առկա իրավիճակը ծառայեցվում է նրանց կողմից իրադրությունը սեփական շահերին համապատասխանող հունով ուղղորդելու համար։

– Մինչ օրս միջազգային հանրությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր մոտեցումներում առավելությունը տալիս է Ադրբեջանի տարածքային ամբողջականության  սկզբունքին։2008թ. արևմուտքի կողմից Կոսովոյի, իսկ Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, որպես իրավական նոնսենս, ակնհայտորեն վկայում են ի օգուտ երկակի ստանդարտների գոյության՝ նման կոնֆլիկտային պրոբլեմների լուծման մոտեցումներում, այն է միջազգային հանրության շահագրգիռ ու միտումնավոր մոտոցումների մասին առկա քաղաքական իրողությունների հանդեպ։

– Կարգավորման սկզբունքներում ԵԽԽՎ, ԵԱՀԿ, արևմուտքի երկրների դիրքորոշումների երկակիությունը, հիմնված միաժամանակ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, ոչ այլ ինչ են, քան հնարավորության ընձեռնում Ադրբեջանին՝ հզորացնելու իր ռազմական  ներուժը,  այն կիրառելու նպաստավոր պահին առավելության հասնելու նպատակով։ Արևմուտքն այսօր, փաստորեն, հանդես է գալիս որպես Ադրբեջանի բացահայտ ռևանշիստական նկրտումների հովանավոր և նրա ռազմական մեքենայի հզորացման ֆինանսական աղբյուր՝ նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր ագրեսիվ պլանները ԼՂՀ նկատմամբ: Արևմտյան երկրների նման դիրքորոշման հիմքում ընկած են  խիստ որոշակի քաղաքական և տնտեսական շահեր։

– Եթե դա այդպես չլիներ, ապա Արևմուտքն ուներ, իսկ  այսօր՝ փոքր պետությունների անկախության ճանաչման փաստերից հետո, առավել ևս ունի լիարժեք իրավունք և հնարավորություն ճանաչել ԼՂՀ անկախությունը և դրանով իսկ վերջնականապես լուծել Ղարաբաղյան խնդիրը։

– Քանի դեռ դա չի արվում, Ադրբեջանին ընձեռվում են նորանոր հնարավորություններ: Ադրբեջանի միլիտարիզացված գաղափարաբանության պրոպագանդումը սեփական երկրում և միջազգային ասպարեզում, նրա ղեկավարության անթաքույց ռևանշիստական հայտարարությունները, միարժեքորեն մատնանշում են, որ այդ երկիրը ձգտում է ամեն գնով հետ վերադարձնել անցած պատերազմում կորցրածը՝ նույնիսկ նոր պատերազմ սանձաերծելու գնով։

– Նման իրավիճակը իր մեջ մեծ սպառնալիք է պարունակում ԼՂՀ ճակատագրի համար: Հայ ժողովուրդը պետք է համախմբվի և շարունակի իր պայքարը՝ իր պատմական Հայրենիքում, ներառյալ ամբողջ Արցախի տարածքը, պետականության ստեղծման և կայացման պատմական իր իրավունքի պահպանման գաղափարի հիման վրա։

– Այսօր, ազգային նշանակության և բախտորոշ հարցերը (այդ թվում նաև Ղարաբաղյան հարցը) ամբողջապես կախված են հայ ժողովրդի կամքից և լուծումներ գտնելու ունակությունից, քանի որ ներկա մեր քաղաքական էլիտան և ազգային ղեկավարությունը չեն արտահայտում սեփական ժողովրդի իրական շահերը՝ ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքական ասպարեզներում։

– Ներկայում Արցախի կողմից վերահսկվող տարածքների իրողությունը հետևանք է Ադրբեջա–նի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի կասեցման, որը նպատակ ուներ ոչնչացնել և տեղահանել այդ՝  շրջափակման մեջ գտնվող և արտաքին աշխարհից մեկուսացված տարածքի բնիկ հայկական տարրին: Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ պատերազմում հայերը կարողացան պաշտպանել իրենց ազատությունը և ազատագրել նաև իրենց պատմական հայրենիքի մի մասը: Չնայած Ռուսաստանի կողմից 1994-ին գործադրած ահռելի ճնշումներին, որոնք միտված էին հակամարտության գոտում խաղաղարար առաքելության իրականացման միջոցով ԼՂՀ տարածքը իր ռազմական վերահսկողության տակ վերցնելուն, ԼՂՀ-ն կարողացավ պահպանել ինքնուրույն  ռազմական հսկողությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ և վանել այնտեղ երրորդ ուժերի հայտնվելու հավանական վտանգը։

– Ադրբեջանցիների կողմից չհաղթահարված ազգային մերժողականությունը հայերի նկատմամբ, որն այսօր արտահայտվում և դրսևորվում է նույնիսկ պաշտոնական մակարդակով, ազգային տարբաժանումն ու սեգրեգացիոն քաղաքականությունը, որոնք դրսևորվեցին Սումգայիթում իրականացված հայերի ցեղասպանությամբ։ Հայերի բռնի տեղահանումը Հյուսիսային Արցախից, Կիրովաբադից, Բաքվից, Ադրբեջանի մյուս շրջաններից, ի վերջո, անհաղթահարելի պրոբլեմներ են ստեղծել կատարված գործընթացների շրջելիության և փոխըմբռնման ինչ-որ ելակետի վերադառնալու կամ էլ ինչ-ինչ պայմաններով փոխզիջման հասնելու ճանապարհին։

– Իրավական տեսանկյունից ղարաբաղցիները կարողացան պահպանել ինքնորոշված ԼՂՀ անկախությունը և հակառակորդի կողմից իրենց պարտադրված պատերազմի արդյունքում հաստատեցին ազգամիջյան համագոյակցության այն սահմանները, որոնք բնորոշում են այսօր գոյություն ունեցող ուժերի իրական հաշվեկշիռը երկու հարևան ժողովուրդների միջև: Անհերքելի է, որ նշված հաշվեկշռի պատկերը կարող էր և էապես տարբերվել այսօր առկա արդյունքից: 1994-ի գարնանը մեծ թափ և հզորություն ստացած ԼՂՀ-ի ռազմական մեքենան կարող էր Ադրբե–ջանին պարտադրել և ավելի ծանր պայմաններ՝ ընդհուպ մինչև կապիտուլյացիա և պատմական Արցախի ամբողջ տարածքի անցումը  ԼՂՀ վերահսկողության տակ: Այսօր մենք ելնում ենք կայացած իրողություններից, սակայն դրանք և միայն դրանք պետք է հանդես գան որպես ելակետ ցանկացած բանակցություններում։

– Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված հայ քաղաքական էլիտան, իր աշխարհընկալմամբ հանդիսանալով խորհրդային կայսերապաշտական գաղափարախոսության արգասիք, այդպես էլ չկարողացավ ձերբազատվել և դուրս գալ խորհրդային գաղափարական մեղադրանքների լծից: Հենց այդ պատճառով է, որ անցած պատերազմի արդյունքներն ու ձեռքբերումները նրանց կողմից չեն ընկալվում որպես համարժեք հատուցում խորհրդային քաղաքական համակարգի թելադրանքին,  ընդհանրապես, և Ադրբեջանին էլ՝ մասնավորապես: Նույնիսկ Խորհրդային կայսրության փլուզումը 1991-ին հայ քաղաքական ղեկավարության վրա որևիցե սթափեցնող ազդեցություն չթողեց: Չափից դուրս հզոր էր կայսերական գաղափարական ճնշման ներգործությունը հետխորհրդային հայ քաղաքական էլիտայի աշխարհընկալման և ազգային ինքնագիտակցության վրա:  Հայկական քաղաքական էլիտան փաստորեն իր վրա վերցրեց իրեն պարտադրված մեղքի զգացողությունը: Որպես հետևանք,  բարդույթավորված հայկական քաղաքական էլիտան ընդունեց ԵԱՀԿ ձևաչափով նախանշված հաշտության պլանները, որոնք պարտադրում են հայկական կողմին զիջումների գնալ ի նպաստ պատերազմում պարտված հակառակորդի և գրավ դնել իր բոլոր նվաճումները, ընդամենը պարտված հակառակորդ Ադրբեջանից զինադադարի կամ հաշտության համաձայնություն ստանալու դիմաց։

– Նկարագրված պայմաններում ընթացող բանակցությունները չեն կարող բերել ոչ մի բանի, բացի ագրեսիայի սպառնալիքի պահպանումից: Ստեղծված իրավիճակում կամազուրկ և տհաս հայ քաղաքական էլիտան անընդունակ է փոխել առկա քաղաքական իրողությունները: Իրավիճակը վատթարանում է նաև նրանով, որ գործող իշխանությունների  ընդդիմադիր ուժերը ղեկավարվում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որն իր հերթին հանդիսանում է այդ նույն էլիտայի բաղկացուցիչ և հիմնական հատվածներից մեկը։

– Ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է ազատագրված տարածքների շուրջ սակարկության  քաղաքականությունը: Այդ դիրքորոշումը իրեն վերջնականապես սպառվել է և անհեթեթ է իր իսկ էությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը կատարել է միջազգային ասպարեզում իր քաղաքական ֆունկցիան և այսօր արդեն կարելի է համարել այն ավարտված: Ժամանակն է և անհրաժեշտություն է շրջել հայ պատմության այդ էջը: Այսուհետ խոսքը կարող է գնալ միայն մի ամբողջական ռազմաքաղաքական միավորի՝ Արցախի Հանրապետության կողմից իրականացվող պետական քաղաքականության մասին: Այդ միավորը մինչ օրս էլ շարունակում է մնալ իրոք ազատ ու անկախ, քանզի այնտեղ շարունակում է թևածել հայրենիքի ազատարար պաշտպանների ազատ ոգին: Այդ ոգին սնվում է տեր կանգնելու, կայացման և հայրենի տարածքներում ստեղծարար կյանքի հարության գաղափարներով: Իր պատմության, իր երկրի, իր ճակատագրի միակ ու իսկական տերը ժողովուրդն է:

Ըստ այդմ.

1.ԼՂՀ ղեկավարությունը պետք է հայտարարի ազատագրված տարածքները որպես ազգային շահերի կենսական կարևորության գոտի

2.Անհրաժեշտ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը վերանվանել «Արցախի Հանրապետություն»։

3.ԼՂՀ ղեկավարությունը պետք է դիմի ամբողջ հայ ժողովրդին՝ ազատագրված տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարի շուրջ միավորվելու և համախմբվելու կոչով, որպես տնտեսության բնագավառում ադրբեջանական առավելությունը հավասարակշռելու միակ միջոց: Համազգային նպատակային հիմնադրամ, մարդկային, նյութական և այլ ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական և տնտեսական բնագավառներում արդեն իսկ առկա անհամաչափության վերացմանը։

4.Մոտակա տարիների ընթացքում հայ ժողովուրդը պետք է կարողանա ապահովել մոտ երեք տասնյակ բնակավայրերի կառուցում ազատագրված տարածքներում, բնակեցնել այնտեղ մոտ  50000 փախստականների, ապահովել ենթաշրջանի տնտեսական վերելքը՝ իր զարգացած սոցիալական ենթակառուցվածքներով։

Դեմոկրատիայի գիտակցումը թուրքերի համար նշանակում է իրենց պասիոնար վանդալիզմի վերջը, իսկ հայերի համար այն պետք է նշանակի ազգային ինքնաբավության  և իր հանդեպ ներքին վստահության ու հավատի ձեռքբերում: Եվ դա պետք է մղի մեզ նորանոր ձեռքբերումների:

«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովի որոշումը

մենք՝ ներքոստորագրողներս, համարելով « Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի կողմից հայտարարած դրույթները, որպես գաղափարական հենք ապագա անելիքների համար, որոշում ենք որպես վերջնական նպատակ հասնել՝

1.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերանվանվի «Արցախի Հանրապետություն»:
2.Ազատագրված տարածքները հայտարարվեն որպես ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի։
3.Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ՝ ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և, դրանով իսկ, Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար։

Եվ անցկացնել Արցախի բնակչության մեջ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն վերոհիշյալ երեք կետերի:

Ստեփանյան Լուսինե Շահենի
Միրզոյան Յանինա Կարենի
Միրզոյան Դիանա Կարենի
Շադյան Գոռ Գրիգորիի
Գրիգորյան Կարեն Կամոյի
Ք. Հադրութ    16.07.09

1 comment
  1. Artsakh

    Based on my readings of the history books and the lessons learned, I don’t trust the Turks nor the Azeris. They are not and they will never be trustworthy. They should change their attitude. When love is missing then hate replaces it.

Comments are closed.

You May Also Like