Բակո Սահակյանի «Պետրոս Մեծ» Շքանշանը, Ինչի՞ Համար

Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 20 Հուլիս 2015
"Երրորդ Ուժ Պլյուս" փակված թերթի գլխավոր խմբագիր

Ամառային արձակուրդների շրջանը մոտենում է ավարտին, իսկ Լեռնային Ղարաբաղի հազարավոր քաղաքացիներ մինչ օրս չեն ստացել իրենց խղճուկ աշխատավարձներն ու է՛լ ավելի խղճուկ կենսաթոշակները, որոնց չափը լավագույն դեպքում տատանվում է 80-200 դոլարի սահմաններում: Խոսքն առաջին հերթին ուսուցիչների մասին է, որոնք արդեն օգոստոսի 5-ին պետք է աշխատանքի դուրս գան: Գրեթե ամեն օր զայրացած արցախցիները զանգահարում են ԼՂՀ կառավարություն եւ Ստեփանակերտի քաղաքապետարան, բացատրություններ պահանջելով իշխանություններից, սակայն ամեն անգամ հետևում է նույն պատասխանը, "պետական նպաստներ չկան":

Ահաբեկված ու հիմնովին ճնշված ԼՂՀ-ի լրատու միջոցները վախենում են լուսաբանել մայրաքաղաքում եւ հանրապետության շրջաններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Ճիշտն ասած, լուսաբանող էլ մեծ հաշվով չկա. բոլոր անկախ լրատու միջոցները "ժողովրդավարական" Ղարաբաղում հեռատեսորեն ոչնչացվել են վաղուց, իսկ պաշտոնական լրատվամիջոցները "հասկանալի" պատճառներով ծպտուն հանել չեն համարձակվում…


Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 20 Հուլիս 2015
"Երրորդ Ուժ Պլյուս" փակված թերթի գլխավոր խմբագիր

Ամառային արձակուրդների շրջանը մոտենում է ավարտին, իսկ Լեռնային Ղարաբաղի հազարավոր քաղաքացիներ մինչ օրս չեն ստացել իրենց խղճուկ աշխատավարձներն ու է՛լ ավելի խղճուկ կենսաթոշակները, որոնց չափը լավագույն դեպքում տատանվում է 80-200 դոլարի սահմաններում: Խոսքն առաջին հերթին ուսուցիչների մասին է, որոնք արդեն օգոստոսի 5-ին պետք է աշխատանքի դուրս գան: Գրեթե ամեն օր զայրացած արցախցիները զանգահարում են ԼՂՀ կառավարություն եւ Ստեփանակերտի քաղաքապետարան, բացատրություններ պահանջելով իշխանություններից, սակայն ամեն անգամ հետևում է նույն պատասխանը, "պետական նպաստներ չկան":

Ահաբեկված ու հիմնովին ճնշված ԼՂՀ-ի լրատու միջոցները վախենում են լուսաբանել մայրաքաղաքում եւ հանրապետության շրջաններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Ճիշտն ասած, լուսաբանող էլ մեծ հաշվով չկա. բոլոր անկախ լրատու միջոցները "ժողովրդավարական" Ղարաբաղում հեռատեսորեն ոչնչացվել են վաղուց, իսկ պաշտոնական լրատվամիջոցները "հասկանալի" պատճառներով ծպտուն հանել չեն համարձակվում…

Այս իրավիճակը տևում է արդեն ավելի քան 7 ամիս, սկսած նախորդ տարվա դեկտեմբերից: Կրքերը սոցիալական վճարումների, ավելի ճիշտ "չվճարումների" շուրջ այնքան են բորբոքված, որ խնդրի էությունն ու պատճառները տեղում պարզելու նպատակով ԼՂ են պարբերաբար մեկնում ՀՀ հատուկ պատվիրակություններ: Նույնիսկ ՀՀԿ անդամները, որոնց դժվար է կասկածել ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, այսպես ասած, դեմոկրատական տառապանքների մեջ, չեն դիմացել ու ԼՂ հեռուստաեթերում կեսբերան քննադատել են ԼՂՀ-ում բյուջետային միջոցների աներևակայելի չափերի հասնող ոչ նպատակային ծախսերը, պարզ ասած՝ զանգվածային գողությունն ու ԼՂՀ բնակչության անդադար կողոպուտը:

Ավելի ուշ Հայաստանի պաշտոնական լրատու միջոցներում տեղեկություն առկայծեց այն մասին, որ ՀՀ իշխանությունները լրացուցիչ 20 մլն դոլար են հատկացրել Ղարաբաղի ղեկավարությանը՝ աղետալի իրավիճակը սեղմ ժամկետներում շտկելու համար: Դրանից հետո ղարաբաղյան հեռուստատեսության պաստառների վրա հայտնվել է ուրախությունից պայծառացած ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու հանդիսավորությամբ հայտարարել, որ այսուհետ, ս.թ. ապրիլից, աշխատավարձերի եւ կենսաթոշակների հատկացման ոչ մի ձգձգում այլևս չի լինելու. դրանց ժամանակին վճարումը ԼՂ-ում հիմա հավասարազոր է գրեթե դյուցազնական սխրանքի: Սակայն մեկ ամիս անց իրավիճակը կրկնվեց եւ ամենավատ եղանակներով տևում է մինչ օրս:

Քանի որ պաշտոնական բացատրությունների Ղարաբաղի ժողովուրդը այդպես էլ չարժանացավ, ԼՂ մայրաքաղաքում շրջանառվում են ամենաչնաշխարհիկ լուրերը ստեղծված իրողությունների վերաբերյալ: Ըստ դրանց, ԼՂՀ բյուջեից գողացվել է 2-ից 6 մլրդ դրամ, ինչի հետևանքով Կենտրոնական Բանկի որոշ աշխատողներ հայտնվել են տնային կալանքի տակ: Նշյալ լուրերի համաձայն, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրաման են ստացել Մոսկվայից եւ ուժային այլ կենտրոններից, համաձայն որի Արցախի ժողովրդին պետք է հոգեբանորեն, աստիճանաբար պատրաստել տարածքային զիջումների հօգուտ Ադրբեջանի: Դրա համար էլ արդեն այսօր չեզոքացվում են ապագա դիմադրության բոլոր հնարավոր օջախները: Այդ նպատակով քաղաքացիներին պետք է հասցնել ծայրահեղ աղքատության եզրին, քանի որ չքավորը բարձր քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունի և նրան հեշտ է պարտադրել ցանկացած որոշում: Կողմնակի նպատակներից մեկն էլ իբր հակասությունների խորացումն է ՀՀ և ԼՂՀ միջև, քանի որ Ղարաբաղի հիմնական ֆինանսավորումը իրականացվում է Երևանից և դժգոհությունը ՀՀ-ից տվյալ պարագայում անխուսափելի է:

Դժվար է ասել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունում, ըստ երևույթին, արգելված է կուտակված խնդիրների նույնիսկ մակերեսային և թեթեւ քննարկումը:

Հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղը իր նյութական աղբյուրների հարուստ կարողություններով ի վիճակի է կերակրել ոչ միայն ինքն իրեն, այլև մի քանի երկրներ միասին վերցված: Խոսքը հատկապես գյուղատնտեսական արտադրանքի մասին է: Սա ԼՂ տնտեսական ներուժը ուսումնասիրած առանց բացառության բոլոր փորձագետների կարծիքն է: Բայց այդ արտադրանքի հիմնական մասը մինչ օրս առաքվում է կիսաքարքարոտ Հայաստանից, որտեղ, ի տարբերություն Ղարաբաղի, քիչ են բերրի հողերը: Մարդիկ ԼՂ-ում բառացիորեն ոսկու վրա են ապրում ու քայլում, բայց ոչ այն է իշխանական ապաշնորհ վերատեսչության, ոչ այն է արտաքին պատվերի պատճառով չեն ցանկանում օգտագործել սեփական ներուժի գոնե 10%-ը.

Ըստ լրատու միջոցների հրապարակումների, վերջին տվյալներով, Ռուսասանի հայտնի "Geologix Group" ընկերությունը, որը մասնագիտացած է ինժեներական որոնումների, նախագծման, օգտակար հանածոների հետախուզման և որոնման մեջ, մտադիր է ոսկու լայնածավալ արդյունահանում սկսել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել են նշյալ ընկերության հիմնադիրները՝ 30-ամյա Նիկիտա Կոչևը եւ Պավել Կոպիտինը, ԼՂՀ-ում հետախուզման արդյունքների մասին պատմելով "Ֆիրմայի գաղտնիքը" ամսագրի լրագրող Նաստյա Չերնիկովային: Հարցազրույցում նրանք տեղեկացրել են վերջինիս, որ իրենց առաջարկել են արտոնագիր ստանալ ոսկու արդյունահանման ՀՀ մի փոքր հանքավայրում: Այդ ժամանակ էլ գաղափար առաջացավ դիտարկել ոսկու հանքավայրերը նաև Լեռնային Ղարաբաղում։

"Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից կազմակերպած արշավախմբերը պարզել են, որ ԼՂՀ-ի միայն Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում կա 1250 տոննա ոսկու, 4550 տոննա արծաթի, 1,84 մլն տոննա պղնձի, 660,000 տոննա կապարի և այլ մետաղների պաշարներ: Շատ հեշտ էր ստանալ այդ հանքավայրերը, քանի որ չճանաչված հանրապետությունում մրցակցութուն գրեթե չկա: Հանքավայրը պատկանում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանց ներկայացուցիչները հրավիրել են մեզ հանդիպել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ", – գրել է Ն. Չերնիկովան: Ռուսական ձեռնարկության ղեկավարները հայտնեցին նրան, որ արդեն 2015 թ. ամռանը ընկերությունն մտադիր է ոսկու լայնածավալ արդյունահանում սկսել Արցախում:

Արցախի Երկրաբանական ֆոնդում գրանցված է 285 հանքավայր և օգտակար հանածոների արդյունահանման կետեր, որոնցից 83-ը մետաղական են, 197-ը ոչ մետաղական, 5-ը՝ վառելիքի: Իրականացվում է 78 ծրագիր, որոնցից 64-ը վերաբերում է նյութական աղբյուրների արդյունահանմանը, 14-ը՝ դրանց հետազոտություններին:

Լեռնային Ղարաբաղը բազմազան ու հարուստ հումք ունի նաեւ շինարարական նյութերի, առաջին հերթին դաշտային սպաթի արտադրության համար: Կան նաև ցեմենտի, կղմինդրի արտադրության լայն հնարավորություններ: Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացումը հանրապետությունը կապահովի բնական անհրաժեշտ շինանյութերով, իսկ հետագայում ԼՂՀ-ն կարող է կարգավորել նաև դրանց արտահանման գործընթացը:

Արցախը հարուստ է նաեւ աղբյուրներով և հանքային ջրերի պաշարներով, ինչը չափազանց արժեքավոր ապրանք է այսօր:

Բացի "Բեյզ մեթլզ"-ից, ԼՂ-ում օգտակար հանածոների որոնումներով, դրանց արդյունահանման եւ մշակման գործունեությամբ մտադիր են զբաղվել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են "Գոլդ սթար"-ը, "Իսթ-Վեսթ գլոբալ մայնինգ inc."-ը, "Գեգամենթ պլյուս"-ը, "Էներգիա պլյուս"-ը եւ այլ: Ընդ որում, "Բեյզ մեթլզ"-ը ԼՂ-ում ոսկու արդյունահանմամբ զբաղված է վաղուց:

Ու՞ր են գնում բոլոր այդ միջոցներն եւ ինչու՞ դրանք եւ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը չեն բավարարում Ղարաբաղի քաղաքացիների ծիծաղելու չափ ցածր թոշակների եւ աշխատավարձերի վճարման համար, հայտնի է, երևի, միայն Աստծուն և ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:

Թեպետ, ըստ ամենայնի, դա հայտնի է նաև  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պետական որոշ կառույցներին, որոնք պարգևատրել են Բակո Սահակյանին ռուսական "Պետրոս Մեծ" 1-ին աստիճանի շքանշանով ու "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" ՌԴ մեդալով: Թե ինչ ծառայություններ է մատուցել Ղարաբաղի ղեկավարը օտարերկրյա պետությանը, ինչպես ռուսները կասեն՝ յոթ կնիքների տակ թաքցված գաղտնիք է.

Հայտնի է միայն, որ "Պետրոս Մեծ" շքանշանով պարգևատրվում են այն քաղաքացիները, որոնք, մեջբերում ենք՝ "իրենց բարձր նվաճումներով և պետական, արտադրական, գիտահետազոտական, սոցիալական, մշակութային, հասարակական ու բարեգործական գործունեությամբ նպաստում են Ռուսաստանյան պետականության ամրապնդմանը": Նույնը վերաբերում ՝է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" ՌԴ մեդալին:  Այն դարձյալ տրվում է "Ռուսաստանյան պետականության ամրապնդմանը" նպաստած անձանց: "Օգուտ, պատիվ և փառք" շքանշանի նշանաբանը կրկնում է Սուրբ Վլադիմիր կայսերական շքանշանի հին նշանաբանի տեքստը: Եվ մեդալը, և շքանշանը սահմանվել են 1994 թ. մարտի 2-ին, ՌԴ նախագահի հատուկ հրամանագրով:

Ամենաուշագրավն այն է, որ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" ՌԴ մեդալը պետական պարգև է (Меда́ль о́рдена «За заслу́ги пе́ред Оте́чеством»): Հուսանք, որ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, ի վերջո, կբացի այս սարսափելի պետական գաղտնիքի առեղծվածային փակագծերը և կպատմի ԼՂՀ և ՀՀ քաղաքացիներին հայ պաշտոնյայի նկատմամբ ունեցած ռուսական իշխանությունների "թուլության" պատճառների մասին: Միաժամանակ և կտեղեկացնի, թե երբ է այդ պաշտոնյան վերջապես բարեհաճելու կյանքում գոնե մեկ անգամ կատարել իր խոստումը ու ժամանակին վճարել "իր" երկրի ուսուցիչների եւ թոշակառուների մուրացկանային "սուբսիդիաները":

Թե չէ, ճիշտն ասած, փոքր-ինչ անհարմար է ստացվում…

2 comments
  1. Լեռնային Ղարաբաղ եւ Բագո Սահակեան…

    Գռեհիկ  հոգեբանութեամբ ու գռեհիկ ոճով գրուած յօդուած մը, որուն ետին թաքնուած են  յօդուածագիրին եսասիրական  ստոր   հակումները: Լեռնային Ղարաբաղը իր ներկայ իշխանութեամբ ու ղեկավարներով օրհասական պայքար կը մղէ պաշտպանելու համար հողը եւ ժողովուրդը, իսկ «հայ» լրագրողը  իր թունալից մաղձով եւ անհիմն ըսի-ըսաւներով ու սուտերով կը պատկերացնէ ու կը ներկայացնէ այդ բոլորը:  Ամօթ բռնած գրիչիդ:  

  2. Արի ապրի Ղարաբաղում, Արմենակ! Ամօթ քեզ

    Յօդուածը շատ մեղմ է գրուած, զգացւում է, որ յօդուածագիրը խնայում է ԼՂՄ եւ ՀՀ իշխանութիւններին։ Իրականում Ղարաբաղում շատ աւելի տխուր և ամօթալի իրավիճակ է տիրում։ Ով ապրում է այնտեղ կամ Հայաստանում, լաւ գիտի այդ մասին։  Միայն ազնիւ հայերը կարող են ցաւ ապրել դրա համար։ Լիբանանից Արմենակին խորհուրդ ենք տալիս գալ Ղարաբաղ ու գոնէ երկու երեք ամիս ապրել այնտեղ։ Ահա դրանից յետոյ կը տեսնենք, թէ ինչ« երգ է երգելու» իշխանութիւններին քծնող այդ անձնաւորութիւնը։

     
    Չէ ինչպէս են ներկայիս իշխանութիւնները «օրհասական պայքար» [են] մղում սեփական գրպանների համար – գիտէ ամբողջ Արցախը։ Չէ՞ք հաւատում։ Գնացէք և ուսումնասիրեցէք նրանց ու նրանց ազգակիցների դղեակներն ու կուտակած հարստութիւնները – այդ մասին խօսում է արդէն ողջ Հայաստանը։ Ու չմոռանաք նաեւ  համեմատել այդ կուտակածը հասարակ քաղաքացիների խղճուկ սարսափելի վիճակի հետ։ Այդ քաղաքացիներից շատ շատերը պարտքով են մթերք գնում Արցախի խանութներում։
     
    Ամօթ քեզ, Արմենակ

Comments are closed.

You May Also Like