Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան,

Օրեր առաջ հայկական կայքէջերում հայտնվել է Ձեր կոչը, ուղղված սփյուռքահայությանը՝ «եկեք մեզ հետ պայքարելու»: Նման կոչը, նման հարցադրումը մի քանի հարցեր է առաջացնում… Նախ այդ «մեզ»ը, ովքե՞ր եք, ո՞ր ծրագրի շուրջ եք հավաքվել, ի՞նչ ծրագրով եք պայքարը սկսել, կամ սկսելու, ի՞նչ է այդ պայքարի նպատակը, ինչպիսի՞ ընթացք է ունենալու այդ պայքարը, ինչպիսի՞ մեթոդներով է ընթանալու պայքարը և ինչպիսի՞ ելք է սպասվում:

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան,

Օրեր առաջ հայկական կայքէջերում հայտնվել է Ձեր կոչը, ուղղված սփյուռքահայությանը՝ «եկեք մեզ հետ պայքարելու»: Նման կոչը, նման հարցադրումը մի քանի հարցեր է առաջացնում… Նախ այդ «մեզ»ը, ովքե՞ր եք, ո՞ր ծրագրի շուրջ եք հավաքվել, ի՞նչ ծրագրով եք պայքարը սկսել, կամ սկսելու, ի՞նչ է այդ պայքարի նպատակը, ինչպիսի՞ ընթացք է ունենալու այդ պայքարը, ինչպիսի՞ մեթոդներով է ընթանալու պայքարը և ինչպիսի՞ ելք է սպասվում:

Չգիտեմ ինչքան եք ծանոթ սփյուռքի իրականությանը, չգիտեմ նաև, թե սփյուռքի զանգվածը ինչպես կ'արձագանքի Ձեր կոչին: Այնուամենայնիվ սփյուռքում կան անհատներ, ովքեր հայաստանաբնակ հայության հետ տագնապած են և փորձում են իրենց գրություններով, կամ անձնական կապերով, ինչ որ չափով օգնել Հայաստանի ներսում դիմադրական շարժումներին: Դրանցից մեկը Արամայիս Միրզախանյանն էր Շվեդիայից: Անցյալ տարի հուլիսին նա իր հետևյալ հոդվածում՝

«Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ», գրեց.

«Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ  են: Հայաստանի քաղաքական սանդղակի ձախ կողմը լիովին դատարկ է , ուստի խախտված է երկրի հասարակական, տնտեսական, սոցիալ-ապահովության ու աշխատանքի իրավունքների բալանսը: Այս դիսբալանսը երկրում տիրող բոլոր չարիքների աղբյուրն է հանդիսանում:

Կուսակցությունների  բաշխման սանդղակի ձախ կողմը, բնականաբար, պետք է զբաղեցներ Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը՝  ՀԿԿ-ն , սակայն  այսօր այն լուսանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական- տնտեսական կյանքում (այլ քննարկման նյութ է): Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ՍԴՀ Կուսակցությունը ու կանաչների կուսակցությունը կարող էին տեղ գրավել սանդղակի ձախ կողմում, սակայն  համախմբվելով ՀԱԿ–ի կազմում, տեղավորվեցին աջ կողմում: ՀՅԴ-ն տեսականորեն  որպես ընկերավարական կուսակցություն, պետք է լիներ ձախ կողմում, սակայն  իր հաստատուն տեղն է գրավել հակասոցիալիստական, աջ-բուրժուական կուսակցությունների կողքին:

«Սարդարապատ» շարժումը տեսականորեն կարող է հավակնել համալրելու սանդղակի ձախ կողմը, որպես գաղափարական իրական ընդդիմություն:

Քաղաքական ուժերի այս  փաստացի տեղաբաշխվածությունը խոսում է այն իրողության մասին, որ Հայաստանում տիրում է մոնոպոլ-կապիտալիստական, միաբևեռ քաղաքական և  տնտեսական համակարգ:

Աջ կուսակցությունները, իրենց քաղաքական ու տնտեսական բնույթով, ազատ շուկայական տնտեսության, կապիտալիստական շահագործող սիստեմի պաշտպաններն են, երկրում տիրող այսպիսի համակարգում վերանում է ընդդիմություն  հասկացողությունը:

Ձախ ուժերի բացակայությունը, աջ ուժերին հնարավորություն է տալիս անկաշկանդ ու անարգելք շահագործել և աղքատության շեմին կանգնեցնել աշխատող, գյուղացի, ծառայող դասակարգին: Քանի դեռ աշխատավոր գյուղացի դասակարգը  կյանքի չի կոչել իր շահերը պաշտպանող կուսակցություններ, արհմիություններ, Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը մնալու է անկառավարելի:

Բոլոր այն երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գաղափարական ընդդիմության՝ (feedback)-ի բացակայության պատճառով ստացվում է բաց, միաբևեռ, բարձր ամպլիտուդաներով տատանվող անկայուն սիստեմ:

Համակարգի անկայունությունը իր հետ բերում է  սոցիալական ու քաղաքացիական իրավունքների անտեսման, չքավորության ու  արտագաղթի ազգակործան երևույթներ»:

Այո, իրոք որ Հայաստանի, կամ նման երկրների համար, մեծագույն չարիք է ձախ գաղափարախոսությամբ՝ ուժեղ, համատարած ժողովրդականություն վայելող կուսակցության բացակայությունը: Թեև Հայաստանում կան ընդդիմադիր ձախ ուժեր, բայց առայժմս իրարից տարանջատ են և թույլ: Այստեղ դարձյալ գլուխ է բարձրացրել հայկական ավանդական հիվանդությունը: Ամեն մարդ ցանկանում է իր կուսակցությունը ունենալ, իր գաղափարախոսությունը, իր պայքարը միայնակ տանել, միայն ինքը և ինքը: Այդ գիտենք բոլորս, այդ հիվանդությամբ տառապում ենք բոլորս և քանի որ դա այդպես է, ապա կոչերն ու հրավերներն ու ահազանգերը կմնան անարձագանք: Թե ինչպես կարելի է միասնության հասնել և հիմը դնել բոլորի համար ընդունելի ձախ, ասենք՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, դա կախված է Հայաստանի՝ առայժմս իրարից տարանջատ ընդդիմադիր ուժերի՝ խոհեմությունից, քաղաքական հասունությունից և նրանց փոխզիջման գնալու ընդունակությունից:

Նման երկրների համար նաև մեծ չարիք է օրենսդիր և գործադիր մարմինների սերտ շաղկապվածությունը և անկախ արդարադատության բացակայությունը: Յուրաքանչյուր նոր կուսակցության գործունեությունը, երբ նա  իշխանության գլուխ է անցնում, կարելի է գնահատել նրա մտադրումից՝ թե նա որքան է պատրաստ բարեփոխման ենթարկել այդ բնագավառները և արդյո՞ք նա իրոք գործադրում է իր խոստումները:

Այստեղ մեզ կօգնի ուսումնասիրել Եվրոպայի երկրների վերջին հարյուր տարվա պայքարի փորձը, քանի որ Եվրոպայի ժողովուրդների, մասնավորապես Գերմանիայի ժողովրդի պայքարի պատմությունը՝ դեմոկրատիայի, սոցիալական հավասարության և արդարության, դատարանների անկախության և հասարակական այլ բարեփոխումների համար, եղել է դասակարգային՝ հաղթանակների և պարտությունների երկարատև պայքար: Այդ պայքարը մղել են ձախ ուժերը, Կոմունիստական Կուսակցությունը (1918-ից KPD), բայց հիմնականում Սոցիալ-դեմոկրատական Կուսակցությունը (1890-ից SPD), որի 150 ամյակը նշվում է այս օրերին: Վերջին 30 տարին քաղաքական ասպարեզ են իջել նաև կանաչները: Հայտնի է, որ առաջին երկու կուսակցությունների տարաձայնությունը, հաճախ նաև բացահայտ թշնամանքը, Վայմարյան Հանրապետության ժամանակ (1919-1933), նպաստեցին երկրում ֆաշիստական վարչակարգի հաղթանակին: Կոմունիստական Կուսակցության (KPD) և Սոցիալ-դեմոկրատական Կուսակցության (SPD) տարբերությունը այն էր, որ (KPD)-ն քարոզում և ձգտում էր հեղափոխության միջոցով հասնել իշխանափոխության, հաստատել բանվորական դիկտատուրա և ստեղծել սոցիալիստական հասարակարգ, իսկ (SPD)-ն ձգտում էր քայլ առ քայլ, խաղաղ միջոցներով աստիճանաբար պայքարել աշխատավորության շահերի և ազատ, դեմոկրատական ընտրությունների միջոցով հասնել իսկական ժողովրդական իշխանափոխության և ռեֆորմների միջոցով վերափոխել պետական ապարատը, վերացնել հնի մնացորդները:

Կարելի է վստահորեն  ասել, որ  այսօրվա Գերմանիայի, Սկանդինավիայի, Ֆրանսիայի և Եվրոպայի այլ զարգացած երկրների, տնտեսապես և քաղաքականապես կայուն և սոցիալապես հավասարակշռված իրավիճակը, այդ երկրներում իսկական ժողովրդավար սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների երկարատև, համառ պայքարի արդյունքն է:

Այո, այդ պայքարը եղել է երկարատև, հաղթանակներով և պարտություններով լի, այն եղել է ճկուն և այսօր էլ այն դեռ շարունակվում է, գլոբալիզացիայի, մարդկային հասարակության փոփոխությունների, դասակարգերի միջև ազգային հարստության փոփոխության և եկամուտների հսկայական տարբերության և տեղաբախշման պատճառով: Պարզ է, որ այս երկրներում էլ դեռ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները շատ հեռու են իրենց՝ «դեմոկրատական սոցիալիզմ» ստեղծելու նպատակից, բայց 20-րդ դարի ամենահայտնի փիլիսոփաներից՝ Կարլ Պիպերի բնորոշմամբ, «թեև այդ հասարակարգերը շատ թերություններ ունեն և չի կարելի դրանք իդեալական համարել, սակայն ոչ մի ժամանակներում և ոչ մի տեղ մարդկությանը դեռ չի հաջողվել նման արդար և ժողովրդավար հասարակարգեր ստեղծել»: Ի միջի այլոց Եվրոպայի այն երկրներում է իսկապես ժողովրդական հասարակարգ ստեղծվել՝ ազատ կաշառքից և բարեկամական կապերից, որտեղ ուժեղ են եղել սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, և իրենց պայքարում հետևողական ու անկաշառ են եղել:

Իհարկե որ այս ամենը բոլորին պարզ է, ես այստեղ դրանք հիշատակեցի, ցանկանալով միմիայն զուգահեռ անցկացնել Հայաստանի ներկայիս իրավիճակի և այդ երկրների անցյալի իրավիճակի միջև և որ Հայաստանի քաղաքական, հասարակական ուժերին շատ կօգնի և կարող է նրանց ուղեցույց հանդիսանալ այդ երկրների համատասխան ուժերի պայքարի հարուստ փորձը:

Ո՞րն է ելքը Հայաստանի պարագայում, բռնի հեղափոխությո՞ւնը կամ ինշխանափոխությո՞ւնը, ո'չ, դա ազգակործան է լինելու: Ուրեմն պետք է սկսել զրոյից, նախ պետք է հիմնադրել սոցիալ դեմոկրատական կուսակցություն, որի ծրագիր կանոնադրությունը կարող է հարմարեցվել Եվրոպայի համապատասխան կոսակցությունների ծրագրերի և կանոնադրության հետ: Հետո աստիճանաբար, քայլ առ քայլ պայքարել աշխատավորության, գյուղացիության, չքավոր դասակարգի, ինչպես նաև ուսանողության և երիտասարդության շահերի համար: Ժամանակը ցույց կտա, թե որքանով է հետևողական և արդար  մղվում այդ պայքարը և, եթե դա իրոք այդպէս է լինելու, ապա նրա քայլ առ քայլ հաջողությունները, որքան էլ որ դրանք փոքր ու աննշան լինեն,  այդ խավերի մոտ կառաջացնեն վստահություն և այդ կուսակցությունը կարժանանա նրանց օժանդակությանը:

Հարգանքներով՝

Սամվել Հովասափյան

Բեռլին, Մայիս 2013

 

You May Also Like