Գերմանիայի Դիրքորոշումը Ցեղասպանութեան Նկատմամբ

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, Պետական Ազատ Համալսարան

Գերմանական լրատուական միջոցների, մշակութային, գիտական և մարդու իրաւունքների բազմաթիւ միջոցառումների արձագանքը ցեղասպանութեան 100-րդ տարելիցին գերազանցեց Գերմանիայում ապրող հայերի սպասելիքները1։ Խորհրդարանական բանավէճում բոլոր խմբակցութիւների ներկայացուցիչները այս տարուայ Ապրիլի (2015թ.) 24-ին  ներկայացրեցին յուզիչ ճառեր։ Յատկապէս տպաւորիչ էր Բունդեսթագի նախագահի՝ Պրոֆ. Լամեռթի (քրիստոնեայ-դեմոկրատական միաւորում, CDU) բացման ելոյթը, որը պարզ ու յստակ «1915-ի դէպքերը» ցեղասպանութիւն որակեց և դատապարտեց։ Իմ կարծիքով այս որակական և քաղաքական ազդու դիրքորոշման մէջ խիստ կարեւոր էին հետեւեալ չորս գործօնները՝
 

ա) Կաթոլիկ եկեղեցու գլուխ՝ Պապ Ֆրանսիսքոսի 2015թ-ի ապրիլի 12-ի պատարագի ընթացքում արտայայտած օրինակելի և յստակ խօսքը
բ) գերմանական խորհրդարանական ընդդիմականների հաշուեյարդարը CSU-CDU իշխանութեան հետ
գ) գերմանական հասարակութեան մեջ պատմութեան գիտակցութեան զարգացումը և
դ) Էրդողանի Նէօ-օսմանական քաղաքականութեան ժխտումը ու Եւրոխորհրդարանի որոշումը։

Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, Պետական Ազատ Համալսարան

Գերմանական լրատուական միջոցների, մշակութային, գիտական և մարդու իրաւունքների բազմաթիւ միջոցառումների արձագանքը ցեղասպանութեան 100-րդ տարելիցին գերազանցեց Գերմանիայում ապրող հայերի սպասելիքները1։ Խորհրդարանական բանավէճում բոլոր խմբակցութիւների ներկայացուցիչները այս տարուայ Ապրիլի (2015թ.) 24-ին  ներկայացրեցին յուզիչ ճառեր։ Յատկապէս տպաւորիչ էր Բունդեսթագի նախագահի՝ Պրոֆ. Լամեռթի (քրիստոնեայ-դեմոկրատական միաւորում, CDU) բացման ելոյթը, որը պարզ ու յստակ «1915-ի դէպքերը» ցեղասպանութիւն որակեց և դատապարտեց։ Իմ կարծիքով այս որակական և քաղաքական ազդու դիրքորոշման մէջ խիստ կարեւոր էին հետեւեալ չորս գործօնները՝
 

ա) Կաթոլիկ եկեղեցու գլուխ՝ Պապ Ֆրանսիսքոսի 2015թ-ի ապրիլի 12-ի պատարագի ընթացքում արտայայտած օրինակելի և յստակ խօսքը
բ) գերմանական խորհրդարանական ընդդիմականների հաշուեյարդարը CSU-CDU իշխանութեան հետ
գ) գերմանական հասարակութեան մեջ պատմութեան գիտակցութեան զարգացումը և
դ) Էրդողանի Նէօ-օսմանական քաղաքականութեան ժխտումը ու Եւրոխորհրդարանի որոշումը։

Հայկական միութիւն-կազմակերպութիւնների գործօնը նշանակալի վաստակ չունեցաւ, քանզի նրանք չունեն միջոցներ ազդելու Գերմանիայի քաղաքականութեան վրայ։ Բունդեսթագը 15 տարի է, ինչ առնչւում է հայոց ցեղասպանութեան խնդրին, այսինքն ստիպուած է տալ սահմանուած գնահատական՝ համաձայն ՄԱԿ-ի ցեղասպանութեան պայմանագրի։

Այս տարուայ (2015թ.) 24 Ապրիլին, 2005-ի բանաձեւի բարելաւմանն էին  սպասում ոչ միայն Գերմանիայում ապրող հայերը, այլեւ ցեղասպանագէտները և մարդու իրաւունքների հարցերով զբաղուող անձինք։ Սակայն արտգործնախարարութեան, քանցլերի գրասենեակի, ինչպէս նաեւ իշխող մեծ խմբակցութիւնների  ներկայացուցիչների պահանջով այս տարուայ սկզբին որոշուած նախագիծ-բանաձեւից «ցեղասպանութիւն» եզրը հանուեց։ Ընդդիմական ձախերը և կանաչները, ի պատասխան  դրան, ներկայացրին իրենց սեփական բանաձեւը։ Հասարակութեան կարծիքի ճնշման  ներքոյ և գուցէ նաև նկատի  առնելով Գերմանիայի վարկը արտերկրում՝  ապրիլի 24-ից առաջ  մեծ կոալիցիայի առաջարկի մէջ  դարձեալ կարճաժամկէտ  ներառուեց «ցեղասպանութիւն» եզրը, թէպէտեւ վերին աստիճանի  խճճուած  նախադասութեամբ՝ «Հայերի ճակատագիրը վառ օրինակ է,  երբ խօսքը գնում է զանգուածային  բնաջնջման, էթնիկ մաքրագործման, տեղահանութեան, անգամ ցեղասպանութեան  պատմութեան մասին, որոնցով 20-րդ դարը  սարսափելի եղանակով նշանաւորուած է»։

Գործադիր մարմնի ազդեցութիւնը օրէնսդիրի վրայ, որը անյարիր է  ժողովրդավարական հիմունքներին, ցաւօք տխուր աւանդոյթ ունի Գերմանիայի հայ-թուրքական քաղաքականութիւնում։ Արդէն 1915թ-ին  իշխանութեան վարչապետը՝  քանցլերը, վկայակոչելով գերմանա-օսմանական զինուորական դաշնակցութիւնը, արգելեց Թուրքիայի հայաջինջ քաղաքականութեան նկատմամբ որեւէ քննադատական կեցուածք։
 
Գերմանական մեղքի մասնաբաժնին վերաբերուող որեւէ ընդարձակ, գիտական և ճշգրիտ  աշխատութիւն  առ այսօր բացակայում է Գերմանիայում։  Ոչ մի պատմաբան, ոչ մի  համալսարան չի անցկացրել  ուսումնասիրման որեւէ ծրագիր։  Այս թեման երկար ժամանակ թողնուել էր  լրագրողներին։  Սակայն, շարունակ աճող մի հասարակութիւնում, որտեղ հանցագործների իսլամ ժառանգորդները՝ թուրքերը և մերձաւոր-արևելեան քրիստոնեայ  զոհերի սերունդները միասին են ապրում, գիտական և յիշողութեան անգործունէութեան քաղաքականութիւնը հանգեցնելու է ողբերգութեան։

Ապրիլի 24-ին Բունդեսթագում ներկայացուած  ճառերի ցանկում պետութեան որեւէ  անդամ ելոյթ  չունեցաւ։ Այնտեղ նստած էր արտգործնախարար Ֆրանք-Վալթեր Շթայնմայերը կառավարական աթոռին և քարացած դէմքով հետեւում էր 100 տարի առաջ իրականացուած հայոց ցեղասպանութեան մասին  քննարկումներին։

Շաբաթներ դրանից առաջ, նա դիմել էր ամեն  միջոցի, որպէսզի ցեղասպանութիւն հասկացութիւնը չհնչի, նկատի առնելով Թուրքիայի հետ բարձր մակարդակի յարաբերութիւնները։ Սակայն Դաշնային Հանրապետութեան նախագահը, Բունդեսթագի  նախագահը, բազմաթիւ պատգամաւորներ և բոլոր խմբակցութւնները արդէն դիրքաւորուել էին։  Կատարուածը  ցեղասպանութիւն էր, առանց այլեւայլի, Շթայնմայերի դէմքից երևում էր իրեն վիրաւորուած զգալը։  «Ձախողումը նա անձնական ընդունեց»2, դիպուկ ասում է Հենրի Մ. Բրոդերը։

Սկզբից եւեթ միշտ արտգործնախարարութիւնը և կամ արտգործնախարարը ունէին և ունեն հակահայ դիրքորոշում, անկախ կուսակցական պատկանելիութիւնից։

Գերմանա-Օսմանեան յարաբերութիւնը սերտանում է Helmut Karl Bernhard von Moltk-ի ժամանակաշրջանից, երբ նա 1836-1839թթ թրքական բանակի instrukteur-ն էր, որը և ընդլայնուեց տնտեսական, զինուորական, մշակութային և  սոցիալական ոլորտներով։

Այս ժամանակամիջոցին էլ  գեներալներ von der Goltz-ը և Liman von Sanders-ը, գլխաւորում էին զինուորական- mission-ը: Բեռլին-Բաղդադ երկաթգծի ծրագիրը սկսուեց իրականանալ և աւելի սերտացան այդ յարաբերութիւնները՝ մղելով Օսմանեան սուլթանութեանը մասնակցելու առաջին համաշխարհային պատերազմին, որպէս Գերմանիայի դաշնակից։ Մինչեւ 1918թ. Թուրքիայում գերմանական սպաների թիւը հասաւ 800-ի, իսկ զինուորներինը 25,000-ի։ Պատերազմը ցանկացած  առիթն էր, որի ստուերի ներքոյ իրագործուեց երիտթուրքերի կողմից նախապեէս  ծրագրուած ցեղասպանութիւնը։  Թուրքիայում ապրող քրիստոնեայ ազգերի՝ հայերի, ասորիների/արամէալեզու քրիստոնեաների և  յոյների բնաջնջումը, որոնց կոտորածների և բռնատեղահանումների (Deportation) մասին Կ. Պոլսոյ կայսերական Գերմանիայի դեսպանատունը իր շուրջ 15 Օսմանեան սուլթանութեան քաղաքներում աշխատող հիւպատոսութիններից լաւագոյնս տեղեակ էր, որն էլ իր հերթին փոխանցում էր Բեռլին։  Բեռլինը չփորձեց կասեցնել կոտորածը, այլ գրաքննութիւն սահմանեց Հայոց կոտորածների մասին։ 1915թ դեկտեմբեր 23-ին մամուլի գրաքննութիւնը դեռ աւելի խստացրեց, քանզի «Հայկական հարցի կապակցութեամբ նախընտրելի էր լռելը։  Յատուկ գովասանքի արժանի չեն  թուրք իշխանաւորները»3։

Գրաքննութեան օրէնքին ենթարկուեց նաև Լեփսիուսի  «Հայ ժողովրդի մահուան երթը» (1919, Փոթսդամ) գիրքը4, որն հասցէագրուած էր  խորհրդարանի (Ռայխսթագի) պատգամաւորներին, ինչպէս նաեւ Քառլ Լիբքնեխտի հարցադրումը` ուղղուած կառավարութեանը 1916-ի Յունուար ամսին, Հայոց զանգուածային կոտորածների  առնչութեամբ, որին խորհրդարանի նախագահը զրկեց ձայնից։

Դեսպան Փաուլ Գրաֆ Վոլֆ-Մեթերնիխը նամակով  1915-ի դեկտեմբերին դիմել էր հայերի բնաջնջման առթիւ Գերմանիայի արտգործնախարարութեանը։ Քանցլեր Թէոբալդ Ֆոն-Բեթման Հոլվեգը պատասխանել էր նրան. «Մեր նպատակն է  Թուրքիան մինչև պատերազմի աւարտը պահել մեր կողքին, կարեւոր չէ թէ դրանից հայերը կը կործանուեն, թէ ոչ…»5։

Գերմանական ակադեմականները, դիւանագէտներն ու զինուորականները, աջակցում էին Մաքս ֆոն Օփենհայմին: Թէպէտեւ չյաջողուեց նրանց իսլամներին, անգլիացիների և ֆրանսիացիների դէմ «մոբիլիզացնել», սակայն «Ջիհատ-հռչակումը» ունեցաւ թուրքերի, քուրդերի և չերքեզների մօտ մեծ արձագանք, որոնք քրիստոնեաների նկատմամբ յատուկ դաժանութիւն  ցուցաբերեցին, յատկապէս ցեղասպանութեան և բռնատեղահանութիւնների  ընթացքում։

Պատերազմը պարտուելուց յետոյ, երիտ-թուրք պարագլուխները, զինեղբայր Գերմանիայի օժանդակութեամբ, փախան Թուրքիայից և ապաստան գտան Բեռլինում։  Արտգործնախարարութիւնը  դիմեց բոլոր միջոցների հովանաւորելու  իր դաշնակից  ոճրագործներին և մերժեց թուրք  պատասխանատուներին յանձնել Կ. Պոլսոյ զինուորական ատեանին, որը Մեծն Բրիտանիայի  ջանքերով և ճնշման հետեւանքով էր կեանքի կոչուել։  Այսպիսով  Գերմանիան արգելք հանդիսացաւ, որպէսզի թուրք մեղսակիցները  կրեն իրենց պատիժը, թէպէտեւ նրանք արդէն  մահուան էին դատապարտուել զինուորական ատեանի  կողմից ( Թալեաթ, Ջեմալ, Էնւեր և Ազմի)։ Արտգործնախարարութիւնը ոչ մի ջանք չխնայեց, որպէսզի Թալեաթ փաշայի դատավարութիւնը  չդառնայ  քաղաքական ֆորում։  Դատը տեւեց միայն  մէկուկէս  օր, որպէսզի առիթ չտրուի բոլոր վկաներին ելոյթ ունենալու: Սողոմոն Թէհլերեանը յայտարարուեց  անմեղ և անհապաղ արտաքսուեց Գերմանիայից։

Արտգործնախարարութիւնը մոլորեցրեց  նաև  Յոհաննէս Լեփսիուսին, նրան յանձնելով  կեղծուած փաստաթղթեր՝  «Գերմանիան և Հայաստանը 1914-1918, Փոթսդամ, 1919» գրքի համար, որպէսզի կայսերական Գերմանիան անմեղ ներկայացուի։ Նացիոնալ- սոցիալիստական Գերմանիայի  օրոք Թալեաթի դին դեսպան  Ֆրանց Ֆոն Փափենի (1945 որպէս պատերազմական ոճրագործ մահուան  դատապարտուեց) ներկայութեամբ վերաթաղուեց Կ. Պոլսոյ ազատութեան բլուրի վրա (դեռ Ջեմալ Ազմին և Բէհաէդդին Շաքիրը թաղուած են Բեռլինի  Քոլոմբիա-դամ թրքական գերեզմանոցում, «շէհիտլեր» մզկիթի հովանու ներքեւ):

Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատաւորների կուսակցութեան գաղափարախօս Ալֆրեդ Ռոզենբերգը 1926թ բնորոշել էր հայերին որպէս հրեաների ռասայի (ցեղին) խորթ եղբայրը և արդարացրել երիտ-թուրքերի ոճրագործութիւնը6։  Ինչպէս նաեւ արգելել էր Ֆրանց Վերֆելի  «Մուսա լեռան 40 օրը» վէպը։

Այսօրուայ Գերմանիան լրիւ անտեսում է ցեղասպանութիւնը, թէպէտեւ  Գերմանիայի դաշնային հանրապետութիւնը (ԳԴՀ) ստորագրել է 1955-ի փետրուար 22-ին ՄԱԿ-ի ցեղասպանութեան կանխման և պատժման  կոնվենցիան (1948-ի դեկտեմբերի 9-ին, որը ուժի մէջ է մտել 1951-ի յունուար 12-ին)։ Նոյն տարում էլ ԳԴՀ-ն դարձել է NATO-ի անդամ, յանձն առնելով թրքական բանակի կատարելագործումն ու նորագոյն զէնք ու զինամթերքի մատակարարումը։ 1996 թուականից առկայ է  գերմանաթրքական  մաքսային միութիւն և Գերմանիան Թուրքիայի ամենամեծ առեւտրական  գործընկերն է։

Թուրքիայից գաղթած այսպէս կոչուած  հիւր աշխատաւորները կազմում են ԳԴՀ-եան ամենամեծ իսլամական համայնքը, որոնց 2-րդ, 3-րդ սերունդները բոլոր գերմանական կուսակցութիւններում ակտիւ են և ունեն ազդեցութիւն գերմանական քաղաքական որոշումներում։  Նախկին քանցլեր Գերհարդ Շրոյդերը Թուրքիայի ԵՄ-ի անդամակցութեան ջատագովներից էր։  ԳԴՀ-ն որպէս Դեմոկրատական Հանրապետութիւն, անդամ է մարդու արժէքային համակարգ ներկայացնող ԵՄ համայնքին, այսուամենայնիւ, իր սոցիալ և քրիստոնեայ-դեմոկրատական Եւրոպայի պառլամենտի անդամները միաձայն դէմ քուէարկեցին 1987-ին հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևին։
 
Բունդեսթագը  և Հայոց ցեղասպանութիւնը:
 
2000-ի ապրիլին  հայկական, թրքական և գերմանական  կազմակերպութիւնների  ներկայացուցիչներ (Դոկտ. Թեսա Հոֆման, Ալի Էռթեմ և Դոկտ. Ժիրայր Քոչարեան) 16,000 ստորագրութիւններով  դիմեցին Բունդեթագի խնդրագրերի գրասենեակին, ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանութիւնը, որին մէկ տարի յետոյ արձագանքեց Բունդսթագը, խուսափողական եղանակով։  Տեղեակ պահելով պաշտօնապէս Թուրքիայի կառավարութեանը խնդրագրի նպատակի մասին, սակայն  խնդրարկուներին մատնանշել էր  2001թ գարնանը  աշխատանքի սկսած թուրք-հայկական հաշտեցման յանձնախումբը՝ TARC-ը (Turkish-Armenian Reconcilation Commission), թէպէտեւ TARC-ը միջազգային անցումային արդարադատութեան կենտրոնին (International Center of Transitional Justice) յանձնած իրաւական գնահատականը (2003թ փետրուարին) հանգել էր եզրակացութեան, որ կարելի է ասել, ընդհանուր առմամբ եղելութիւնները համահունչ են ՄԱԿ-ի ցեղասպանութեան կոնվենցիայի  բոլոր կէտերին7։ Այսուամենայնիւ գերմանական օրէնսդիր  մարմինը և  կառավարութիւնը նկատի չառան Անցումային Արդարադատութեան Դատարանի (ICTJ) իրաւական բնորոշումը։

Ցեղասպանութեան ճանաչման 2-րդ խնդրագիրը այս անգամ CDU/CSU խմբակցութեան կողմից ներկայացուեց Բունդսթագին փետրուար 2005-ին, երբ դեռ ընդդիմադիր էին, մի ծանրաշարժ ծրագրային վերնագրով «Յիշողութիւն և յիշատակում (1915-16 թթ.) հայերի կոտորածները և վտարումները, Գերմանիան պիտի ունենայ  իր ներդրումը թուրքերի և հայերի հաշտեցման հարցում"8։

Գերմանիան ինքն իրեն համարում է որպէս ազնիւ միջնորդ, սակայն չունի սեփական դիրքորոշում, թէ արդեօք 1915-ի կոտորածները և վտարումները  ցեղասպանութի՞ւն է, նկատի առնելով հայ-թրքական անիրական մերձեցումները, TARC (2000) և վերջապէս հայ-թրքական երկու արձանագրութիւնները (10.10.2009), (NZZ, 05.01.2012), որոնք կարճ ժամանակ յետոյ փաստեցին իրենց անարդիւնաւէտ լինելը և շատ թովիչ  այսպէս կոչուած միջպետական երկխօսութիւնը, որը մնաց Գերմանիայի թրքական երեւակայական քաղաքականութեան սահմաններում, այսուհանդերձ Գերմանիան չփոխեց իր քաղաքական կողմնորոշումը։

100 տարի ցեղասպանութիւնից և բռնատեղահանումներից յետոյ, Թուրքիան և Գերմանիան վարում են նոյն արհամարհական քաղաքականութիւնը։ Գերմանիան, որը նպաստել է հայերի, ասորիների/արամէալեզու քրիստոնեաների, քրիստոնեայ արաբների, եզդիների և տերսիմցիների ցեղասպանութիւններին,  հրաժարւում է  դիրքորոշումից, որը ծայրահեղ ցաւալի է զոհերի ժառանգների համար և հարուածում է այն քրդերին և թուրքերին, որոնք պատասխանատուութիւն են ստանձնել ցեղասպանութեան  ոճրագործութեան համար, քանզի թրքական պաշտօնական քաղաքականութիւնը, պատմութեան առումով,  հովանաւորւում է Գերմանիայի կողմից։

Հայերի ցեղասպանութիւնն ու բռնատեղահանումները, որոնք չափանիշ են հանդիսացել ՄԱԿ-ի ցեղասպանութեան կանխման և պատժման կոնվենցիային, աղճատել որպէս «ջարդ և արտաքսում», կազմում է ԳԴՀ-ի արտաքին գործօց նախարարութեան  բոլոր յայտարարութիւնների հիմքը, որը կառավարութեան անունից որպէս պատասխան  տրւում է ընդդիմադիր կուսակցութիւններին, երբ նրանք Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեան  հարցն են բարձրացնում։

Միքայէլ Հէզէմանը 2015 թ. սեպտեմբերի իր յօդուածում գրում է, «Երբ Պապ Ֆրանսիսկուսը այս տարուայ ապրիլի 12-ին Հայոց երկու կաթողիկոսների ներկայութեամբ Ս. Պետրոս կաթողիկէում պատարագով ոգեկոչում էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, Գերմանիայի դեսպան Տիկին Անէթէ Շաւանը ցուցադրաբար հեռու մնաց վատիկանեան պատարագից: Տիկին Մերքելը այդ դէպքից առաջ յայտարարել էր` «Հայոց ցեղասպանութիւնը Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ խնդիր է», ու հերքել էր գերմանական որեւէ մեղսակցութիւն: Արտգործնախարար Շթայնմայերը յետ չէր մնացել իր քանցլերից և նշել էր. «Երկու ազգերի բուն խնդիրը իրար հետ չխօսելն է»: Իսկ պետ-նախարար Միխայել Ռոթը սեփականացնելով Անկարայի դիրքորոշումը, յայտարարեց իմ բողոք-նամակին առ ի պատասխան, գրում է Հէզէմանը, «Սկզբում, իհարկէ, Էրդողանի կողմից կեանքի կոչուած պատմաբանների յանձնախումբը պիտի որոշի, թե ի՞նչ է իրապէս տեղի ունեցել 1915-ին»9:   

Ինչպէս սկզբում ակնարկեցինք, 2015-ի Ապրիլի 24-ի յուզիչ ճառերից յետոյ որոշուեց, որ Բունդսթագի արտաքին յարաբերությունների յանձնախումբը բանաձեւ մշակի Բուդեսթագի արձակուրդներից առաջ, և յետոյ էլ յետաձգուեց  արձակուրդներից յետոյ, որը և առայսօր տեղի չի ունեցել: Ուլա Ելփքինը10 իր  Սեպտեմբեր 13-ի, Զմիւռնիայի ողբերգութեան՝ հայերի, յոյների, Ասորի/ արամէալեզու քրիստոնեաների միասնական յուշահամալիրի բացման օրուայ ճառում, որը տեղի ունեցաւ Շառլոթենբուրգի աւետարանական պանթէոնում, այսպէս յայտարարեց. «Հնարավոր է ցեղասպանութեան հարցը 2016-ի Ապրիլ 24-ին մտնի Բունդեսթագի օրակարգ»։

2015-ին Գերմանիայում ցեղասպանութեան թեմայով հրատարակուած գրքեր և պարբերականներ.
 
1.
Kirsten Staut: Strategien  des Gehörwerdens,  Transcript-Verlag, 2015
Pogrom-100 Jahre Völkermord, 100 Jahre leugnen, 6/2014
Reinhard Pohl: Völkermord, Heft 69, Magazine Verlag, Kiel, 2015
Jürgen  Gottschlich: Beihilfe zum Völkermord, C.links Verlag, 2015
Mihran Dabag, Kristin Platt: Verlust und Vermächtnis Überlebende des Genozids an den Armeniern erinnern sich, Verlag Ferdinand Schönningh, 2015
Kai Seyffarth: Entscheidung in Aleppo-Walter Rössler (1871-1929): Helfer der Verfolgten Armenier-Eine Biografie, Donat Verlag, Bremen, 2015
Yetvart Ficicyan (Hg): Der Völkermord an den Armeniern im Spiegel der deutschsprachigen Tagespresse 1912-1922
Michael Hesemann: Völkermord an den Armeniern, Herbig Verlag, München, 2015
Rafaela Thoumassian: Werwolf oder Taube, Norderstedt: Books in Demand GmbH (BoD), Oktober 2015
 
2.Henry M. Broder, die Welt 27.04.2015 և
3.Reinhard Pohl, Völkermord, Deutschland und die Welt, Heft 69, Seite12-13
4.Johannes  Lepsius: Der Todesgang des armenischen Volkes, Potsdam, 1919, Tempelverein
5.Archiv des Auswärtigen Amtes, R 14089; A36184; pr.15.12.1915, Bericht DuA Dok.209, Zitiert nach Gust, Völkermord, Springe 2005, Seite 394-395

6. Zeitschrift: Die Weltkampf, 1926

7.Vgl. den Text des Gutachtens zur «Anwendbarkeit» der UN-Konvention  über die Bestrafung und Verhütung von Völkermord auf Ereignisse vom Beginn des 20. Jhs.'' S. 17, aut http://www.1.american.edu/cgp/TARC/ICTJ%20Memorandum%20Feb.%2003.pdf

8.http:www.aga-online.org/dokuments/attachments/Bundestagresolution.pdf

9.Michael Hesemann: Islam-Christentum 2015

10.Ձախերի կուսակցութեան բունդեսթագի պատգամաւոր
 
Զեկոյցը՝ "Գերմանիայի արտաքին գործոց նախարարութեան դիրքորոշումը Հայոց և միւս քրիստոնեայ ազգերի ցեղասպանութեան նկատմամբ՝ անցեալն ու ներկան" ներկայացուել է միջազգային գիտաժողովում ”Հայոց ցեղասպանութեան-100. ճանաչումից՝ հատուցում”, Երևան, 2015թ. Հոկտ.15-16-ը:
 

You May Also Like