«Եթե այսօր կորցնենք Սփյուռքի հայ ուսուցչին, կկորցնենք մի ամբողջ մշակույթ ու ժողովուրդ»

  Hedq, 16 Նոյեմբեր 2009

Սոնա Ավագյանի  հարցազրույցը  Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հետ:

Որո՞նք են «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը եւ նպատակները:

  Hedq, 16 Նոյեմբեր 2009

Սոնա Ավագյանի  հարցազրույցը  Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հետ:

Որո՞նք են «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը եւ նպատակները:

Կենտրոնը ստեղծվել է 1995 թ.: 2002-ց իրականացնում ենք հայրենի ուսուցիչների մեկամսյա վերապատրաստություն` արեւմտահայ հանրակրթական առարկաներից` դասական եւ սփյուռքահայ գրականություն, լեզու, նաեւ պատմություն: Մասնակիցների տարածքային շրջանակը ընդգրկուն է` ողջ Հայաստանը, բնականաբար` Արցախն իր շրջաններով: Անցած տարիների ընթացքում վերապատրաստել ենք 425 հայրենի ուսուցչի: Գաղտնիք չէ, որ մեր ուսուցիչները հիմնականում տկար են արեւմտահայերենից. դժվար են տրվում արեւմտահայ գրական բնագրերը, որոնք առանց այն էլ դպրոցական ծրագրերում շատ են «սեղմված»: Բացառությունները, իհարկե, հաճելի են, բայց` շատ քիչ, իսկ սփյուռքահայ գրականություն նրանք պարզապես չգիտեն: Ի՞նչ ենք սովորեցնում ուսանողներին «ժամանակակից հայոց լեզու» անվան տակ մեր համալսարաններում: Երկու գրական հայերեններ ունենք. արեւմտահայերենը մի կողմ ենք նետել, սովորեցնում ենք նրան արեւելահայ գրականություն: Մինչդեռ ուսանողը արեւմտահայերեն պիտի լավ իմանա, որ կարողանա հասկանալ Դուրյանի, Պարոնյանի, Զոհրապի, Վարուժանի, Շահնուրի լեզուն, բառային ճանաչողական համակարգը: Պիտի տանք լեզվական որոշակի պատրաստվածություն, մանավանդ բանասիրական բաժանմունքներում: Չենք անում:

Փարիզի «Մաշտոց» հայ լեզվի պաշտպանության միությունը եւ մենք մեզ մոտ արդեն վերապատրաստված, մրցութային կարգով ընտրված լավագույն ուսուցիչներին առաջարկում ենք մեկ տարի իրենց դպրոցներում անցնելու արեւմտահայ լեզվի, արեւմտահայ գրականության ծրագիր` 168 ժամով: Այս գործի գլուխ կանգնած է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, որը վերջերս Երեւանում հրատարակել է արեւմտահայերենի ուսումնական ձեռնարկ հատուկ մեր ուսուցիչների համար: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 50-ից ավելի դպրոցներում արդեն այդ ծրագիրն իրագործել ենք: Դրա քաղաքական նշանառությունը մեծ է: Նշանակում է` արեւմտահայ խոսքը հասնում է նրանց:

Տասը տարի շարունակ, 2000-ից սկսած` պարբերաբար կազմակերպում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատաստության մեկամսյա դասընթացներ: Աշխատել ենք 30-ից ավելի երկրների հետ: Մեր խնդիրն է սփյուռքահայ ուսուցչին 120 ժամվա ընթացքում իսկապես մասնագիտական զորություն տալ: Հիմնականում վերապատրաստության գալիս են Սիրիայից, Լիբանանից, Իրանից, ԱՊՀ երկրներից: Մեր դասընթացներին ներգրավել ենք հանրապետության գիտական ու մանկավարժական ներուժը, հրավիրել Սփյուռքի առաջատար մասնագետներին։ Անգամ այն ժամանակ, երբ պետությունը խորհրդանշական գումարներ էր տրամադրում դասընթացներին, մենք գտնում էինք ճանապարհներ ֆինանսական բացը գոցելու համար։ Անգնահատելի էին Խ. Աբովյանի ան. ՀՊՄՀ, Լոս Անջելեսի Պոլսահայ Միության, անհատ բարերարների ներդրումները։

Մեզ մոտ մինչեւ հիմա վերապատաստվել է 300 սփյուռքահայ ուսուցիչ, բայց այդ թիվը շատ հարաբերական է, որովհետեւ մեր դասախոսները հաճախ են մեկնում Սփյուռքի վարժարաններ կարճաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերով:

Երբեմն խզում է եղել մեր աշխատանքներում. Կրթության նախարարության հետ մենք ունեցել ենք, մեղմ ասենք, փոխըմբռնման պակաս:

Ո՞ր հարթությունում եւ ո՞ր խնդիրների առթիվ եք փոխըմբռման պակաս ունենում:

Կազմակերպական խնդիրներում` նախարարություն-համալսարան գծի վրա: Առաջին խզումը ժամանակին առաջ բերեց կրթության նախարար Սերգո Երիցյանը, որը անդուլ ցանկություն էր ցուցաբերում սփյուռքահայ ուսուցիչների դասընթացները «հանձնել» Կրթության ազգային ինստիտուտին, ինչը հակասում էր պետական քաղաքական ուղղությանը: Մի տարի դա նրանց հաջողվեց, սակայն հիմնականում օգտվեցին դասախոսական մեր կազմից, գործադրեցին մեր ծրագրերը: Մեկ տարի անց նախարարի պաշտոնը վերստանձնած Լեւոն Մկրտչյանը կենտրոնին վերադարձրեց վերապատրաստության իրավունքները: Նույն իրավիճակը կրկնվեց այս տարի: Երեիւuի դա կապված էր Կրթության նախարարության նոր վարքագծի հետ. Սպարտակ Սեյրանյանը նեղ շրջանակով (ԿՆ Սփյուռքի բաժնի հետ) «լռելյայն» որոշել էր վերապատրաստությունը երկրորդ անգամ «վերահանձնել» Կրթության ազգային ինստիտուտին, իսկ մեզնից միայն պահանջում էին մեր ծրագրերը, մեր ուսուցչական կազմը:

Ուսումնական ճանաչողության շրջանում մենք լայն ուշադրություն ենք դարձնում սփյուռքահայ ուսուցիչների` Հայաստանի ճանաչողական խնդրին, այսինքն` Հայաստանը տեսնեն, ճանաչեն, լինեն որտեղ հարկ է՝ Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում, Տաթեւում, նաեւ՝ Ղարաբաղում: Հաճախ սրանք ավելի ներգործուն, դաստիարակչական, ճանաչողական խնդիրներ են լուծում. գաղտնիք, չէ, որ ուսուցիչներից շատերը առաջին անգամ են լինում Հայաստանում:

Այս տարի պետությունը ամբողջությամբ վերապատրաստության ծավալները վերցրեց իր վրա` 60 հզ. դոլարին համարժեք հայկական դրամ, իսկ մինչ այդ շատ խորհրդանշական գումարներ էր տրամադրում: Օրինակ` մինչեւ նախանցյալ տարի մենք 1000 դոլար ենք ստացել պետական բյուջեից առանձին տողով: Մնացած միջոցները անցած տարիներին հայթայթում էինք մենք:

Ձեր գնահատմամբ առհասարակ սփյուռքահայերի մայրենի լեզվի իմացությունն ինչպիսի՞ն է:

Հիմնականում` վատ: Բայց մեղավորությունը մերն է: Եթե մենք արեւելահայեր ենք, բնական է` մեր մոտեցման արժեքը կրթամշակութային դաշտում չպիտի ելնի միայն արեւելահայի ընկալման յուրահատկությունից: Մենք պետություն ենք: Սփյուռքը, նշանակում է նաեւ լեզուն ու մշակույթը պահել-պաշտպանելու խնդիրը այսօր նույն պետության ռազմավարական ծրագրերի մեջ է: Բայց այն իրագործողները թերեւս թերանում են Սփյուռքում կրթական եւ մշակութային բազան զորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: Սփյուռքը համալսարանական կրթությամբ, դասական իմաստով ուսուցիչ այլեւս գրեթե չունի: Մենք այսօրվա սփյուռքահայ ուսուցչի կրթական շենքը չունենք: Ուրեմն ի՞նչն ենք նորոգում, ի՞նչն ենք թարմացնում, եթե չի տիրապետում իր առարկային եւ մանկավարժական-հոգեբանական հմտություններին:

Անհրաժեշտը, գլխավորը այս պահին` Հայաստանում պետք է բացել արեւմտահայ համալսարանական մասնագիտացումով հայագիտական բաժանմունք, այսինքն` ֆակուլտետ (նկատի ունեմ լեզվական, գրական, մշակութային, պատմական, առակայական համակարգերը): Այլապես, եթե այսօր կորցնենք Սփյուռքի մասնագետ հայ ուսուցչին, կկորցնենք մի ամբողջ մշակույթ ու ժողովուրդ:

Մյուս խնդիրը վերաբերում է արեւմտահայ նոր աշխարհի եւ մշակույթի հանդեպ մեր ընդհանուր վարքագծին: Արեւմտահայերը, որքան էլ դժվար էր, ժամանակի մեջ պաշտպանեցին դասական ուղղագրությունը, արեւմտահայերենի համակարգը, իսկ «մենք»` արեւելահայերս, «նրանց» չաջակցեցինք. ընդհակառակը` տարբաժանելու քայլերը քաղաքական ենթախորք ստացան, խորհրդային շրջանում խզվեցին հայության երկու հատվածների միջեւ ուղիղ կապերը: Դասական ուղղագրության նկատմամբ վերաբերմունքը հաճախ նենգափոխվում եւ ուղղվում է արեւմտահայ մշակույթի դեմ: Դու պիտի արեւմտահային հնարավորություն տաս, որ ինքը պաշտպանի լեզուն եւ գրության ձեւը, ինչը մե՜րն էր անցյալում. Թումանյանը, Չարենցը, Աբովյանը, Րաֆֆին, Տերյանը, մյուսները գրում էին այդպես: Աբեղյանական այս գիրը քաղաքական խնդիր լուծեց ավելի, քան լեզվական: Արեւմտահայը պիտի ինքնությունը վերահաստատի նախ լեզվով ու կրթությամբ։ Հայաստանում արեւմտահայ արժեքների պաշտպանություն չկա:

Ուրիշ ի՞նչ քայլեր եք առաջարկում Սփյուռքը պահելու համար:

Թվարկեմ միայն հնարավոր գործնական քայլերը.

ա) արդեն արեւմտահայ համալսարանական մասնագիտացումով բաժանմունք բացելու գերանհրաժեշտության մասին շեշտեցինք. տուր սփյուռքահային հնարավորություն` կրթություն ստանալու Հայաստանում:

բ) Երեւանում կարելի է ունենալ արեւմտահայ ուսուցման ծրագրերով հիմնական եւ ավագ դպրոցներ:

գ) միջպետական պայմանագրերի կարգավորման եղանակով կարելի է դպրոցներ բացել Ռուսաստանի Դաշնության կենտրոնական քաղաքներում` ՀՀ պետմիջոցներով:

դ) արեւմտահայ վարժարանների ճակատագիրը ծանր խաչ է: Ասենք, Բուենոս Այրեսում հայկական դպրոցները ութն են, բայց Պետրոս Հաճյանի վկայությամբ՝ պահելն է դժվար՝ ծրագրի, ուսումնական բովանդակության, աշակերտին հայեցի մեծացնելու առօրյա հարցերը ճնշում են: Վիճակը, բնականաբար, մխիթարական չէ մյուս համայնքներում։ Պետություն ես, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ ես, գումարդ ուղղիր Սփյուռքի դպրոցին: Չեն ուղղում: Էլիտար շենքե՞րն են կարեւորը, թե՞ Սփյուռքի վարժարանները: Եթե այսօր դու կորցրիր Սփյուռքի դպրոցների պաշտպանությունը, դու կորցնում ես մի ամբողջ մշակույթ ու ժողովուրդ:

ե) համախմբվածության գործնական ավելի կարեւոր առաջարկ. եթե մենք ունենայի՜նք ազգային շահերի քաղաքականությունը ներկայացնող ամենօրյա համահայկական թերթ` դասական ուղղագրությամբ, որոշակի ամփոփագրով, գունավոր, շքեղ ներդիրներով` իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, եւ թերթը նույն օրը լույս տեսներ Երեւանում, Մոսկվայում, Բեյրութում, Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլ քաղաքներում, դուք գիտեք` դա ինչպես կփոխեր Սփյուռքի մթնոլորտը, կբերեր ազգային խնդիրների ինչ գերկենտրոնացում, խտացում: Կլիներ գրական, քաղաքական, մշակութային թերթ, պետական քաղաքականության, ազգային համախմբվածության գաղափարը կրեր իր մեջ:

Կամ «Հ1», «Արմենիա», «Շանթ» եւ առհասարակ այն հեռուստաընկերությունները, որ հեռարձակում են Հայաստանից, մի փոքր դուրս գային իրենց նեղլիկ գաղափարների սենյակներից ու շոուի, զավեշտի հեռուստաընկերության հանձնառությունից ստանձնեին ազգային շահի լուսավոր գերակայությունը` գրականության, լեզվի, մշակույթի բաց դասեր, ուսումնական ծրագրերի շարքեր, համահայկական քննարկումներ, հեռուստատեսային բանավեճի կամուրջներ, ինչքա՜ն բան կշահեր այդ պարագային սփյուռքահայը:

 
You May Also Like