Եկեղեցին ու Պետությունը

Սամվել Հովասափյան, Բեռլին, Հունվար 2018

 

«Նրանց է պատկանում դրախտը, ովքեր իրենց երթի ընթացքում դեպի Աստված կսպանեն և կսպանվեն…»                                                                                   Ղուրան

«Եվ Դավիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան…: Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ կամնասայլերի  եւ երկաթի տապարների տակ եւ նորանց  աղիւսի փուռով անցկացրեց: Եւ այսպես արավ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին…»:

Աստուածաշունչ՝ Բ Թագաւորաց գլ. 29-31

Պարոն Ստեփան Դանիելյանը «Եկեղեցին ու Պետությունը» վերնագրով գրված իր հոդվածում, տեղադրված՝ epress.am- ի 31.12.2017 թվակիր կայքէջում, մեջբերում է նաև հետևյալ երեք կարևոր տեղեկությունները և եզրակացնում է, որ «Հայաստանը այլևս աշխարհիկ պետություն չէ»:

«Ազգային ժողովի և Հանրապետական կուսակցության փոխնախագահը 2017-ի սեպտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես նաև ասել, որ «հայն ու քրիստոնյան հոմանիշներ են»: Նաև հայտարարել է, որ բանակում, դպրոցներում, Ազգային Ժողովում պետք է արտասանել «Հայր մեր» աղոթքը…»:

Սամվել Հովասափյան, Բեռլին, Հունվար 2018

 

«Նրանց է պատկանում դրախտը, ովքեր իրենց երթի ընթացքում դեպի Աստված կսպանեն և կսպանվեն…»                                                                                   Ղուրան

«Եվ Դավիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան…: Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ կամնասայլերի  եւ երկաթի տապարների տակ եւ նորանց  աղիւսի փուռով անցկացրեց: Եւ այսպես արավ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին…»:

Աստուածաշունչ՝ Բ Թագաւորաց գլ. 29-31

Պարոն Ստեփան Դանիելյանը «Եկեղեցին ու Պետությունը» վերնագրով գրված իր հոդվածում, տեղադրված՝ epress.am- ի 31.12.2017 թվակիր կայքէջում, մեջբերում է նաև հետևյալ երեք կարևոր տեղեկությունները և եզրակացնում է, որ «Հայաստանը այլևս աշխարհիկ պետություն չէ»:

«Ազգային ժողովի և Հանրապետական կուսակցության փոխնախագահը 2017-ի սեպտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես նաև ասել, որ «հայն ու քրիստոնյան հոմանիշներ են»: Նաև հայտարարել է, որ բանակում, դպրոցներում, Ազգային Ժողովում պետք է արտասանել «Հայր մեր» աղոթքը…»:

«2017-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ»։

«Ավելի անկեղծ է արտահայտվում կաթողիկոս Գարեգին Բն, ով աստվածաբանական ձևակերպումներ է փնտրում եկեղեցու ու պետության «ներդաշնակ միասնության» մասին. «Ազգային կեանքի հոգևոր և աշխարհիկ երկու այս կառոյցների միմեանց լրացնող ներդաշնակ միութեամբ միայն ի զօրու ենք կերտել բարգաւաճ ու բարօր գալիքր մեր ժողովրդի»[3]», «Ինքնացանք մեր սուրբ հավատով, զորացանք Քրիստոսով եւ Տերունական Խաչր կանգուն պահեցինք մեր հողում: Միասնացան, նույնացան և մեկ դարձան Ազգ, Հայրենիք, Պետություն և Հայոց Եկեղեցի»:

Անկախությունից հետո հայ առաքելական կեղեցուն, ինչպես նաև այլևայլ աղանդներին հաջողվել է կարճ ժամանակում վերագտնել իրենց, տարածվել ամենուր, ընդգրկել հասարակության տարբեր խավեր, ստեղծել համայնքներ, որոնք կապեր են պահպանում արտերկրի նման աղանդների համայնքների հետ և շատ հաճախ ստանում են նրանց նաև ֆինանսական օգնությունը:

Տարիներ առաջ իմ բարեկամներից մեկը նշելով նման մտահոգիչ զարգացումը և ի փաստ իր վերոհիշյալ հավակնության, պատմեց հետևյալը.

«Դա Ղարաբաղ կոմիտեի ազատ արձակման օրերին էր, ոչ պատահական, նա ներկա է լինում ՀՀՇ ակտիվիստների, (որոնցից մի քանիսը հետագայում նորաստեղծ կառավարության անձնակազմում պաշտոներ ստացան) մի ժողովում, որտեղ ներկա էր նաև Ֆրանսիայից ժամանած՝ հայ ավետարանական եկեղեցու մի ներկայացուցիչ: Ի զարմանս իմ բարեկամի, ժողովի օրակարգի միակ կետն էր՝ Ֆրանսիայից երկու հարյուրհազար (այո, 200.000) դպրոցական երեխաների համար մատչելի լեզվով գրված և Իրանում տպագրված՝ Քրիստոսի կյանքը նկարագրող մի գիրք՝ «Սրբազան Պատմություն» խորագրով, Հայաստան բերել և բաժանել դպրոցական երեխաներին: Քննարկվող միակ հարցը հետևյալն էր, այդ գրքերը անվճա՞ր բաժանել երեխաներին, թե՞ որոշ գումարով վաճառել»: Բարեկամս ակնապիշ ինձ էր նայում, հետո մտահոգ շարունակեց.

-Անկախությունից հետո գլուխը կորցրած ժողովրդին նոր հենարան էր պետք և իշխանությունները շահարկելով ժողովրդի հավատը, ձեռնարկեցին հին և ամենուր բազմիցս փորձված մեթոդը, նրանք բարձր շարքերի կրոնավորներին դարձրին իրենց սեղանակիցը, մյուսներին իրենց սպասավորը, լավ իմանալով, որ ժողովրդին հանգիստ պահելու համար, կրոնը ամենահին և ամենալավ փորձված միջոցն է, իսկ Աստված իրենց ամենալավ պաշտպանը և փրկիչը…»:

Հայաստանում ժողովրդի հավաքական գաղափարախոսությունը, սոցիալիստական ուսմունքի որակազրկումից հետո, մեծ ջանասիրությամբ կառչել է կրոնական ուսմունքից, նորելուկ և զարմանալի միամիտ հավատացյալները ասես թե, նորահայտ մի գաղափար են հայտնաբերել, նրանք ամենայն լրջությամբ հայտարարում են՝

Աշխարհում ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով:

Եվ սա ասում ու գրում են ոչ միայն հասարակ հավատացյալները, այլ նման հայտարարություն են անում գրողներ, քաղաքագետներ, պետական աշխատողներ, այլևայլ մտավորականներ: Այդ նույնն է գրում՝ գրող, բնապաշտ, հետախույզ- բժիշկ և անցյալում Լիտերատուրնայա Գազետայի թղթակից՝ Զորի Բալայանը: Այդ նույնն է հայտարարում՝ պատմաբանը, դոկ. Պրոֆեսորը, հեռուստացույցով մի ժամ Հայաստանի պատմության և եղեռնի մասին խոսելուց հետ:

Իսկ հայ կին գրողը, իր մի վեպում, առանց այլևայլի մեջբերում է անում Պասկալի հետևյալ դատարկությունը և դա համարում է բոլորովին պատշաճ, ոչ մի դեպքում վիրավորական:

…«Ովքեր փնտրում են Աստծուն և գտնում են նրան, ապա նրանք խելացի և երջանիկ մարդիկ են: Իսկ ովքեր չեն փնտրում Աստծուն և չեն գտնում նրան, ապա նրանք անխելք են ու դժբախտ»:…

Հայաստանի նախկին վարչապետ՝ Հրանտ Բագրատյանը 10 մայիս 2011 թվականին Լրագիր կայքէջի հետ իր հարցազրույցում հետևյալ միտքն էր արտահայտել.

«…Ես չունեմ տվյալներ եկեղեցու տնտեսական հզորության մասին, բայց ես ունեմ որակական փաստեր ասելու, որ երբ հայ եկեղեցին ուժեղանում է, ապա գալիս է մի պահ, որ հետագա հզորացումը հնարավոր է միայն պետության հաշվին: Իսկ երբ պետությունը թուլանում է, ապա այն դադարում է գոյություն ունենալ: Եվ դա միշտ ձեռնտու է եկեղեցուն…»:

Իրոք որ սրանք ճշմարիտ և տեղին ասված խոսքեր են: Մարդկային պատմության ընթացքում կրոնի, կրոնավորների՝ պահպանողական ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա, միշտ էլ փորձանք է եղել ժողովուրդների գլխին: Իսկ Հայաստանի պարագայում այն եղել է կործանիչ: Հենց միայն հետևյալ քարոզչությունը, որ՝ «սուր վերցնողը, սրով կնգնի» և հնազանդության կոչը, թևաթափ է արել ժողովրդին, նրան դարձրել է վախկոտ, ստրկամիտ, ընկճված, հլու՝ կյանքի բոլոր հարվածներին, չէ որ նա դարեր շարունակ և իր ամբողջ կյանքում լսել է միմիայն մի կարգախոս՝

            Ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով:

Մտահոգիչ է, որ նման մտածելակերպը գնալով ավելի է ամրապնդվում, նույնն է գրվում՝ գրքերում, մամուլում, նույնն է քարոզվում եկեղեցիներում, հեռուստացույցով եթեր տարածվում, ոչ միայն կղերականների, այլ հասարակության ընտրյալների, մտավորականների, բնագետի ու պատմաբանի կողմից, ովքեր կրթություն են ստացել Սովետական ժամանակաշրջանում, ովքեր կոչված են իրենց՝ առողջ, գիտության վրա հիմնված փաստարկներով, բացատրություններով, հակակշիռ կազմել եկեղեցու քարոզչությանը: Քննարկել կրոնի նման զարթոնքի պատճառները, կանխորոշել և հուշել հետևանքները, քանի որ Հայաստանի պարագայում այն խարխլում է պետականության հիմքերը: Նրանց պարտականությունն է քակել հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի իշխանությունների ներկայիս սերտաճման հանգույցը և մատնանշել նրանց հակաժողովրդական և խիստ ինքնաշահ, հայ ժողովրդի և Հայաստանի ապագան վտանգող պետություն- եկեղեցի մեղսակից գործունեությունը, համագործակցությունը:

Բայց ի՞նչ կապ կա այս ամենի և Ղուրանից ու Ավետարանից վերոհիշյալ մեջբերումների միջև: Ի՞նչ իմաստ կա այստեղ դրանց հիշատակելը: Պարզվում է, որ շատ: Արդյո՞ք «ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով» հայտարարողները՝ հավատում են, այն ինչ որ ասում են: Արդյո՞ք նրանց պարզ չէ, որ հենց իրենք, հենց եկեղեցու սպասավորներն են, որ իրենց նման հայտարարություններով, որակազրկում են իրենց պաշտած Աստծուն, իրենց հավատը, քրիստոնեության ուսմունքը

Եթե՞ բոլոր ժամանակներում և ամենուր Աստծո կամքն է կատարվում, ապա միթե՞ մարդկության կողմից կատարված բոլոր հանցագործությունները, պատերազմներ, եղեռն, ժողովուրդների ոչնչացում, կատարվել ու կատարվում են նրա կամքով:

Ըստ հավատացյալների՝ Աստված ցանկանում է փորձել մարդկանց, կամ՝ անքննելի են նրա արարքները: Իհարկե որ նման պատճառաբանությունները սոսկալի են և բոլորովին անհասկանալի: Միթե՞ այդ Աստված մանուկներին և դեռ չծնվածներին ասկյարների ձեռքով կոտորել տալով, ցանկանում է նրանց փորձել, իրենց հավատի մեջ: Սոսկալի է, որ մեր օրերում, գիտության աննախադեպ նվաճումների օրում, գտնվում են մարդիկ, որ նման հայտարարություններ են անում: Ապա ինչպե՞ս կոչել մեր օրերի այն բոլոր հանցագործությունները, որ իսլամիստները կատարում են Աստծո անունով, «ալահ ու աքբար» գոչելով: Միթե՞ նրանք էլ են կատարում Աստծո կամքը:

Ներկայիս մտահոգիչ իրականություններից է նաև, որ վերջին տասնամյակների ընթացքում իսլամական երկրներում կրոնական ուսմունքի հեղափոխական և ծայրահեղ զարգացումը, կարող է ապագայում վտանգավոր, անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: Էլ ավելի Աստծոն, կամ քրիստոնեական ուսմունքին հենվելով, եկեղեցիներ կառուցելով, կամ «ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով» կարգախոսը լուզունգ դարձնելով չէ, որ մենք դրան հակազդել կարող ենք, մեր անցյալը վկա, այլ Հայաստանում ունենալով ամուր, ժողովրդական  պետականություն, հայրենիք- սփյուռք կուռ համագործակցություն, ինչպես նաև  համատարած՝ առողջ և բարձր ազգային գիտակցություն:

 

1 comment
  1. Շնորհակալություն

    Հարգելի Պրն. Հովասափյան, շնորհակալություն հոդվածի համար: Հուսով եմ Ձեր և մյուս ողջամիտ մարդկանց ձայնը ավելի լսելի ու ազդեցիկ կլինի Հայաստանում:

Comments are closed.

You May Also Like
Read More

ՄԻԱԿՈՒՌ

«․․․Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, Ցեխերի մէջ ընկած մագաղաթեայ մատեան, Կախաղանի սիւնից կախուած անկախութիւն, Մեր յոյս երազների…
Read More