
Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը վերահաստատող այս գիրքը կ’ունենայ յաղթաթղթի նշանակութիւն, ուրեմն այն արագօրէն պէտք է թարգմանուի տարբեր լեզուներով եւ դրուի օտար ընթերցողի սեղանին:



Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը վերահաստատող այս գիրքը կ’ունենայ յաղթաթղթի նշանակութիւն, ուրեմն այն արագօրէն պէտք է թարգմանուի տարբեր լեզուներով եւ դրուի օտար ընթերցողի սեղանին:
Թուրքիայի հետ միասին դեռեւս լռում են նրա հետ աշխարհաքաղաքական շահերով կապուած ու նրան յանցակից պետութիւնները: Սակայն նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնած գործընթացն անկասելի ու անշրջելի է. այն շարժւում է մի ճանապարհով, որը, հասկանալի է` ուր է տանում: Սյդ ճանապարհի խոչընդոտները յաղթահարւում են հայութեան միացեալ ջանքերով:
Ազգանուէր այդ գործում իր կարեւոր ներդրումն ունի լիբանանցի մեր հայրենակից Յարութիւն Իսկահատեանը` մասնագիտութեամբ` երկրաչափ` Բէյրութի ամերիկեան համալսարանից վկայուած: Նա էլ Գրիգոր Զօհրապի պէս ունի գրական հակումներ, ամբողջ կեանքում զբաղուել է հայոց պատմութեան, Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի, միւս հայկական բնօրրանների եւ Հայոց Ցեղասպանութեան խնդիրներով: 2010-ի ամառնավերջին ստանալով նրա կազմած “Վկայարան Հայկական Ցեղասպանութեան” գրքի Ա հատորը, Երեւանում` Հայաստանի Ազգային գրադարանում մասնակցեցի նրա շնորհանդէսին: Ինձ համար արդէն պարզ էին այդ գրքի արժէքն ու օգտակարութիւնը, եւ ես դա ընդգծեցի իմ ելոյթում: Նախապէս չէի պայմանաւորուել բանախօսներից որեւէ մէկի հետ, եւ անկեղծօրէն ուրախացայ, որ բոլորս էլ համակարծիք էինք, եւ բոլորս էլ ուրախացանք, որ արդէն տպագրութեան է պատրաստ Բ հատորը:
Այս երկու հատորները հայոց եղեռնապատումի գրականութեան մէջ ունեն իրենց առանձնայատուկ տեղը, եւ նրանց վիճակուած է պատմագործառական որոշակի դեր: Նրանցում համառօտուելով ընդգրկուած են այնպիսի նիւթեր, որոնք աներկբայ են դարձնում ոչ միայն 1894-1923 թթ. պարբերական ջարդերի ու Մեծ Եղեռնի իրական լինելը, այլեւ պատկերացում են տալիս նախաեղեռնեան եւ յետեղեռնեան շրջափուլերի մասին:
Գաղտնիք չէ, որ սփիւռքահայութիւնը ազատ մամուլ եւ գրականութիւն ընթերցելով, աւելի էր տեղեակ հայոց Մեծ Եղեռնին, գիտէր աւելի շատ, քան Խորհրդային Հայաստանի հայութիւնը, որովհետեւ մինչեւ 1960-ականների կէսերը նրանից հետեւողականօրէն թաքցւում էր պատմական բուն ճշմարտութիւնը եւ խստօրէն պատժւում էին մանաւանդ Ցեղասպանութեան ու հայոց պահանջատիրութեան մասին բարձրաձայնողները:


Հսկայածաւալ ամբողջ գրականութեանը ծանօթանալու հնարաւորութիւնից զուրկ ընթերցողը գոնէ այս գրքի հատորներով մօտաւոր պատկերացում կ’ունենայ կատարուած ողբերգական իրադարձութիւնների մասին, որ այնքան անամօթ եղանակներով հերքում կամ նենգափոխում են թուրք ազգայնամոլները յետեղեռնեան շրջանում, երբ իւրացնում կամ ոչնչացնում են բռնազաւթած տարածքների բնական հարստութիւնները, հայերի ստեղծած պատմամշակութային արժէքները, փոխում-թրքացնում են հազարամեակներով գոյատեւած տեղանունները եւ իրենց վերագրում հնագոյն քաղաքակրթութեան նուաճումները:
Յ.Իսկահատեանի այս հատորներն ունեն մի այլ առաւելութիւն, յաճախ միեւնոյն դէպքերի կամ դէմքերի մասին բերւում են տարբեր ականատեսների վկայութիւններից կամ յիշողութիւններից դրուագներ, որոնք իրարից անկախ, բայց միասնական վերաբերմունքով դառնում են կատարուածի վաւերականութեան անհերքելի հաստատումներ: Նկատել ենք, որ Վահան Մինախորեանի “1915” յուշագրութեան մէջ պատկերուած է Սամսոնի մի բարեկեցիկ հայ ընտանիքի բռնագաղթը, իսկ այդ նոյն ընտանիքի մասին, Մինախորեանից բոլորովին անկախ, տեղեկութիւններ է հաղորդում Դէր-Զօրում նրա թշուառութեանն ականատես Երուանդ Օտեանն իր “Անիծեալ տարիներ” յուշագրութեան էջերում:
Այս հատորներում էլ թուրք ու քուրդ ջարդարարների դէմ Վասպուրականի, Սասունի, Մուշի, Շապին Գարահիսարի, Ուրֆայի, Հաճընի հերոսամարտերի, ինչպէս եւ
Միանգամայն արդարացուած է Յ. Իսկահատեանի մօտեցումը եղեռնապատումի վիթխարածաւալ գրականութեանը. նա գերազանցապէս կենտրոնացել է ականատեսների յուշագրութիւնների վրայ եւ խելամտօրէն չի շրջանցել գեղարուեստական այն պատումները, որոնք ունեն վաւերագրական-փաստագրական արժէք: Չէ՞ որ գեղարուեստական պատումի հիմքում էլ նոյն դաժան ու սահմռկեցուցիչ իրականութիւնն է: Ընդունելի է եւ նիւթերի ներկայացման կերպը. տրւում են մատենագիտական ճշգրիտ տեղեկութիւններ` հեղինակի եւ գրքի անուանումը, հրատարակութեան վայրը եւ տարեթիւը, էջերի քանակը եւ չափը: Հեղինակի ինքնութեան, նրա ծննդավայրի վերաբերեալ կարճառօտ տեղեկութիւններով սկսելով իւրաքանչիւր գրքի ներկայացում` այնուհետեւ մատնանշում է ցեղասպանութեան վկայութիւնները:
Ա հատորն ընդգրկում է աւելի քան 90 գիրք եւ գրքոյկ, իսկ, Բը` շուրջ 55: Գիրքը` իր երկու հատորներով, մի իւրօրինակ տեղեկատու-ուղեցոյց է հայոց եղեռնապատումի գրականութեան, քանի որ մասնաւոր հետաքրքրուողը նրանով կարող է կողմնորոշուել եւ ծանօթանալ ուզած գրքին ամբողջութեամբ:
Ճիշտ է, որ հարիւր յիսունի փոխարէն երկու հատոր կարդալով` լիակատար չի լինի հայոց Մեծ Ողբերգութեան, թուրքի էութեան, նրա իւրացումների եւ ուրացումների մասին պատկերացումը, սակայն Յ. Իսկահատեանը յաջողել է ստեղծել Հայոց Ցեղասպանութեան վաւերական ու հանրամատչելի փաստառատ պատմութիւնը, որը պիտի դառնայ Հայաստանում եւ արտերկրում ապրող իւրաքանչիւր հայի սեփականութիւնը: Աւելին. թուրքական ուրացումների դէմ, ներկայ տեղեկատուական պատերազմում եւ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը վերահաստատող այս գիրքը կ’ունենայ յաղթաթղթի նշանակութիւն, ուրեմն այն արագօրէն պէտք է թարգմանուի տարբեր լեզուներով եւ դրուի օտար ընթերցողի սեղանին: