Թե ինչպես Խրիմյան Հայրիկն օգնեց Թերլեմեզյանին
https://www.vnews.am/post/the-inchpes-khrimyan-hayrikn-ognec-therlemezyanin
Հեղինակ՝ naira-art
1820 թ. ապրիլի 4-ին ծնվել է հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող, հայոց եկեղեցու 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին։ Մեզ բոլորիս առավել ծանոթ անունով` Խրիմյան Հայրիկը։
Այս առթիվ ձեզ ենք ներկայացնում հայ ականավոր նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշը` կաթողիկոսի մասին, որն օգնում է բացահայտել նրան լիովին` և՛ որպես մարդ, և՛ որպես հոգևորական։
«Մի քիչ փող էի հավաքել, որոշեցի գնալ Պետերբուրգ` նկարչություն սովորելու… իմ ընկեր Ազնավուրյանին խնդրեցի մասին երթալ Վանից ծանոթ Խրիմյանի մոտ, որը այդ օրերին Թիֆլիսումն էր, մտածելով որ նա կարող է մի հանձնարարակով ինձ օգնել։
Խրիմյանը մեզ ընդունեց իր ննջարանում, ուր նա անկողնի վրա ընկողմանած երգում էր։ Մի քիչ սպասեցնելուց հետո` դադարեցրեց իր դուրեկան երգը և գլուխը մեզ դարձնելով հարցրեց, թե ինչու եմ եկել։ Պատասխանեցի, որ գնում եմ Պետերբուրգ նկարչություն սովորելու, եկա Վեհափառությանդ ցուցմունքներ ստանալու։
«Ա~» արավ և տեղից բարձրացավ ու շեշտակի ինձ նայելով ասաց. «Ծո, ապու՛շ, նկարչությունը պատանեկությունից են սկսում, դու երեսուննանց մարդ և հետո, հրացան և մատիտ իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ընկերներ ունես, գործ ունես»։
Պատասխանեցի. «Վեհափառ տեր, ես կարծում եմ, որ կարող ենք վնասակար լինել։ Մինչև այսօր զգուշորեն գաղտնի աշխատում էինք հետզհետե զինել և արթնացնել ժողովրդին, աշխատում էինք, որ նրանք իրար հետ կապ ունենան, միացած լինեն, և ուսում առնեն, բայց Դաշնակցությունը դրդում է անզեն ու անպատրաստ ժողովրդին` բռունցքներով գնալ սուլթանի ունեցած Կրուպի թնդանոթների դեմ, որպեսզի Եվրոպան մեզ օգնի։ Ես Եվրոպայի օգնությանն այլևս չեն հավատում։ Սասնո և մյուս կոտորածները ցույց տվին, որ մեր ժողովուրդը ավելի մեծ դժբախտության պիտի հանդիպի։ Չեմ ուզում բաժին ունենալ վաղվա պատասխանատվության մեջ»։
Խրիմյանը մի քիչ մտածկոտ ման եկավ սենյակի մեջ, և ինձ դառնալով ասաց. «Հա, փիլիսոփայում ես։ Հայդե՛, անմիջապես գնա Էջմիածին։ Ես շուտով պիտի վերադառնամ, այնտեղ քեզ պաշտոն կտամ»։
Ընկերոջս հետ դուրս եկա առաջնորդարանից, մնաք բարով ասացի նրան ու գնացի բնակարանս։ Հաշիվներս մաքրեցի տան տիրոջ հետ, աղքատիկ անկողինս ու իրերս կապկպելով` շալակս առի, քայլեցի դեպի երկաթուղու կայարանը։ Այնտեղ գնացք նստելով` չվեցի Պետերբուրգ։
Իմ Պետերբուրգ հասնելուց երեք, թե չորս ամիս անց Խրիմյան կաթողիկոսը մայրաքաղաք ժամանեց։ Ես գնացի տեսության։ Նրա առաջին հարցը եղավ. «Հը՛, ինչի ես այդպես նիհարել, հիվանդ հո չե՞ս»։
Բացատրություններս անելուց հետո` թե ինչ եմ անում, կանչեց եկեղեցական խորհրդի նախագահ Վարդանյանին և պատվիրեց, որ ինձ իբրև ուսանողի թոշակ տան։
Հայոց եկեղեցին Նևսկի պրոսպեկտի վրա քաղաքի կենտրոնում էր գտնվում և շրջապատված էր հինգ հարկանի տներով։ Այդ տները եկեղեցու սեփականությունն էին, որոնց բերած եկամուտներով ուսանողներ էին պահվում։ Այդ եկեղեցու բակում էր, որ ուսանողները հավաքվում էին կիրակի օրերը` իրար տեսնելու համար։ Ես էլ գնացի կիրակի առավոտ և խորհրդարան մտնելով` իմացա, որ ինձ երեսուն ռուբլի ամսաթոշակ են նշանակել։ Երբ խորհրդարանից դուրս եկա, երկինքը, մարդիկը, շենքերը և ամեն բան արտաքո կարգի գեղեցիկ էին երևում։ Ուրախությունից ինձ թվում էր, թե ոտքերս գետնին չէին դիպչում, ուրեմն ես պիտի կարողանայի ուսումս շարունակել։ Փողոցով անցնելիս` շուրթերս լսելի ձայնով մրմնջում էին. «Ողջույն քեզ, ուսանողական կյանք»։