Սամվել Հովասափյան, Բեռլին, Օգոստոս 2014
Երևի տարօրինակ է հնչելու, եթե իմ ասելիքը մի անեկտոդով սկսեմ:
– Ձե՛րդ իմաստնություն, դուք անընդհատ նույն լարի վրա և նույն ակորդն եք նվագում:
Մոլան պատասխանեց.
– Դե, ինձ հանգիստ թողեք, հազիվ եմ այդ մի տեղը գտել:
Սամվել Հովասափյան, Բեռլին, Օգոստոս 2014
Երևի տարօրինակ է հնչելու, եթե իմ ասելիքը մի անեկտոդով սկսեմ:
– Ձե՛րդ իմաստնություն, դուք անընդհատ նույն լարի վրա և նույն ակորդն եք նվագում:
Մոլան պատասխանեց.
– Դե, ինձ հանգիստ թողեք, հազիվ եմ այդ մի տեղը գտել:
Բայց ինչ առնչություն ունի այս անեկդոտը Պարույր Հայրիկյանի հետ. նախքան հարցը պարզաբանելը ասեմ՝ հույսով եմ, որ իմ բարեկամ Պարույր Հայրիկյանը իրեն վիրավորված չի զգալու: Նա՝ որպես քաղաքական գործիչ և դեմոկրատ, պետք է որ տարողականությունը ունենա, յուրաքանչյուր քննադատություն և այլ տարակարծիք լսել և հաշվի նստել դրա հետ:
Վերջերս հետևելուվ Պարույրի գրություններին ու հարցազրույցներին՝ տեղադրված Ֆեյսբուքում, նախ ամենուր և միալար լսում ես նրա հակառուսական և հակապուտինյան խոսքերը, իսկ մյուս կողմից այսպես ասած՝ «քաղաքակիրթ աշխարհի» գովերգումը: Մի տեղ նա նույնիսկ ասում է, որ այնտեղ Պուտինին համեմատում են Հիտլերի հետ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, եթե նա իրեն լուրջ է համարում, ապա պետք է խուսափի նման հայտարարություններից և իրեն թույլ չտա լեզվի նման սայթաքումներ, բայց ըստ երևույթին դա Պարույրին չի վերաբերում և նա փնտրում է, հնարում է նոր ածականներ Պուտինի և Ռուսաստանի հասցեին ասելու:
Որ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եղել է զավթողական, անկախ նրանից, թե ով է այնտեղ իշխանություն բանեցրել, դա փաստ է: Փաստ է նաև, որ հենց այդ քաղաքականությունը համապատասխանել է հայ ժողովրդի շահերին: Իրոք, բոլոր ներքին բացասական երևույթներով հանդերձ, որոնք այդ ժամանակաշրջանում զուգահեռ իրագործվում էին հայ ժողովրդի նկատմաբ, գոնե արևելյան Հայաստանը փրկվեց լրիվ մոռացվելուց: Դժվար չէ պատկերացնել՝ թե, ինչ կմնար Հայաստանից, եթե այն մնար Պարսկաստանի տիրապետության տակ:
Ըստ պրոֆեսոր Կոնստանդին Խուդավերդյանի՝ «հայ ժողովրդի պատմության ընթացքում միայն այն 90 տարիներին Հայաստանի հողում պատերազմ չի եղել, երբ Հայաստանը 1828 թվականից մինչև 1918 թվականը եղել է ցարական Ռուսաստանի իշխանության տակ: Նույնը կարելի է ասել այն 70 տարիների համար, երբ Հայաստանը գտնվել է Սովետական Միության կազմում: Անուրանալի փաստ է, որ հենց միայն այդ խաղաղության շնորհիվ էր, որ նոր միայն Հայաստանը դարձավ հայերի երկիր: Ինչպե՞ս կարելի է դա անտեսել և անընդհատ, տեղի, կամ անտեղի, հնչեցնել հակառուսական շեփորը:
Իհարկե Պարույր Հայրիկյանը և «Դաշնակցություն» կուսակցությունից շատերը չեն ընդունում այն փաստը, որ 1920 թվականի սոսկալի տարիներին անկախ Հայաստանը ապագա չուներ և միայնակ չէր կարող հաղթահարելայն բոլոր դժվարությունները, որոնց դեմ հանդիման կանգնած էր հայ ժողովուրդը. միայն Սովետական Միության կազմում էր, որ նա կարողացավ զարգանալ, բազմանալ, դառնալ համատարած գրագիտության, նույնիսկ բարձրագույն կրթության և բարձր գիտությունների երկիր:
Մյուս կողմից վստահորեն կարելի է հավակնել, որ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, որ հայ գյուղացին կկարողանար օգտվել քաղաքացուն հատուկ հարմարություններից և, որ Հայաստանի գյուղացիները արհամարված չլինեին, որ նրանց երեխաները հնարավորություն կունենային բարձրագույն կրթություն ստանալ: Ահա արդեն քսաներեք տարի է, որ մենք վկան ենք անկախությանը ուղեկցող շատ բացասական երևույթների և արհավիրքների. ո՞վ է դրա համար պատասխանատու.- նախ պարտադրված պատերազմ, համատարած գործազրկության, գյուղացիների կյանքի որակի անդարմանելի անկում, ապա չարիքների մեծագույնը՝ արտագաղթը…
Իհարկե որ սկզբում շատ դժվարություններ կախված էին Սովետական Միության փլուզման հետ: ՍՍՀՄ-ի տարածքում գոյություն ունեցող արդյունաբերության մեծ ու փոքր կառույցները այնպես էին իրար հետ շաղկապված, որ ոչ մի հանրապետության արդյունաբերություն ի վիճակի չէր անկախ գոյատևել: Բացի այդ, արտադրվող ապրանքների որակը այնքան ցածր էր, որ չէին կարող մրցակցել արևմուտքում արտադրվող ապրանքների հետ, այնպես որ Հայաստանի պես երկրի արդյունաբերության լրիվ անկումը, այդ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր: Այնուամենայնիվ այս հանգամանքը չի արդարացնում Հայաստանի վերնախավի գործելակերպը և պետական ռեսուրսների չարաշահման փաստը:
Ժամանակին ցարերն էին Հայաստան ուզում, առանց հայերի. այսօր Հայաստանի և Արցախի իշխանություններն ու վերնախավը իրագործում են այն, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի և միմիայն շնորհիվ իրենց եսապաշտության:
Ինչքան էլ որ գեներալ Մանվելը և նրա նմանները հոխորտան, որ իրենք Արցախ են ազատագրել, բայց փաստ է, որ դա նախ և առաջ հնարավոր դարձավ միմիայն սովետահայ ժողովրդի բարձր գիտակցության, գիտական մակարդակի և ազգային զարթոնքի շնորհիվ, որը սկսվել էր դեռ վաթսունական թվականներից, իսկ հիմա ի՞նչ են անում նրանք, ինչպե՞ս կարելի կլինի դարմանել այն բոլոր վերքերը, որոնք նրանք հասցրել և հասցնում են հայ ժողովրդին ու երկրին: Թեկուզ այս ամենը Պարույր Հայրիկյանին չեն վերաբերում, բայց մեր ողբերգություններից մեկն էլ այն է, որ ո'չ նա և ո'չ էլ մյուս բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները, ոչ մի դեղամիջոց չունեն դրա համար և չունեն այն թալիսմանը, որպեսզի իրենց ծրագրերով ժողովրդին ոգևորեն, նրան համոզեն և իշխանափոխության պատրաստեն:
Բայց էականում ինչ է իրենից ներկայացնում Պարույր Հայրիկյանի «Քաղաքակիրթ աշխարհը» որի պարագլուխը ԱՄՆ է: Հայտնի է, որ դեռ 19-րդ դարի վերջերին մի ամերիկացի բանկիր ասել է. «Ապագա աշխարհը կտիրեն բանկերը, մենք դրամ ունենք, կստեղծենք բանկեր և կտիրենք աշխարհը»: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այսօր արդեն այդ ցինիկ կանխագուշակումը իրականություն չի դարձել: Քանի որ այսօր հենց այդ «քաղաքակիրթ աշխարհի» ռազմական արդիւնաբերութիւնը և միջազգային այլ մեծ քարյուղի ընկերություններ, իրենց դրամով տիրում են աշխարհը:
Բավական է ետ նայել և հիշել, որ վերջին յոթանասուն տարիներին ԱՄՆ անընդհատ պատերազմներ է մղել. ո՞վ է տուժել և ո՞վ է առավելագույնս շահել այդ պատերազմներում: Եթե ԱՄՆի իշխանությունները պատճառներ չեն ունեցել պատերազմելու համար, ապա կեղծել են փաստաթղթեր և հնարել են ստի վրա հիմնված պատճառներ: Ո՞վ է այսօր մեղավոր արաբական երկրների՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի, ինչպես նաև Աֆրիկայի ժողովուրդների ողբերգության համար: Ինչպե՞ս կարելի է այս ամենը անտեսել և հիացմունքով խոսել, «քաղաքակիրթ աշխարի» փարիսեցիական քաղաքականությունից: Այսօր արդեն հենց այդ «քաղաքակիրթ աշխարհի» բանեցրած գյուղատնտեսական մթերքների և ազատ շուկայական գների թելադրական քաղաքականությունն է, որ չքավորության սահմանին է հասցրել թույլ զարգացած երկրների գյուղացիությանը և մանր արդյունաբերողներին: Ամերիկան, Կանադան և Եվրոպայի երկրները տարեկան մինչև հինգհարյուր միլիարդ դոլարով օժանդակում են իրենց երկրների գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին, հենց այդ օժանդակության հետևանքով է, որ Հայաստանում և նման այլ երկրներում, տեղում արտադրված մթերքների, ասենք՝ խոզի, տավարի և հավի մսերի, ինչպես նաև կարագի և այլնի գները ավելի բարձր են, քան արևմտյան երկրներից ներմուծվածը: Հայաստանի գյուղացին ոչ մի հնարավորություն չունի, ոչ մի տեղից օժանդակություն չի ստանում, որպեսզի իր կողմից արտադրված մթերքով, մրցել կարողանա գերմանացի գյուղացու հետ: Հենց այս քաղաքականությունն էլ շատերը անվանում են՝ նոր գաղութատիրական քաղաքականություն:
Տարիներ առաջ ինչ որ միջազգային տնտեսական մի ժողովում Աֆրիկայի երկրներից մի մասնակից իր ելույթում դիմելով արևմուտքի երկրների ներկայացուցիչներին վրդովված ասաց. «Մենք երբեք ձեզանից ողորմություն չենք սպասում, այլ միմիայն գյուղատնտեսական արտադրանքների ազնիվ մրցակցության պայմաններ ենք պահանջում»:
4 comments
Պրն. Հովասափյան
Պրն. Հովասափյան, շատ զավեշտալի ձևով դուք էլ մեկ ուրիշ լարի վրա եք անընդհատ նվագում այս ձեր հոդվածի մեջ: Ես ո'չ Հայրիկյանին եմ ճանաչում, ո'չ ձեզ, սակայն վստահ կարող եմ ասել, որ ձեր հոդվածը կազմված է «մի լարից ու մի ակորոդից» այն էլ ֆալշ: Խոսքս վերաբերվում է սովետական 70 տարիների և դրան նախորդաց «ռըսի ոտի» խաղաղությանը: Սրանք աղավաղված են այնքանով, որքանով ձեր պատկերացումները քաղակակիրթ աշխարհի վերաբերյալ:
Ես ձեզ անկեղծ խուրհորդ եմ տալիս, որ գոնե ընդհանուր զարգացողության համար վերանայեք ձեր գիտելիքները օգտգործելով ոչ միակողմանիորեն լուսաբանված աղբյուրներ: Սակայն մի բան որ ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է ՈՒ ՀՐԱՏԱՊ, որ դուք և հատկապես երիտասարդ այն սերունդը, ովքեր ակամայից կարող են կրել այն վնասակար ազդեցությունը, որը հետևանքն է ձեր այն միտքի որ «անկախ Հայաստանը ապագա չուներ և միայնակ չէր կարող հաղթահարել այն բոլոր դժվարությունները… միայն Սովետական Միության կազմում էր, որ նա կարողացավ զարգանալ, բազմանալ»:
Թախանձագին խնդրում եմ, մի թունավորեք ո'չ ինքներդ ձեզ, ո'չ էլ հատկապես երիտասարդ սերնդին: Փոխեք այդ վտանգավոր «լարն ու ակորդը» որն ուղեղ է բթացնում, վերածելով մարդկությանը կամավոր ստրուկների: Միայն այս փոփոխությունը արդեն բավական կլինի, որ դուք հստակ տեսնեք, որ կան/եղել են լուծումները ու ճանապարհները այս կղերա-ֆեոդալական, քրեա-օլիգարխիկ կամ գեներալմանվելական նվաստացուցիչ վիճակից դուրս գալու համար:
Ո՞ւր են Պրն. Արմէնի փաստերը
Մէկդի դնելով անտեղի խորհուրդը ուղղուած հեղինակին, հետաքրքիր է իմանալ թէ ի՞նչ այլընտրանքներ գոյութիւն ունէին անցեալին փոքրիկ Հայաստանը փրկելու ստոյգ ջնջումէ. նմանապէս փափաքելի է իմանալ ի՞նչ լուծում կամ լուծումներ Պրն. Արմէն կ'առաջարկէ հայաթափումը կասեցնելու ու սակաւատիրութիւնը (օլիգարխ) զինաթափելու:
Խիստ ցանկալի պիտի ըլլար եթէ Պրն. Արմէն փաստարկումներ նշէր ինպէս հանգամանօրէն կատարած է հեղինակը՝ Պրն. Հովասափյան:
Պրն. Անտոնեան, անցեալին
Պրն. Անտոնեան, անցեալին փոքրիկ Հայաստանը ոչ թե փրկվել է ԽՍՀՄ կազմում լինելու/մնալու պատճառով այլ նրա փոքրանալը ԽՍՀՄ կազմում հայտնվելու հետևանքն է: Իսկ լուծումները ես չեմ առաջարկողը, այլ հայ ժողովրդի հավաքական գիտակցությունն է տալիս այդ լուծումները, որն եղել է և այսօր էլ կա: Այդ հավաքական գիտակցությունը բացառում է «մեկ լարի» նվագը և իր մեջ ընդգրկում է քաղաքացիական հասարակության կազմավորումանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցվածքների բազմազանության ապահովումն ու զարգացումը:
Իհրակե հավաքական գիտակցության նման բացատրություն չի եղել նախկինում սա զուտ ժամանակակից մեկնաբանություն է, սակայն տարբեր դրսևորումներով այն միշտ ուղեկցել է ցանկացած հասարակությանը, որն ընդունակ է եղել դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Եթե որևէ հասարկարգ բարգավաճում է ապա այս իմ վերը նշված հավաքական գիտակցության տարրերը նշմարելի են:
Նույնիսկ նույն ԽՍՀՄ-ում կարել էր այն տեսնել: Սակայն հավասարազոր զարգացող ինստիտուցիոնալ կառուցվածքների բացակայության պայմաններում հասարակությունը միտված է վերածվելու բռնապետական, քրեա-օլիգարխիկ, կղերա-ֆեոդալական… և էլ ինչասեսական հասարակության: Սա համընդհանուր օրենք է և ոչ մի կապ չունի մեր ազգային մշակույթային առանձնահատկությունների հետ:
Իսկ ձեր այն հարցին թե արդյո՞ք ներկայումս կան առաջարկվող լուծումներ ապա կարող եմ նշել որ այո՛ Հայաստանում կան այդ գիտակցությունը կրողները, (որպես օրինակ կարող եմ բերել «Նախախորհրդարան» շարժումը) և լուծումներից մեկը դա մի ստվար զանգվածի կրթումն է այս ոլորտում թեկուզև լուսաբանելու մակարդակով:
Ի՞նչ է փնտրում Պարույր Հայրիկյանը
Շատ տրամաբանական վերլուծում մըն է որ կ'ընէ Սամվել Հովասափյան: Պատմութիւնը մեզի բազմաթիւ օրինակներ տուած է, թէ Քրիստոնեայ Արեւմուտքը մեզի յաճախ դաւաճանած ու մեր ոխերիմ թշնամիին՝ թուրքին առաջ թողած է յօշոտուելու: Դարձեալ պատմութենէն օրինակ առնելով, հայ ժողովուրդը պէտք է միայն վստահի իր սեփական ուժերուն առանց սին յոյսեր դնելու գերպետութեանց վրայ:
Comments are closed.