Ինչու «ՄԻԱՑՈՒՄ» և ոչ թե «ինքնորոշում»

Հեղինակ՝ Կարեն Միքայելյան, Հրապարակախոս, Մոսկվա, Հունվար 2010

Ինչու բանակցություններ Մոսկվայի հետ և ոչ թե Բաքվի

Արցախի հիմնախնդիրը եղել է և մնում է հայկական գրավված տարածքների վերականգման հարց: Հայերը իրենց տարածքները կորցրել են ամեն անգամ երբ զրկվել են պետականությունից և վերադարձրել են կորցրած տարածքները երբ նորից վերականգնել են իրենց պետականությունը: Այս անվիճելի տարրական ճշմարտության համար կարիք չկա օրինակներ բերել Հայոց պատմությունից:


Հեղինակ՝ Կարեն Միքայելյան, Հրապարակախոս, Մոսկվա, Հունվար 2010

Ինչու բանակցություններ Մոսկվայի հետ և ոչ թե Բաքվի

Արցախի հիմնախնդիրը եղել է և մնում է հայկական գրավված տարածքների վերականգման հարց: Հայերը իրենց տարածքները կորցրել են ամեն անգամ երբ զրկվել են պետականությունից և վերադարձրել են կորցրած տարածքները երբ նորից վերականգնել են իրենց պետականությունը: Այս անվիճելի տարրական ճշմարտության համար կարիք չկա օրինակներ բերել Հայոց պատմությունից:

Կիլիկյան Հայաստանի կորստից հետո հայերը շանս ունեցան վերականգնել իրենց պետականությունը Արևելյան (Ռուսական) Հայաստանի տարածքներում երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջումի հետևանքով:

Հայերը մինչ այդ իրենց հարցի ապագան տեսնում էին Արևմտյան Հայաստանում, բարենորոգումների ծրագրերի իրականացման հետ, երբ հետագայում հնարավոր էր հասնել ինքնավարության, եթե ազգի ճակատագրի տնորինողները ազգային գերխնդիր ընտրեին ոչ թե «հեղափոխությունը», «կամ մենք կամ նրանք», «մահ կամ ազատություն», «հիմա կամ երբեք» նշանաբաններով, այլ ազգի հարատևումը, աճը, զարգացումը և հզորացումը ամեն գնով:

Հայերը մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ հարված հասցվեց հայոց վերածննդին, ինչ ահավոր արհավիրք եղավ Մեծ Եղեռնը, երբ հայաթափվեց Արևմտյան Հայաստանը և Կիլիկյան: Այդ գիտակցությունը կմնա մշուշապատ, կամքը և ոգին թերի և անբավարար – կատարվածին իրատես գնահատական տալու համար և իրական միջոցներ գտնելու նոր սխալներ չգործելու, նոր պարտություններ չկրելու, նոր կորուստներ չտալու, մերօրյա ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու և հզորացնելու համար,-այնքան ժամանակ, մինչև որ նրանք քաջություն ունենան գիտակցելու և տեսնելու, որ մեր պարտությունների և կորուստների մեջ մենք ունեցել ենք մեր մեղավորության բաժինը:

Հայոց Ազգային Խորհուրդը որ ստեղծվեց Ռուսահայերի Համաժողովում 1917թ սեպտեմբերին Թիֆլիսում նպատակ ուներ հայերի շահերը պաշտպանել միացյալ Անդրկովկասում, որը անբաժան մաս պիտի կազմեր Ռուսաստանի ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետությունում:

Ռուսական նահանգներից ազգային ինքնուրույն պետություններ ստեղծելու անպատեհ հնարավորություն առաջացավ միայն կայսրության փլուզման հետևանքով և ոչ թե իբրև ազգային ազատագրական պայքարի արդյունք:

Երբ վրացիները և կովկասի թաթարները իրար մեջ բաժանեցին Անդրկովկասը թուրքերի և գերմանացիների աջակցությամբ, հայերին բաժին թողեցին 12 հքկմ տարածք:

Բայց երբ Թուրքիան և Գերմանիան պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, պետականության տեր կանգնած հայերին հաջողվեց մինչև 1920թ վերադարձնել ՀՀ-յան հովհանու ներքո Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը Կարսի, Նախիջևանի, Արցախի, Երևանի, Զանգեզուրի, Տաշիրի մարզերում: Ավելին, համաձայն 1920թ օգոգտոսի 10-ի Սևրի դաշնագրի Հայաստանի իրավասությունները դե-յուրե տարածվում էին ընդհուպ մինչև Վանի, Կարինի, Բաղեշի, Տրապեզունդի նահանգները: Այդ տարածքները դե-ֆակտո պահպանելու համար հայերին չհաջողվեց միասնականություն ցուցաբերել, բավարար ուժ ապահովել աշխարհում մնացած հայերի միջոցով ընդիմադրելու և կանխելու թուրքերի և բոլշևիկների միացյալ արշավանքը:

Կարմիր բանակի առաջին արշավանքը 1920թ օգոստոսին հայերին հաջողվեց կանգնեցնել: Բոլշևիկները առաջարկեցին զինադադար, պայմանով որ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը ժամանակավոր կերպով օկուպացվում են Կարմիր բանակի կողմից, համաձայն երկու երկրների լիազոր ներկայացուցիչների կողմից 1920թ օգոստոսի 10-ի ստորագրված համաձայնագրի, և որ այդ տարածքների պատկանելիությունը որոշվելու է միայն ՀՀ-յան և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրով: Այդ պայմանագրի նախագիծը, մշակված երկու երկրների ներկայացուցիչների կողմից, պատրաստ էր 1920թ հոկտեմբերի 28-ին: Սակայն պայմանագիրը չկնքվեց և հայերին չհաջողվեց կանգնեցնել Կարմիր բանակի հաջորդ հարձակումը, որը ավարտվեց ՀՀ-յան խորհրդայնացմամբ, նրա անկախության և տարածքների կորստով:

Հայկական պետականության վերկանգման և նրա կորցրած տարածքների մասնակի վերադարձման նոր շանս առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:

1991թ սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության Հռչակագիրը հիմնված է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թ դեկտեմբերի 1 համատեղ որոշման վրա: Թե ինչու անտեսելով Հռչակագիրը ընդունվեց ՀՀ Սահմանադրությռւնը, որով ազատագրված Արցախը դուրս մնաց ՀՀ-յան սահմաններից, հարկավոր է հարցնել ՀՀՇ-ի ղեկավարությունից և ոչ միայն նրանցից: Բայց դրան կվերադառնանք հաջորդ անգամ:

Ադրբեջանի իշխանությունները փորձեցին Արցախը վերադարձնել իրենց հսկողության տակ ռազմական գործողությունների միջոցով: Սակայն զրկված լինելով կարմիր Կրեմլի պաշտպանությունից, երբ խորհրդային բանակը հեռացավ տարածքից, Ադրբեջանը պարտություն կրեց իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում:

Հայերը ազատագրեցին Կարմիր բանակի կողմից գրավված և խորհրդային իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին անօրեն և հանցագործ կերպով տրված հայկական տարածքների մի մասը: Հայկական զինված ուժերը խաղաղություն պարտադրեցին ագրեսորին և կնքվեց Բիշկեքյան զինադադարի համաձայնագիրը:

Այսպիսով, Ադրբեջանի հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրև անվերականգնելի փաստ և հրաժարվի իր անօրեն և անիրկանալի պահանջներից և սպառնալիքներից:

Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքնըրը – Արցախը և Նախիջեվանը – գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից և հանցագործ կերպով հանձնվել են Ադրբեջանին 1921 թ. Կովբյորոյի տխրահռչակ անօրեն որոշումներով:

Այդ իսկ պատճառով բանակցությունները անհրաժեշտ է վարել Ռուսաստանի իշխանությունների հետ, որ իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, և առաջին հերթին մի գլխավոր նպատակով – հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործությունները և աջակցեն այդ հանցագործությունների հետևանքների ուղղմանը:

Հակամարտությունը, այսպես կոչված Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921-ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա -բոլշևիկյան արշավանքից, երբ ՀՀ-ը բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց և մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված այսօրվա վիճակով Արցախի դե-ֆակտո ՀՀ-ին միացումով, Հայաստանի տարածքային մասնակի ամբողջականության վերականգմամբ, երբ կարելի կլինի դե-յուրե այդ միացումը ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին:

Ի՞նչու սկզբում Մոսկվային: Որովհետև Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնամխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենինի-Ստալինի կողմից, մեծ մասամբ հանցավոր կերպով գծված, խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է, և հատկապես Արևմուտքի դիրքերից: Եվ սա բացատրել միայն երկակի ստանդարտի քաղաքականությամբ, պարզունակ է, ինքնարդարացման համար է: Բայց սա մեր, հայերիս հանցանքն է:

Ալիևը, Սահակաշվիլին և մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ և խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվացքը ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ և արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան և Հարավայի Օսեթիան վրացական մինի-կայսրության գերությունից, փաստորեն ուղղելով նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործություններից մեկի հետևանքը, բայց չհաջողեց մինչև այսօր դա այդպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արևմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովայի դեպքում:

Շատերը իներցիայի ռւժով համոզված են, որ Ռուսաստանի իշխանությունները ընդունակ չեն դատապարտելու նախորդ ռեժիմի հանցագործությունները և աջակցել այդ հանցագործությունների հետևանքները վերացնել: Բայց մերժամյա իրադարձությունները ապացուցում են հակառակը: Քրիստոնեության, դեմոկրատիային, իր ազգային շահերին վերադադձող Ռուսաստանը ավելի մեծ հավանականություն ունի դատապարտելու Լենին–Ստալինյան տոտալիտար ռեժիմի հանցագործությունները, քան այսօրվա Թուրքիան երիտթուրք–քեմալական հանցագործությունները: Չնայած նրան, որ այսօրվա Թուրքիան էլ այն չէ ինչ երեկ էր: Որովհետև աշխարհը փոխվել է և հիմա ավելի արագ են փոփոխությունները ընդանում աշխարհում:

Ռուս դիվանագետները սկսում են ելք փնտրել, երբ նրանց չի հաջողվում արդարացում գտնել համաշխարհային հանրությանը ըմդունելի դարձնել իրենց գործողությունները Վրաստանի նկատմամբ: Նրանք (Լավրովը, Կոսաչովը) արդեն սկսել են խոսել Ստալինի հանցագործությունների մասին, արդարացնելու համար իրենց արարքները Վրաստանի վերաբերյալ: Սովետականությունից մինչև վերջ չձերբազատված Ռուսաստանը նույնն է ինչ կլիներ Գերմանիան, եթե գերմանացիները ձերբազատված չլինեին նացիզմից: Նախագահ Մեդվեդեվը լուրջ ծրագրեր է առաջարկում ազգային, առաջադեմ, ազատ, հզոր Ռուսաստանի վերականգման համար, այնպիսի Ռուսաստանի, որ ռուսները և աշխարհը կորցրին, երբ անընդունակ եղան կանգնեցնելու բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջումը, որ հանգեցրեց Ռուսաստանի կործանմանը, դրա բոլոր հետևանքներով թե ռուսների, թե աշխարհի շատ ժողովուրդների համար:

Այս դիրքերից դիտված, հայերի վզին փաթաթված «ղարաբախցիների ինքնորոշվումը» իբրև միջոց «ղարաբաղյան հակամարտությունից» հաջողակ դուրս գալու համար անհեռանկար է և վտանգավոր: Ժամանակն է վերադառնալ ՄԻԱՑՄԱՆ դիրքերին, իրերը իրենց անունով անվանելով, դուրս գալ թշնամու «դաշտում» թույլ պայքար տանելուց (Ադրբեջանը «պատրաստ է տալ ԼՂՀ-ին ամենաբարձր ինքնավարությունը»), հասկանալի և ընդունելի դառնալ ինքներս մեզ և աշխարհին:

Մեր ուժը նաև մեր ճշմարտությունն է (ոչ թե պարզունակ խորամանկությունը), մեր կամքը, հավատքը և ոգին արժանապատիվ ապրելու համար: Մենք այդ կարողությունը պարտավոր ենք դրսեվորել:

Այն, որ ՀՀ-ն իշխանությունները գնում են բանակցությունների Անկարայի հետ առանց նախապայմանների, նոր սահմանադրություն չեն ընդունում, ՀՀ-նը չեն հռչակում իրավահաջորդը առաջին հանրապետության (1918-1921 թթ), պահանջներ չեն ներկայացնում Կարսի, Արդահանի, Սուրմալուի, Նախիջևանի նկատմամբ, որոնք զավթվեցին Հայաստանից խորհրդա-քեմալական ագրեսիայի հետևանքով, դա պետք է դիտել վերջին զիջումները, որոնց գինը պետք է լինի Արցախի և ազատագրված տարածքների դե-յուրե ՎԵՐԱՄԻԱՑՈՒՄԸ մայր հայրենիքի հետ:

You May Also Like
Read More

Ի՞նչ հետևություն անել ուսուցիչների կամավոր արտոնագրման գործընթացից

Լևոն Բաբաջանյան, Երևան, 13 Նոյեմբեր 2021 Հոկտեմբերին անցկացված ուսուցիչների կամավոր արտոնագրման (ատեստավորման) արդյունքները հայաստանյան լրատվության մէջ լայն քննարկումների…
Read More