Ինչպես Ոգևորվել Հայաստանով

Կամ Հողի Մարդկանց Դասերը 

Սամվել Հովասափյան, Բեռլին, Սեպտեմբեր 2011

Ինքնաթիռի փոքր պատուհանից նայում եմ հեռվում ամպերի տակ երևացող Արարատի գագաթին, այնքան տարբեր, այնքան իրարամերժ, երբեմն նույնիսկ հուսահատեցնող, վհատեցնող մտքեր, պատկերներ են վայրկյանների ընթացքում ներխուժում ուղեղս, որ Էյր ֆրանս ընկերության ինքնաթիռի վայրէջքը Երևանի Զվարթնոց օդակայանում չեմ նկատում: Չարենցի, Պարույր Սևակի, իմ, քո, նրա, Հայաստանում և աշխարհով մեկ սփռված հայի գերեվարված սրբազան լեռն է: Առաջին վայրկյանի զգացումն է՝ զմայլված ես նրա վեհությամբ, գեղեցկությամբ, հիշում ես՝ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա»: Այնքան մոտ է, այնքան իրական, այնքան վեհ, թվում է, թե ձեռքդ մեկնես և կարող ես շոշափել նրա փեշերի քարերը, բայց և հաջորդ վայրկյանին մի անանցանելի, անհաղթահարելի պատնեշի նման դեմդ է ելնում անողոք ճշմարտությունը, զգում ես, թե որքան հեռու է այն, որքան անհասանելի …

Կամ Հողի Մարդկանց Դասերը 

Սամվել Հովասափյան, Բեռլին, Սեպտեմբեր 2011

Ինքնաթիռի փոքր պատուհանից նայում եմ հեռվում ամպերի տակ երևացող Արարատի գագաթին, այնքան տարբեր, այնքան իրարամերժ, երբեմն նույնիսկ հուսահատեցնող, վհատեցնող մտքեր, պատկերներ են վայրկյանների ընթացքում ներխուժում ուղեղս, որ Էյր ֆրանս ընկերության ինքնաթիռի վայրէջքը Երևանի Զվարթնոց օդակայանում չեմ նկատում: Չարենցի, Պարույր Սևակի, իմ, քո, նրա, Հայաստանում և աշխարհով մեկ սփռված հայի գերեվարված սրբազան լեռն է: Առաջին վայրկյանի զգացումն է՝ զմայլված ես նրա վեհությամբ, գեղեցկությամբ, հիշում ես՝ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա»: Այնքան մոտ է, այնքան իրական, այնքան վեհ, թվում է, թե ձեռքդ մեկնես և կարող ես շոշափել նրա փեշերի քարերը, բայց և հաջորդ վայրկյանին մի անանցանելի, անհաղթահարելի պատնեշի նման դեմդ է ելնում անողոք ճշմարտությունը, զգում ես, թե որքան հեռու է այն, որքան անհասանելի …

Այս անգամ ես Երևան եմ եկել գերմանացի ֆիլմ արտադրող Հոլգեր Փրոյսի հետ: Որքան անհաղորդ է նա այս բոլորին, որքան եմ նախանձում նրան: Նրան ցույց եմ տալիս Արարատը, հայոց պատմության դասեր եմ տալիս նրան, վրդովվում եմ, բարկանում, որ այստեղ ևս, ինչպես բոլոր նախկին սոցիալիստական ու ոչ դեմոկրատ երկրներում օլիգարխիան է տեր -տնօրինություն անում, որ երկրում հազար ու մի ցավ կա, հազար ու մի խնդիրներ, որ հայ ժողովուրդը դեռևս ներքին քաղաքական պայքարի փորձ չունենալով, այլ ելք չի գտնում, քան լքելու երկիրը, որ… և որ….

Հոլգերը մնում է դարձյալ անհաղորդ, երբեմն քաղաքավարության համար գլխով է անում, իբր թե հասկանում է, որքա՜ն եմ նախանձում նրան…

Եվ ով զարմանք, մի պահ տրամադրությունս բարձրանում է, սկսում եմ կատակել, երբ մտնում ենք նոր օդանավակայանի գեղեցիկ, մաքուր սրահները. կազմակերպվածություն է, աղջիկների ճառագայթող ժպիտներ, ուղևորներին ընդառաջելու պատրաստակամություն: Ավաղ, հաջորդ րոպեներին խամրում է այդ ոգևորությունը (հակասական երկու զգացում, որ երեք շաբաթ և ամենուր ինձ ուղեկցելու են, հակակշռելով մեկը մյուսին), երբ մեզ դիմավորող ընկերս՝ Համազը (Համազասպ Ղազարյան), մեքենան վարում է Երևան տանող մայրուղիով: Երբեմնի տնամերձ կանաչ խաղողի այգիները չորացել են, ամայացել: Թրատվել են ճանապարհի եզրի սլացիկ, հսկա բարդիները և դրանց փոխարեն մայրուղին «զարդարում» են խաղասրահների տարատեսակ, շռայլ, երբեմն նույնիսկ աչք ծակող, նույնիսկ ինչ- որ տեղ անճաշակ, այո, նաև անպատշաճ թվացող լուսավորությունները: Երևի ավելի խառնիճաղանջ պատկեր, քան այս, հնարավոր չէ գտնել Հայաստանում:

Հոլգերը այդ բոլորին նայում է ինչ- որ ներող ժպիտով՝ դե, երեխաներին ներելի է խաղալ գույնզգույն ուլունքներով: Ըստ երևույթին Համբուրգցի արվեստագետին այդ ամենը ներկայանում է որպես աղքատիկ երկրի, նոր հարստացած մարդկանց աղքատիկ մշակույթի և ոչ լայն մտահորիզոնի արգասիք: Նա շատ բան չգիտի Հայաստանի մասին, փորձում է որոշ տեղեկություններ ստանալ ինչ – որ տուրիստական գրքից, որը նա գնել է ընդամենը մի քանի օր առաջ: Հոլգերը ավարտել է Բեռլինի ազատ համալսարանի գրականության բաժինը, բայց իր ասելով, ինչպես դա շատերին է պատահում, մի քանի դիպվածների զուգադիպությամբ, հանգրվանել է ֆիլմ արտադրող մի ընկերության մոտ: Թե ո՞վ է հղացել այդ գաղափարը, կարևորը դա չէ, այլ այն փաստը, որ նա և նրա ընկերներն արդեն հասցրել են նկարահանել մոտ 130 կես ժամանոց հաղորդումներ տարբեր ժողովուրդների հասարակ աշխատավոր ընտանիքների՝ մեծ մասամբ գյուղացիների առօրյայից:

Երբ այս տարվա մայիսի սկզբներին տակավին անծանոթ Հոլգերը ինձ դիմեց Հայաստանում նման նկարահանումներ անելու ցանկությամբ և առաջարկեց իրեն որպես թարգմանիչ ուղեկցել, առաջին հերթին դա ինձ ոգևորեց, բայց հետզհետե ինձ պարզ դարձավ նման ձեռնարկի բարդությունը և պատասխանատվությունը: Ո՞ր գյուղում, որտե՞ղ գտնել մի հայ գյուղացի ընտանիք, որ թե գյուղը, և թե ընտանիքն իրենց մեջ ներառնեն հինն ու նորը, ավանդականը, որտեղ մոդեռնը դեռ շատ ավերվածություն չի կատարել: Մի ընտանիք, հեռու աշխարհի գլխապտույտ, երբեմն նաև զառիվայր առաջընթացից, հեռու ներքին և արտաքին քաղաքական հոսանքներից, կրոնական այլ և այլ ավերիչ աղանդներից: Մի ընտանիք, որը իր ավանդությամբ, իր աշխատասիրությամբ, ձգտումներով, հողին ամուր կապված իր արմատներով, իր նիստուկացով, սովորություններով, առօրյա եփած ճաշատեսակներով, արտացոլելու է հայ ժողովրդին բնորոշ ինչ որ ընդգծված բնավորության դրական կողմեր, երանգներ: Հոլգերի պայմաններն էին՝ մեզ ավելորդություններ պետք չեն, ոչ քաղաքականություն, ոչ սենտիմենտալություն, ոչ էլ երազներ, միայն ու միայն որքան հնարավոր է գերմանացի հեռուստադիտողին ներկայացնել հայ ժողովրդի մի հասարակ և թոհ ու բուհից հեու աշխատավոր ընտանիքի հնարավորին բնական առօրյան:

Այստեղ ինձ օգնության հասավ ամենուր ձեռնահաս՝ իմ ընկեր Համազը: Նա մասնագիտությամբ բժիշկ է, ծնվել է Իրանի երբեմնի հայաշատ Փերիայի շրջանի Սնկերտ գյուղում, ուսման ծարավ նրա հայրը հասցրել է իր համեստ միջոցներով հանդերձ, երկու տղաներին՝ Հայկազին, Համազին և դստերը՝ Սեդային, Գերմանիա ուղարկել, որտեղ նրանք երեքն էլ հաջողությամբ ավարտել են բժշկական ինստիտուտը և հետագայում մասնագիտացել տարբեր ուղղություններով: Հայկազը և Համազը առաջիններից էին, ովքեր 1988 թվականի ահավոր երկրաշարժից հետո Գերմանական Արբայտեր Սամարիտեր Բունդի բժշկական անձնակազմի հետ Հայաստան եկան: Այդ տարվանից էլ նրանք կապվեցին Հայաստանին, մանավանդ Համազը, ով իր Օլդենբուրգի հայ ընկերների օգնությաբ ստեղծեց իր շրջիկ բուժսպասարկման մեքենան, այն տարավ Հայաստան, երկու տարի մնաց այնտեղ և հայաստանաբնակ իր ապագա կնոջ՝ Ամալիայի հետ աղետի գոտում բուժօգնություն էր ցույց տալիս կարիքավորներին: Հետո՞, նա չէր կարող հենց այնպես հեռանալ Հայաստանից, առանց որևէ մի արմատ ձգելու, փնտրեց և գտավ: Արագածի լանջերին թառած Օրգով գյուղում գնեց հողամաս և կառուցեց իր տունը, իր այգին և դրանից հետո ամեն տարի Քյոլնից, որտեղ նա որպես ճանաչված բժիշկ իր գրասենյակն ունի, ամառային արձակուրդներին կնոջ՝ Ամալիայի և դստեր՝ Անահիտի հետ Հայաստան են գալիս և, իհարկե, Համազը որպես բժիշկ, այստեղ ևս փնտրվող մեկն է:

Ես կասկած չունեի, Հոլգերի ցանկությունը և առաջարկը նրան էլ ոգևորեց և նա առաջարկեց իր օգնությունը, նախօրոք մեզ տեղեկացրեց, որ ամեն տարի օգոստոս ամսվա մեջ Մարիամ աստվածածնի տոնի և խաղողօհրնեքի առթիվ Օրգովից ոչ հեռու և ավելի բարձր գտնվող Տեղեր եկեղեցում ուխտագնացություն է տեղի ունենում: Այս հանգամանքը արդեն անչափ ոգևորեց Հոլգերին և նա հակառակ տեղանքին և նկարահանվող ընտանիքին նախորոք ծանոթանալու և որոշ նախապատրաստական աշխատանքներ կատարելու իր պրակտիկային, առանց վարանելու ընդունեց այդ գյուղում նկարահանումներ կատարելու մեր առաջարկը:

Ի հարկե մեր գործը շատ ավելի հեշտանում էր և որոշ նախապատրաստական աշխատանքներ կատարելու հոգսերը վերանում էին, այն պատճառով, որ արդեն Համազը իր ընտանիքով հուլիսի վերջերին Հայաստանում և Օրգովոմ էր լինելու և արդեն ամեն ինչ կազմակերպված էր, երբ ես և Հոլգերը Օգոստոս 3-ի երեկոյան Երևան իջանք, նրա անձանկազմի մյուս երկու անդամները՝ օպերատորը և ձայնագրության ինժիները պետք է մեզ միանային Օգոստոս 11-ին:

Մյուս առավոտ դեռ նախաճաշը չվերջացրած Համազն է գալիս, նա մեզանից ավելի առույգ է և արդեն հասցրել է լողանալ իր այգու լողավազանում: Նա նրբանկատ է և պատշաճ համարելով, մեզ առաջարկում է նախ գյուղապետարան գնալ:

Բակ ենք իջնում, ես փորձում եմ մեծ երկաթե դարպասը բանալ, որպեսզի մեքենան դուրս հանենք, որտեղից- որտեղ Ալեքսանն է մոտ գալիս և ասելով, որ մեզ համար դժվար է դարպասը բացել, փորձում է ինքը բացել և ոչ միայն այդ օրը, այլ հաճախ նաև հաջորդ օրերին:

-Բարի լույս Ալեքսան եղբայր, ինչպե՞ս ես:

-Բաղի լուս, կրկնում է Հոլգերը:

– Է, ինքը հայերեն գիտա՞, զարմացած հարցնում է Ալեքսանը, – լավ քնա՞ք:

-Հոգնած ես երևում Ալեքսան եղբայր:

-Հա, գիշերը չքնա, ջուր պետքա անեի, գյուղացի ենք, օր ու հանգիստ չունենք:

Ութանասուներկուամյա Ալեքսան Եղբայրը մեր ժամանակավոր բնկարանի վարձատուն է, զրուցասեր է, փորձում է Հոլգերի հետ հայերեն խոսել, նաև հետաքրքրասեր է, ցանկանում է ամեն ինչ իմանալ, ամեն ինչ պատմել, բայց միշտ էլ մեր զրույցները կիսատ են մնում, որովհետև մենք միշտ էլ շտապում ենք: Հպարտ է, որ մի թոռնիկը Ամերիկայում ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, իսկ մյուս թոռնիկը նրա համար համակարքիչ և համապատասխան հարմարանքներ է ուղարկել, որպեսզի կարողանան հեռախոսելու ժամանակ նաև իրար տեսնել: Մյուս տղայի երեխաները և կինը Ռուսաստանից իրենց մոտ հյուր են եկել, տղան այնտեղ լավ գործ ունի, իսկ մի թոռնիկի կինը Երևանում աղջիկ է ծննդաբերել, այդ չորս սէնյականոց բնակարանն էլ, որտեղ մենք ենք մնում, նրանն է: Խոտ հնձելու մեքենայի մի ատամը կոտրվել է, լավ չի հնձում, այն մի քանի տարի առաջ Համազն է ուղարկել, դե ինքն արդեն տարիքն առել է, չի կարողանում առանց մեքենայի հունձ անել…

-Հայ գյուղացու օրն էլ էսա, ի՞նչ անի, որ անտերա մնացի…

Սամվելը Օրգովի գյուղապետն է, լեռների մարդ է, պնդակազմ, առույգ, ունի իր աշխատակազմը, բաղկացած չորս հոգուց: Իր ասելով նա նախկինում եղել է հենց այդ գյուղի հովիվը և հասցրել է փոփոխությունների ընթացքում չկորցնել իրեն, ոչ միայն գյուղապետ է դարձել, այլ նաև 300 գլուխ ոչխարի և մոտ 250 գլուխ գառի հոտ ունի, որոնք ամռանը արածում են Ամբերդից արևմուտք ընկած Արագածի լանջերում, որոնց աշնանը լավ գնով վաճառելու է պարսիկներին: Թեև նրանք արդեն գիտեն մեր նպատակների մասին, բայց մենք մի անգամ ևս մանրամասը նրանց ծանոթացնում ենք մեր ծրագրերի հետ:

Բնականաբար մեր զրույցը շարունակվում է նաև Հայաստանի առօրյա քաղաքական և տնտեսական հրատապ խնդիրների և գյուղում առկա հոգսերի շուրջ: Սամվելը հասցրել է նաև սովորել, որպես պաշտոնյա զուսպ լինել, կշռադատել ասելիքը և նրբանկատորեն շրջանցում է մեր հարցը, թե, վերջին քսան տարում որքա՞ն ընտանիքներ են հեռացել գյուղից, բայց հետագա զրույցում մտահոգությամբ խոսում է ասես իր ուսերին դրված մի ծանր բեռի և նաև իր պատասխանատվության մասին, որ Սովետի ժամանակ գյուղի դպրոցը ունեցել է ինը հարյուր աշակերտ, իսկ ներկայումս միայն մոտ երկու հարյուր հիսուն…

 
Այդ օրը և հաջորդ երկու օրերին մենք հերթով այցելում ենք տարբեր ընտանիքների: Գյուղացիներ են, պարզ, հասարակ, սրտաբաց, չափից ավելի հյուրասեր: Ուր որ մտնում ենք մեզ նախ հյուրասիրում են իրենց տնային արտադրանքը՝ լավաշ, պանիր, մեղր, լոլիկ, վարունգ, սալորներ, դրսից գնված պտուղներ՝ ձմերուկ, սեխ և այլն: Հոլգերին զարմացնում է այդ, իսկ մեզ՝ ինձ ու Համազին մտահոգում, չլինի թե, Հոլգերը կարծի, որ նրանք մեզ հյուրասիրում են, ակնկալելով որպեսզի նա իրենց նկարահանի: Բայց հետո Հոլգերի գոհունակ ժպիտը որսալով, մտածեցի, որ նրան այլ մտքեր են զբաղեցնում, նա այդ աշխատասեր և ամեն ինչ արարող մարդկանց վարմունքի մեջ ամենից առաջ տեսնում է՝ օտարին հյուրասիրելու, օտարին իրենց տքնաջան աշխատանքի պտուղները ցույց տալու, հայ գյուղացու անկեղծ և սրտաբուխ բնավորության, նաև սովորության երանգներ:
 
Իվերջո Հոլգերի ուշադրությունը գրավում է ճախարակի պես պտտվող և ասես ոչ մի րոպե հանգիստ չունեցող Սոսը իր ընտանիքով՝ կինը՝ բարեհայաց, համեստ Մելանիան, մեծ որդին՝ միշտ ժպտերես Հրաչը, դուստրը՝ գեղեցիկ և իսկական հայ աղջկա մեծ, ծիծաղկոտ, ճառագայթող աչքերով քսանամյա Հասմիկը ու մյուս որդին՝ 18- ամյա Համբարձումը, միշտ լուրջ, մտախոհ, ասես ինչ -որ կարևոր ծրագրերով տարված…

Մեր հաջորդ քայլն էր լինելու Երևան գնալ և արտաքին գործերի նախարարությունից նախնական պայմանավորվածության համաձայն ստանալ նկարահանումների թույլտվություն: Իզուր էին իմ մտահոգությունները, մտավախությունը, այն է՝ խճճվել դեռ հին ժամանակներից ժառանգություն մնացած պետական ապարատում բյուրոկրատիայի ոչ հաճելի սովորությունների ճանկերում: Հոլգերի հեռախոսազանգից հետո սպասասրահ իջավ նրբակազմ, գեղեցիկ և լրջադեմ պատասխանատու՝ Նարինե Հարությունյանը և Հոլգերի հետ անգլերենով զրուցելուց հետո նրան հանձնեց նրա անձնակազմի անդամների համար պատրաստված ժամանակավոր թղթակցի տոմսերը: Այո, հաճելի է նկատել, մանավանդ օտարի ներկայությամբ, որ մեր երկրում էլ կարող են պետական աշխատողները ճշտապահ լինել և ազնվությամբ կատարել իրենց պարտականությունը:

Համազը և բժիշկ է և բնապաշտ և ռեալիստ, լավ գիտի Հայաստանում եղած պետական ապարատի աշխատողների անօրինականությունների մասին, գիտի դեմոկրատիայի բացակայության պատճառները, բայց նա փորձում է իր հնարավորությունների սահմաններում օգնել, որտեղ որ կարող է, որտեղ որ կարիքը ավելի շատ է: Պետք է մեղմել երկրաշարժի, պատերազմի, շրջափակման հետևանքները: Պետք է անգամ Հայաստանում արձակուրդների, կամ այլ կարճ այցելությունների ժամանակ ճամպրուկները այլևայլ դեղորայք լցնել, որովհետև Օրգովում նա կարող է որպես բժիշկ շատերին օգնության հասնել: Մի տարի առաջ հնարավորություն է ունեցել Քյոլնի բժշկական համալսարանից ստանալ համարյա բոլորովին նոր մամոգրաֆիայի ապարատ, այն ուղարկել է Ստեփանակերտի հիվանդանոց, գիտենալով, որ այնտեղ դեռ նման ապարատուրա չունեն: Սակայն ճանապարհի ցնցումների պատճառով ավերվել է ապարատի ինչ որ սարք և արդյունքը եղել է այն, որ այն գործածել չեն կարողացել: Այնպես է ստացվում, որ մինչև նկարահանումները սկսելը երկու օր ժամանակ ունենք, Համազը ինձ առաջարկում է միասին Ղարաբաղ գնալ, տեղում պարզելու համար այդ:

Ու մենք Շուշիում ենք: Վերջերս գերմանացի թղթակից՝ Շումանը իր՝ «Կովկասյան հանգույց» փաստագրական ֆիլմում Շուշիի մասին ասում է՝

«Շուշի՝ ադրբեջանական մշակույթի օրրան»…

Մի խոսուն փաստ, քարոզչության դաշտում հայ ժողովրդի պարտություններից:

Համազը անգամներ, թե պատերազմի ընթացքում, թե հետագայում, եղել է Ղարաբաղում, լավ ծանոթ է տեղանքին, ճանաչում է շատերին, պատմում է Շուշին ազատագրելու մանրամասնություններ, ցույց է տալիս, թե հայ մարտիկները, որ կողմերից են վեր բարձրացել և բարձրունքները գրավել…

Մայիսյան այն բախտորոշ գիշերը վեր են մագլցում մարտիկները, լավ իմանալով, որ հավանաբար զոհվելու են, վեր են բարձրանում անձնուրաց, արհամարհելով վիրավորվելու և մահի վտանգը, արհամարհելով հավանաբար իրենց սրտում ծագած վախի զգացումը: Ի՞նչն է, ո՞ր զքացմունքն է նրանց մոտ ավելի զորեղ եղել, որ նրանք կարողացել են հաղթահարել այդ վախը, արհամարհել մահը: Իսկ այսօր ազատագրված Ղարաբաղը աչքը ճամփին, սպասում է մեզ, իր զավակներին, որ արհամարհեն դժվարությունները, անհարմարությունները, որ գնան կառուցելու, շենացնելու հայրենի երկիրը, ամրացնելու սահմանները… Ի՞նչն է փոխվել, ինչն՞ այն չէ, որ այն ժամանակ հայ ժողովուրդը միասնաբար, այն էլ դատարկ ձեռքով պատերազմեց և հաղթանակ տարավ, իսկ այսօրվա խաղաղ պայմաններում կամովին լքում է հայրենքը և անվերադարձ հեռանում…

Ու դարձյալ նույն հիվանդ, այլանդակ, այլասերված ու ցավոտ միտքն է ծագում ինձ մոտ, «որ երևի հայ ժողովուրդը ընդունակ չէ, անկախ ապրելու և անկախ պետականություն ստեղծելու:»

Շուշի՝ «ադրբեջանական մշակույթի օրրան» Շուշի, նրանց ձեռքով հրդեհներ, ավերվածություններ, կոտորածներ տեսած և դարձյալ վերապրած Շուշի: Հաղթանակած, վախվորած Շուշի, ձնծաղիկի նման ձյան տակից արթնացող Շուշի: Հայ ժողովուրդը դեռ պետք է աշխարհին ու իրեն փաստի, որ ինքը նաև խաղաղ ժամանակներում հաղթանակներ տանել կարող է…

Գլխավորը՝ եկեղեցին բարեկարգված է, նորոգված, բոլոր կողմերից լուսավորված, բայց տեսնես այդ լույսը ձմռանը Շուշիում ապրող քանի՞ ընտանիքների բնակարաններից է ներս մտնում և լուսավորում դպրոցական երեխաների տետրակները ու տաքացնում նրանց ցրտահարված ձեռքերը: Տեսնես եկեղեցու հոգևորականները օրական քանի ՞անգամ են այնտեղ աղոթում Շուշիի կարիքավորների մեղքերի թողության համար:


Այդ նույն պատկերն է Գանձասարում: Ասես հնուց և այն էլ բարձրյալի կողմից հաստատված օրենք է, որ հայ ժողովրդի համար ամենակարևորը վանքեր ու եկեղեցիներ կառուցելն է, նրանց գոյությունը, պահպանումը. բայց այսօր հայ ժողովրդին ի՞նչ օգուտ են տալիս այն հազարավոր վանքերն ու եկեղեցիները, որոնք ավերվեցին Կիլիկիայում ու Արևմտյան Հայաստանում: Ի՞նչ կլիներ եթե դրանց փոխարեն ամրոցներ կառուցվեին ու հայ հոգևորականությունը Աստծո փեշերը քրքրելու փոխարեն, նաև հոգ տաներ երկրի պաշտպանության համար:

Մանուշակը, և իր ընկերը՝ Աղասին մեզ էին միացել դեռ Երևանում, նա մեզ համոզում է, որ գիշերելու ենք իր պապիկի և տատիկի տանը, Հաթերք
գյուղում, որը, իր ասելով, Գանձասարից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում: Իհարկե մեկ ժամը դարձավ երեք ժամ: Կեսգիշերվա մթության մեջ Համազը դժվարությամբ էր մեքենան ոչ ասֆալտապատ ճանապարհով, փոսերի մեջ ընկնելով ու դուրս գալով, վարում, հնարավորին հեռու մնալով աջակողմյան ձորի անհատակ խորությունից: Գյուղ մի ասա, սարերի կատարին թառած արծվաբույն ասա:

Եվ ի՞նչ հաղթանակած Ղարաբաղցի չլինի, որ կես գիշերին գառ չմորթի, խորոված չանի, ժնջիլով հաց չթխի, մեղուների փեթակներ չդատարկի, սեղանը չլցնի տնային բազմապիսի ուտեստեղեններով ու իհարկե շշերով լի թթի օղիներով, արտասահմանից եկած թոռնիկին հովանավորող բժիշկ հյուրի համար: Իսկական ղարաբաղցի տատիկի և պապիկի տուն էինք հյուր գնացել: Կասկած չունեմ, որ արվեստագետը Ղարաբաղի տատիկ պապիկ կոթողը ստեղծելիս հաստատ ներշնչվել է հենց նրանց նման տատիկ- պապիկներից, ովքեր իրենց հայրենի լեռների նման ամուր կանգնած են իրենց հողում:


Նրանք՝ ութանասունամյա Վիկտորյա Պետրոսյանը և ութանասուներկուամյա Վիլեն Միրզախանյանը նույն գյուղում են ծնվել, նույն գյուղում են ապրում, սակայն երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել, պապիկը տարիներ աշխատել է որպես շրջանի անասնաբույժ, իսկ տատիկը մաթեմատիկայի դասատու և դպրոցի դիրեկտոր: Եթե պապիկը իր զրույցներում երբեմն անցնում է Ղարաբաղի բարբառին, որը մենք դժվարությամբ ենք հասկանում, ապա տատիկը շատ կիրթ հայերենով մեզ է պատմում պատերազմի տարիներից…

Գյուղի բնակչությունը ստիպված է եղել երկու անգամ դատարկել գյուղը: Թուրքերը երկրորդ անգամ են թալանել, հրդեհել և լրիվ ավերել այն, նաև նրանց երկհարկանի հարմարավետ շենքը: Երբ նրանք երկրորդ անգամ գյուղը ազատագրվելուց հետո տուն են վերադարձել, իրենց տան ավերակները նրանց այնքան էլ չեն անհանգստացրել, որովհետև քիչ առաջ գյուղ մտնելիս, ազատարար մարտիկների հետ նրանց ընդառաջ է եկել իրենց կրտսեր զինվոր որդին՝ Վարդանը,
երկու ձեռքերով խորովածի փայտը գրկած: Նրան ողջ առողջ տեսնելով, այլևս նրանց այնքան էլ ահավոր չեն թվացել իրենց տան ավերակները և այլ նյութական կորուստները:

Դեռ վաղուց Հայաստանում հաստատված նրանց մի որդին ցանկացել է նրանց համոզել Հայաստան տեղափոխվել, բայց պապիկը այդ մասին լսել անգամ չի ցանկացել, ամուր կանգնել է իր տան փլատակների վրա, նայել է դիմացի ձորին, նայել հեռվում անտառապատ Քաշաթաղի հայրենի լեռներին ու ասել. «Ոչ, եթե մենք հեռանանք, նշանակում է իզուր էին մեր զոհերը, այդ կնշանակի, որ թուրքն է հաղթանակ տարել, ոչ, մենք կմնանք և նույնությամբ կկառուցենք մեր տունը:» Եվ նրանք չորս տարի ապրել են իրենց դեռ կանգուն հավաբնում, մինչև որ վերակառուցել են իրենց տունը: Նաև զինվոր տղան է անցել խաղաղ աշխատանքի, կառուցել է իր տունը, ամուսնացել է և իրենց հայրենիքով երջանիկ ու հպարտ տատիկ պապիկին պարգևել չորս լուսակտոր թոռնիկներ: Որքա՜ն եմ հպարտանում, ուրախանում, երբ հիշում եմ նրանց, երբ հիշում եմ, որ նրանցն ու նրանց որդիներինն է թշնամու դեմ տարած հաղթանակը, նրանք են, որ հաղթանակ են տարել ու տանելու են, իրենց հայրենիքին պարգևելով բարիքներ արտադրող, այն շենացնող և պաշտպանող աշխատող ձեռքեր: Նրանք են, որ նաև վաղը, մյուս օրը պաշտպանելու են իրենց հայրենիքը…  


Հաճելի էր Ստեփանակերտում չտեսնել պատերազմի հետքերը, այլ կենտրոնում նկատել գեղեցիկ հագնված կանանց, երեխաների, նորոգված շենքեր ու մաքուր փողոցներ:

Առողջապահության նախարարության շենքում նորոգումներ էին անցկացվում: Երիտասարդ նախարարը անհարմարություններից նեղվելով, սիրալիր ընդունում է մեզ և անմիջապես իր մոտ է հրավիրում պատասխանատու բժիշկին, ով մեզ ուղեկցում է հիվանդանոց, որտեղ Համազը ճշտում է, որ հավանաբար մամոգրաֆիայի ապարատի կոնդենսատորն  է ավերվել, և խոստանում է նորը ուղարկել…
 

Նկարահանման օրը Հոլգերը խոստովանում է, որ գիշերը 3-4 ժամից ավել չի քնել: Ամբողջ ժամանակ աչքերը բաց նայել է պատուհանից ներս թափանցող լույսին և քննարկել է տարբեր հարցեր՝ արդյո՞ք ընտանիքի ճիշտ ընտրություն է կատարել, ամեն ինչ նախապատրաստե՞լ է: Ինչպե՞ս կընթանան նկարահանումները, հույսով, որ անակնկալներ չեն լինի:

Որ Սոսի ընտանիքի ընտրությունը ճիշտ է եղել, մենք համոզվում ենք հենց առաջին նկարահանումների ընթացքում: Նրա մոտ հարցեր չեն ծագում, հարցեր չեն տրվում: Ճախարակը պտտվում է, որովհետև չպտտվել չի կարող, նրա կառույցն է այդպես: Սոսն էլ չաշխատել չի կարող, նրա խառնվածքն է այդպես: Լսում ենք, որ նա ու Մելանիան աշխատում են լուսաբացից մինչև ուշ գիշեր, իսկ ելակի բերքահավաքի ժամանակ, օր ու գիշեր, ամբողջ ընտանիքով, որովհետև՝ ասում է Սոսը. «Գյուղատնտեսության մեջ հապաղումը, աշխատանքների հետաձգումը, երբեմն բերքի մեծ կորուստների պատճառ են դառնում:» Մի անգամ Հոլգերը ցանկացավ Մելանիայից լսել՝ «Օրվա ընթացքում քանի՞ ժամ են աշխատում: Նա և Սոսը միասին պատասխանեցին. «Դե միշտ էլ գործ կա, միշտ ենք աշխատում, չաշխատել չենք կարող, չենք հասցնի»…

Հոլգերն էլ հենց դա էր ցանկանում, ցանկանում էր հնարավորին նկարահանել նրանց առօրյա բոլոր աշխատանքային փուլերը…

Դեռ վաղ լուսաբացին, ժամը վեց անց կեսին պետք է Սոսը Մելանիային օգներ կովերը կթել, ուրեմն Հոլգերի անձնակազմը պետք է ժամը վեցին տեղում լիներ…

Հետո պետք է խնձորի, լոբու, վարունգի, ելակի այգիները խնամել, ջրել, մոլախոտերից ազատել, ժամանակին նոր տնկիներ պատվաստել, բերքը հավաքել, Հրաչի, կամ Համբարձումի հետ շուկա տանել, վաճառել, կամ ապրանքափոխանակություն կատարել: Այդ ընթացքում Մելանիան և Հասմիկը երեկոյան ընթրիքի համար պետք է ճաշ պատրաստեին: Պետք է հասցնել այդ բոլորը հնարավորին բնական պայմաններում նկարահանել…

Հետագա նկարահանման օրերին ես հաճախ էի Հոլգերի դեմքին գոհունակության ժպիտ նկատում, երբ նա ցանկանում էր Սոսին, կամ Մելանիային իրենց կատարած աշխատանքների ընթացքում նրանց ցուցումներ տալ, միշտ նույնը կրկնելով, որ նրանք մոռանան մեզ, իրենց շրջապատող մարդկանց և հնարավորին բնական կատարեն իրենց առօրյա աշխատանքները…

Ու դեռ պետք է նկարահանել լուսաբացը՝ Բյուրականի լեռներից բարձրացող: Արագածի լանջերի, Ամբերդ տանող բարձունքների հիասքանչ բնությունը, իսկական արծվի նման բարձրում բազմած Տեղեր եկեղեցին, օգոստոս 14- ի ուխտագնացությունը, որի կենտրոնում պետք է լինեն Սոսն ու նրա ընտանիքը ու օրվա խնջույքը, որին ներկա են լինելու բազմաթիվ հյուրեր…

Հետո՞, դեռ օրեր հետո էլ Հոլգերը ափսոսանքով էր հիշում, որ չկարողացավ այն պահը նկարահանել, երբ Սոսի փոքր ժիգուլին յոթհարյուրհիսուն կիլոգրամ կերի ծանր բեռի տակ կքած, հազիվ ճռնչալով, գյուղ էր բարձրանում…
You May Also Like
Read More

Հիմա Ի՞նչ

Հրայր Կարապետեան, Վիեննա, ԱԱՀ, 15  Սեպտեմբեր 2015 «Հող պահանջեցինք, երբ հողային պահանջ կրնան ներկայացնել միայն պետութիւններ, իսկ հայրենի…
Read More