Հարցազրույց Արցախի Հանրապետություն նախաձեռնող խմբի հիմնադիր Էմիլ Աբրահամյանի հետ ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Չորեքշաբթի, 26 Օգոստոսի, 2009
Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Ղարաբաղյան հարցի շուրջ փոփոխություններ են սպասվում: Իսկ նախաձեռնող խմբի հիմնումը պայմանավորված էր Մոսկվայում կայանալիք հանդիպումով: Նախաձեռնող խումբը պետք է ցույց տար, որ արհամարհված Ղարաբաղը գոյություն ունի իր սեփական կամքով եւ հստակ դիրքորոշումով, եւ իր մոտեցումները հարցի վերաբերյալ հակառակ են առաջարկվող Մադրիդյան սկզբունքներին: Նախաձեռնող խումբը պատասխան էր իշխանությունների կողմից կատարած սխալ, ոչ հայանպաստ, ոչ ազգային մտածողությանը հարիր մոտեցումներին: Խումբը ազդարարեց, որ կա մեկ այլ մոտեցում, կան տրամադրություններ, որոնք կարող են արգելակել իշխանությունների գործողությունները: Նաեւ ազդարարվեցին վտանգները:
Հարցազրույց Արցախի Հանրապետություն նախաձեռնող խմբի հիմնադիր Էմիլ Աբրահամյանի հետ ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Չորեքշաբթի, 26 Օգոստոսի, 2009
Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Ղարաբաղյան հարցի շուրջ փոփոխություններ են սպասվում: Իսկ նախաձեռնող խմբի հիմնումը պայմանավորված էր Մոսկվայում կայանալիք հանդիպումով: Նախաձեռնող խումբը պետք է ցույց տար, որ արհամարհված Ղարաբաղը գոյություն ունի իր սեփական կամքով եւ հստակ դիրքորոշումով, եւ իր մոտեցումները հարցի վերաբերյալ հակառակ են առաջարկվող Մադրիդյան սկզբունքներին: Նախաձեռնող խումբը պատասխան էր իշխանությունների կողմից կատարած սխալ, ոչ հայանպաստ, ոչ ազգային մտածողությանը հարիր մոտեցումներին: Խումբը ազդարարեց, որ կա մեկ այլ մոտեցում, կան տրամադրություններ, որոնք կարող են արգելակել իշխանությունների գործողությունները: Նաեւ ազդարարվեցին վտանգները:
Խումբն ունի իր նպատակները, որոնցից մեկը հանրապետությունը Արցախի կոչելն է: Արդեն հնչում են կարծիքներ այս կետի վերաբերյալ,, թե Արցախի Հանրապետությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Ինչ իմաստ է դրված այս կետի հիմքում:
Պարզ է, որ Արցախի Հանրապետություն անվանումն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն շատ սիմվոլիկ բնույթ է կրում: Սահմանադրությամբ ամրագրված երկակի անվանումը` ԼՂՀ եւ Արցախի Հանրապետություն, արտացոլում է ներկայիս հայ պաշտոնական (եւ ինչու միայն) քաղաքական մտքի կոմպրոմիսային հիմնավորմամբ մտածողության երկակիությունը: Այսինքն ԼՂՀ-ն մատնանշում է տենդենց ներկայիս իրողություններից հետդարձ դեպի ԼՂԻՄ տարածքին, իսկ Արցախի Հանրապետությունը հակառակը` ներկայիս տարածքային տիրույթից դեպի պատմական Արցախը: Որպես հետեւանք՝ սեփականաշնորհման հարցը նույն ձեւով չէ իրականացվում ազատագրված տարածքներում, ինչպես ԼՂՀ այլ տարածքներում, ընդհանրապես կարելի է ասել, որ այն փաստը, որ ազատագրված տարածքները ներգրավված չեն տնտեսականապես, մշակույթի առումով, ուրեմն դա ուղղակի դատարկ խոսք է: ԼՂՀ օրենքները լիարժեք չեն տարածվում եւ իրագործվում Սահմանադրությամբ հռչակված տիրույթում, ինչը միանշանակ պետք է փոխվի Արցախի Հանրապետություն անվանմամբ: Բանակցային սեղանին տարածքները դրված են որպես առեւտրի օբյեկտ, ուրեմն այդ տարածքներն այլ ազգային նպատակների համար չեն կարող կիրառվել: Տարածքները վերահսկվում են նաեւ ԵԱՀԿ-ի կողմից: Խումբն առաջին կետը դիտում է մյուս կետերի հետ միասին մեկ ընդհանրական կոնտեքստում` ինտեգրել ազատագրված տարածքները Արցախի հանրապետության ներկա տիրույթի մեջ:
Առաջարկվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի եւ վերաբնակեցնել ազատագրված տարածքները: Եթե հաջողվի համապատասխան թվով ստորագրություններ հավաքել, Ձեր կարծիքով, Արցախի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանցից:
Ըստ նախաձեռնող խմբի հիմնադրույթների` վերաբնակեցումը պետք է կատարվի ամբողջ հայության ֆինանսական, տնտեսական, ֆիզիկական եւ այլ նյութական ներուժով: Մեր կարծիքն այն է, որ եթե նախաձեռնող խումբը կարողանա այնքան ստորագրություն հավաքել, որ ապացույց լինի Արցախի եւ Հայաստանի իշխանություններին, որ սա ժողովրդի կամքն է, եւ եթե ժողովուրդը հետամուտ լինի դրա իրագործմանը, այդ դեպքում ես կարծում եմ իշխանությունների համար կստեղծենք լուրջ պրոբլեմներ, իսկ հաղթահարելի, թե անհաղթահարելի՝ դա այլ խնդիր է: Եթե հաղթահարեն, շատ լավ, իսկ եթե ոչ, ապա դա խնդիր կդառնա ժողովրդի համար, ժողովուրդը պետք է ինքը քաղաքականապես հաղթահարի այդ պրոբլեմները: Ստորագրահավաքը ի ցույց կդնի ժողովրդի հավաքական կամքը, ուժը եւ պատրաստակամությունը նորանոր ձեռքբերումների:
Այսինքն Դուք կարծում եք, որ եթե իշխանությունները չկատարեն նշված կետերը, ապա ժողովուրդը ոտքի՞ կկանգնի ընդդեմ իշխանությունների:
Մեր տրամաբանությունը հետեւյալն է, որ եթե ժողովուրդը ուզում է մի բանի հասնել եւ գտնում է, որ իրավասու է, որ իր տեսակետը արդարացի եւ ճիշտ է, իսկ իշխանությունները չեն աջակցում, ուրեմն խնդիրը դառնում է ներքին քաղաքական: Մենք ունեցել ենք այդ կարգի խնդիրներ, եւ իշխանությունները կանգնել են ժողովրդի կողքին այնքանով, ինչքանով կարողացել են: Եթե ժողովուրդը տեսնի, որ այսուհետ անհնարին է իրենց հետ կապել հույսերը, պետք է դիմի այլ քայլի` իշխանափոխության:
Գործունեության ընթացքը ինչ է հուշում, արդյոք ժողովուրդը պատրաստ է նման քայլի դիմելու:
Մենք սկսել ենք այդ հույսով եւ դեռ վաղ է կարծիք կազմել: Նախաձեռնող խումբը առայժմ գործում է երկու շրջկենտրոններում` Ասկերանում եւ Հադրութում, ինչը հնարավորություն չի տալիս ամփոփել եւ խոսել հնարավորությունների մասին: Պետք է կարողանանք այնպիսի կառույց ստեղծել, որպեսզի աշխատանք ծավալվի մյուս շրջկենտրոններում եւ Ստեփանակերտում: Դժվարությունն այն է, որ ժողովուրդը դուրս է մնացել իրեն իսկ վերաբերող պայքարի գործընթացից: Իշխանությունները կարողացել են խնդիրը սեփականաշնորհել, ուզուրպացիայի ենթարկել, եւ ժողովուրդը խնդրին օտար աչքերով է նայում: Խնդիրը քննարկման դնելով` պետք է նաեւ հնարավորություն տանք ժողովրդին հասկանալ դրա լուծման էությունը, բարդությունը եւ վերադարձնենք նրան խնդրի նկատմամբ տիրոջ զգացողությունը:
Ո՞ր իշխանությանն եք մեղադրում ստեղծված իրավիճակում:
Բոլոր իշխանություններին: Սկսած հարցի սկզբից` 1991 թ-ից: Սխալները բերեցին իրենց հետեւանքները, եւ բոլորը մեղավոր են, որ խնդիրը չենք կարողանում տեղափոխել այլ ասպարեզ: Ինչի համար էլ ունենք բավարար իրավական եւ ռազմական հիմքեր: Ժողովրդի օտարումը խնդրո առարկայից դեռ չի նշանակում ժողովրդի անպատասխանատվության ձեւավորում: Համարում ենք, որ վիճակը անհույս չէ, եւ վերջին խոսքը ժողովրդինն է:
Եթե զուգահեռներ անցկացնենք 1988 թ. եւ այսօրվա ժողովրդական տրամադրությունների միջեւ, ինչ կարձանագրեք:
Մեծ բարոյական, քաղաքական անկում ենք ապրել: 1988 թ-ին մենք ունեցել ենք վերելք, ազգի միաբանություն հարցի վերաբերյալ, իսկ այսօր` տարակարծություն, կատարյալ անգիտություն: Ժողովուրդը իրավունք ունի իր հույսերը կապել իր կողմից ընտրած իշխանությունների հետ, բայց քանի որ ժողովրդի կողմից ընտրված չէ Հայաստանում, եւ որպես շարունակություն Ղարաբաղում, խնդիրը մեզանում բարդանում է, որովհետեւ մեծատիրական երկրները նրանց օգտագործում են, իսկ նրանք էլ չեն կարող ազգի շահը ներկայացնել: 1988 թ-ի եւ այսօրվա տարբերությունը այն է, որ ժողովուրդը կարողացավ այն ժամանակ հաղթահարել բոլոր խնդիրները, իսկ այսօր այնքան ենք շեղվել, որ գրեթե սահմանային կետի ենք հասել: Տարբերություններից մեկն էլ այն է, որ ժողովուրդը իրավունք ունի ապավինել իր պետության եւ բանակի ուժին: Այս հանգամանքը ենթադրում է, որ պետությունը պետք է հետապնդի գերագույն ազգային շահեր, մի բան, որ ժողովրդի համար տեսանելի չէ ազգային կյանքի ոչ մի բնագավառում: Ժողովրդի գերագույն ակնկալիքները Ղարաբաղյան խնդրում անհասանելի են թվում, ինչպես նաեւ մյուս ասպարեզներում: Պետք է նաեւ նշենք, որ արտաքին ճնշումները կոնֆլիկտի կողմերի եւ առավել եւս հայերիս վրա պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով, ինչը հայկական կողմի վրա անդրադառնում է տնտեսական եւ սոցիալական դժվար կացությամբ:
Գործընթաց սկսելը այսօ՞ր է ավելի հեշտ, թե 1988 թ-ին:
Այսօր ավելի դժվար է, որովհետեւ 1988 թ. հայտարարված վերակառուցումը, խոսքի ազատությունը շատ բարենպաստ պայմաններ էին ստեղծում, որպեսզի ժողովուրդը թոթափի կաղապարները: Այսօր մենք պետք է փոխենք հարցի հիմքը` տեղափոխելով իրավական հարթություն: Պետք է ասենք, որ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները, իշխանությունները պետք է ասեն սա միջազգային ասպարեզում, բայց նրանք պետք է լեգիտիմ լինեն, որպեսզի նրանց հետ հաշվի նստեն նաեւ դրսում: Մենք որեւէ երաշխիք չունենք, որ այս իշխանությունները կարող են հարցի վերաբերյալ ազգային դրսեւորումներ ցուցաբերել:
Ով կարող է փոխարինել այսօրվա իշխանություններին, այսօր այդ ուժը կա՞ Հայաստանում:
Այդ ուժը դեռեւս չի էլ երեւում, բայց ազգային գիտակցությունը ժողովրդի մեջ չի մահացել, այն կենդանի է: Կգա ժամանակը` այն կարթնանա եւ իր ուրույն տեղը կզբաղեցնի: Որպես կուսակցություն կամ խմբավորում դեռեւս այդ ուժը ասպարեզում չկա: Ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում գերիշխում է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ կոմպրոմիսային մոտեցումը, ինչը կործանարար է մեզ համար: Պրոբլեմները բերում են իրենց լուծողներին: Իսկ եթե այսօր նրանք չկան, նշանակում է նրանց մոտ անձնական, կորպորատիվ շահն է գերակայում, նրանց արտոնություններ են տրվել, եւ նրանք չեն ազգային մտածողության կրողը:
Սա՞ է պատճառը, որ նախաձեռնող խմբերը կազմված են երիտասարդներից:
Այո: Մենք հասկացել ենք, որ այն մարդիկ, ովքեր նույնիսկ մասնակից են եղել պատերազմին, նրանց հետ հույս կապելն այսօր արդիական չէ: Ժամանակը կարգադրեց տեսնել նոր սերունդ, որ կաշկանդված չէ հարցի շուրջ, զերծ է իշխանությունների ազդեցությունից: Իսկ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է ընդդեմ իշխանությունների քաղաքականությանը: Նոր սերունդը, որը ծնունդ է առել եւ կազմավորվել վերջին 20 տարվա ընթացքում, պետք է իրենց հայրերի, զոհված ազատամարտիկների պայքարի ոգով շարունակեն ազգային այս պատմական արշավը դեպի իր հաղթական ավարտը: Նոր սերունդը պետք է պատվով մտնի այս պայքարի մեջ եւ շարունակի այն:
Նախաձեռնող խմբի գործունեությունը ինչ կարող է փոխել Հայստանում:
Հայաստանի իշխանությունները փաստի առաջ են կանգնելու, եթե ժողովուրդը Արցախում կարողանա դրսեւորել իր կամքը: Այսօրվա իշխանությունները կամ կընդունեն այս մարտահրավերը եւ կձեռնարկեն համապատասխան քայլեր, կամ էլ, որ ավելի հավանական եմ համարում, չեն անի այդ եւ ստիպված կլինեն թողնել իշխանությունը: Եթե հարցին այսպես ենք նայում, ապա հասկանում ենք, որ իշխանությունների եւ ազգային շահերը հակառակ նժարների վրա են: Հայաստանի օլիգարխիկ վերնախավը Արցախի շահը դնում է հակառակ իր շահին:
Գուցե այդ դեպքում գործընթացն արժեր սկսել Հայաստանո՞ւմ:
Կան մարդիկ, որոնք զբաղվում են իշխանափոխության հարցերով, սակայն ղարաբաղյան հարցը նրանց համար էական չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր սպասողական վիճակում է Ղարաբաղի հարցում, սպասում է, որպեսզի օգտվի դրանից: Ընդդիմությունը ուզում է իշխանությունների ձեռքով հարցի լուծում ունենալ: Մենք կարծում ենք, որ հանգուցալուծումը պետք է տրվի Արցախում, ինչը կհանգեցնի փոփոխությունների նաեւ Հայաստանում, եթե համարժեք արձագանքի արժանանա նաեւ Հայաստանում:
Եթե նախաձեռնող խմբին հաջողվի ապահովել Արցախի ժողովրդի ակտիվացումը, ինչպիսի՞ արձագանք եք սպասում Ադրբեջանից:
Ինչ պիտի ասի Ադրբեջանը, եթե ժողովուրդը այդպես է ուզում: Մենք նրանց փաստի առաջ ենք կանգնեցնում, ասում ենք, որ տարածքները ինտեգրված են, որ այստեղ պետք է ապրեն միայն հայեր: Իսկ եթե թշնամին առաջարկի պատերազմ, ժողովուրդը պետք է դիմակայի իր համախմբվածությամբ: Ադրբեջանն այսօր պատերազմելու ոչ մի հնարավորություն չունի:
Ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան հարցի շուրջ միջազգային ասպարեզում, եթե մենք լուծենք հարցը տեղում:
Հետեւանքները միանշանակ պարզ են` Հայաստանին իրավունք չի տրվում բանակցություններ վարել տարածքների շուրջ: Հանում ենք բանակցությունների սեղանից տարածքների խնդիրը: Արցախը մի նոր ձեւով իր անկախությունը ձեւավորած, իրավունք չի տա իր խնդիրը խառնել այլոց շահերին: Առաջարկում ենք շատ կտրուկ ձեւով կողմ դառնալ շահառուներին: Արցախը հռչակում է իրեն նոր որակի պետություն եւ հայ ժողովրդին միավորում է իր շուրջը, իսկ սա անկախության շատ ավելի մեծ դրսեւորում է, քան երբեւիցե ունեցել է : Սա ոչ վիրավորական է Հայաստանի համար, ոչ էլ դժվարություններ է բերում: Մենք պետք է հասնենք այն նպատակին, որ թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը, որոնք սանձազերծել են Ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանի կողմից եւ ճանաչել են հետագայում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, չեն կարող եւ իրավունք չեն ունենա այս խնդրին միջամտելու Արցախի կողմից ձեռնարկած քայլերի հետեւանքով:
Ի վերջո, որն է լինելու Արցախի վերջնական կարգավիճակը: Արդյոք միացման գաղափարը այլեւս չի դիտարկվում:
Յուրաքանչյուր առողջ մտածող հայի համար ԼՂՀ-ն Հայաստանի անքակտելի մասն է, ընդամենը նրա մարզերից մեկը: ԼՂՀ-ն հայ ոգու ընդարձակման ներկայիս վկայությունն է իրեն ի վերուստ տրված եւ պատկանելիք տարածքներում: Լիարժեք միացումը կլինի մոտակա ապագայում, իսկ այսօր ԼՂՀ-ի (Արցախի հանրապետության) անկախությունը միացման հասնելու համար մանեւրելու հնարավորություն ընձեռող քաղաքական լծակ է: Այն իրեն կսպառի, երբ ԼՂՀ-ն կճանաչվի միջազգային հանրության կողմից, կամ արդեն պարզ կդառնա այն ի չիք դարձնելու հարցը:
ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ