Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, 15Ապրիլ 2013
Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) երեք պատասխանատուներ, երկար տարիներից յետոյ գաղտնազերծել են ԻԻՀ օժանդակութիւնը Բաքուի կառավարութեանը: Առաջին անձնաւորութիւնը՝ Ատրպատական նահանգի Արդաբիլ քաղաքի գլխաւոր հոգեւորական Սէյեդ Հոսէյն Ամելին է: Նա երկու տարի առաջ (Ապրիլ 2011թ.) Բաքուի իսլամական շարժման առաջնորդ Հաջ ալի Աքրամ Ալիեւի մահուան կապակցութեամբ յայտարարեց, թէ ԻԻՀ Արցախեան պատերազմի ժամանակ օժանդակել է Բաքուի կառավարութեանը:
Դոկտ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, 15Ապրիլ 2013
Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) երեք պատասխանատուներ, երկար տարիներից յետոյ գաղտնազերծել են ԻԻՀ օժանդակութիւնը Բաքուի կառավարութեանը: Առաջին անձնաւորութիւնը՝ Ատրպատական նահանգի Արդաբիլ քաղաքի գլխաւոր հոգեւորական Սէյեդ Հոսէյն Ամելին է: Նա երկու տարի առաջ (Ապրիլ 2011թ.) Բաքուի իսլամական շարժման առաջնորդ Հաջ ալի Աքրամ Ալիեւի մահուան կապակցութեամբ յայտարարեց, թէ ԻԻՀ Արցախեան պատերազմի ժամանակ օժանդակել է Բաքուի կառավարութեանը:
Երկրորդ անձնաւորութինը, որը իր գրգռիչ նամակներով, հասցէագրուծ Բաքուի կառավարութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Սիաւաշ Նոռուզովին, խօսում է բազմակողմանի օգնութեան մասին, Դոկտ. Մանսուր Հաղիղաթփուռը Արդաբիլ քաղաքից պատգամաւոր է ԻԻՀ խորհրդարանում և երկրի անվտանգութեան ու արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի փոխ-նախագահն է: Նա դեռ չորս տարի առաջ պահակազօրքի հրամանատարներից էր: Իր կայքում նշուած է իր կենսագրութեան մէջ, որ նա 1988թ. տեղափոխուել է պահակազօրքի արտերկրի հարցերի բաժին և պատասխանատու էր քաղաքական և մշակութային հարցերի համար՝ կապուած Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի, Ասիայի հարաւարեւմուտքի , Կովկասի, Թուրքիայի և Պակիստանի հետ: Այնտեղ նա տարածելով և քարոզելով իսլամական յեղափոխութիւնը, մօտիկ կապեր է հաստատել տեղական իսլամների հետ և շուրջ երկու տարի տեղակայուած է եղել Ադրբէյջանում, որպէս զինուորական խորհրդատու և Արցախեան ազատագրական պատերազմի ժամանակ մարզել և վերապատրաստել է Բաքուի կառավարութեան բանակը: Պարոն Հաղիղաթփուռը, ինչպէս ինքն է խոստովանում, վերապատրաստել և զինել է փանթուրքիստներին հայերի դէմ:
Երրորդ անձնաւորութիւնը, որը դարձեալ խոստովանում է օժանդակութիւնների մասին, «Իրանի քաղաքական նպատակայարմարութեան խորհրդի քարտուղար», Մոհսեն Ռեզային է՝ պահակազօրքի նախկին հրամանատարը:
Մ. Ռեզային Արցախեան ազատամարտի ժամանակ պահակազօրքի հրամանատարն էր և հաւանական է, որ ինքն է Հաղիղաթփուռին տեղափոխել պահակազօրքի արտերկրի աշխատանքների բաժին: Իրականութեան մէջ Հաղիղաթփուռի ղեկավարը եղել է նոյն ինքն Մոհսենէ Ռեզային:
Թէ ինչո՞ւ են այս երեք անձնաւորութիւնները հիմա «գաղտնազերծում» Բաքուի կառավարութեանը հասցրած օժանդակութեան մասին, կարելի է ենթադրութիւններ անել:
Երկու կայքէջերի (arannews.ir և azariha.org) յօդուած-լուրերը հաղորդում են այն տպաւորութինը, թէ ԻԻՀ-ը, կամ որոշ անձնաւորութիւններ, շողոքորթում-փայփայում են Բաքուի կառավարութեան Շիա-ազգաբանակչութեանը, ինչպէս նաեւ պարսկական Ատրպատական նահանգի 10-12 միլիոն և գուցէ է՛լ աւելի, թրքախօս ադրբէյջանցիներին, Իսրայէլ, ԱՄՆ հաւանական յարձակման պահին լուռ պահելու, ինչպէս նաև գալիք նախագահական ընտրութիւններին թեկնածու Գեներալ Մոհսեն Ռեզայի համար այդ զանգուածիներից քուէները ապահովելու համար: Այսուամենայնիւ, երեքն էլ շեշտում են «Արցախի իսլամական տարածք լինելը»:
Իրողութիւն է, որ Բաքուի կառավարութիւնը հալածում է Շիա-հոգևորականութեանը, յատկապէս ԻԻՀ համակիր հոգևորականներին, հաւակնում է հողային պահանջ ԻԻՀ դէմ: Բաքուի կառավարութիւնը հրահրում և օժանդակում է հակաիրանեան «գիտաժողովներ Բաքւում և այլուր»:
«Հարաւային Ադրբէյջանի ազատ ճակատը», որը աշխարհի ադրբէյջանցիների համագումարի մասնաճիւղն է, այս տարուայ Մարտ 30-ին կազմակերպել էր Բաքւում մի գիտաժողով «Հարաւային Ադրբէյջանի վաղը» թեմայով, որտեղ Ատրպատականը յայտարարւում էր Բաքուի կառավարութեան անբաժանելի մասը և ԻԻՀ մեղադրւում էր «35 Միլիոն ադրբէյջանցի հայրենակիցների մարդկային իրաւունքների ոտնահարման համար» (arannews.ir): Վերը յիշուած կայքէջերի և յատկապէս այս երեք պատասխանատու անձերի յօդուած-յայտարարութիւններում շեշտւում է Պարսկաստանի և Բաքուի կառավարութեան միասնական պատմական անցեալը, մշակոյթը և կրօնը, որտեղ շեշտը միշտ դրուած է կրօնի վրայ՝ անտեսելով փանթուրքիզմի գաղափարախօսութեան գերակայութիւնը կրօնի նկատմամբ: Թրքական աշխարհըմբռնումով, իսլամը միայն միջոց է փանթուրքիզմին հասնելու:
Զարմանելի է, ԻԻՀ դիմակայում է արեւմուտքի և յատկապէս ԱՄՆ-ի բոլոր ճնշումներին, սակայն զիջումներ է անում Բաքուի Ղեկավարներին, մոռանալով Բաքուի յարաբերութիւնները Սիոնիստների հետ, հողային պահանջները, կրօնական հալածանքները, հակաիրանական «գիտաժողովները», պարսկացեղ և պարսկալեզու թաթերի և թալիշների դէմ հալածանքները:
Պատասխանում եմ Պարոն Դոկտ. Մանսուր Հաղիղաթփուրի դրդիչ նամակներից մէկին, ուղղուած Բաքուի կառավարութեան խորհրդարանի անդամ Սիաւաշ Նորուզովին՝ որտեղ նա գրգռում է Բաքուի կառավարութեանը արցախահայութեան դէմ՝ խեղաթիւրելով արցախեան ազատամարտը և վիրաւորանքներ ուղղում հայ ժողովրդին:
Նախքան մեր նամակին անցնելը շեշտենք, թէ Շուշիում տեղակայուած «թալիշստանի ռադիոն» հիանալի մտայղացում էր, որի արձագանքներից պարզւում է Բաքուի խոցելիութիւնը այս ոլորտում: Վերջում աւելացնենք, որ arannews-ը, իր լուրերում, յօդուածներում և հարցազրոյցներում, չի մոռանում անպայման յիշատակելու է, թէ «Ղարաբաղը մուսալմանանիստ տարածք է, որին զաւթել է Հայաստանը 1992թ. Ռուսների օգնութեանբ» և սահմանայի բոլոր բախումները՝ անշուշ, միշտ հայերն են սկսում:
Առ ի տեղեկութեան գրենք, որ մեր առաջին բողոք նամակը azariha.org–ին հրատարակուեց, իսկ այս վերջինը, հասցէագրուած arannews.ir-ին, որի հայերէն թարգմանութիւնը դուք կը կարդաք ստորեւ:
Յարգելի Պատգամաւոր Դոկտ. Հաղիղաթփուռ,
Ես, որպէս մարդու իրաւունքների կազմակերպութեան անդամ ևպարսկաստանցի, հետաքրքրուած եմ տարածաշրջանի պատմութեամբ և հետեւում եմ Կովկասի հետ առնչուող լուրերին և կարդացել եմ Ձեր դրդիչ նամակները հասցէագրուած Բաքուի կառավարութեան խորհրդատու և պատգամաւոր Սիաւաշ Նոռուզովին arannews.ir կայքում: Այն տպաւորութիւնն ունեմ, թէ Դուք, որպէս պատգամաւոր, լաւ չէք պատկերացնում Ձեր հրահրիչ արտայայտութեան հետեւանքները: Այսուամենայնիւ, արտայայտում եմ իմ խորին զարմանքն ու հիասթափութիւնը Ձեր կողմից օգտագործուած «Ադրբէյջան» կեղծ անուանը: Դուք, մասամբ ծանօթ լինելով այդ տարածքի պատմութեանը, դէմ չէ՞ք այդ կեղծ անուան օգտագործմանը, որին Իրանի թշնամիները նպատակով են խեղաթիւրել, սկսած 1918թ. առ այսօր, որի պատճառն են եղել բոլշեւիկներն ու փանթուրքիստները: Դժուար չէ ըմբռնելը, պէտք է միայն խնդրին խելացի մօտենալ:
-1918թ. փանթուրքիստական Մուսավաթ կուսակցութիւնը, Ռասուլզադէի գլխաւորութեամնբ, Պարսկաստանի Ատրպատական նահանգի անունը գողանալով տուեցին Առան-ին, այն կոչելով «Ադրբէյջան»:
-1920-ին Կարմիր Բանակը մտնելով Կովկաս, ընդունեց «Ադրբէյջան» կեղծ անունը և կազմեց Ադրբէյջանի Սովետական Հանրապետութիւնը, որ ընդունուեց ՍՍՀՄ կազմի մէջ:
-1941թ., երբ կարմիր բանակը բռնագրաւել էր Իրանի հիւսիսային տարածքները, ՍՍՀՄ իր բանակցութիւններում և մամուլում Պարսկաստանի Ատրպատական անունը կեղծելով, այն անուանում էր «Հարաւային Ադրբէյջան»:
1945-ի Դեկտեմբերին, Ստալինի կարգադրութեամբ հիմնուեց «Ադրբէյջանի Դեմոկրատական Հանրապետութիւն», Թաւրիզ մայրաքաղաքով, անջատուած Պարսկաստանից:
-1945-ի Դեկտեմբերին «Դեմոկրատական Կուսակցութիւնը», Կարմիր Բանակի հովանաւորութեամբ, Թաւրիզում և Ատրպատական նահանգի միւս վայրերում «Ադրբէյջանի Ազգային Իշխանութիւն» կոչուած կառավարութիւնը իշխանութիւնը ստանձնեց իր ձեռքը:
-«Դեմոկրատական կառավարութիւնը» բոլոր միջոցների դիմում էր, մինչև Կարմիր Բանակի հեռացումը 1946-ի գարնանը, իշխանութիւնը իր ձեռքում պահելու:
1991թ., երբ ՍՍՀՄ-ը փլուզուեց , մի անկախ պետութիւն, նոյն կեղծ անունով՝ «Ադրբէյջանի Հանրապետութիւն», կեանքի կոչուեց:
Անջատողականների և փանթուրքիստների գրականութիւնում տարածում գտած «Հարաւային Ադրբէյջան» կեղծ եզրը, խթան հանդիսացաւ, որպէսզի Բաքուի խորհրդարանում քննարկուի «Ադրբէյջանի Հանրապետութիւն» անունը և փոխել «Հիւսիսային Ադրբէյջանի Հանրապետութիւն»-ով, որպէսզի «հարաւային Ադրբէյջանի ազատագրում» նշանաբանով, իսկական Ադրբէյջանը՝ Ատրպատականը , Պարսկաստանից անջատելով միացուի «Հիւսիսային Ադրբէյջանին»:
-Այսօր, այն ատրպատականցի հայրենակիցները, որոնք ընկել են փանթուրքիստների ծուղակը և յատկապէս մարզահամալիրներում (իբր քաջալերում են իրենց սիրած ֆութբոլի խումբը) բարձրացնելով «Ատրպատականը Պարսկաստան չէ, մա՛հ Պարսկաստանին» պաստառները, փորձում են Բաքուի ծաւալապաշտ պարագլուխներին լսելի դարձնել իրենց հայրենիքին (Իրանին) դաւաճանելու պատգամները:
Պարոն Հաղիղաթփուռ, ամէն մի անձ, թէկուզ չնչին գիտութեամբ, նկատի առնելով վերը նշուած իրողութիւնները, ի վիճակի է զգալ Իրանի տարանջատման վտանգը,
Սակայն շատ ափսոս, որ Դուք, պատգամաւոր լինելով հանդերձ, բուն թշնամուն դեռ չէք նշմարել և փոխանակ լուրջ ընդունելու Բաքուի փանթուրքիստների ծաւալապաշտական նպատակները, հպարտանում էք Արցախեան Ազատագրական Պատերազմում այդ հանցագործներին օգնելու համար:
Դուք պատերազմի վեց տարիների ընթացքում, որպէս զինուորական պատասխանատու, օժանդակել էք մի դաժան ռեժիմի՝ ճնշելու արցախահայութեանը, ի հարկէ Դուք Ձեր «օժանդակութեամբ» մենակ չէիք, Բաքուի կողմից պարտադրուած պատերազմում մասնակից են եղել Թուրքիայից փանթուրքիստներ, չէչէն ու աֆղան վարձկաններ, նրանց շարքում յայտնի չէչէն ոճրագործ Բասաեւը, ինչպէս նաև ռուս և ուկրաինացի վարձկան օդաչուներ:Եւ այս բոլորով հանդերձ չկարողացան Արցախի ժողովրդին ծնկի բերել: Պատճառն էլ յստակ է, արցախահայութիւը մղում էր կենաց ու մահու պատերազմ:
Պարոն Հաղիղաթփուռ, արցախեան ազատամարտը ընթանում էր մի ցեղամոլ և հեգեմոնեան հովերով տարուած մի ռեժիմի և հայ ժողովրդի միջև՝ իրենց նախնիների հայրենիքում, լաւ գիտակցելով՝ զինեալ դիմադրութիւն չցուցաբերելու պարագային արցախահայութիւնը ունենալու է նոյն ճակատագիրը, ինչ ունեցան իրենց հայրենակիցները Արևմտահայաստանում, թուրք-օսմանների օրօք», այսինքն ցեղասպանութիւն և կամ հայրենիքից բռնագաղթ:
Պարոն Հաղիղաթփուռ, տեղեա՞կ էք արդեօք արեւմտահայերի ցեղասպանութեան մասին առաջին աշխարհամարտի ժամանակ, թուրք-իսլամ Օսմանցիների ձեռամբ նաեւ կովկասահայութեան կոտորածների մասին, որոնք տեղի ունեցան հէնց Օսմանեան փանթուրքիստների դրդմամբ:
Չեմ կարող ենթադրել, թէ կոտորածների նկատմամբ Դուք անտարբեր էք:
Յարգելի Պարոն, մեջբերենք մի հատուած Ձեր նամակից, ողղուած Պարոն Նոռուզովին, «Պարոն պատգամաւոր, Ղարաբաղից ի՞նչ լուր, միթէ Դուք չէ՞ք կարօտել Ղարաբաղ գեղեցիկ երկիրը, նրա լեռները, աղբիւրները և գետերը: Ինչո՞ւ միջոցներ չէք ձեռնարկում այն ազատագրելու, Ձեր կեցուացքը յիշեցնում է ինձ Ֆաթհալիշահ Ղաջառին, որի իշխանութեան օրօք Կովկասը անջատուեց Իրանից, և նա երկրամասը վերադարձնելու համար երկու Ֆիլի ոսկէ շղթաներ և բազում թանկարժէք նուէրներ ուղարկեց Ռուսաց ցարին, սակայն նա անդրդուելի մնաց: Դուք և Ձեր երկրի իշխանաւորները հայ զաւթիչների հետ բանակցութեան սեղանի շուրջ էք նստել, յոյսով, որ գուցէ Ղարաբաղը յետ ստանաք,սակայն աւա՜ղ, որեւէ զաւթիչ բանակցութեամբ պատրաստ չի լինի տարածք վերադարձնել իրական տիրոջը»: Պարոն Հաղիղաթփուռ, Դուք, որ քաջաբար հնչեցնում էք պատերազմական շեփորը, չէ՞ք մտածում, երբ Բաքուի իշխանութիւնը ձեր աջակցութեամբ Արցախը «վերադարձրեց», յաղթանակով հարբած Բաքուի փանթուրքիստները չե՞ն ձեռնարկելու «իրենց հարաւային եղբայրների փրկութիւնը», «Պարսիկ շովինիստների» մագիլներից:
Յարգելի Պարոն, ԻԻՀ խորհրդարանի, ազգային անվտանգութեան և արտաքին քաղաքականութեան յանձնախմբի նախագահի տեղակալ, ի՞նչ էք ենթադրում,
Իսրայէլից գնուած հրթիռները և միւս զինատեսակները, որոնք, Ձեր ասելով, թիրախ ունեն Թաւրիզն ու միւս քաղաքները, «Արցախը վերադարձնելու» համա՞ր են թէ՞ Պարսկաստանի վրայ յարձակուելու:
Բաքուի ժառանգական իշխանութիւնը, որը բնաւ առնչութիւն չունի հանրապետութեան հետ, ամրագրելով «Ադրբէյջան» կեղծ անունը, հաւակնում է տէր կանգնել Իրանի Ատրպատական՝ իրական Ադրբէյջանին, և այն յաճախ շեշտուել է թէ՛ ներկայիս և թէ՛ անցեալ իշխանաւորների կողմից: Ձեր օժանդակութիւնը սատար էր կանգնել Իրանի թշնամիներին, փանթուրքիստներին և ճնշել ու ճնշում է Արցախի ազգաբնակչութեան: Փանթուրքիստները պատերազմում գործել են Ժընեւեան համաձայնութեան դէմ, գործածելով արգիլուած զէնքեր՝ շարիկային, ասեղնային ռումբեր և այլն, որոնք իրականացւում էին ռուս և Ուկրայնացի վարձկան օդաչուների կողմից:
Գուրգէն Մարգարեանի ողբերգական մահը Սաֆարովի կացինով, և վերջինիս Բուդապեշտից ազատումն ու զինուորական կոչման տուչութիւնը ապա և նրա փառահեղ դիմաւորումը Բաքւում, ապացոյցներ են Ալիեւի մականի տակ դաստիարակուած Ադրբէյջանի հասարակութեան ատելութեան մասին հայերի նկատմամբ:
Բաքուի իշխանութեան կողմից, իրենց բնակավայրերից և տներից բռնատեղահանուեցին հարիւր հազարաւոր հայեր, որոնց բնակարաններին տիրացան Բաքուի իշխանութեան մերձաւորները, թոյլ չտալով Ադրբէյջանցի փախստականերին բնակուել այնտեղ, այլ նրանց պարտադրեցին տեղաւորւել շփման գծի երկայնքով, ճամբարներում, բորբոքելով նրանց մէջ հայատեացութիւնը:
Ալիեւի իշխանութիւը և նրա կամակատարների ցեղամոլ կեցուացքը անուանի գրող Աքրամ Այլիսլի նկատմամբ, ով այս միջոցին Բաքուից հեռացել է, ապացուցում է այդ հասարակութեան անհանդուրժող կեցուածքը: Արցախահայութիւնը դասեր քաղելով Արևմտահայաստանի 1915թ. Ցեղասպանութիւնից և Նախիջեւանից, Սումգայիթից, Բաքուից, Կիրովաբադից և այլուր բռնատեղահանումներից, քաջատեղեակ է, թէ փանթուրքիստ-ցեղամոլները նպատակադրել են հայոց բնաջնջումը և գոյութեան միակ ուղին ինքնապաշտպանութիւնն է: