Իրերը Իրենց Անունով Կոչելու Օգուտը

Կարեն Միքայելյան, Հրապարակախոս, Մոսկվա, 8 Դեկտեմբեր 2010
 
Ճշմարտության Պահը
Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե պետության հասարակարգը քաղաքացիական է եւ հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել եւս, եթե այդ որոշումները եւ դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի եւ ժողովրդի համար:

Հետխորհրդային պետությունները, թերեւս որոշ բացառությամբ՝ մերձբալթյան հանրապետությունների, դեռեւս հեռու են լիարժեք, լիակատար իրավական, ժողովրդավարական պետություն լինելուց:

Կարեն Միքայելյան, Հրապարակախոս, Մոսկվա, 8 Դեկտեմբեր 2010
 
Ճշմարտության Պահը
Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե պետության հասարակարգը քաղաքացիական է եւ հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել եւս, եթե այդ որոշումները եւ դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի եւ ժողովրդի համար:

Հետխորհրդային պետությունները, թերեւս որոշ բացառությամբ՝ մերձբալթյան հանրապետությունների, դեռեւս հեռու են լիարժեք, լիակատար իրավական, ժողովրդավարական պետություն լինելուց:

Երկար ժամանակ է պահանջվում մեզանից հաղթահարելու համար վախը, ստախոսությունը, ազգային սնապարծությունը, ազգային նիհիլիզմը, ստրկամտությունը, անհավատությունը, անպատասխանատվությունը եւ այլ արատներ, որոնք մեզ ժառանգություն թողեց տոտալիտար ռեժիմը, տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրելով ժողովրդի մարդկային եւ ազգային նկարագիրը: Մարտնչող աթեիզմից մինչեւ, այսպես կոչված, կոմունիստական բարոյականության սնուցումը, կեղծ ինտերնացիոնալիզմից, ապազգային դաստիարակությունից մինչեւ խորհրդային շովինիզմի ներդրումը, քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ թշնամություն, անվստահություն եւ կասկածամտություն սերմանելը՝ այս բոլորը հանգեցրին մարդկային նոր տեսակի, հոմոսովետիկուսի աճեցմանը:

Լիարժեք ազգային ինքնագիտակցության, ազգային-պետական ժամանակակից քաղաքական մտածողության, քաղաքացիական պարտքի զգացմունքի ձեւավորումը ժողովրդի մոտ պահանջում է երկար ժամանակի հետեւողական աշխատանք եւ ոգու լարում բոլոր մակարդակներում եւ բոլոր բնագավառներում:

Սրան զուգահեռ, ժամանակի ընթացքում ժողովրդի կյանքի բարձր մակարդակի ապահովումը, ազդեցիկ միջին դասակարգի ձեւավորումը, անկախ արհեստակցական միությունների կազմավորումը, առնվազն երկու ուժեղ ազգային առաջադեմ մրցակից կուսակցությունների առաջանալը՝ այդ բոլորը միասին գրավականը կհանդիսանան ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների համար հնարավորին չափ քիչ սխալներ կատարել, իսկ սխալվելու դեպքում ուղղել եւ չկրկնել նման սխալները:

Այս բոլորը անվիճելի եւ շատերին հայտնի ճշմարտություններ են, որոնց կրկնելը, թերեւս, մեղք չէ:

Այս զարգացումները եւ գործընթացները միտինգներով եւ ոչ կառուցողական ընդդիմադրությամբ արհեստականորեն արագացնելը անիմաստ, անզոր եւ վտանգավոր է: «Մարտի մեկի» դեպքերը ցույց տվեցին, որ կատարվածը իշխանատենչ անառողջ, ապարդյուն կռիվ էր, իբրեւ զենք օգտագործելով ժողովրդի արդար դժգոհությունը, առաջացած կյանքի ցածր մակարդակից եւ հասարակության անհավասարության աննախադեպ բեւեռացումից:

Իսկ մինչ այդ կա գերագույն խնդիր, որի լուծումը հրատապ է եւ որը աններելի եւ անընդունելի վեճեր է հարուցում, իսկ դրա լուծման հետաձգելը մինչեւ «լավ ժամանակները», այսինքն՝ մինչեւ լիարժեք ժողովրդավարական, քաղաքացիական բարեկեցիկ հասարակարգի ձեւավորումը՝ սպառնում է ազգային անվտանգությանը:

Այդ վտանգը կանխելու համար պետք է ամեն գնով, ներկա պայմաններում, ունեցած միջոցներով ձեւավորել համազգային համաձայնություն, համայն հայության զանգվածային մասնակցություն, ապահովել անհրաժեշտ ուժ եւ կամք նոր պարտություն (ռազմական, դիվանագիտական) չկրելու, մարդկային եւ տարածքային նոր կորուստներ չտալու համար:
Հարյուրամյակների պարտություններից եւ կորուստներից հետո հայերին հաջողվեց պարտության մատնել ագրեսորին եւ ազատագրել զավթած հայրենիքի մի մասը: Անցյալում, հատկապես վերջին մեկուկես հարյուրամյակի ժամանակամիջոցում, մեր պարտությունների եւ կորուստների գլխավոր պատճառներից են եղել ոչ այնքան օբյեկտիվ անբարենպաստ պայմանները, որքան ազգային գերխնդիրների լուծման համար անհրաժեշտ համազգային միասնություն, հավաքական միտք, հավաքական կամք եւ անհրաժեշտ ուժ չապահովելը: Ազգի առաջ ծառացած խնդիրների մեջ անհետաձգելին, առաջնահերթայինը, անվիճելին չկարենալ որոշելը:

Մինչեւ Մեծ եղեռնը ազգի առաջնորդները չկարողացան որոշել՝ որն էր կարեւորը, անհետաձգելին՝ Օսմանյան կայսրության քանդումը ամեն գնով, թե ազգի անվտանգության ապահովումը ամեն միջոցներով: Մինչեւ լավ ժամանակների գալը: Որ անխուսափելիորեն գալու էին, անկախ մեր միջամտության, եւ այն էլ այն դեպքում, երբ մեր միջամտությունը մեզ անչափ մեծ վտանգ էր սպառնում: Կայսրությունները, որտեղ հայերը հայտնվել էին, փլուզվելու էին առանց դրա համար անհրաժեշտ մեր աննշան միջամտության: Գերխնդիր էր անցյալում եւ մնում է միշտ ազգի անվտանգությունը, առնվազն ֆիզիկական գոյությունը: «Մահ կամ ազատություն», «հիմա կամ երբեք» եւ նման ծայրահեղ նշանաբանները կարելի է որդեգրել անհատին, բայց ոչ ժողովրդին:

1918-1920 թվականներին գերխնդիր էր ամեն գնով պետության կայացումը հնարավորին չափ ընդարձակ հայկական տարածքներում, նրա պաշտպանության ապահովումը, առժամանակ մի կողմ դնելով քաղաքական, դասակարգային, գաղափարախոսական, կուսակցական խնդիրները, հատկապես անձնական ամբիցիաները: Նման մտածելակերպով եւ գործելակերպով հնարավոր էր խուսափել Մեծ եղեռնից, Հայաստանի Հանրապետության բռնագրավումից, նրա անկախության կորստից, մասնատումից եւ ավելին՝ պայմաններ ապահովել Սեւրի դաշնագրի հայերին վերաբերող որոշումների իրագործման համար:

Մինչդեռ տասնյակ տարիների ընթացքում ներշնչել են, որ ի սկզբանե դատապարտված էինք պարտության, կործանման, կորուստների՝ անկախ մեր մտածելակերպից եւ գործելակերպից: Եվ իբր հայերը անզոր էին եւ որ նրանց միակ ելքը, օրինակ, բոլշեւիկների արշավանքն էր, որ հայերին իբր փրկեց վերջնական կործանումից: Այս սուտը, առասպելը այնքան խորն է նստած, որ ոչ մեկի մտքով չի անցնում չհանդուրժել այնպիսի դեռ շատ մնացած խորհրդանշանների գոյությունը, ինչպիսին է, օրինակ, մայրաքաղաքի այգիներից մեկում ՀՀ խորհրդայնացման տասնամյակի առթիվ կանգնեցված հուշարձանը՝ «Երախտապարտ հայ ժողովրդից՝ նվիրված Կարմիր բանակի հերոսներին, որոնք զոհվեցին Հայաստանի ազատագրման համար»:

Նման հոգեբարոյական վիճակով, ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակով, ՀՀՇ-ական մտածելակերպով եւ գործելակերպո՞վ չէր, արդյոք, պայմանավորված այն հանգամանքը, որ նորելուկ անփորձ իշխանավորները հրաժարվեցին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումից՝ նվիրված Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը, որին հավատարիմ մնաց նույնիսկ 1991թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության Հռչակագիրը:

Հայերի վզին փաթաթված «ղարաբաղցիների ինքնորոշվումը» իբրեւ միջոց՝ «ղարաբաղյան հիմնախնդրից» հաջողակ դուրս գալու համար, անհեռանկար է եւ վտանգավոր: Այդ այլեւս ակնհայտ է դառնում, երբ երկարատեւ բանակցությունները տանում են միայն փակուղի:

Վաղուց ժամանակն է վերադառնալ ՄԻԱՑՄԱՆ դիրքերին, իրերը իրենց անունով անվանելով, դուրս գալ թշնամու «դաշտում» թույլ դիվանագիտական, քաղաքական, անհեռանկար պայքար տանելուց: Այդ կոնտեքստում Ադրբեջանը «պատրաստ է տալ ԼՂՀ-ին ամենաբարձր ինքնավարությունը»: Անհրաժեշտ է հասկանալի եւ ընդունելի դառնալ ինքներս մեզ եւ աշխարհի համար: Մեր ուժը նաեւ մեր ճշմարտությունն է (ոչ թե պարզունակ խորամանկությունը), մեր կամքն է, հավատքը եւ ոգին՝ արժանապատիվ ապրելու համար: Այս դիրքորոշումը պայմանավորված է նաեւ այն իրողությամբ, որ հաղթանակ է տարվել ագրեսորի նկատմամբ: Կնքվել է զինադադար, եւ բանակցությունները կարելի է վարել միայն կողմերի միջեւ պայմանագիր կնքելու նպատակով, դրա համար հիմք ընդունելով ստեղծված իրողությունը:

Այս իրադրությունում հայկական կողմին անտրամաբանորեն ներգրավում են, այսպես կոչված, Մինսկյան գործընթացի վիճելի բանակցություններում, որտեղ նրանցից սպասում են նոր զիջումներ ագրեսորին բավարարելու համար: Այն դեպքում, երբ հայերը արդեն գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով Նախիջեւանը վերադարձնելու համար, երբ հայերը դրա համար ամեն հիմք ունեն, ի տարբերություն Ադրբեջանի հավակնությանը Արցախի նկատմամբ: Երբ հայերը գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով վերադարձնել դեռ գրավված մնացած Արցախի տարածքները: Երբ հայերը գնացել են աննախադեպ զիջումների՝ պահանջ չներկայացնելով դատապարտել հայերի գենոցիդը Ադրբեջանի կողմից եւ հատուցել հասցված վնասը, պահանջ չներկայացնելով հայերի վերադարձը իրենց բնակավայրերը, որտեղ նրանք ապրել են անհիշելի ժամանակներից ի վեր, մինչեւ Կովկասի թաթարների երեւան գալը այդ տարածքներում:
Ավելին: Հայկական իշխանությունները պատրաստ են բարիդրացիական հարաբերություններ հաստատել այժմյան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, երբ նրանք իրավունք ունեն պայման ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, Սեւրի դաշնագրով հայերին հասանելիք իրենց հարազատ տարածքների վերադարձը: Սրանից հետո հայերից այլեւս ի՞նչ զիջումներ կարելի է ակնկալել:

Այս ամենի մասին տարբեր կարծիք ունենալը, առավել եւս անտարբեր լինելը՝ իսկապես վտանգավոր է:

Այս վտանգավոր վիճակը հիմնականում այսօրվա Կրեմլի անհետեւողական, երկիմաստ, պարտվողական քաղաքականության հետեւանքն է: Կրեմլի, որի նկատմամբ, անկախ նրա էությունից, սպիտակ, կարմիր, թե այլ, հայերը ունեն կույր հավատք: Եթե նա նույնիսկ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ նա ոչինչ չի անում իր ստրատեգիական դաշնակցին օգնելու՝ շրջափակումից դուրս բերելու համար, ավելին, պատրաստ է զենք վաճառել ագրեսորին, որ անընդհատ սպառնում է նոր պատերազմով Կրեմլի այսպես կոչված ֆորպոստին:

Գորբաչովյան «պերեստրոյկան» իր գլխավոր խնդիրը չկատարեց՝ վերակառուցել, մարդկային դեմքի բերել Խորհրդային միությունը: Առավել եւս նա նպատակ չուներ վերակենդանացնել այլասերված Ռուսական պետականությունը՝ ապահովելով նրա տերիտորիալ ամբողջականությունը՝ հնարավոր մեծ տարածքով: Բայց «պերեստրոյկայի» գլխավոր նպատակներից մեկն էր երկրի հասարակարգի դեմոկրատացումը: Դա անխուսափելիորեն պետք է հանգեցներ երկրի փլուզմանը՝ արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այն փլուզվեց բոլշեւիկյան հակահեղափոխական հեղաշրջման հետեւանքով, երբ ժողովուրդները հեռացան ոչ թե Ռուսաստանից, որոնցից շատերը ազատագրվել էին նրա կողմից, կամ կամովին անցել նրա հովանավորության տակ, այլ անմարդկային, անաստված, ամեն տեսանկյունից անհանդուրժելի եւ անհեռանկար ռեժիմից:

Այն, ինչ բոլշեւիկները հրով եւ սրով վերագրավեցին եւ ստեղծեցին իբրեւ ապազգային, սուտ գաղափարայնացված պետություն՝ ԽՍՀՄ, այն այլեւս ազգային ռուսական պետություն չէր, երբ Ռուսաստան անունն իսկ վերացվեց: Եվ Չարի իշխանության ամբողջականությունը ապահովվում էր միայն բիրտ ուժով, բռնությամբ, հալածանքներով եւ ստով:

Ռուսաստանը եղավ առաջին բռնագրավված երկիրը, իսկ ռուսները՝ առաջին բռնադատված ազգը կոմունիստների կողմից: Երրորդ ինտերնացիոնալի ագենտների կողմից, ինչպես մարտնչող Ռուսաստանն էր անվանում կոմունիստ զավթիչներին, նրանց կողմից հրահրված քաղաքացիական պատերազմում:

Խորհրդային ռեժիմի տարիներին ամենից շատ կորուստներ, հայերի նման, տվեցին ռուսները: Երբ տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր հարազատ ռուսական տարածքներ արհեստական կերպով միացվեցին, այսպես կոչված, խորհրդային հանրապետություններին: ԽՍՀՄ-ի փլուզումը շանս էր տալիս ռուսներին, ինչպես հայերին, աբխազներին, օսեթներին եւ ուրիշներին, վերականգնել իրենց կորուստները:

Բայց առավելապես կորստի մատնված, խորհրդայնացված ռուսական ազգային ոգին եւ կամքը ոչինչ ավելի արժանապատիվ եւ արդյունավետ կերպով չդրսեւորվեց, քան ԳԿՉՊ-ի արկածախնդրությունը: Իսկ դրա հետեւանքով առաջացած փլուզման պահին ընկավ Բելովեժյան համաձայնագրերի թակարդը: Առանց պայմանի նախնական բանակցություններ վարելու նոր սահմանների վերբերյալ՝ Ելցինի ռեժիմը ճանաչեց խորհրդային հանրապետությունների անկախությունները: Երբ նա ամենեւին պարտադրված չէր դա անելու: Ազգային քաղաքական մտքի, ոգու եւ կամքի անկման ինչպիսի անդունդի պետք է հասած լինի այն քաղաքական վերնախավը, որպեսզի նրա ներկայացուցիչը՝ Վլ. Պուտինը հայտարարեր. «ԽՍՀՄ-ի փլուզման պահին Ռուսաստանը, որպեսզի խուսափի հարավսլավական սցենարից, գնաց պատմության մեջ օրինակը չունեցած զոհողությունների, հանձնելով տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր իր հարազատ հողերը»:

Ընդունա՞կ են, արդյոք, ռուսները վերջապես պսակազերծ անել այդ հրեշավոր սուտը: Մի՞թե կարելի է լրջորեն ենթադրել, որ մինի-կայսրությունները պատերազմ պիտի հայտարարեին Ռուսաստանին, եթե ռուսները, չընկնելով Բելովեժյան համաձայնագրերի ծուղակը, չճանաչեին մինի-կայսրություններին՝ առանց անհրաժեշտ բանակցությունների՝ որոշելու համար նոր սահմաններ՝ փոխարեն եղածի, մեծ մասամբ հանցավոր կերպով, հաստատված խորհրդային սահմանների, որոնք նշանակություն ունեին միայն խորհրդային պայմաններում: Ռուսները, թերեւս, պատերազմ չեն հայտարարում Ճապոնիային, երբ նա հրաժարվում է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, պահանջելով վերադարձնել ճապոնացիներին պատկանած կղզիները:

Այս պարտվողական եւ առանց անհրաժեշտության հաշտվողական քաղաքականության հետեւանքն է, որ կամք չի մնում՝ իրերը, երեւույթները իրենց անունով կոչելու համար:

Ռուսները իրականում ազատագրեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, ուր նրանք հայտնվել էին իրենց կամքին հակառակ՝ հանցավոր ռեժիմի անիրավ որոշումների հետեւանքով: Բայց համաշխարհային հանրությունը չի հասկանում եւ չի ընդունում կատարվածը իբրեւ ազատագրում, այլ հակառակը, իբրեւ զավթում: Եվ դա ամենեւին ոչ թե նրա համար, որ իբրեւ թե աշխարհը ի սկզբանե դեմ է ռուսներին, ինչպես կարծում են մոլորության մեջ գցված նրանցից շատերը: Իրողությունը Կրեմլի կողմից ներկայացվում է սուտ, իբր խորամանկ ձեւով: Այսինքն՝ Մոսկվան կշարունակեր ճանաչել Վրաստանի տերիտորիալ ամբողջականությունը, եթե վրացիները չհարձակվեին ռուս խաղաղապահ ուժերի վրա, չոչնչացնեին մի քանի ռուս քաղաքացիների: Ովքեր եւ ինչպես կարող էին չընդունել այն անվիճելի իրողությունը, եթե ռուսները պետական մակարդակով ընդունեին նախկին ռեժիմի հանցագործությունները, դատապարտեին դրանք եւ հայտարարեին, որ հրամայական պահանջ է այդ հանցագործությունների հետեւանքների անհապաղ սրբագրումը, ապահովելու համար խաղաղություն եւ կայունություն: Մի՞թե առաջադեմ աշխարհը, Արեւմուտքը, ԱՄՆ-ը պիտի հակառակեին կոմունիստական տոտալիտար ստալինյան ռեժիմի կողմից գործված հանցագործությունների ուղղման դեմ, պաշտպանեին այդ ռեժիմի կողմից ստեղծված հանցավոր, անօրեն սահմանները:

Նույն (ան)տրամաբանությամբ հայերը, իբր թե խորամանկություն, «ճկուն» դիվանագիտություն բանեցնելով, Արցախի, հարակից տարածքներով, ազատագրումը, Հայաստանի մասնակի տարածքային վերականգնումը, չգիտես ինչու՝ անվանում են «ղարաբաղցիների ինքնորոշում»:

Իհարկե, լավագույն վարիանտը կհանդիսանար, եթե հնարավոր լիներ վերջ տալ ազգամիջյան տարաձայնություններին, սահմանավեճերին, տերիտորիալ պահանջներին եւ ստեղծել Անդրկովկասյան միություն, ներգրավվելով Եվրամիության մեջ, ինչը իր գործելակերպով, իբրեւ ապագայի նպատակ, հետապնդում է Արեւմուտքը: Բայց սա անհնարին է դարձել Վրաստանը՝ վրացիներին, Ադրբեջանը՝ ադրբեջանցիներին հռչակված քաղաքականության հետեւանքով, երբ մերժվում են՝ հարգել ազգային փոքրամասնությունների ազատությունն ու ապահովությունը, նրանց ինքնավարության իրավունքները: Ադրբեջանը եւ Վրաստանը ամեն գնով, խաբեությամբ, զրպարտությամբ, օգտվելով Մոսկվայի անսկզբունք կեցվածքից, ջանում են պահպանել տոտալիտար ռեժիմից իրենց նվիրված, երբեք իրենց չպատկանած տարածքները:

Այս պայմաններում եւ իրողություններում, մինչեւ լավ ժամանակների գալը, խաղաղություն եւ տեւական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է իրատես քաղաքականություն վարել, ազգային-տերիտորիալ արդար տարանջատում ապահովել: Չեխոսլովակիայի տարանջատումը կայացավ քաղաքակիրթ եւ խաղաղ կերպով: Հարավսլավյանը՝ ողբերգական, արյունալի եւ կորուստներով, հատկապես սերբերի համար, նրանց նացիոնալ-բոլշեւիկ, անիրատես, անհաշվարկ ղեկավարների մեղքով, որոնք հույսները դրել էին, թերեւս, պանսլավիզմի վրա, չհասկանալով, որ խորհրդայնացվածությունից դեռ չձերբազատված ռուսները դեռ աննշան կապ ունեն մինչհոկտեմբերյան քրիստոնյա ռուս մեծ ազգի հետ: Ռուսաստանի ապախորհրդայնացումը, ապաբոլշեւիկանացումը կատարվում են դանդաղ եւ ցավագին:

Մի մոլորություն եւս: Կոսովոյի դեպքը ոչ մի կապ չունի Արցախի հիմնախնդրի հետ: Կոսովոն, սերբական այդ տարածքը ժամանակի ընթացքում դարձավ մեր Նախիջեւանը, ուր մենք ինչ-ինչ պատճառներով կորցրինք հայ բնակչությանը: Այդ իսկ պատճառով շատ դժվար է այն վերադարձնելը, ինչպես, օրինակ, Կարսը, Վանը, Սասունը եւ այլն: Ռուսները եթե ժամանակին ետ չվերցնեն իրենց պատկանած տարածքները, ասենք՝ Ղրիմը, ապա այն ոչ շատ հեռու ապագայում նախիջեւանացվելու է:

Արցախի եւ հարակից տարածքների՝ մնացած մայր հայրենիքի հետ դե ֆակտո վերամիացումից հետո, հնարավոր է հասնել դրա դե յուրե իրականացմանը: Սեւրի դաշնագրով դե յուրե ունեինք հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ երկրատարածք, սակայն այն դե ֆակտո իրականացնելու, երկրի պաշտպանողականությունը ապահովելու համար չբավարարեց հավաքական ոգի, հավաքական միտք, հավաքական կամք, հավաքական ուժ՝ դիմագրավելու համար քեմալա-բոլշեւիկյան արշավանքը: Այսօր, երբ արտաքին պայմանները ավելի բարենպաստ են, քան դարասկզբում, դասեր քաղելով անցյալի (տես թեկուզ միայն Լեո, «Անցյալից»-ը, «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը») սխալներից, հրամայական պահանջ է՝ ապահովել համայն աշխարհի հայության ամեն տեսակի ակտիվ մասնակցությունը հայոց պետականության վերկանգնմանը եւ զարգացմանը, նրա տարածքների ամբողջականության գեթ մասնակի վերականգնմանը, օգտվելով երկրորդ անգամ նորագույն պատմությունում ընծայված հնարավորությունից: Ժամանակը չի ներում եւ նա կարող է մեր օգտին չլինել: Այն դեպքում, երբ այս դարը կարող է Հայոց Դարը լինել:

Ընթերցել նաեւ՝

"Ուժասպառ են եղել և որոշել են հեռանալ»

Blaming “Soviet Legacy” is Convenient but Incorrect

 
1 comment
  1. Ամբողջ Անդրկովկասով ԵՄ-ին ինտեգրվելը ճիշտ ուղղություն է

    Հարգելի Կարեն Զալիբեկովիչ, Ողջունում եմ Ձեր ազգանվեր գործունեությունը` հատկապես արեւմտահայությանը կազմակերպելու ուղղությամբ: Պատմությունը ցուցանում է մեզ որ իրոք` մեր հիմնական խնդիրը միշտ եղել է անկազմակերպվածությունն ու անմիաբանությունը:

    Չկիսելով Ձեր որոշ տեսակետները Մարտի 1-ի եւ Արցախի անկախության գաղափարի վերաբերյալ, այդուհանդերձ, կարծում եմ որ այս հոդվածը անչափ արժեքավոր էր եւ թարմ գաղափարներով հարուստ: Դրանցից մեկը Ամբողջ Հարավային Կովկասով ԵՄ մտնելն է, ինչը մեզ ակնհայտորեն շահեկան դրության մեջ կդնի թե տարածաշրջանում եւ թե ամբողջ աշխարհում:

    Ակնհայտ է, որ ԵՄ-ը լավ համակարգ է մեզ համար, մանավանդ, որ 1. ԵՄ-ն մեր կարիքն ունի որպես հակակշիռ տարածաշրջանային շատ ուժերի եւ 2. Մենք էլ` լինելով կայսերական ազգ (պատահական չէ, որ մենք մեզ հատկապես լավ ենք զգում եւ դրսեւորվում կայսրություններում. Տիգրան Մեծ, ապա եւ Պարսկական, Օսմանյան, Ռուսական, հիմա էլ` ամերիկյան եւ եվրոպական) – կարիքն ունենք ԵՄ-ի:  Այնպես որ կոչ եմ անում հատկապես շեշտադրել այս ուղղությունը որը նաեւ բազմաթիվ դաշնակիցներ գտնելու լավ միջոց է թե Հայաստանում եւ թե Արեւմուտքում: Ռուսաստանը դեռ երկար է "շողուլի գալու" – այդքան սպասելու ժամանակ չունենք:

    Լավագույն բարեմաղթանքներով`

    Հովսեփ Խուրշուդյան

Comments are closed.

You May Also Like

Յանձնառու Արուեստագէտ մը

Մովսէս Ծիրանի, Մոնթրէալ,  13 Օգոստոս 2016   Մասնագիտութեամբ բժիշկ, սակայն էութեամբ արուեստագէտի խառնուածքի տէր, քանդակագործ՝ Մկրտիչ Տարագճեանի մէկ յատկանշական ցուցահանդէսի…
Read More