Խնդրագիր Զուիցերիոյ Առաքելական Եկեղեցւոյ

Խնդրագիր Զուիցերիոյ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ

Ամփոփագիր

Մենք, ստորագրեալներս, մեր կոչը կ՚ուղղենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հրաժարիլ իր որդեգրած ներկայի քաղաքականութենէն, ինչպէս՝տեղական եկեղեցիներու վերահսկման կեդրոնացում եւ անոնց առնչուող հարցերու վերաբերեալ միակողմանի որոշումներու կայացում: Մենք կը խնդրենք վերադառնալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ աւանդական ժողովրդավարական սկզբունքներու վերականգնման ու պահպանման: Այս պահանջը կը ներառէ հոգեւոր խնդիրներու (հոգևորականներու պատասխանատուութեան ոլորտ) եւ կառուցուածքային, տնտեսական, վարչական ու իրաւական խնդիրներու (աշխարհականներու կողմէ կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ յարգանքի վերահաւաստումը` մեր բոլոր համայնքներուն հետ, ինչպէս նաեւ այդ համայնքներու ու անոնց անդամ բոլոր հաւատացեալներու միջեւ կառուցողական երկխօսութեան սովորոյթի հաստատումը. Նաեւ` մեր հաւատացեալներու ցանկութիւնը հաշուի առնել ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովիւը:
 
 

Խնդրագիր Զուիցերիոյ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ

Ամփոփագիր

Մենք, ստորագրեալներս, մեր կոչը կ՚ուղղենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հրաժարիլ իր որդեգրած ներկայի քաղաքականութենէն, ինչպէս՝տեղական եկեղեցիներու վերահսկման կեդրոնացում եւ անոնց առնչուող հարցերու վերաբերեալ միակողմանի որոշումներու կայացում: Մենք կը խնդրենք վերադառնալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ աւանդական ժողովրդավարական սկզբունքներու վերականգնման ու պահպանման: Այս պահանջը կը ներառէ հոգեւոր խնդիրներու (հոգևորականներու պատասխանատուութեան ոլորտ) եւ կառուցուածքային, տնտեսական, վարչական ու իրաւական խնդիրներու (աշխարհականներու կողմէ կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ յարգանքի վերահաւաստումը` մեր բոլոր համայնքներուն հետ, ինչպէս նաեւ այդ համայնքներու ու անոնց անդամ բոլոր հաւատացեալներու միջեւ կառուցողական երկխօսութեան սովորոյթի հաստատումը. Նաեւ` մեր հաւատացեալներու ցանկութիւնը հաշուի առնել ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովիւը:
 
 

Արեւելահայերէն 

23 Յունիս, 2011

Բաց խնդրագիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

3 Յունիս 2011-ին, Զուիցերիոյ հայ համայնքը Էջմիածնի կայքէջէն տեղեկացաւ, որ Տ. Աբէլ քհնյ. Մանուկեանը, անցած 16 տարիներու իր յարգելի (եւ միակ օրինական) հոգևոր հովիւը, Ձեր կողմէ կարգալոյծ եղած է «կարգազանց ընթացքին համար», այն է`

•«Զուիցերիոյ մէջ հաստատուած կանոնական թեմի իրողութիւնը մերժելու,
•Նշանակուած առաջնորդական տեղապահի և Ժընևի Ս. Յակոբ եկեղեցւոյ հովիւի հանգամանքը չճանչալու, և,
•Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար»:

Մենք` ստորագրեալներս, Զուիցերիոյ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ մեծամասնութիւն ներկայացնող հաւատացեալներ, ինչպէս նաեւ անդամներ այլ եկեղեցական համայնքներէ, նաեւ հայեր համայն աշխարհէն` անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելիութենէ, կը յայտարարենք հետեւեալը.

Մենք կը դատապարտենք ոևէ քահանայի վերոյիշեալ (անհիմն) հիմքերով կարգալոյծ ընելու Հայրապետական տնօրինումը, զայն համարելով անընդունելի եւ չարդարացուած, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրէնքներէն ու աւանդոյթներէն բխող որեւէ ապացոյց կամ հիմք առ այդ չենք տեսներ:

Մենք կը յայտարարենք, որ Զուիցերիան միակողմանիօրէն թեմ հռչակելն ու զայն պարտադրելը կը հակասէ Զուիցերիոյ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ հաւատացեալներու մեծամասնութեան բացայայտ կամքին: Ասիկա ընդունելի չէ: Մենք կը յիշեցնենք բոլոր առնչուողներուն, որ Զուիցերիոյ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ընդհանուր Ժողովը երբեւէ հաստատած չէ Զուիցերիոյ մէջ թեմական կարգավիճակ մը:

Կը յիշեցնենք Վեհափառ Հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խորհուրդի անդամները չեն որ կը մերժեն կամ կը ճանչնան թեմը. վերջինս քննարկելը, զայն ընդունիլն ու անոր օժանդակելը հայ եկեղեցական համայնքներու լիարժէք իրաւասութեան խնդիրն է:

Մեզի համար Սբ. Էջմիածինը կենսական եւ ակնածելի հոգեւոր կեդրոն է, որուն եղած ենք և կը շարունակենք մնալ կապուած: Մենք ամբողջովին զօրավիգ ենք Սբ. Էջմիածնին՝ իբրեւ հաստատութիւն, եթէ ան կառավարուի անաչառ կերպով, եւ յարգանքով առ անոնց՝ որոնց կը ծառայէ:

Մենք կ՚եզրակացնենք, որ ներկայի իրավիճակն ու մթնոլորտը կը տանին մեր համայնքներու բաժանման և ապակայունացման, որը սոսկ փոքր խումբի մը կը ծառայէ, բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականութեան վրայ:

Մենք հաւատարիմ կը մնանք մեր Առաքելական Եկեղեցւոյ հիմքը կազմող աւանդական ժողովրդավարական սկզբունքներուն, ինչպես սահմանուած է դեռեւս 5-րդ դարուն գումարուած առաջին ազգային-եկեղեցական ժողովներով, եւ կը յարգենք քրիստոնէական արժէքներն ու վարքագիծը, եւ կ’որոշենք մեր տեսակէտները բացայայտ ու հրապարակային կերպով արտայայտելու:

Մենք կը խնդրենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնէն.

1.ընդառաջել մեր հաւատացեալներու ցանկութեան՝ ընտրելու իրենց հոգևոր հովիւը.
2.պահպանել մեր աւանդական իրաւունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգևոր խնդիրները (հոգեւորականութեան պատասխանատուութեան ոլորտ), տարանջատելով կառուցուածքային, տնտեսական, վարչական ու իրաւական խնդիրներէն (աշխարհիկ անդամներու կողմէ կառավարելիք հարցեր).
3.փոխել իր ներկայ քաղաքականութիւնն ու ուղղել ռազմավարութիւնը՝ յանուն հայ համայնքներուն մէջ և անոնց բոլոր հաւատացեալներուն միջեւ կառուցողական երկխօսութեան հաստատման. կը խնդրենք կեդրոնանալ հոգևոր և կրօնական խնդիրներու վրայ, և յանձնառու դառնալ որպէս մեր համայնքները միաւորող դրական ուժ, եւ ոչ թէ գործել որպէս կազմալուծման ու պառակտման գործօն:

Մենք հաստատ ենք մեր հաւաքական վճռականութեան մէջ, օժանդակելու` Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ ժողովրդավարութեան եւ թափանցիկութեան սկզբունքներու ամրապնդման:

Մենք, ստորագրեալներս, համաձայն եւ զօրավիգ ենք այս խնդրագրին եւ կը հրաւիրենք համայն աշխարհի մեր հայրենակիցները մեզի միանալու:



Շվեյցարիայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու խնդրագիր

23 հունիսի, 2011թ.

Ամփոփագիր

Մենք, ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հետ  կանգնել իր ներկայիս քաղաքականությունից, այն է` տեղական եկեղեցիների վերահսկման կենտրոնացում եւ դրանց առնչվող հարցերի վերաբերյալ միակողմանի որոշումների ընդունումը: Մենք խնդրում ենք վերադառնալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ավանդական ժողովրդավարական սկզբունքների վերականգնմանն ու պահպանմանը: Այս պահանջը ներառում է հոգեւոր խնդիրների (հոգևորականների պատասխանատվության ոլորտ) եւ կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրների (աշխարհականների կողմից կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ հարգանքի վերահավաստումը, մեր բոլոր համայնքների հետ, ինչպես նաեւ այդ համայնքների ու դրանց անդամ բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության սովորույթի հաստատումը. եւս մեր հավատացյալների ցանկությունը հաշվի առնելը՝ ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովվին:


 

Բաց խնդրագիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

2011 թվականի հունիսի 3-ին Շվեյցարիայի հայ համայնքն Էջմիածնի կայքէջից տեղեկացավ, որ Տ. Աբել քհն.Մանուկյանը՝ անցած 16 տարիների իր հարգելի (եւ միակ օրինական) հոգևոր հովիվը, Ձեր կողմից կարգալույծ է արվել «կարգազանց ընթացքի» համար, այն է.

•«Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու.
•Նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Ս. Յակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու, և,
•Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:»

Մենք, ներքոստորագրյալներս, ներկայացնելով Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ անդամների մեծամասնությանը, ինչպես նաեւ` եկեղեցական այլ համայնքների անդամներին եւ համայն հայությանը՝ անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելությունից, հայտարարում ենք հետեւյալը.

Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»՝ համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում: Հետևաբար, ինչ վերաբերում է շվեյցարահայ համայնքին, մենք կցանկանայինք որ նա շարունակեր Շվեցարիայում քահանայի պաշտոնակատարի իր ծառայությունը, այդ մասին որոշումը թողնելով եկեղեցական համայնքին:

Մենք հայտարարում ենք, որ Շվեյցարիան միակողմանիորեն թեմ հռչակելը եւ այն պարտադրելը հակասում է Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հավատացյալների մեծամասնության բացահայտ կամքին: Սա ընդունելի չէ: Մենք հիշեցնում ենք, որ Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ընդհանուր Ժողովը երբևէ չի հաստատել Շվեյցարիայի թեմը:

Հիշեցնում ենք Վեհափառ Հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խուրհուրդը չեն, որ մերժում կամ ճանաչում են թեմը; վերջինիս խնդիրը քննարկելը, այն ընդունելն ու դրան օժանդակելը հայ եկեղեցական համայնքների լիարժեք իրավասության խնդիր է:

Մեզ համար Սբ. Էջմիածինը կարեւոր եւ պատկառելի հոգեւոր կենտրոն է, որին մենք եղել և շարունակելու ենք մնալ կապված: Մենք այդպիսով լիարժեքորեն զորավիգ ենք Սբ. Էջմիածնին, իբրեւ հաստատություն, եթե այն կառավարվում է թափանցիկորեն, եւ հարգանքով առ նրանց, ում ծառայում է:

Մենք եզրակացնում ենք, որ ներկայիս իրավիճակն ու մթնոլորտը տանում են մեր համայնքների բաժանման և ապակայունացման, ինչը սոսկ փոքր մի խմբի է ծառայում՝ բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականություն վրա:

Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելական եկեղեցու հիմքում ընկած ավանդական ժողովրդավարական սկզբունքներին ինչպես սահմանված է դեռեւս 5-րդ դարում գումարված առաջին Ազգային եկեղեցական ժողովներում, հարգում ենք քրիստոնեական արժեքներն ու վարքագիծը, եւ որոշում ենք մեր տեսակետները բացահայտ ու հրապարակային կերպով արտահայտել:

Մենք խնդրում ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին.

1.ընդառաջել մեր հավատացյալների ցանկությանը՝ ընտրելու իրենց հոգևոր հովվին.
2.պահպանել մեր ավանդական իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգևոր խնդիրները (հոգեւորականության պատասխանատվության ոլորտ) տարանջատելով կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրներից (աշխարհիկ անդամների կողմից կառավարելիք հարցեր).
3.հետ շրջել իր ներկա քաղաքականությունն ու ուղղել ռազմավարությունը՝ հանուն հայ համայնքներում և դրանց բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման, խնդրում ենք կենտրոնանալ հոգևոր և կրոնական խնդիրների վրա, և հանձնառություն՝ դառնալու մեր համայնքները միավորող դրական ուժ, այլ ոչ թե գործել որպես կազմալուծման ու պառակտման գործոն:

Մենք ամուր ենք մեր հավաքական վճռականության մեջ` օժանդակելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքների ամրապնդմանը:

Մենք, ներքոստորագրյալներս, համաձայն եւ զորավիգ ենք այս խնդրագրին և հրավիրում ենք համայն աշխարհի մեր հայրենակիցներին միանալ մեզ:





 


You May Also Like