Խուսափել Նոր Պարտություններից, Կորուստներից

Հեղինակ՝ Կարեն Միքայելյան, Հայաստանի Հանրապետություն, 20 փետրվարի 2007

Կարո՞ղ է հայությունը խուսափել նոր պարտություններից, նոր կորուստներից
Հայոց ժամանակակից ազգային մտածելակերպ, համազգային ժամանակակից գործելակերպ
Հայոց պարտությունների եւ կորուստների (հատկապես վերջին հարյուրամյակում) հիմնական պատճառներից մեկը բացակայությունն է այնպիսի համահայկական կազմակերպվածության, որը հնարավորություն կընձեռեր ապահովելու համայն հայության (արեւելահայություն, արեւմտահայություն, գաղութահայություն) կարողությունների եւ միջոցների համատեղումը եւ նպատակային օգտագործումը, որի շնորհիվ կստեղծվեին միացյալ ջանքերով անհրաժեշտ քանակի եւ որակի ուժեր, կդրսեւորվեին հավաքական միտք եւ հավաքական կամք, կգործեին համաձայնեցված եւ պատասխանատվությամբ՝ դիմակայելու համար փորձություններին եւ մարտահրավերներին հատկապես ճգնաժամային, շրջադարձային պահերին։

Հեղինակ՝ Կարեն Միքայելյան, Հայաստանի Հանրապետություն, 20 փետրվարի 2007

Կարո՞ղ է հայությունը խուսափել նոր պարտություններից, նոր կորուստներից
Հայոց ժամանակակից ազգային մտածելակերպ, համազգային ժամանակակից գործելակերպ
Հայոց պարտությունների եւ կորուստների (հատկապես վերջին հարյուրամյակում) հիմնական պատճառներից մեկը բացակայությունն է այնպիսի համահայկական կազմակերպվածության, որը հնարավորություն կընձեռեր ապահովելու համայն հայության (արեւելահայություն, արեւմտահայություն, գաղութահայություն) կարողությունների եւ միջոցների համատեղումը եւ նպատակային օգտագործումը, որի շնորհիվ կստեղծվեին միացյալ ջանքերով անհրաժեշտ քանակի եւ որակի ուժեր, կդրսեւորվեին հավաքական միտք եւ հավաքական կամք, կգործեին համաձայնեցված եւ պատասխանատվությամբ՝ դիմակայելու համար փորձություններին եւ մարտահրավերներին հատկապես ճգնաժամային, շրջադարձային պահերին։
Այդպիսի կազմակերպվածություն բացակայում էր.

* Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ պետք էր ապահովել ժողովրդի անվտանգությունը։

Այդ նպատակին կարող էր ծառայել 1912 —ին Թիֆլիսում կազմավորված Ազգային բյուրոն, եթե այն ձեւավորվեր այնպես, ինչպես նախատեսված էր, որը կարողանար ներկայացնել տարբեր հոսանքներ՝ պահպանողականներից մինչեւ հեղափոխականներ, եւ որը կապահովեր հավասարակշռված որոշումների ընդունումն ու պատասխանատու գործելակերպի ընտրումը։ Բայց նրանից հետո, երբ Բյուրոն լքեցին պահպանողականները, այդ թվում Լեոն եւ Հովհաննես Թումանյանը, այն վերածվեց անհավասարակշռված եւ անվերահսկելի մարմնի։ Սկզբում ներսում, ներազգային պայքարի ասպարեզում պարտվեցին պահպանողական, պատասխանատու ուժերը եւ հետո ազգովին պարտվեցինք արտաքին հակառակորդներից։

Զանգվածային կոտորածները եւ Մեծ եղեռնը անխուսափելի չէին։

Ազգային գերխնդիր պետք է համարվեր ազգի ապահովությունը, աննպատակ, չարդարացված մեծածավալ զոհաբերություններից խուսափելը, սեփական հավաքական միջոցներ ստեղծելը եւ դրանցով գործելը եւ ոչ թե հույսը հիմնականում երրորդ ուժի, Հայոց հարցի միջազգայնացման վրա դնելը։ Ազգային գերխնդիր պետք է լիներ ոչ թե հեղափոխություններ բարձրացնելը, այն էլ սոցիալիստական, ոչ թե շտապողականություն ցուցաբերելը բարենորոգումների իրագործման ընթացքում, այն էլ արտաքին միջամտությամբ, ոչ թե, առավել եւս, պետության փլուզման նպատակ դնելը, (տես Արմեն Գարոյի, Սապահ—Գյուլյանի հուշերը), այլ ամեն գնով ժամանակ շահելը, իբրեւ գերխնդիր արեւմտահայության թվաքանակը բազմապատկելը, տասնապատկելը։ Արմեն Գարոյի իսկ վկայությամբ՝ 1908 — 1913 թթ. ետհեղափոխական տարիներին Ռուսաստան գաղթած հիսուն հազար արեւմտահայեր վերադարձան Արեւմտյան Հայաստան։

* Սովետա—քեմալական ագրեսիայի ժամանակ, երբ պետք էր ապահովել համապատասխան դիմադրություն։

Չնայած այն փաստին, որ 1919 —ին հռչակվեց Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, այնուամենայնիվ չհաջողվեց ստեղծել Միացյալ Կառավարություն (կազմված Արեւելահայերի եւ Արեւմտահայերի ներկայացուցիչներից)։ Հայության անհրաժեշտ քանակը եւ որակը չմասնակցեց հայկական պետականության վերաստեղծման, կառուցման, պաշտպանության եւ ապահովության գործին։

Համահայկական անհրաժեշտ կազմակերպվածության, հավաքականության, ազգային համաձայնու­թյան պայմաններում հնարավոր էր խուսափել 1917-1918 թթ. 1920 – 1921 թթ. կործանարար պարտություններից եւ կորուստներից։

* Գորբաչովյան, «պերեստրոյկայի» եւ դրան հաջորդած կատակլիզմների ժամանակ, երբ պետք էր համազգային ջանքերով քաղաքական շարժման լավագույն (ապահով եւ հեռանկարային) գործընթաց ընտրել։

Բաքվի, Նախիջեւանի, Գանձակի եւ այլ տարածքների հայաթափումը անխուսափելի չէր։ Շատ բան կախված էր ազգային մտածելակերպից եւ գործելակերպից։ Ազգային նպատակների, հիմնախնդիրների առաջնությունների որոշումից։ Ազատություն, զարգացում, հզորացում, թե միանգամից անկախություն, հողեր…

Թեեւ ստեղծվեց Հայոց համազգային անվանումով շարժում, բայց նա ոչ հայոց էր, ոչ էլ համազգային։ Ոչ խորհրդահայերը, ոչ էլ սփյուռքահայերը պատրաստ չէին անկախ, ազատ պետականություն վերականգնելու։ Մինչ այդ հարկավոր էր վերականգնել կորցրածը սովետների ժամանակ հայկական Անդրկովկասում (հատկապես Թիֆլիսում եւ Բաքվում, պահպանելով այն նորացող Ռուսաստանի կազմում ինչքան հարկավոր է, բարենպաստ ժամանակ շահելու համար), երբ գորբաչովյան վերափոխումները գործելու եւ ձեռքբերումների, ուժեղանալու հնարավորություններ էին ապահովում շատերի, այդ թվում եւ հայերի համար։

* Նույն իրավիճակը շարունակվում է մինչեւ այսօր։

Առանց անհրաժեշտ համապատասխան կառույցների ստեղծման, որոնք կկարողանան ապահովել համայն հայության զանգվածային մասնակցությունը համահայկական խնդիրների լուծմանը, անհնարին է հայկական պետականության կերտման, նրա հզորացման գործը հաջողությամբ պսակել, խուսափել նոր պարտություններից եւ կորուստներից։

Հայության ապահով եւ հեռանկարային զարգացման համար (պետականության լրիվ կայացումը, կյանքի բարձր մակարդակի եւ որակի ապահովումը, պետության տարածքային ամբողջականության աստիճանաբար վերականգնումը, Արցախի եւ ազատագրված տարածքների դե-յուրե վերամիավորումը հայրենիքի հետ, հայրենադարձության կազմակերպումը, պայքարը ուծացման դեմ եւ այլն) կարեւորագույն ռեսուրսը եւ գրավականը համապատասխան կերպով կազմակերպված սփյուռքը եւ համահայկական համագործակցությունը, համահայկական ծրագրերի մշակումը եւ իրագործումն են։

Հայ սփյուռքը հիմնականում Արեւմտյան Հայաստանի հայաթափման հետեւանք է՝ կազմված կոտորածներից, հատկապես Մեծ եղեռնից փրկված արեւմտահայերի ժառանգներից։

Այս իսկ պատճառով, սփյուռքի կազմակերպման ամենահարմար միջոցը կարող է հանդիսանալ Արեւմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայերի ժառանգների տարագրության մեջ իրենց սեփական լիազոր ներկայացուցչություն հիմնելը։

Ինչպես հայտնի է, արեւմտահայության ներկայացուցիչները իրենց իրավունքների պաշտպանության համար 1917 եւ 1919 թթ. Երեւանում անցկացրին երկու համագումար։ Հակառակ գործադրված որոշ ջանքերի, այնուամենայնիվ չհաջողվեց կազմել միացյալ կառավարություն՝ բաղկացած արեւելահայերի եւ արեւմտահայերի ներկայացուցիչներից։

Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու համար Երկրորդ համագումարի 1919 թ. փետրվարի 13-ի նիստում ստեղծված Գործադիր մարմնի ընտրած 12 արեւմտահայ պատգամավորներ տեղ գրավեցին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում։

1919 թ. փետրվարի 24–ից մինչեւ 1920 թ. հուլիսի 13–ը Փարիզում աշխատում էր Հայ ազգային համագումարը, որը եւս մի փորձ էր արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմին ստեղծելու։ Համագումարը կարող էր նույնիսկ համահայկական մարմնի բնույթ ստանալ, եթե նրա աշխատանքներին լիարժեք մասնակցեր Հայաստանի Հանրապետության բնակչության լիազոր ներկայացուցչությունը։ Դրա փոխարեն Հայաստանի Հանրապետությունից համագումարի աշխատանքներին մասնակցում էին երկու պատգամավորներ՝ խորհրդակցական ձայնով միայն։

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ա. Ահարոնյանի գլխավորությամբ եւ ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ 1919 թ. փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրին «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որը պարունակում էր հետեւյալ դրույթները. հայկական անկախ պետության ճանաչում հայկական յոթ նահանգների եւ Կիլիկիայի սահմաններում՝ դրանց միացնելով Կովկասի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դաշնակից տերություններից մեկին լիազորություն պետք է տրվեր՝ 20 տարով ստանձնելու Հայաստանի մանդատը։ Հայաստանը պետք է փոխհատուցում ստանար կրած կորուստների համար, պատերազմի տարիներին բռնի տեղահանված հայերը պետք է հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիքը։ Հայերի զանգվածային ոչնչացման մեղավորները պետք է պատժվեին։

Հայաստանի մանդատը ստանձնելու ամենահավանական թեկնածուն Ռուսաստանը կլիներ, որի զորքերը գրեթե ամբողջությամբ ազատագրել էին Արեւմտյան Հայաստանը, բայց բոլշեւիկյան հակահեղափոխական հեղաշրջումից հետո խորհրդայնացված Ռուսաստանը այլեւս դադարեց իրականում պատմական Ռուսաստանը լինելուց, եւ որն անցավ Ռուսաստանի ոխերիմ թշնամիների, պարտված Թուրքիայի ռեւանշիստական ուժերի եւ Գերմանիայի կողմը, դավաճանելով ոչ միայն իր իսկ՝ Ռուսաստանի ազգային շահերին, այլեւ նրա մեծ եւ փոքր դաշնակիցներին։

Խորհրդային Ռուսաստանի հակահայկական դիրքորոշման, մեծ տերությունների դավաճանական կեցվածքի պայմաններում հայկական պետականության կայացման, նրա պաշտպանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության հիմնական գրավականը այդ ճգնաժամային պահին կարող էր լինել միայն համայն հայության միացյալ ջանքերը արտացոլող կամքը եւ ուժը, որը հայության հատվածների ներկայացուցիչները չկարողացան ապահովել։

Անհրաժեշտ ուժի եւ կամքի բացակայության պայմաններում հայերը պարտություն կրեցին սովետա-քեմալական ագրեսիայից, Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց, օգոստոս 10, 1920 թ. Հայ-սովետական համաձայնագիրը բոլշեւիկները ուխտադրժորեն խախտեցին, Կարսը, Արդահանը հանձնեցին Թուրքիային, իսկ Ղարաբաղը եւ Նախիջեւանը՝ Ադրբեջանին, մնացած չնչին մասը բռնի խորհրդայնացվեց։ Մեծ Եղեռնից հետո երկրորդ մեծագույն աղետը՝ նորաստեղծ պետականության կործանումը, այդքան թանկ գնով ձեռքբերածի կորուստը կաթվածային հարված եղան հայության համար Հայկական հարցի լուծման ճանապարհին։

Եթե այդպիսին էր հայոց ազգային վերնախավի ինքնագիտակցության եւ կարողությունների մակարդակը, հայության միասնական գործելու հնարավորության աստիճանը, ուրեմն, իրոք, փրկություն կարելի էր սպասել միայն ամերիկյան մանդատից։ Նոր թուրքերի, քեմալականների, նոր ռուսների, բոլշեւիկների հետ աշխատելու համար պահանջվում էր համապատասխան քաղաքական, դիվանագիտական կարողությունների մակարդակ։ Պետականության վերականգնման գործում անհրաժեշտ էր ապահովել մասնակցությունը նաեւ այնպիսի անձանց, ինչպիսիք էին Նորատունկյանը, Պողոս Նուբար Փաշան, Պապաջանովը, Ջիվիլեգովը, բայց ոչ միայն նրանց, ովքեր սկզբում իրենց կամքով եկան Երեւան, իսկ հետո բոլշեւիկները բերեցին Բաքվից, Թիֆլիսից։

Իսկ այսօ՞ր, նոր պարտություններից ու կորուստներից խուսափելու համար հայության ազգային, քաղաքական վերնախավի ինչպիսի՞ մակարդակ եւ հայության կազմակերպվածության ի՞նչ աստիճան է պահանջվում։ Ինչպե՞ս հասնել այն գիտակցության, որ հայոց հարցի լուծման գործընթացին հայկական լոբբիզմի առաջնային խնդիրն է այսօր ոչ այնքան այն, թե ում կնշանակեն ամերիկյան դեսպան Երեւանում, այլեւ հասնել Մոսկվայի եւ միջազգային հանրության կողմից դատապարտմանը այն հանցագործության, որ իրագործեց կոմունիստական տոտալիտար ռեժիմը՝ կործանելով այդքան թանկ գնով ձեռք բերված Հայկական պետականությունը, մասնատելով եւ բաժան-բաժան անելով Հայաստանի Հանրապետությունը, եւ որը հիմք դրեց այսօրվա կոնֆլիկտին եւ ճգնաժամային վիճակին։ Եթե արտերկրի հայությունը գիտակցեր եւ հավատար, որ պատմությունը նորից հնարավորություն է տվել հայոց պետականությունը վերականգնելու, ինչպիսի՞ն կլիներ այսօր հայրենադարձությունը, վերաբնակեցումը, ի՞նչ քանակի եւ որակի բանակ կունենայինք, ինչպիսի՞ն կլիներ ազերի ղեկավարության կեցվածքը…

Մինչ այդ, Թուրքիայում իշխանությունը վերցրած ռեւանշիստական ուժերը բոլշեւիկների օգնությամբ վիժեցրին Սեւրի համաձայնագրի՝ հայերին վերաբերող որոշումների կատարումը։ Քեմալ Աթաթուրքը վերազավթեց Արեւմտյան Հայաստանը, եւ թուրքերը, բոլշեւիկները եւ կովկասյան թաթարները (ադրբեջանցիները) իրար միջեւ բաժանեցին Արեւելյան Հայաստանը՝ որպես Խորհրդային Հայաստան հայերին թողնելով միայն Երեւանի նահանգի մի մասը։

Հայկական հարցը թեկուզ մասամբ լուծելու վերջին փորձը տապալվեց Լոզանի կոնֆերանսում, երբ թուրքերը մերժեցին տարածքներ տրամադրել արեւմտահայ փախստականների վերադարձի համար։

Մի շարք երկրներ եւ կազմակերպություններ պաշտոնապես ճանաչեցին հայերի ցեղասպանության փաստը, իսկ Եվրախորհրդարանը 1987թ. հուլիսի 18-ի որոշմամբ Եվրախորհրդից պահանջեց «ներկա թուրքական կառավարության վրա ճնշում գործադրել 1915-1917 թվականներին կազմակերպված հայերի ցեղասպանությունն ընդունել տալու նպատակով եւ նպաստել Թուրքիայի եւ հայության լիազոր ներկայացուցիչների միջեւ երկխոսություն հաստատելուն»։

Որոշակի առարկայական եւ ենթակայական պատճառների հետեւանքով արեւմտահայերին չհաջողվեց, դժբախտաբար, ժամանակին հիմնել եւ պահպանել իրենց օրինական շահերը ներկայացնող լիազոր ներկայացուցչությունը։

Համայն հայության հատվածների միջեւ պարտականությունների եւ գործողությունների դերաբաշխումը (Հայոց հարցի լուծման ճանապարհի Արեւելահայ եւ Արեւմտահայ ուղղությունների ամրագրումը) կնպաստի ազգային խնդիրների լուծման արդյունավետությանը, կօգնի իր հարեւանների հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնվազեցնի նրա կախումը աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր հետեւանքներից։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որը կազմավորվել է խորհրդայնացված ռուսական կայսրության երկրորդ փլուզումից հետո՝ Արեւելյան Հայաստանի մի մասում՝ Խորհրդային Հայաստանի տարածքում, որը երկու անգամ փոքր է Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքից, դե-յուրե իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ արեւմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ներկայացնել իրենց շահերը եւ ի վիճակի էլ չէ ստանձնելու Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության ժառանգների ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ եւ բարդ խնդիրների լուծման առաքելությունը։

Այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանություններից չպետք է ակնկալել իրենց ուժերից վեր եւ իրենց բուն պարտականությունների (հանրապետության անվտանգության ու բարգավաճման ապահովումը, Արցախի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների դիմադարձումը) ոլորտից դուրս խնդիրների լուծումը։

Վերը շարադրված դրույթներից հետեւում է, որ հրամայական (ուշացած) անհրաժեշտություն է Արեւմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայերի ժառանգների Լիազոր ներկայացուցչական մարմինների (Ազգային ժողով, Ազգային խորհուրդ, հանձնաժողովներ) հիմնադրումը արեւմտահայերի համագումար հրավիրելու միջոցով։

Այդ ստեղծվելիք մարմինների նպատակների եւ խնդիրների շարքում կարող են լինել (առաջարկվում են քննարկման կարգով).

* Համահայկական այնպիսի ծրագրեր եւ նախագծեր մշակել եւ իրագործել, որոնք կնպաստեն ներկա հայկական պետականության, ներառյալ՝ Արցախի եւ ազատագրված տարածքների, արագընթաց զարգացմանը եւ հզորացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարգավաճմանը, իրավական ազատ ժողովրդավարության լիակատար կայացմանը, հայրենադարձության կազմակերպմանը եւ համաշխարհային մակարդակով հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը։

* Անմիջականորեն ներկայացնել արեւմտահայության օրինական իրավունքները եւ պահանջները միջազգային կազմակերպություններում, բանակցել թուրքական իշխանությունների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ, հասնելու համար հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, դատապարտմանը, բարոյական, նյութական եւ տարածքային վնասների հատուցմանը։

* Ապահովել արեւմտահայության ժառանգների անարգել եւ անվտանգ պայմաններում վերադարձը իրենց պատմական հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան։

* Նպաստել սփյուռքում արեւմտահայության ազգային նկարագրի եւ ազգային ինքնագիտակցության պահպանմանը։

* Հետամուտ լինել Արեւմտյան Հայաստանում հայկական մշակույթի հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը եւ այլն։

* Նպաստել ժամանակակից հայկական քաղաքական մտածողության ձեւավորմանը, որը հենված կլինի հատկապես վերջին հարյուրամյակի հայերի քաղաքական պատմության իրատես եւ գիտական վերագնահատման վրա, որ կարտացոլի ինչպես պարտությունները եւ կորուստները, այնպես էլ հաղթանակները եւ ձեռքբերումները օսմանյան, ռուսական, խորհրդային կայսրություններում եւ սփյուռքում, եւ ինչը հիմք կհանդիսանա դրսեւորելու նոր իրատես, պատասխանատու մտածելակերպ ու գործելակերպ մշակելու եւ որդեգրելու ժամանակակից հայկական քաղաքական վարդապետություն՝ խուսափելու համար նոր պարտություններից եւ կորուստներից, ապահովելու համար հայ ոգու եւ կամքի նոր սխրանքներ։

* Նպաստել միջազգային կյանքում ինքնուրույն հայկական գործոնի ձեւավորմանը, որ կարտացոլի այն ֆինանսա–քաղաքական ուժերի առաջացումը՝ հենված ազգային կապիտալի եւ ազգային մտավորականության միության վրա, որ կապահովի արտերկրի հայերի զանգվածային մասնակցու­թյունը այդ գործոնի ձեւավորմանը, եւ որը վերջապես հնարավորություն կընձեռի ազգին՝ տնoրինելու իր ճակատագիրը, խուսափելու համար նոր պարտություններից եւ կորուստներից։

Կարեն Միքայելյան Vestnic[at]yahoo.com

You May Also Like
Read More

1915-էն Առաջ Եւ Ետք

“Ինչ Կը Մտածէ Միւս Թուրքը” Շարքէն Պասքըն Օրան, «Ռատիքալ», 20 Նոյեմբեր 2011 Հայացուց՝ Գրիգոր Կէօքճեան, Պէյրութ «Հայերն ու…
Read More