Կամբաստանե՛մ Սփյուռքի Ղեկավարությունները

Գևորգ Յազըճեան, Պատմաբան, Անալիտիկոն, Ստեփանակերտ, 10 Ապրիլ 2018

Շարունակելով սովետական գործելակերպը՝ ՀՀ ղեկավարությունն առաջին իսկ օրից փորձեց իրեն ենթարկել սփյուռքը, հատկապես նրա ավանդական հատվածը, որը կազմավորվել էր հիմնականում Հայոց ցեղասպանության հետեւանքով: Գործի դրվեց մահակի եւ քաղցրաբլիթի ավանդական տեխնոլոգիան:

Եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականությամբ չկարողացավ չեզոքացնել սփյուռքի կուսակցական հատվածի մի մեծ մասին (իրեն չօգնեց նույնիսկ Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի «ներմուծումը»), ապա Ռոբերտ Քոչարյանի ու մանավանդ Սերժ Սարգսյանի նախագահության 10 + 10 տարիներին ավանդական սփյուռքը գնալով ավելի ու ավելի կառավարելի եւ յուրային դարձվեց: Տնտեսական մենաշնորհներ տալով, շքանշան-մեդալներ աներեւակայելի առատությամբ աջ ու ձախ շնորհելով եւ այլ մեթոդների կիրառությամբ սկզբում չեզոքացվեցին, այնուհետեւ գրպանային դարձվեցին այնպիսի համահայկական եւ ազդեցիկ կառույցներ, ինչպիսին են ՀՅԴ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)…

Գևորգ Յազըճեան, Պատմաբան, Անալիտիկոն, Ստեփանակերտ, 10 Ապրիլ 2018

Շարունակելով սովետական գործելակերպը՝ ՀՀ ղեկավարությունն առաջին իսկ օրից փորձեց իրեն ենթարկել սփյուռքը, հատկապես նրա ավանդական հատվածը, որը կազմավորվել էր հիմնականում Հայոց ցեղասպանության հետեւանքով: Գործի դրվեց մահակի եւ քաղցրաբլիթի ավանդական տեխնոլոգիան:

Եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականությամբ չկարողացավ չեզոքացնել սփյուռքի կուսակցական հատվածի մի մեծ մասին (իրեն չօգնեց նույնիսկ Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի «ներմուծումը»), ապա Ռոբերտ Քոչարյանի ու մանավանդ Սերժ Սարգսյանի նախագահության 10 + 10 տարիներին ավանդական սփյուռքը գնալով ավելի ու ավելի կառավարելի եւ յուրային դարձվեց: Տնտեսական մենաշնորհներ տալով, շքանշան-մեդալներ աներեւակայելի առատությամբ աջ ու ձախ շնորհելով եւ այլ մեթոդների կիրառությամբ սկզբում չեզոքացվեցին, այնուհետեւ գրպանային դարձվեցին այնպիսի համահայկական եւ ազդեցիկ կառույցներ, ինչպիսին են ՀՅԴ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)…

Սրանց հետեւեցին նաեւ ավանդական մյուս՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսակցությունները: Սերժ Սարգսյանն իր թիմի կարկառուն դեմքերի (առաջին հերթին՝ ՀՀ սփյուռքի «անփոխարինելի» նախարար Հրանուշ Հակոբյանի) աջակցությամբ վերջիններս պառակտեց: Հաջողությունը ամրապնդվեց, երբ ՌԱԿ-ի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ քիչ-շատ ընդդիմադիր հատվածը վերջերս ամբողջովին սերժահպատակ դարձավ՝ փորձելով ՀՀ իշխանություններին հաճոյանալով չեզոքացնել իրեն հակառակորդ խմբավորմանը, որն սկզբից եւեթ իր անվերապահ հավատարմությունը հայտնել էր ՀՀ իշխանություններին: Հակոբ Ավետիքյան-Երվանդ Ազատյան զույգի ղեկավարած առաջին թեւն ընդհարվեց Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ, ում հրապարակայնորեն խիստ քննադատելուց հաշված շաբաթներ անց նույն մամուլով ոչ միայն … ներողություն խնդրեց դեսպանից, այլեւ շտապեց ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել իբրեւ նախագահի (առ ոչինչ համարելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ երդման պարտադիր պահանջը): Այս կտրուկ շրջադարձի համար չուշացավ պարգեւատրումը՝ այս թեւի Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանը Սերժ Սարգսյանի ձեռքից վերջերս ստացավ «Երախտագիտության մեդալ»՝ Աստված գիտի մատուցած ի՜նչ ծառայությունների համար…

Ժողովրդավարություն քարոզող այս կուսակցության հակընդդեմ հատվածի (որը նույնիսկ գրանցված չէ ՀՀ-ում) Կենտրոնական վարչության փոխատենապետ, Հալեպից Երեւան տեղափոխված Լեւոն Բըլըխյանը անցյալ տարվա գարնանը կայացած մամուլի ասուլիսում նույնիսկ հայտարարեց, թե իրենց բոլոր քայլերը կատարում են Հրանուշ Հակոբյանի հետ խորհրդակցելուց հետո… Ժողովրդավար երկրում նման հայտարարությունը քաղաքական փոթորիկ կառաջացներ, առնվազն՝ հիշյալ տիկինը կազատվեր պաշտոնից, մինչդեռ ՀՀ-ում այն անցավ աննկատ…

Նույն ԿՎ ատենադպիր եւ Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սեւակ Հակոբյանը թերթի ս. թ. հունվարի 22-ի խմբագրականը նվիրել էր ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրմանը ՀՀԿ-ի կողմից: «Սերժ Սարգսեան Չըսաւ. «Ինձմէ Ետք Ջրհեղեղ» վերնագրված խմբագրականում Հակոբյանը գովերգում է Սարգսյանի իմաստնությունը՝ այս ընտրությունը հայտարարելով նրա «մեծահոգի եւ պատասխանատու մօտեցման» դրսեւորում, ու ավելացնում. «Ղեկավարի մը լաւագոյն արժանիքը իր յաջորդը պատրաստելուն կամ առաջադրելուն մէջ կը կայանայ եւ ոչ թէ հաւանական եւ կարողական (potential) ուժերը ճզմելուն, մեկուսացնելուն կամ վարկաբեկելուն մէջ»: Հիշեցնենք. այս տողերը տպագրվում էին այն օրերին, երբ Երեւանում ընթանում էին այդ կարողական ղեկավարներից շատերի խեղկատակ դատավարությունները…

Հասկանալի է, որ նման ստեր տարածող մամուլը կա՛մ ամբողջովին չէր անդրադառնալու ՀՀ-ում ապօրինություններին, համատարած փչացածության աղաղակող փաստերին ու իշխանական վակխանալիայի ամենատարբեր դրսեւորումներին, կա՛մ ընդհակառակը՝ գովերգելու էր այս նույն իշխանության «անգո» նվաճումները արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական եւ այլ ոլորտներում: Եթե ավելացնենք, որ անցյալ տարվա աշնանից «Զարթօնքի» լրատվական գործընկերներն են Հ1 հեռուստաընկերությունն ու «Արմենպրեսը»՝ պատկերն ամբողջական կդառնա…

ՍԴ Հնչակյան կուսակցության մամուլը ալեկոծ օվկիանոսում ղեկը կորցրած նավակի տպավորություն է թողնում. հակասական բնութագրումներով հրապարակումները հաջորդում են իրար, երբեմն էլ տպագրվում թերթերի …միեւնույն համարի միեւնույն էջում: Եթե ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Ավետիս Ռազմիկը (Փոշօղլյան) խստորեն քննադատում է ՀՀ եւ ԱՀ իշխանական շրջանակներում առկա բացասական երեւույթները, ՀՀ պաշտոնական աղբյուրներից (ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական, «Արմենպրես», ՀՀ նախագահի, կառավարության, Աժ, նախարարությունների եւ այլ գերատեսչությունների կայքեր) վերցրած լրատվությունը միմիայն վարդագույն է: Օրինակ, Կանադայում լույս տեսնող, ՍԴՀԿ պաշտոնաթերթ «Լուսաբաց» ամսաթերթի 2017թ. սեպտեմբերի 16-ի համարում կային այնպիսի հրապարակումներ, որոնք ինձ ստիպեցին նամակ հղել խմբագրությանը, որից մեջբերեմ հետեւյալ հատվածը.

«Իրարու ետեւէ կարդացի ՀՀ + Արցախի Հանրապետութեան մէջ ԶԱՅԱՑՈՒՆՑ թիւերով աճերու մասին տեղեկութիւններ. ՀՀ-ի օդանաւակայաններու ուղեւորահոսքը աճած է 25.4 տոկոսով, Արցախ այցելողներուն թիւը՝ 46 տոկոսով, տեղեկատուական արհեստագիտութիւնը՝ 38.2 տոկոսով, քոնեաքի արտադրութիւնը՝ 71.1 տոկոսով, գինիինը՝ 30 տոկոսով, ծիրանի արտածումը արձանագրած է ԱՆՆԱԽԱԴԷՊ ԱՃ, աշխատոյժի պահանջարկը ԲԱՐՁՐԱՑԱԾ Է: Է՛հ, այսքանն իսկ բաւարար պիտի ըլլար, որ տնտեսագիտութենէն բան մըն իսկ չհասկցող անձ մը եզրակացնէր, թէ այսպիսի ցուցանիշներ (երկնիշ թիւեր, այն ալ՝ ամենաքիչը 25.4 տոկոս, մաշալլա՛հ (արաբերեն բառ՝ աչքով չտալու իմաստով – Գ. Յ.) արձանագրող երկիրի մը ժողովուրդը պէտք է բարեկեցիկ կեանք ունենար: Մինչդեռ բոլորս ալ գիտենք, թէ ոչ միայն աղքատութիւնը չի նուազիր մեր հայրենիքին մէջ, այլեւ՝ ան ալ կ’աճի, նոյնպէս կ’աճի հայրենալքողներուն թիւը, ինչպէս դուք ալ գրած էք՝ Սարգսյանի չ-նախագահութեան 9 տարիներուն՝ առնուազն ՔԱՌՈՐԴ ՄԻԼԻՈՆ ՀԱՅ: Ինչո՞ւ չէք վերլուծեր այս հակասականութիւնը, ինչէ՞ն կը զգուշանաք կամ կը խուսափիք: Թէ ոչ «Լուսաբաց»-ի խմբագրութիւնն ալ յոյս ունի իր ԼՌՈՒԹԵԱՆ դիմաց արժանանալ անարժէք մետալ-շքանշան-պատուոգիրներուն՝ «Արարատ»-ի (ՍԴՀԿ Լիբանանի պաշտոնաթերթ – Գ. Յ.) խմբագիր տիկին Անի Եփրեմեանի եւ հայկական մամուլի շատ ու շատ պատասխանատուներու հանգոյն»:

Բարոյականության տեսակետից ամենից դժվարն ու ողբերգականը ՀՅԴ մամուլինն է: Վերջին 20 տարիներից շուրջ 15-ին մասնակից լինելով իշխանության, այսինքն՝ կրելով ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ+ԱՀ-ում ամեն արվածի եւ չարվածի համար, ՀՅԴ-ն ու նրա մամուլը փորձում են խուսափել հստակ դիրքորոշում արտահայտելուց հայրենական երկու պետություններում առկա հարցերի, մանավանդ՝ սփյուռքահայությանն անչափ հուզող եւ 1988-ի դեկտեմբերյան աղետի զոհերի ՎԱԹՍՈՒՆԱՊԱՏԻԿԻ (մի պահ պատկերացրեք ահավորության աստիճանը) չափով արտագաղթի փաստի համար: Բերենք մի քանի օրինակ Լիբանանում ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթի վերջին ամիսների համարներից:

Մի քանի հրապարակումներում խստորեն քննադատվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ապրած՝ Երեւանի Հանրապետության հրապարակից ընդամենը 100 մետր հեռու գտնվող բնակարանի պարզած խայտառակ վիճակը (աղբանոց եւ … զուգարան): Սակայն այդ բոլոր հրապարակումներում հեռավոր ակնարկ իսկ չկա այդ ամոթալի վիճակի համար ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մասին՝ կարծեք այդ վիճակը ստեղծողները կամ ՊԱՀՊԱՆՈՂՆԵՐՆ այլմոլորակայիններ լինեն, կամ էլ Դաշնակցության նկատմամբ անբարյացակամներ՝ կոմունիստներ, ՀՀՇ-ականներ եւ այլք:

«Ազդակի» 2017թ. փետրվարի 28-ի համարի 4-րդ էջում տպագրվել է երկար ժամանակ Երեւանում ապրած, հայրենական իրողություններին լավատեղյակ  Հովհաննես Չեքիջյանի «Ահազանգ՝ կազմակերպուած արտագաղթի մը» վերնագրված հրապարակումը: Հոդվածագիրը ցավով նշում է, որ ՀՀ անկախության վերահռչակումից առ այսօր «հայահաւաքի եւ հայրենադարձութեան պետական համապարփակ ծրագիր եւ ռազմավարութիւն չէ մշակուած»: Շա՜տ ճիշտ է ասված: Քիչ ետք նա շարունակում է, որ այս փաստը հետեւանքն է «իրերայաջորդ իշխանութիւններուն եսակեդրոն, անհեռատես ու ապազգային՝ վտանգաւոր ու հայրենակործան քաղաքականութեան»: Անշուշտ, ո՛չ հոդվածագիրը, ո՛չ էլ թերթի խմբագրությունն ընթերցողներին չեն հուշում, թե քառորդ դարից ավելի կյանք ունեցող ՀՀ-ի տարիների կեսից ավելին ՀՅԴ-ն գտնվել է իշխանության մեջ ու վարել, իրենց իսկ ակամա խոստովանությամբ՝ «եսակեդրոն, անհեռատես ու ապազգային՝ վտանգաւոր ու հայրենակործան քաղաքականություն»:

«Ազդակի» մշտական հրապարակագիրներից Սեդո Բոյաջյանը թերթի 2017թ. հուլիսի 24-ի համարի 4-րդ էջում լույս տեսած գրության մեջ քննադատում է ՀՀ իշխանական համակարգում դաշնակցական պաշտոնյաներին փչացածությամբ ամբաստանողներին, հայտարարելով, թե «ԼԱՓԵԼԻՔ ՈՉԻՆՉ ԿԱՐ, ՈՐՊԷՍԶԻ ԼԱՓՈՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ»: Սույն պարոնը պետք է մի պահ ինքն իրեն հարց տա, թե դաշնակցական ներկա կամ երբեմնի նախարարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, Աղվան Վարդանյանը  (որոնք որոշ ժամանակ նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ են եղել) ի՞նչ միջոցներով են կառուցել իրենց առանձնատները, ռեստորանները, սաունաները եւ այլ օբյեկտները:

Ճիշտ է ասված՝ մախաթը պարկում չես կարող պահել, եւ ՀՅԴ մամուլն ստիպված է երբեմն խիստ բնութագրումներ տալ ՀՀ իշխանություններին, սակայն առանց դրանք ուղեկցելու որոշակի անուններով, ոչ էլ դույզն ինքնաքննադատությամբ: Ըստ այդ մամուլի՝ ՀՀ-ում, իրոք, կան բացասական երեւույթներ, որոնք կան նաեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, եւ ՀՅԴ-ն մասնակցում է իշխանական կոալիցիաներին՝ այդ երեւույթները իբր վերացնելու կամ գոնե նվազեցնելու համար: Սակայն այս նեյնիմներն արդեն վաղուց չեն գոհացնում դաշնակցական եւ համակիր շրջանակներին: Նրանցից շատերն այցելում են Հայրենիք եւ իրենց աչքերով տեսնում քաղաքաբնակների ու հատկապես գյուղացիների ծանր կյանքը, փչացածության ահռելի չափերը, եւ սկսում են հաշիվ պահանջել կուսակցության ղեկավարությունից, ինչը լռեցվում է ամենատարբեր մեթոդներով, ընդհուպ ֆիզիկական բռնության կիրառումը (օրինակ՝ շարքային կուսակցական, Թուֆենքյան հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆֆի Տուտագլյանի խոշտանգումը Լիբանանում՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնի անմիջական մերձակայքում ս.թ. փետրվարի 26-ին):

«Ազդակի» ս.թ. հունվարի 30-ի համարի 4-րդ էջում լույս տեսած եւ իր հոր՝ ՀՅԴ Բյուրոյի երբեմնի անդամ Բաբկեն Փափազյանի մասին իր հրապարակման մեջ Անի Աստուրյանը գրում է նաեւ նրա հեղինակած մի պիեսի մասին. ըստ Փափազյանի՝ սովետական վարչակարգը մարդկանց ստիպում էր դառնալ «գող, աւազակ, թալանչի, մատնիչ, նենգ, դաւաճան, վախկոտ, սուտասան, ստոր, ստրկամիտ, ծախու, անուղղելի դասալիք»: Ընդամենը չորս տող ներքեւում Աստուրյանը հարց է տալիս. «Հապա ի՞նչ պիտի ըսէր (Բաբկեն Փափազյանը – Գ. Յ.) այսօր, եթէ տեսնէր, որ հայրենիքին մէջ կը տիրեն նոյնանման ածականներու տէր իշխանաւորներ ու մարդիկ»: Ինչպես ասում են՝ ի բերանոյ քումմէ դատեցար:

Սփյուռքահայ մամուլում իր անաչառությամբ առանձնանում է Փարիզի «Նոր Յառաջ» թերթը: Այն միակն է, որ ոչ միայն հետեւողականորեն գրում է հայոց հայրենական պետություններում իշխանությունների փչացածության ու դրանից բխող երեւույթների, այլեւ քաղաքական բանտարկյալների առկայության մասին ու մշտապես տպագրում «Սասնա ծռեր» խմբին աջակցող «Հայկական վերածնունդ» նախաձեռնության ֆրանսիական մասնաճյուղի բողոքի ցույցերի եւ այլ քայլերի մասին: Կան եւս մի քանի էլեկտրոնային կայքեր՝ համանման բովանդակությամբ:

Ընդհանուր վերցրած, ՀՀ իշխանությունները հաջողել են սփյուռքների, մասնավորաբար՝ ավանդական սփյուռքի կառույցների ղեկավարությունները լծել իրենց կառքին, ինչը նաեւ արտահայտվում է կրկեսային ցուցքերի վերածված Հայաստան-սփյուռք իրարահաջորդ համաժողովներում:

Սփյուռքյան կառույցների ղեկավարները, ՀՀ փչացած իշխանություններին իրենց ծափահարումներով կամ հայտնի ցուցապաստառի կապիկի՝ չտեսնել-չլսել-չխոսելու քաջածանոթ պահվածքով հանցակից են ՀՀ իշխանությունների հայրենաքանդության:

Նրանց կամբաստանե՜մ հայրենաքանդության հանցակցության, նաեւ սեփական ժողովրդին ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՒ համար:

 

4 comments
  1. Որպէս իրազէկ Լիբանանահայ Կամբաստանե՛մ

    Որպէս իրազէկ Լիբանանահայ, լի ու լի կ'երկրորդեմ ու կրկնապատկելով ձեր ըսածը. «Կամբաստանե՛մ Սփիւռքի Ղեկավարութիունները»:
     

  2. Կ՚ամբաստանեմ…

    Փառքի ու շքանշանի համար իրարու հետ մրցող սփիւռքի պուրժուայ ղեկավարներէն ասկէ աւելին մի՛ սպասէք եւ ո՛չ ալ ակնկալէք։ Ծափահարութեան կարօտ մեր ղեկավարութեան մեծամասնութիւնը «հացի եւ ջուրի նման» պէտք ունի նկատի առնուելու, նկարուելու, կարեւոր դիրք մը զբաղցնողի իր ինքնախաբէութիւնը արդարացնելու։ Նոյնը կը վերաբերի հոգեւոր դասուն, ՀԲԸՄ-ի պատեհապաշտ ու «պերճաբարոյ» կազմակերպութեան եւ այլն։

    «Աշխարհին մի նոր մաքրութիւն է պէտք», պիտի ըսէր Պարոյր Սեւակ։

    Մինաս Գոճայեան 

  3. I accuse the Armenian ecclesiastical authorities too

    Every accusation in this article is well-grounded. However, Mr. Yazijian forgets to mention our both hierarchical Sees, Ejmiadzin and Antelias, who also bear on their conscience the guilt of not exercising their duty to remind and reprimand the authorities in Armenia of rampant injustice and corruption in the country, as a result of which more than one million Armenians fled. The role of the church in a society should be a constructive one promoting morality and high standards of ethics. Otherwise the church is a useless entity.

    We know that Mr. Garegin II bought his Catholicosate through the efforts of Louise Simon, otherwise he is unworthy to occupy the throne of Gregory the Illuminator, and canonically he does not have the right to be a catholicos because he is not celibate, but a married man with children. He is only good in conniving with any authority that comes to power in Armenia, and I hope that the new government of Armenia demands his resignation in order to be replaced by someone else who is spiritual and has high moral standing, and not a businessman like him.

    On the other hand Aram I is spineless, and is under the thumb of Dashnaktsutyun, who were accomplice with the so-called Republican thieves and oligarchs of Armenia.  

  4. K II Dismissal

    Now that the people of Armenia have gotten rid of oligarch-in-chief Serge Sargsyan, when will the clergy dismiss co-oligarch Karekin II, the so-called "Catholicos of All Armenians"?

    K II reportedly has three wives, one or two daughters, has dismissed scores of dedicated priests, owns a Yerevan apartment and a taxi company and has illegal overseas bank accounts. Among his many crimes was appointing his brother (a junior in the Church hierarcy) as head of the Armenian Church in Russia. We also know that his election was fraudulent. In addition, there have been rumors that he was very intimate with a certain woman who had relations with the AGBU. If the clergy don't defrock K II the people of Armenia should march on Echmiadzin and demand his resignation.

    Perhaps it's time Keghart re-published its expose of K II which the site published several years ago.

Comments are closed.

You May Also Like
Read More

Ո՞վ է Հայը…

Երվանդ Խոսրովյան, Եվրոպայի հայերի համագումար, 26 հոկտեմբեր 2010 Վերջին օրերին նորից այն հին նվագն է նվագվում, թե ով…
Read More