Հաղթանակը Մեր Ձեռքից Բաց Չենք Թողնի

Միքայել Կարապետյան, Թորոնթո, 3 Մայիս 2018

Էն որ ասում էին «… սերունդ պիտի փոխվի, մի հատ էլ չէ` մի 2 հատ…»` փոխվել ա փաստորեն, եվ երեվի թե հենց սերնդափոխությանն ենք պարտական այսօրվա հաղթանակը:Կեցցեն մեր երիտասարդները որ կարողացան խանդավառել նաև ավելի ավագներին և նույնիսկ դեռահասներին, ովքեր մի գուցե չեն գիտակցում կատարվածի լրջությունն ու խորությունը, բայց վստահաբար իրենց ծնված օրից լսում եվ զգում են ծնողների դժգոհությունն ու անբավարարվածությունը:

Չնեսեմացնելով գեթ մեկ վարկյան Նիկոլ Փաշինյանի` Աստծո կողմից տրված տաղանդը և չկասկածելով գեթ մեկ վարկյան, որ նրա անունը ոսկե տառերով է գրվելու Հայոց Պատմության էջերում, կուզենայի նշել նաև այն պայքարները որոնք իրենից առաջ մղել էին Սարդարապատ շարժումը, Նախախորհրդարանը, Հայկական Վերածնունդ շարժումը սփյուռքում: Ցավալիորեն այս շարժումները խեղդվեցին հենց իրենց սաղմում: Նիկոլին հաջողվեց այդ սաղմը զարգացնել, անց կացնել երկունքի ցավերով և լույս աշխարհ բերել շա՜տ երկար սպասված, առողջ և բարձր ճիչով մի “Մանկիկ”:

Ապրիլյան քառօրյան մի այլ կերպով համախմբեց ողջ աշխարհի հայությանը, սակայն այդ համախմբվածությունը պարուրված էր սգով ու վշտությամբ: Հենց այն ժամանակ էլ շատերին հայտնի դարձան բանակի ոլորտում խայտառակ յուրացումների մասին փաստերը և շրջան(ները) հանձնելու վերահաս վտանքգը որը կանխարգելելու եկավ 2016-ի Հուլիսյան ապստամբությունը,

Այնժամ դարձյալ բոլորիս սրտերը սկսեցին բաբախել նույն ռիթմով: Բայց այսօրվա համախմբությունը ՀՐԱՇՔ է.

Մեկ զարկով է բաբախում մի ողջ ազգի սիրտ, Հայաստանում և նրանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու: Դրսում գտնվող յուրաքանչյուրս սերտ կապված ենք Հայրենիքի հետ: Մեր սեփական «պրիզմա»-յով ենք անցկացնում արևմուտքի` իդեալականից հեռու, սակայն կայուն, անկախ դատարաններով համակարգը, ինչպես նաև այլազգերի օրինապաշտության և հաջողությունների գաղտնիքը:

Մի գուցե, այս տասնամյակների ընթացքում, միասնական նաև մենք էլ` դրսում ապրող հայերս, կոտրել ենք տեղեկատվական այն ահռելի պատնեշը, որը արհեստականորեն ստեղծված էր Հայաստանում բնակվող հպարտ և անկոտրում հայրենակիցների մոտ Հ1 տիպի ալիքներով և մեր այդքան սիրելի ռուսական ԶԼՄ-ների կողմից:

Հիրավի թե «ինֆորմացիոն դարում ենք ապրում» արտահայտությունն այս համատեքստում ոչ միայն պաթոսային մի խոսք է, այլև իրականություն, որին մենք ականատես եղանք: Սահուն անցնեմ նորագույն տեխնոլոգիաներին` որոնք բնավ չեն սահմանափակվում ՖԲ-ի օգտատեր լինելու լոկ փաստով:

Ի՞նչ ճանպարհներով է այդ տեղեկատվական փոխանակումը տեղի ունենում, բացի ավանդական հեռախոսազանգերից: Այսբերգի վերևում նշմարվում է միանշանակ Ֆեյսբուքը, Վոթսափը, Վայբերն ու Սքայպը: Բայց զգուշորեն պնդեմ, որ այս ժամանակակից տեխնոլոգիաները (որոնց օգտատերերի զգալի զանգված են կազմում մեր երիտասարդները) դեռ բնավ ամբողջական խճանկարի պատկերը չեն հավելում:

Իսկ ինչու՞ 2-3 սերունդ չսպասեցինք: Մեր երիտասարդները, իրենց սրտի և ուղեղի ֆիբրերով էին զգում, որ այլևս չի կարող այսպես շարունակվել, որ հիմնային , մեծ փոփոխություններ են պետք:

Այժմեական աշխարհում տարեցտարի ավելացող ինֆորմացիոն հոսքը էքպոնենցիալ աճ է արձանագրում. լինի դա տեղեկատվության վերամշակման, թե նորագույն հետազոտությունների ասպարեզում` էականն այն է, որ ինֆորմացիայի և նորամուծությունների կտրուկ սրընթաց է նկատվում:

Այ հենց այս փաստի գիտակցությունը , կամ ենթագիտակցաբար, ողնուղեղով «զգալը»` դրսի աշխարհի հետ հաղորդակցվելիս, և մյուս կողմից Հայաստանի ներսում հին խորհրդային ոճով կառավարման մոդելն են ժխտել երիտասարդները իմ կարծիքով, քանի որ այդ երկուսը անհամատեղելի են իրար հետ երկարաժամկետ հեռանկարում:

Մի գուցե հենց դրա համար էր որ չսպասեցինք 2-3 սերունդ 🙂

Կեցցե՜ մեր Միասնությունը, Կեցցե՜ այս Սիրո մթնոլորտը և Կեցցե՜ այն Հայաստանը, որն արդեն այսօր եկել է:

Անելիքները շատ են, բայց համոզմունքը հասունացած է, վերջնական և արդեն իսկ մեր կողմից պարտադրված կամքով դե-ֆակտո ամրագրված ամենուրեք` հաղթանակը մեր ձեռքից բաց չենք թողնի:

You May Also Like
Read More

Կրակը մարե՛լ պէտք է

Սոյն ելոյթը արտասանուած է 10 Փետրուար 2014-ին Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային ԱՄՆ–ի Արեւմտեան Թեմի Առաջնորդարանին մէջ տեղի ունեցած Սուրիահայութեան…
Read More