Տօքթ. Եղիկ ՃԷրեճեան, Հայաստանի Հանրապետութիւն, 26 Օգոստոս 2014
Եղիկ ՃԷրեճեանը ծնուել է Բէյրութում: 1984-ին աւարտել է Երեւանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը: Չորս անգամ անընդմէջ (1992, 1996, 2000, 2005) ընտրուել է Լիբանանի խորհրդարանի անդամ՝ մայրաքաղաք Բէյրութի շրջանից: Այդ տարիներին աշխոյժ մասնակցել է Լիբանան-Հայաստան միջխորհըրդարանական ու միջպետական յարաբերութիւնների մշակմանը: 1996թ. մաս է կազմում ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան: ՃԷրեճեանը Հեղինակել է մի շարք պատմագրական գրքեր. նրա գրչին են պատկանում նաեւ մի շարք գիտական ուսումնասիրութիւններ: Ներկայացնում ենք Եղիկ Ճէրէճեանի յօդուածը Հիւսիսային Իրաքում Սինճար լերան շրջանում բնակուող եզդիների նկատմամբ տեղի ունեցող ոճրագործութեան վերաբերեալ: ԽՄԲ.
Այս օրերին, կարելի չէ պաղարիւնութեամբ եւ անտարբեր աչքերով նայել զանգուածային լրատուական միջոցների կողմից փոխանցուող այն տեսարաններին, որոնք ցոյց են տալիս, թէ ինչ է կատարւում Սինճար լերան վրայ, եզդի ժողովուրդին հետ: Բառիս իսկական առումով ցեղասպանութիւն է դա, իր ամենավայրագ, լպիրշ ու անմարդկային ձեւերով:
Հայերս նման պարագաներում սովորութիւն ունենք, թերեւս անգիտակից մղումով, մեր տեսածն ու լսածը համեմատել, զուգահեռներ անցկացնել Հայոց Ցեղասպանութեան հետ: Եւ այպանելի չէ դա: Ցեղասպանութեան նման մի ահռելի ոճիր մարդկանց մտքին ու հոգուն վրայ թողնում է այնպիսի խոր հետք, որ դարեր էլ անցնեն, առաջին իսկ առիթին վերադարձ է լինում դէպի այդ յիշողութիւնը:
Տօքթ. Եղիկ ՃԷրեճեան, Հայաստանի Հանրապետութիւն, 26 Օգոստոս 2014
Եղիկ ՃԷրեճեանը ծնուել է Բէյրութում: 1984-ին աւարտել է Երեւանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը: Չորս անգամ անընդմէջ (1992, 1996, 2000, 2005) ընտրուել է Լիբանանի խորհրդարանի անդամ՝ մայրաքաղաք Բէյրութի շրջանից: Այդ տարիներին աշխոյժ մասնակցել է Լիբանան-Հայաստան միջխորհըրդարանական ու միջպետական յարաբերութիւնների մշակմանը: 1996թ. մաս է կազմում ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան: ՃԷրեճեանը Հեղինակել է մի շարք պատմագրական գրքեր. նրա գրչին են պատկանում նաեւ մի շարք գիտական ուսումնասիրութիւններ: Ներկայացնում ենք Եղիկ Ճէրէճեանի յօդուածը Հիւսիսային Իրաքում Սինճար լերան շրջանում բնակուող եզդիների նկատմամբ տեղի ունեցող ոճրագործութեան վերաբերեալ: ԽՄԲ.
Այս օրերին, կարելի չէ պաղարիւնութեամբ եւ անտարբեր աչքերով նայել զանգուածային լրատուական միջոցների կողմից փոխանցուող այն տեսարաններին, որոնք ցոյց են տալիս, թէ ինչ է կատարւում Սինճար լերան վրայ, եզդի ժողովուրդին հետ: Բառիս իսկական առումով ցեղասպանութիւն է դա, իր ամենավայրագ, լպիրշ ու անմարդկային ձեւերով:
Հայերս նման պարագաներում սովորութիւն ունենք, թերեւս անգիտակից մղումով, մեր տեսածն ու լսածը համեմատել, զուգահեռներ անցկացնել Հայոց Ցեղասպանութեան հետ: Եւ այպանելի չէ դա: Ցեղասպանութեան նման մի ահռելի ոճիր մարդկանց մտքին ու հոգուն վրայ թողնում է այնպիսի խոր հետք, որ դարեր էլ անցնեն, առաջին իսկ առիթին վերադարձ է լինում դէպի այդ յիշողութիւնը:
Սակայն այս պարագայում հարցը տարբերւում է: Միայն անգիտակից մղումը չէ, որ մեզ տանում է դէպի Սինճար լերան եզդի ժողովրդին հետ կատարուող ցեղասպանութեանը: Կան շատ աւելի հիմնաւորուած պատճառներ. դրանք պատմական այն անհերքելի փաստերն են, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպէս հայ ժողովրդի արհաւիրքի օրերին Սինճարի եզդիները իրենց եղբայրական ձեռքը մեկնեցին արաբական անապատներում անօգնական մնացած, աշխարհից լքուած եւ ստոյգ մահուան դատապարտուած հայ ժողովուրդի բեկորներին:
Ամէն ինչ սկսւում է նրանից, երբ հնչակեան երիտասարդ գործիչ Արսէն Կիտուր (Պայազիտ,1883-1976, Պէյրութ), 1914-ին աւարտում է Կ. Պոլսի պետական բարձրագոյն ուսուցչանոցը: Օրէնքի համաձայն, նա որոշ ժամանակ ուսուցչութիւն էր անելու մեծ քաղաքներից դուրս, ծայրամասային վայրերում: Ա. Կիտուրին բաժին է հասնում Պաղտատի պետական դպրոցը: Նա տեղափոխւում է Պաղտատ եւ անցնում իր աշխատանքին: Վրայ է հասնում Ա. Համաշխարհային Պատերազմը: Ա. Կիտուր ձերբակալւում ու բանտարկւում է: Արաբ ազգայնական սպաների օգնութեամբ նա փախչում է բանտից: Նրա օրինական կեցութիւնը Պաղտատում դառնում է անհնար: Հասան ծածկանունով, որպէս թուրք ընդդիմադիր իթթիլաֆական սպայ, միանում է Նաժաֆում եւ Քարպալայում գործող արաբ ապստամբապետ Աճամիի ուժերին, որոնք հարուածներ էին հասցնում թրքական բանակի թիկունքին: Այդ օրերի մասին Ա. Կիտուր յուշերում գրում է.
«Պարենաւորումիգործը կը կազմակերպէի: Փաթթած ակալ ու քէֆէն, որ այդ ատենուան Արաբիոյ թուրք սպաներու համազգեստն էր: Կը կրէի նաեւ ենթասպայի համազգեստ: Թուրք զինուորը կ’որսացուէրիբր սեւ աղուէս, որուն մորթը այնքան յարգի էր: Ստիպուած էի երթալ մինչեւ Եփրատ գետին ափերը, ուր կը գտնուէին Ռավիներու թեքքէները եւ անոնց միջոցով սննդեղէն հասցնելու ապստամբ արաբներուն: Ռավիներու իշխանութիւնը կը տարածուէր մինչեւ Տէր Զօր եւ Ռաքքա»1:
Իր թափառումների ընթացքում, Ա. Կիտուր ականատեսն է լինում հայ գաղթականների ողբերգական վիճակին: Նա փորձում է որբահաւաք կազմակերպել: Սակայն գործի տարողութիւնը մի հոգու ուժերից վեր էր: Այդ օրերին Ա. Կիտուր այցելում է նաեւ Սինճար լերան եզդիներին: Շուտով նրա ու եզդիների կրօնապետ շէյխ Միր Իսմայիլի միջեւ ստեղծւում է բարեկամական անկեղծ կապեր: Միր Իսմայիլ խոստանում է օգտակար դառնալ Ա. Կիտուրի մարդասիրական գործունէութեան: Մեծ թւով հայ գաղթականներ մահուան ճանկերից ազատւում եւ ապաստան են գտնում Սինճար լերան եզդիների մօտ, որտեղից մաս առ մաս նրանք տեղափոխւում են Պաղտատ: Հայ գաղթականին համար Սինճար լեռը դառնում է փրկութեան խորհրդանիշ:
Ա. Կիտուր թարգմանիչի պաշտօն է գտնում անգլիական բանակի հրամանատար զօր. Մոդի մօտ (նա տիրապետում էր հայերէն, օսմաներէն, ռուսերէն, ֆրանսերէն եւ անգլերէն լեզուներին): Իր այդ պաշտօնով նա յարաբերութեան մէջ է մտնում Պարսկաստան յառաջացած ռուսական բանակին հետ: Անցնում է ռուսական բանակի կողմը: Ապա, իր ետին թողնելով կինն ու երեք ամսական դուստրը, նահանջող ռուսական բանակին հետ արկածալից մի ճամբորդութեամբ, հասնում է Թիֆլիս ու Միջագետքի անապատներում գտնուող հայ ժողովուրդի խլեակներին մասին ականատեսի թարմ վկայութեամբ զեկոյցներ է տալիս Ազգ. Բիւրոյին եւ ազգ.-կուսակցական այլ մարմիններին: Անցնում է Երեւան, ուր աշխոյժ մասնակցութիւն է բերում ազգային հասարակական կեանքին եւ զինուորական գործողութիւններին:
Ա. Կիտուրի կատարած մի հեռատես քայլն էլ լինում է այն, որ, նախքան Սինճարից հեռանալը, նա եզդիների հոգեւոր գերագոյն պետից՝ Միր Իսմայիլից ձեռք է բերում համայն եզդիներին ուղղուած մի կոնդակ, ուր կրօնապետը յորդորում էր իր ազգակիցներին հաւատարիմ բարեկամները լինել տառապեալ հայ ժողովուրդին: Այս կոնդակի թողած ներգործութեան մասին, պետական եւ դաշնակցական գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանը վկայում է. «Արսէն Կիտուրի շնորհիւ էր որ ստացուեց եզդի շէյխի կոնդակը եզդիներին ուղղուած, որով կը յանձնարարուէր բոլոր եզդիներին իրենց բաղդը կապել հայութեան եւ Հայաստանի հետ եւ հայ կուլտուրան ընդունիլ իբր իրենց սեփականութիւնը: Այդ կրօնական հրովարտակը, գրուած եզդի կրօնական եւ աշխարհական պետի կողմից, ունէր իր բարոյական մեծ նշանակութիւնը եւ Հայաստանի հայ, եզդի միացումը մասամբ այդ հրովարտակին կը պարտինք»2:
Շատ չի անցնում, եւ Հայաստանի եզդիները գործնական գետնի վրայ ապացուցում են որ հաւատարիմ են հայ-եզդի բարեկամութեանը: Դրա վառ օրինակն է հանդիսանում Ջահանգիր աղայի գլխաւորութեամբ եզդիական աշխարհազօրային խմբի մասնակցութիւնը Սարդարապատի ճակատամարտին: Տասնամեակներ են անցնում, եւ եզդի երիտասարդներն իրենց կամաւոր մասնակցութիւնն են բերում Արցախի ազատագրական պայքարին ու այնուհետեւ հաւատարմօրէն ծառայում հայկական բանակում: Եզդիները չեն մոռանում՝ երբ, որտեղից եւ ինչպէս ստեղծուեց այդ բարեկամութիւնը:
1995թ. Երեւանում կայացած ՍԴՀԿ 16-րդ համագումարում հիւրի կարգավիճակով ներկայ գտնուող եզդիների առաջնորդ Հասան Հասանեան իր ելոյթում ասում է. «Հնչակեանների եւ եզդիների գործակցությիւնը, սկսուելով 19-րդ դարի վերջին քառորդում, առաւել զարգացել է 1915-20 թուականներին: Եզդիների Միր Իսմայիլի եւ Հնչակեան Կուսակցութեան պատասխանատուներից՝ Արսէն Կիտուրի համատեղ գործողութիւններն են եղել այդ զարգացման հիմքը: Ա. Կիտուրի եւ Միր Իսմայիլի փայլուն գործերից մէկն ալ այն է, որ նրանք 1918թ.-ին 600 հայ ընտանիքներ փրկելու նպատակով, որոշել են նրանց տեղափոխել եզդիաբնակ գիւղեր, մինչեւ որ կարողանան անվտանգութեան պայմաններում հայրենադարձել: Այդ նպատակով նրանք դիմել են անգլիական հրամանատարութեանը՝ զինուժ խընդրելով: Ա. Կիտուրի եւ Միր Իսմայիլի դժուարին ու վտանգաւոր, սակայն ազգանուէր գործը պսակւում է յաջողութեամբ. ինչպէս 600 հայ ընտանիքներ, այնպէս էլ բազմաթիւ եզդիներ փրկւում են արիւնարբու թշնամու կոտորածից»3:
1919թ. Յունուարին, Ա. Կիտուրը մասնակցում է Արեւմտահայ Խորհուրդի Բ. համագումարին եւ ընտրւում նրա գործադիր մամնին անդամ: Մայիսին, արեւմտահայ 12 պատգամաւորների կազմում անդամակցում է ՀՀ փառլամենդին: Մասնակցում է Միացեալ Հայաստանի հռչակման պատմական ակտին: Սակայն Ա. Կիտուրի տարերքը այլ էր: Նա դիմում է վարչապետ Ա. Խատիսեանին ու նրանից ստանում «ՀՀ լիազօր նեկայացուցիչի» հաստատագիր եւ վերադառնում Իրաք: Շարունակում է գաղթահաւաքի իր աշխատանքները՝ միշտ իր կողքին ունենալով եզդիների նեցուկը: Ապագայում, խորհրդային իշխանութեան օրերին, նա նշանակւում է Հայաստանի Օգնութեան Կոմիտէի (ՀՕԿ) Իրաքի ներկայացուցիչ: Իր այս պաշտօնով նա յաջողում է անապատներից հաւաքուած շուրջ 20.000 հայերի տեղափոխել Հայաստան: Ա. Կիտուր չէր կարողանայ իր ազգանուէր գործում յաջողութեան հասնել, եթէ իր կողքին չունենար եզդիների անկեղծ գործակցութիւնը:
Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Սինճար լերան եզդիների վերաբերմունքը հայերի հանդէպ, միայն Ա. Կիտուրի գործունէութեամբ չի սահմանափակւում: Կիլիկեան շրջանի մի այլ հնչակեան գործիչ, արդէն յեղափոխական պայքարի աւելի քան քսան տարուան վաստակ թողած Կարապետ Կէօվտէրէլեան (Ատանա,1843-1928, Ատիս Ապապա), 1915-ին իր ժողովուրդին հետ բռնում է աքսորի ճամբան: Սակայն նրա աքսորականի կեանքը տարբերւում է ուրիշներից: Նա իր գաղափարակից ընկերների՝ Սարգիս Կէօզիւրեանի, Ահարոն Գրգեաշարեանի, Կարապետ Չալեանի եւ այլոց հետ կազմում է «նուիրուածներու խումբը»: Այս խմբի նպատակն էր բարեկամական կապեր ստեղծել ոչ թուրք ցեղախումբերի հետ եւ այդ միջոցով ստոյգ մահուան գնացող հայ տարագիր բեկորներին համար արաբական անապատում ստեղծել «կեանքի ովասիսներ»:
Կ. Կէօվտէրէլեանին, որ տիրապետում էր թրքերէն եւ արաբերէն լեզուներին ու քաջածանօթ էր ցեղախումբերի սովորութիւններին, բաժին է հասնում կապ հաստատել Սինճարի եզդիներին հետ: Նա արաբ շէյխի տարազի տակ ծպտուած այցելում է Սինճար եւ բարեկամական կապեր հաստատում ցեղապետ Հմոյէ Շարոյի հետ: Բացայայտում է իր ինքնութիւնը եւ նպատակը: Եզդի ցեղապետը նրան ընդունում է գրկաբաց. նրան կոչում է «շէյխ ուլ արման» (հայերի նահապետ):
Դէպքերին ժամանակակից, սփիւռքահայ գրող Առաքել Քեչեան այդ մասին գրում է. «Շէյխ ուլ արման. Սինճարի լեռնականները մկրտեցին Կէօքտէրէլեանը, ու անոնց մեծերը իբր այդ զայն յարգեցին ու խօսեցան անոր հետ: Իր հսկայ հասակէն անկախ, փառաւոր եւ ալեխառն մօրուքին չափ տալով՝ ներքին գոհունակութիւն մը կը զգար ան, ու յաճախ, կուրծքը լեցնող շունչ մը քաշելով, խղճի պարտքը կատարած մարդու մը երանութիւնը կ’ունենար: Չէ՞ որ կիլիկեան ընտրանիէն եղող այդ մարդը, երբեմնի սարսափազդու ֆետային, ՙշէյխ՚ դառնալով՝ յեղափոխականի իր ճամբէն ու անոր սրբազան նպատակէն շեղած չէր երբեք, եւ իր այդ քայլով անգամ մըն ալ անձը վտանգած ու իր ցեղին տասնեակ հազար խլեակները փրկած էր: … ՙԱնգամ մը յաջողիմ Սինճարի դռները բանալ հայ տարագրութեան առջեւ, անկէ ետք թող մեռնիմ՚, ըսած էր ան իր հրաժեշտի խօսքերուն մէջ, երբ մեկնած էր Հալէպէն»4:
Եւ իրապէս, Կ. Կէօքտէրէլեանին յաջողւում է բացել «Սինճարի դռները», որի շնորհիւ հազարաւոր հայեր մահուան սեմից կեանքի ափերն են վերադառնում:
Կ. Կէօքտէրէլեանի ընկերը՝ Սարգիս Կէօզիւրեանը (Ագչէ Տաղի տէրվիշը), նոյն աշխատանքներն է տանում Միսիբինի քրտական ցեղախմբերի մօտ: Նա իր պատանեկութիւնը անց էր կացրել Ագչէ Տաղի քրտական միջավայրում, ծանօթ էր նրանց սովորութիւններին եւ տիրապետում քրտերէն մի քանի բարբառների. «Ագչէ Տաղի տէրվիշին ձեռքով ազատագրուածները նոյնպէս Սինճարի լեռնային ճամբով կը հասնէին Մուսուլ եւ անկէ Պաղտատ՝ միանալու Պաքոպայի վրաններուն տակ ապաստանած հայութեան: Անոնք Պաղտատի մէջ իրենց նախնական խնամքը կը ստանային հայոց եկեղեցիին բակը եւ կը տեղաւորուէին հայրենասէր պաղտատցիներու տուները»5:
Այս օրերին, սկսած ՄԱԿ-ից, անցնելով աշխարհի շատ մայրաքաղաքներով, համամարդկային աղաղակ է բարձրացել վերջ տալու Սինճարում տեղի ունեցող անմարդկային արարքներին: ՄԱԿ-ի բարձր ամպիոնից, ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականեանի կողմից հնչեց նաեւ Հայաստանի ու հայ ժողովուրդի ցասման խօսքը: Յառաջ եկած համընդհանուր զայրոյթում, ամէնից բարձրը եւ ամէնից զիլը պիտի հնչի հայ ժողովուրդի ձայնը. եւ դա ոչ միայն նրա համար, որ այդ մարդկայնութեան ձայնն է ընդդէմ անմարդկայնութեան. ոչ միայն նրա համար, որ հայ ժողովուրդի գլխից անցել է ցեղասպանութեան արհաւիրքը, եւ հայը ոչ ոքի նման բան չի ցանկանայ, այլեւ նրա համար, որ հայը չի մոռանայ նեղ օրերի իր բարեկամներին:
_____________________
1.- Կիտուր Ա., ՙՅուշեր Եւ Փուշեր՚, Պէյրութ, 1956, էջ 45:
2.- ՌուբԷն, ՙՀայ Յեղափոխականի Մը Յիշատակները՚, 7 հ., Բ. տպ., Պէյրութ, 1979, էջ 172
3.- ՙՀնչակ Հայաստանի՚, 1995, Նոյեմբեր 11:
4.- Քեչեան Ա., ՙԿարմիր Դրուագներ Հերոսներու Կեանքէն '15-'18՚, Պէյրութ, 1956, էջ 133
5.- Կիտուր Ա., ՙՊատմութիւն Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան՚, Պէյրութ,1962, էջ 140-141:
Տոքթ. Ե. Ճէրեճեանի յօդուածը մեր բարեկամ եզդիներու հանդէպ երախտապարտ հայութեան սիրտէն ու հոգիէն բխող համեստ ու խիստ շնորհակալ արտայայտութիւն մըն է։ Հեղինակը անկեղծ է իր գնահատումներուն մէջ։ Երանի՜ այս թեմայով նիւթեր աւելի շատ երեւնան հայ եւ օտարագիր մամուլին մէջ, այլեւ իբրեւ երախտագիտութիւն, մեր զօրակցութիւնը յայտնենք համաշխարհային բեմերէն ու ատեաններէն ի տես եզդիներու անլուր տառապանքներուն։
Բոգդանը՝ Ջունգլիներից Սամվել Խալաթյան, Երեւան Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել օտարազգի զբոսաշրջիկների, որոնք տեղացիներից…
1 comment
Ճէրեճեանի «Հայը չի մոռանայ…»
Տոքթ. Ե. Ճէրեճեանի յօդուածը մեր բարեկամ եզդիներու հանդէպ երախտապարտ հայութեան սիրտէն ու հոգիէն բխող համեստ ու խիստ շնորհակալ արտայայտութիւն մըն է։ Հեղինակը անկեղծ է իր գնահատումներուն մէջ։ Երանի՜ այս թեմայով նիւթեր աւելի շատ երեւնան հայ եւ օտարագիր մամուլին մէջ, այլեւ իբրեւ երախտագիտութիւն, մեր զօրակցութիւնը յայտնենք համաշխարհային բեմերէն ու ատեաններէն ի տես եզդիներու անլուր տառապանքներուն։
Comments are closed.