Հարգելով Ձեր ներդրումն Արցախյան պայքարում, ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու ձգտումը, ուղղում ենք այս բաց նամակը Հայկական Ժողովրդային Շարժման` Հայության անտեսված և ոտնահարված իրավունքների ճանաչման ու վերականգնման գործում, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում իր ներդրումը ունեցած կազմակերպության անունից` հանուն Հայության միասնության, հայ նորաստեղծ պետականության անվտանգության, վերջին հազարամյակում մեր աննախընթաց նվաճումի` Արցախի Հանրապետության, և կատարում ենք հետևյալ նշումներն ու առաջարկությունները, ցավ հայտնելով, որ նման զգայուն հարցի վերաբերյալ, կացության թելադրանքով, լուռ խորհրդակցությունների փոխարեն, հարկադիր կատարում ենք հրապարակային հայտարարություն:
Հարգելով Ձեր ներդրումն Արցախյան պայքարում, ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու ձգտումը, ուղղում ենք այս բաց նամակը Հայկական Ժողովրդային Շարժման` Հայության անտեսված և ոտնահարված իրավունքների ճանաչման ու վերականգնման գործում, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում իր ներդրումը ունեցած կազմակերպության անունից` հանուն Հայության միասնության, հայ նորաստեղծ պետականության անվտանգության, վերջին հազարամյակում մեր աննախընթաց նվաճումի` Արցախի Հանրապետության, և կատարում ենք հետևյալ նշումներն ու առաջարկությունները, ցավ հայտնելով, որ նման զգայուն հարցի վերաբերյալ, կացության թելադրանքով, լուռ խորհրդակցությունների փոխարեն, հարկադիր կատարում ենք հրապարակային հայտարարություն:
Հարգարժան Նախագահ,
Ըմբռնումով մոտենալով Ձեր նախաձեռնության նկատմամբ, ոչ դեմ ենք ՀՀ-Թուրքիա շրջահայաց և զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, և ոչ էլ ապաշրջափակմանը, այն ՀՀ-ի օրինական և բնական իրավունքն ու պահանջը համարելով, չնայած որ, այս հարցում, ՀՀ-ին վերաբերող բազմաթիվ ազդակների պատճառով, լուրջ վերապահումներ ու մտահոգություններ ունենք: Սակայն նախաստորագրված արձանագրություններում առկա են ավելի քան մեկ տասնյակ ոչ միայն պայման, այլև պարտավորություն, որոնցից այստեղ նշում ենք կատարում միայն գլխավորի մասին:
Հարգարժան Նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ի հիմնական պաշտոնակատարները, տարբեր առիթներով, փորձել են համոզել հայ հանրությանը, իբրև թե ՀՀ-ը ՄԱԿ-ին անդամակցելով ինքնաբերաբար արդեն ճանաչել է Թուրքիայի հողային ամբողջականությունը: Նրանք պնդում են, որ Հայաստանը նախապես ստորագրած միջպետական երկու պայմանագրերով` Ալեքսանդրապոլով ու Կարսով, արդեն իսկ ճանաչել է ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանը, ուստի և այս նոր փաստաթղթով ՀՀ-ը քաղաքական նոր ակտ չի կատարում և ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ է նախապես կատարվածը, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես գիտեք, Ալեքսանդրապոլի և Կարսի «պայմանագրերն» իրենցից պայմանագրային արժեք չեն ներկայացնում, միջազգային իրավունքի առումով նույնիսկ պայմանագիր չեն համարվում, որովհետև 1920-21 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքական ապստամբող խումբը պետության հանգամանք չուներ: Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է ընդամենը 1923 թ. հոկտեմբերի 29-ին և հետագայում ճանաչվել որպես պետություն: ՀԽՍՀ-ը նույնպես, միջազգայնորեն երբևէ պետական հանգամանք չի ունեցել, ուստի չէր էլ կարող միջպետական համաձայնություն ստորագրեր:
ՄԱԿ-ին անդամակցելով` երկրները միմյանց սահմաններն ու հողային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ կատարված հայտարարությունները առավել ևս անհիմն են, որովհետև ՄԱԿ-ին անդամակցելը ոչ միայն սահմաններ ճանաչելու, այլ նույնիսկ պետություններ ճանաչելու պարտավորություն չի ստեղծում: Այս հարցի ամենապարզ օրինակը Իսրայելի և իր ավելի քան մեկ տասնյակ հակառակորդների պարագան է: ՄԱԿ-ի անդամ երկրների օրինակները շատ ավելի խոսուն են, երբ հարյուրավոր երկրներ հողային և սահմանային վեճեր ունեն իրար հետ, ինչն ապացուցում է վերը նշված պնդումների անհիմն լինելը:
ՀՀ արտգործնախարարի այն պնդումները, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում, նույնպես անհիմն են և անճիշտ: Աշխարհում նման նախընթաց ո՛չ միայն գոյություն չունի, այլ ինչպես գիտեք Թուրքիան սահմանային հարցեր է ունեցել և ունի գրեթե իր բոլոր հարևան երկրների հետ, ինչը չի խանգարել կամ խոչընդոտել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:
Հարգարժան պրն. նախագահ,
ՀՀ ԱԳՆ-ը, քողարկելու համար դավաճության համազոր իրենց այս արարքը, նախաստորագրված փաստաթղթերից սխալ թարգմանություն է տրամադրել հայ հանրությանը` փորձելով մեղմացնել, քողարկել իր կատարածը և հանցավոր կերպով մոլորեցնել հայությանը:
Նախաստորագրվածի անգլերեն բնագրում բառացիորեն գրված է.
«ՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ՆԵՐԿԱ սահմանի փոխադարձ ճանաչումը» (1)
Իսկ ԱԳՆ-ի ներկայացրած թարգմանությունում կարդում ենք.
«ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ երկու երկրների միջև գոյություն ունեցող ԸՆԴՀԱՆՈՒՐ սահմանի փոխադարձ ճանաչումը»
ՀԱՍՏԱՏԵԼ բառը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ թարգմանելով, պրն. Նալբանդյանի թիմն ի՞նչ նպատակ է հետապնդում բացի վերոնշյալից:
Զարմանալի է ու հատկանշական, որ նախաստորագրված այս փաստաթղթով, ճանաչվում է ոչ միայն ՀՀ-Թուրքիա ներյակիս սահմանը, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների` իմա Ադրբեջանի և այլոց սահմանները` «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ներքին գործերին չմիջամտելու, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ իրենց երկկողմ և ԲԱԶՄԱԿՈՂՄ պարտավորությունները»:
Հաստատելով այս արձանագրությունները, ՀՀ-ն առաջին անգամ, Ձեր կողմից ստորագրվելիք միջպետական մի փաստաթղթով, ճանաչելու է ՀՀ-Թուրքիա և տարածաշրջանի այլ պետությունների ներկայիս սահմանները:
Հարգարժան նախագահ,
Քաղաքական այս ակտը կատարելով` Դուք կոտրելու եք 7 միլիոն սփյուռքահայերի և 3 միլիոն ՀՀ քաղաքացիների դիմադրության ոգին ու արդարությունը վերահաստատելու կամքը: Ցեղասպանության ճանաչումն այլևս ո՞ւմ է մխիթարելու, ի՞նչ արժեք ունի, այլևս ինչի՞ է ծառայելու, եթե ՀՀ-ը խաղաղ պայմաններում, ինքնակամորեն, առանց գրեթե ոչ մի լուրջ բան շահելու, ոչնչացնում է արդարության և ոտնահարված իրավունքի վերահաստատման տեսլականը:
Ստորագրելով այս փաստաթուղթը, ՀՀ-ը տալիս է ամեն ինչ, զոհասեղանին դնելով Հայաստանի անցյալն ու ներկան, փոխարենը ստանալով գրեթե ոչինչ, իսկ սահմանի բացման հարցում ևս չունենալով վերահսկելու որևէ մեխանիզմ` Թուրքիայի ցանկացած հաջորդական մանևրների դեպքում ՀՀ-ում առաջանալու է ոչ միայն իշխանությունների, այլ նաև պետական ճգնաժամ:
Տարօրինակությունը ՀՀ ԱԳՆ-ի այն մոտեցումն է, իբրև թե սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ, հետևաբար մենք պետք է վճարենք այդ բոլորի գինը:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ ՀՀ-ը զգալի բանակցային առավելություններ ունի, որոնց գլխավորն է Արցախում մեր դիրքը, Ցեղասպանության ճանաչման օղակը և Ցեղասպանությունից բխող հետևանքները, որ օրեցօր ավելի են սեղմում և մտահոգում Թուրքիային:
Ինչո՞ւ են կատարվում միակողմանի այս զիջումները, երբ, բացի վերը նշվածներից, գիտենք, որ հարաբերություններ հաստատելու և սահմանի բացման հարցում Թուրքիայի հետաքրքրությունը ոչ թե ՀՀ-ի խղճուկ շուկան է, այլ անհամեմատելիորեն շատ, քան մեր հետաքրքրությունը, որն է տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ և գերակայություն ապահովելը:
Թուրքական 16-ամյա շրջափակումը ոչ միայն չի կարողացել ծնկի բերել ՀՀ-ին, այլ առաջին հերթին վնասել է հենց իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահը:
Ապրիլի 22-ից, դժբախտաբար, ՀՀ-ը Թուրքիային հնարավորություն է ընձեռնել իր ռազմավարական քաղաքականությունն իրագործել մեր հաշվին, մինչդեռ իր դիմաց մենք ստացել ենք ոչինչ, հաշվի չառնելով պետական մակարդակով գրեթե ամենօրյա հակա ՀՀ և հակահայ քայլերը:
Հարգարժան պրն. նախագահ,
Իրապաշտ լինելով` Դուք տեղյակ եք, նույնպես և ունակ եք ամբողջովին հասկանալու, որ վերջին 35 տարիների ընթացքում ինչ գերմարդկային զոհողությունների գնով, Հայկական հարցը, մոռացված ու պատմական մի հարցից թեժ քաղաքական հարցի վերածվեց: Այսօր ո՛չ միայն բազմաթիվ մեծ ու փոքր պետություններ, այլև թուրք, առավել առողջ մտայնության տեր մարդիկ, սկսել են խոստովանել և ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նախաստորագրված փաստաթուղթը, Հայկական Հարցի կորիզը կազմող ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, դարձյալ ուղարկում է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՐԿԸ, և ո՛չ միայն կատարվել է այս, այլև ինչպես բնագրում է գրվել` «պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ու առաջարկների ձևակերպման համար…»:
Հարգարժան նախագահ,
Բարեբախտաբար, այսօր, կարող ենք ասել, որ ոչ միայն հայ պատմաբանները, ոչ միայն մենք բոլորս, այլ գրեթե ամբողջ աշխարհը գիտակից է Հայության դեմ իրագործված դաժան Ցեղասպանության իրողությանը, վերջապես հայոց ողբերգությանը վերաբերող փաստերը «հայկական» փաստեր չեն, ուստի և հայ պատմաբանները, այդ փաստերը ինչպես տրամադրում են բոլորին, եթե ցանկություն ունեն ստանալու, կարող են տրամադրել նույնպես թուրքերին: Իսկ ի՞նչ է նշանակում արձանագրությունում տեղադրված փաստաթղթերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ:
Պատմաբանների կողմից խնդիրների ՀՍՏԱԿԵՑՈՒՄ-ն ինքնին նշանակում է միայն մեկ բան` որն է մինչ այժմ ներկայացված փաստարկների, մեղմ ասած ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ, անորոշությունը, իսկ գիտական և անկողմնակալ բառերը բացեիբաց խոսում են այն բանի մասին, որ մինչ այժմ կատարվածը ոչ-գիտական և կողմնակալ է եղել:
Հայությունն իհարկե պատճառ ունի ուրախանալու և իրեն հպարտ զգալու, որ Թուքիան այսօր ոչ միայն պատրաստակամ է, այլև ստիպում է հայերին համատեղ քննարկել Հայոց ցեղասպանության փաստերը: Երևույթ, որ հայության համար երազանք էր 70-ական թվականներին, իսկ այսօր մեր կողմից դրա ընդունելը, այլևս բոլորովին ժամանակավրեպ է և նահանջ է նշանակում:
Հարգարժան ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյան,
Ինչպես նշեցինք, ողջունում ենք ՀՀ-ի տարածաշրջանային և միջազգային հավասարակշիռ ու ճկուն քաղաքականություն վարելու Ձեր ձգտումը և, այս պարագայում, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանի շրջափակման ուղղությամբ սերտված և զգուշավոր քայլերը, սակայն առաջարկում ենք.
- Նախաստորագրված փաստաթղթի բովանդակությունը բառ առ բառ մասնագիտական քննարկման առարկա դարձնելով` վերատեսության ենթարկել:
- Առանց ՀՀ-ի վարչական հարցերին միջամտելու հավակնությունն ունենալու, առաջարկում ենք, որ պրն. Նալբանդյանին ու իր անմիջական գործակիցներին իրենց թույլ տված ծանր, կոպիտ և համահայկական մասշտաբով սխալների համար պաշտոնից հեռացնել: Պրն. Նալբանդյանն այլևս դրականորեն չի ընդունվելու, մանավանդ Սփյուռքում: Ստորագրելով այս փաստաթուղթը, Դուք ոչ միայն Վասակի իմաստությամբ չեք առաջնորդվելու, այլ միայն սպանելու եք Վարդանանց ոգին:
Ուստի, եթե կուզեք, որ ՀՀ զինանշանի Արարատն ադրբեջանական դրոշի լուսնի նման անհասանելի չլինի, առանց հիմնական փոփոխությունների ենթարկելու մի ստորագրեք նախաստորագրված, եթե կուզեք, դավաճանական այս փաստաթուղթը:
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ
07.10.2009
(1) Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined relevant treaties of international law.