Հայրենիքի Ազատագրութեան Զինուորները

Գրախոսություն

Դոկտ. Արմենուհի Կոստանյան, Մարբուրգ, Գերմանիա, 19 Նոյեմբեր 2014

Ժամանակակից հայագիտության առանցքային հարցերից է 19-րդ դարի վերջին քառորդում ձևավորված և մինչև մեր օրերը գործունեություն ծավալող հայ ազգային կուսակցությունների պատմության, իսկ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրեին նաև Հայոց ցեղասպանության շրջանում հայկական կուսակցությունների գործունեության ուսումնասիրությունը:

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության գործունեությանը նվիր­ված արժեքավոր ուսումնասիրությունների շարքը լրացնելու է գալիս դոկտոր Աբել քահանա Մանուկյանի «Հայրենիքի ազատագրութեան բանակին համոզուած զինուոր­ները» գիրքը: Հնչակյան կուսակցության պատմության համար կարևորագույն երկու դրվագներին՝ 1887թ. կուսակցության հիմնադրմանը և 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլ­սում Հնչակյան քսաներկու գործիչների կախաղանին նվիրված հետազոտությունն իրականացված է Հայոց պատմությանը միահյուսված: Գրքում շրջանառված նորա­հայտ փաստաթղթերը և մամուլի՝ մոռացությունից դուրս բերված վկայությունները նոր լույս են սփռում Հայաստանի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին քառորդների պատմության բախտորոշ իրադարձությունների վրա:

Գրախոսություն

Դոկտ. Արմենուհի Կոստանյան, Մարբուրգ, Գերմանիա, 19 Նոյեմբեր 2014

Ժամանակակից հայագիտության առանցքային հարցերից է 19-րդ դարի վերջին քառորդում ձևավորված և մինչև մեր օրերը գործունեություն ծավալող հայ ազգային կուսակցությունների պատմության, իսկ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրեին նաև Հայոց ցեղասպանության շրջանում հայկական կուսակցությունների գործունեության ուսումնասիրությունը:

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության գործունեությանը նվիր­ված արժեքավոր ուսումնասիրությունների շարքը լրացնելու է գալիս դոկտոր Աբել քահանա Մանուկյանի «Հայրենիքի ազատագրութեան բանակին համոզուած զինուոր­ները» գիրքը: Հնչակյան կուսակցության պատմության համար կարևորագույն երկու դրվագներին՝ 1887թ. կուսակցության հիմնադրմանը և 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլ­սում Հնչակյան քսաներկու գործիչների կախաղանին նվիրված հետազոտությունն իրականացված է Հայոց պատմությանը միահյուսված: Գրքում շրջանառված նորա­հայտ փաստաթղթերը և մամուլի՝ մոռացությունից դուրս բերված վկայությունները նոր լույս են սփռում Հայաստանի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին քառորդների պատմության բախտորոշ իրադարձությունների վրա:

Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից: Առաջին՝ «Ժընեւ եւ Հնչակեան կուսակցութեան կազմաւորումը» ընդարձակ հատվածում քննության է ենթարկվում Ժնևում Հնչակյան կուսակցության սկզբնավորման և հիմնադիրների, հատկապես՝ Ավետիս Նազարբեկյանի, Մարո Վարդանյան-Նազարբեկյանի, Գաբրիել Կաֆյանցի և Ռուբեն Խանազատի, ինչպես նաև կուսակցության պաշտոնաթերթի՝ «Հնչակ»-ի ստեղծման և տպագրության վերաբերյալ արխիվային նորահայտ փաստաթղթեր: Շվեյցարիայի Համադաշնության պետական, Ազգային գրադարանի, Ժնևի պետական,  Համալսարանի արխիվներից, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային արխիվից հավաքագրած նյութերը հեղինակը համադրել է արդեն հայտնի փաստերի և խնդրո առարկա թեմային առնչվող սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հետ:  

Այս առթիվ ի հայտ են եկել խիստ հետաքրքրական մանրամասներ Ավետիս Նազարբեկ­յանի և Մարո Վարդանյանի մասին: Շվեյցարական արխիվներում հեղինակի հայտ­նաբերած ամենահին գրավոր վկայությունը վերաբերում է նրանց՝ իբրև արտասահ­մանյան քաղաքացի կեցության իրավունք ստանալու առթիվ կատարված գրանցմանը (31 մարտ, 1888թ.): Ճշգրտված է նրանց քաղաքացիական ամուսնության թվականը (18 ապրիլ, 1888թ.), այնուհետև Փարիզում Պսակադրության արարողության ժամանակա­հատվածը (1889թ. օգոստոս), Ժնևում նրանց բնակության հասցեները: Որոշակիացվել է Հնչակյան կուսակցության հիմնադիրների պատմական խմբանկարի (զետեղված է գրքի շապիկին) ստեղծման հստակ վայրը եւ մոտավոր ժամանակը (1887թ., օգոստոս-նոյեմբեր) և այլն: Առանձին մի ենթավերնագիր նվիրված է Հնչակյան գործիչներից Գաբրիել Կաֆյանցին: Ներկայացված են նորահայտ փաստաթղթեր և նամակներ Շվեյցարիայում նրա գործունեության, այնտեղից նրա՝ որպես հեղափոխականի վտարման վերաբերյալ:

Գրքի երկրորդ հատվածի խորագիրն է՝ «Թարմ հողակույտերուն առջեւ. 100 տարի առաջ՝ Զուիցերիոյ մամուլն ու Հնչակեան քսան կախաղանները»:

1915թ. հունիսի 14-ին թուրքական ռազմական դատարանի վճռով Հնչակյան Քսաներկու կարկառուն գործիչներ դատապարտվում են մահվան. մահապատիժը իրագործվում է հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Պայազիտ հրապարակում: Մինչ բուն նյութին անցնելը հեղինակը համառոտ ակնարկով անդրադառնում է Համիդյան ջարդերին և 1894-1897 թթ. շվեյցարացիների՝ հայ ժողովրդին ցուցաբերած զորակ­ցությանը, մարդասիրական օգնություններին. Շվեյցարիայի շատ քաղաքներում կազ­մակերպվել են բողոքի ցույցեր, ստորագրահավաքներ, նյութական հանգանակու­թյուններ, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հիմնվել են հիվանդանոցներ, որբանոցներ և կրթօջախներ: Անդրադարձ է կատարվում շվեյցարական լրագրության և մամուլի պատմությանը: Առանձին պարբերություններում ներկայացվում է Օսմանյան կայսրությանը և երիտթուրքերի գործունեությանը, մասնավորապես 1908 թ. հեղաշրջման վերաբերյալ շվեյցարական մամուլի դիրքորոշմանը:

Հատկապես հուզիչ է շվեյցարական «Ֆօլքսրեխթ» թերթում Ադանայի 1909թ. սահմռկեցուցիչ իրադարձությունների վերաբերյալ անդրադարձները. 1909թ. ապրիլի 24-ի ամսաթվով լույս տեսած հոդվածում նշվում է, որ Ադանան ամբողջապես մոխ­րացած է, կործանված են ամերիկացիների և եվրոպացիների կողմից հաստատված մարդասիրական հաստատություններն ու միսիոներական կենտրոնները, ջարդերից մազապուրծ փրկված հայերը մնացել են անօթևան և սոված (էջ 80): «Ֆօլքսրեխթ»-ը շվեյցարական առաջին թերթն էր, որը 1915թ. մայիսի 10-ի տեղեկագրությամբ անդրադարձավ Վանի հերոսական ինքնապաշտպանությանը: Դրանից երկու շաբաթ անց մեկ այլ` «Լա Սանթինէլ» թերթում խոսվում է հայերի բռնի տեղահանությունների և համատարած կոտորածների մասին՝ եզրակացնելով, որ «Ցեղի մը բնաջնջումը մոտալուտ է» (էջ 87):

Հեղինակը պրպտումների արդյունքում պարզել է, որ Հնչակյան Քսան կա­խաղանների ողբերգական իրողության մասին առաջին անգամ հիշատակվում է «Լա Սանթինէլ» թերթում տպագրված «Ահաբեկչությունը Թուրքիայում» խորագրով հոդ­վածում: Նույն թերթը տեղեկացնում է հայ հեղափոխական այլ կուսակցությունների, մտավորականների ձերբակալությունների և դեպի Օսմանյան կայսրության խորքերը աքսորի մասին:

Գրքում մանրամասն վերլուծվում են «Պեռներ Թակվախթ» թերթի՝ «Դահիճը կ՛իշխէ» և «Ֆօլքսրեխթ»-ի՝ «Թարմ հողակույտերուն առջեւ» խորագրերով հոդվածնե­րը: Դրանց համեմատությամբ  հաստատվում է, որ «Պեռներ Թակվախթ»-ի տպագրած հոդվածը կրճատված և վերախմբագրված տարբերակ է, մինչդեռ «Ֆօլքսրեխթ»-ում տպվածն առավել ընդարձակ և ամբողջական է: Հոդվածի հեղինակը հայ սոցիալ-դեմոկրատ հայտնի գործիչ Արշակ Զուրաբովն է: Աբել քահանա Մանուկյանն այս հոդվածը որակում է իբրև «լրագրական արուեստի փայլուն նմոյշ» (էջ 110), ամենայն մանրամասնությամբ քննության ենթարկում հոդվածի բովանդակությունը, նրանում արծարծվող տարաբնույթ քաղաքական հարցերը: Շուրջ հինգ ամիս անց «Ֆօլքսրեխթ» թերթում տպագրված «Օգնութեան աղաղակ մը Հայաստանէն» խորագրի ներքո Հնչակյան Քսան կախաղանների առթիվ ներկայացված է Ժնևի վրացի ուսանողների հեղինակած սրտառուչ նամակը` ուղղված Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ատենապետին: Շահեկան է, որ այս նամակները թարգմանաբար զետեղված են գրքի մեջ և կարող են որպես սկզբնաղբյուր օգտակար լինել ուսումնա­սիրողների համար:

Գրքի վերջում առկա է հավելված` «Հնչակեան Քսան Կախաղանները կայսերա­կան Գերմանիոյ մամուլին մէջ» խորագրով:  Այստեղ ուշադրության է արժանի գերմա­նական «Քրիստոնէական աշխարհ» պաշտոնաթերթի 1915թ. հուլիսի 29-ի համարում հրատարակված գերմանացի հայասեր Էվալտ Շթիրի հոդվածը, որը «Օսմանեան Թուրքիոյ քաղաքական կացութեան, երիտթուրքերու հետապնդած հայակործան քա­ղաքականութեան եւ մեծ տէրութիւններու երկդիմի, բայց ի վերջոյ ապարդիւն դիւանագիտութեան խորաթափանց վերլուծում մըն է» (էջ 148): Առաջին համաշխար­հային պատերազմի ընթացքում Կայսերական Գերմանիայի մամուլի ամբողջովին գրաքննության ենթարկվելու պայմաններում այս հոդվածն իրապես եզակի է:

Այսպիսով, դոկտոր Աբել քահանա Մանուկյանը կատարել է գիտահետազոտա­կան արժեքավոր աշխատանք` ներկայացնելով Հնչակյան կուսակցության ուշագրավ եւ մինչ օրս անհայտ տեղեկություններով հագեցած մի ուսումնասիրություն: Հիմնա­կան նյութը հյուսված է Հնչակյան կուսակցության պատմության երկու դրվագի շուրջ, սակայն ներկայացվող նյութն առավել ընդգրկուն և բազմաբովանդակ է. Հեղափոխա­կան առանձին գործիչների կենսագրական մանրամասներ, մամուլի պատմություն, եվրոպական մամուլում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ և այլն: Այն, անշուշտ, օգտակար կլինի պատմաբանների, քաղաքագետների, մասնավո­րաբար` 19-րդ դ. վերջի և 20-րդ դարասկզբի Հայոց պատմությամբ  հետաքրքրվող­ների համար:

Վերջում կցանկանայինք առանձնահատուկ կարևորել գիտական այս ուսում­նասիրության գեղարվեստական և գաղափարախոսական նշանակությունը: Աբել քահանա Մանուկյանը պատմական իրողությունները ներկայացրել է իրեն հատուկ «մտերմիկ» և շատ «կենդանի» ոճով` ջերմությամբ խոսելով սրճարանի, համալսա­րանի լսարանների, գրադարանի ընթերցասրահների, Ժնևի տարբեր փողոցների ու բնակարանների մասին, որտեղ հանդիպել, ապրել եւ գործել են Հնչակյան կուսակ­ցության հիմնադիրները: Գրքում զետեղված արխիվային փաստաթղթերի, Հնչակյան­ների գործունեությանն առնչվող պատմական վայրերի լուսանկարները համեմում և ավելի տպավորիչ են դարձնում այն: Դրանց շնորհիվ ընթերցողը նույնպես մտովի դառնում է այդ կարևոր իրողությունների ականատեսը և մասնակիցը, և ինչու ոչ` Հայրենիքի ազատագրության բանակի զինվորներից մեկը:

 

You May Also Like