«Հռչակագիր», Ինչո՞ւ, Ինչպէ՞ս

Սամուէլ Յովասափեան, Բեռլին, Փետրուար 2015

Կյանքը մեր՝ ետպատերազմեան սերնդի նկատմամբ, թէ՛ սփիւռքում և թէ՛ Հայաստանում, համեմատած, շատ աւելի բարեացակամ է գտնուել, քան նախորդ սերունդների նկատմամբ, մանաւանդ բուն երկրում ապրողների նկատմամբ, որոնց միակ պայքարը նախկինում եղել է՝ լինել չլինելու պայքար և եթէ ժամանակը ինչ որ չափով նպաստաւոր է եղել, ապա ժողովուրդը ապարդիւն, բայց և այնպէս պայքարել է նաև անկախութեան հասնելու համար: Ետպատերազմյան ժամանակաշրջանում և Սովետական Հայաստանում և սփիւռքի հայ գաղթօջախներում ստեղծուած բարենպաստ քաղաքական և տնտեսական պայմաններում, հայ ժողովուրդը աննախընթաց տնտեսական, մշակութային և ազգային- քաղաքական զարթօնք ապրեց:

Սամուէլ Յովասափեան, Բեռլին, Փետրուար 2015

Կյանքը մեր՝ ետպատերազմեան սերնդի նկատմամբ, թէ՛ սփիւռքում և թէ՛ Հայաստանում, համեմատած, շատ աւելի բարեացակամ է գտնուել, քան նախորդ սերունդների նկատմամբ, մանաւանդ բուն երկրում ապրողների նկատմամբ, որոնց միակ պայքարը նախկինում եղել է՝ լինել չլինելու պայքար և եթէ ժամանակը ինչ որ չափով նպաստաւոր է եղել, ապա ժողովուրդը ապարդիւն, բայց և այնպէս պայքարել է նաև անկախութեան հասնելու համար: Ետպատերազմյան ժամանակաշրջանում և Սովետական Հայաստանում և սփիւռքի հայ գաղթօջախներում ստեղծուած բարենպաստ քաղաքական և տնտեսական պայմաններում, հայ ժողովուրդը աննախընթաց տնտեսական, մշակութային և ազգային- քաղաքական զարթօնք ապրեց:

Սակայն սփիւռքում հայ քաղաքական ուժերը և կուսակցութիւնները, ինչպէս միշտ, չկարողացան հետագայ ազգային-քաղաքական պայքարի համար, ընդհանուր եզրեր գտնել և ստեղծել համընդհանուր  մի հայկական կազմակերպութիւն, որը կը ներկայացնէր ամբողջ սփիւռքահայութիւնը, որը իր հերթին հզօր խթան կը հանդիսանար՝ թէ՛ սփիւռքում հայապահպանման համար և թէ՛ մեր օրերի հրամայական խնդիրները լուծելու տեսակէտից, դրանք են՝ կազմակերպուած սատարել նորաստեղծ հայկական անկախ պետականութեանը և կազմակերպուած դիմակայել, որոշ երկրներում ներքին քաղաքական անկայունութեան պատճառով, սփյուռքի գաղթօջախների հայութեան գլխին կախուած հերթական վտանգը:

Ըստ իս, մեր օրերի համայն աշխարհի Հայութեանը գերխնդիրը Հայաստանի՝ որպէս անկախ պետականութիւն, անվտանգութեան ապահովումն է, ինչպէս նաև տնտեսական անխափան զարգացումը, ոչ թէ՛ ցեղասպանութեան ճանաչումը, որին այդքան կարևորութիւն է տալիս սփիւռքահայութիւնը:

Հրանդ Դինքը 2004 թուականի Յունուար 30-ի Ակօս-ի համարում, հետեւեալ խորագրով յօդուածում՝

Հայկական ինքնակերպարի ազատագրումը «թուրքից» գրում է,

«Երկու ճանապարհ կայ հայի ինքնակերպարը ազատագրել «թուրքերի ազդեցութիւնից»: Առաջին ճանապարհը կարելի է գնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան, որպէս պետականութիւն և որպէս հասարակութիւն, հայերի նկատմամբ համակրանք կը ցուցաբերի և աներկբայ կը պարզաբանի, որ նա կիսում է հայ ազգի ցաւը: Նման քայլ կարող է, ոչ անմիջապէս, բայց ժամանակի ընթացքում, այն բանին հասցնել, որպէսզի հայերը մի այլ ինքնակերպար ստեղծեն, որի համար նրանք այլևս թուրքի կարիքը չեն ունենալու: Ցաւօք չի կարելի մօտ ապագայում նման տարբերակի իրագործումը ակնկալել:

Իսկ երկրորդ տարբերակը կարելի է ընտրել միայն այն ժամանակ, երբ հայերը իրենք որոշեն, որ իրենց ինքնակերպարի համար այսուհետև բաւարարուելու են առանց «թուրքերի»: Որովհետև այս տարբերակը միայն հայերի ցանկութիւնը և որոշումը պէտք ունի, ապա դրա իրագործումը համեմատաբար շատ դիւրին է լինելու: Սա այն ճանապարհն է, որով մենք պետք է անցնենք:

Յաջողութեան հասնելու բանալին նրանում է, որ հայերը իրադարձութիւններին մի այլ նոր տեսանկիւնից դիտեն, օրինակ 1915 թուականը: Աշխարհի հայերը շատ լաւ գիտեն 1915 թուականի ողբերգութեան մասին: Դրա իրական լինելը, բոլորովին էլ կախուած չէ այն բանից, թե Թուրքիան, կամ էլ աշխարհը նրա տեսակէտը ընդունեն: Որովհետև ինչ որ պատահել է, ապա այդ օրից, ինչպէ'ս քարի վրայ, փորագրուել է հայերի հոգիներում: Այդ պատճառով էլ դրա ճանաչումը երրորդի, կամ նոյնիսկ Թուրքիայի կողմից, չպէտք է հայերի միակ նպատակը լինի: Ընդհակառակը՝ ժամանակն է, որ ամէն մէկին իր՝ խղճի, կամ անխղճութեան հետ, միայնակ թողնել:

Որովհետև, ո'վ, այն ինչ որ պատահել է, ճանաչի, կամ ո'չ, նա միշտ էլ այդ անում է իր խղճի համար: Ի վերջոյ իւրաքանչիւրի խիղճը՝ իբր յենարան ունի, մեր բոլորի մարդ լինելը: Ո'վ պատմական իրողութիւնը չի ճանաչում, ապա ինքն իրեն, ինչ որ չափով, դուրս է դնում մարդկութիւնից: Հայերի սխալն այն էր, որ նրանք իրենց՝ ինքնակերպարը, իրենց՝ ինքնութիւնը, այդքան երկար ժամանակ կապեցին ֆրանսիացիների, գերմանացիների, կամ ամերիկացիների, բայց բոլորից առաջ՝ թուրքերի կողմից, ցեղասպանութեան ճանաչման հետ: Ամենահրատապ ժամանակն է, որ հայերը իրենց ինքնակերպարի և ինքնութեան ձևաւորման համար, այլևս ձերբազատուեն թուրքերի այդքան որոշիչ դերից: Այդ ամէնի պատճառով հայերը չափազանց շատ են տառապել, հիմա ժամանակն է, որ պէտք է մնացած մարդկութիւնն էլ, այդ հարցի պատճառով տառապի:

Հայերը շատ ժամանակ են այն բանի համար վատնել, երբ ցանկացել են իրենց ինքնագիտակցութիւնը և ինքնութիւնը միայն թուրքերի բացասական իքնակերպարի միջոցով վերագտնել և իրենց ամբողջ էներգիան ուղղել են այն  նպատակին՝ աշխարհը պէտք է թուրքերին ստիպի, ճանաչել ցեղասպանութիւնը:

Դրա փոխարէն պէտք է ապագայում հայերը իրենց ինքանգիտակցութիւնը և ինքնութիւնը այն հիմքի վրայ կառուցեն, որը արտացոլելու է այս ժողովրդի ընդունակութիւնները և ստեղծագործական ուժերը: Իսկ դրա համար հարկաւոր է հետեւեալ կեցուածքը որդեգրել. «Մենք պատուով կրելու ենք մեր ճակատագիրը և եթէ պէտք է ապա մինչեւ վերջ:» Քանի դեռ մենք նման կեցուածք չենք սեփականացրել, մշտապէս կը մնանք այն բանին կապկպուած, որպէսզի միւսները ճանաչեն իրականութիւնը, իսկ սա մի սոսկալի ծուղակ է:

…Քանի որ այսօր հայութեան ինքնագիտակցութեան համար կայ մի նոր հիմք, որը կարող է մեր ինքնակերպարը շատ աւելի կենսունակ ձեւավորել, դա Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն է»:

Ցաւօք անկախութիւնից յետոյ, Հայաստանի վերնախաւը չուզեց, այո՛, չցանկացաւ, երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որպէսզի սփիւռքահայութիւնը կարողանար լիովին կապուել Հայաստանին, որպէսզի սփիւռքահայը իր դրամագլխի, իր նորարութեամբ, իր ձեռներեցութեամբ, ժողովրդավարութեան իր հասկացողութեամբ, լրիւ թափանցել կարողանար երկրում և հնարավորութիւնը ստանար, թէ՛ Հայաստանում և թէ՛ Արցախում լայն ներդրումներ անել և լրիւ մասնակիցը լինել երկրի քաղաքական և տնտեսական կեանքին և ապագայի ձևաւորմանը:

Դրա պատճառները հիմնականում երկուսն են:

Նորաստեղծ երկրում, միայն հակաօրինականութեան, աւելի շուտ անարխիայի  պայմաններում, կարող էին նոր իշխանութեան գլուխ անցած անձերը, անարգել տիրանալ, սեփականացնել երկրի ազգային հարստութիւնները և իհարկէ որ յաջողացրին տիրանալ: Այդ պատճառով էլ երբ այսօր նորանկախ երկրի առաջին նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսեանը որքան որ ջանայ փաստարկել, որ իրենք ժողովրդավարական պայմաններ են ստեղծել, չի կարող մեզ համոզել: Որովհետեւ դեմոկրատիա չի նշանակում՝ միայն խօսքի ու գրչի ազատութիւն, այլ ամէնից առաջ՝ իրավական պետականութեան, իրաւական մարզում ժողովրդավարական պայմանների ստեղծում, նաեւ աշխատատեղի և իւրաքանչիւր քաղաքացու դրամագլխի ապահովութիւն, ինչպէս նաեւ ներդրումների անարգել ազատութիւն:

Երկրորդը՝ դա երկրի նորելուկ դրամատէրերի վախն էր, որ իրենք չեն կարող ազատ մրցակցութեան պայմաններում, մրցակցել սփիւռքի հայութեան դրամագլխի և նրա տնտեսական ձեռներեցութեան հետ:

Այստեղ իհարկե ճշմարտութիւն կայ, որովհետեւ երկրում ազատ մրցակցութեան պայմաններում, որոշներին չէր յաջողուի մոնոպոլիաների տիրանալ: ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանը պատճառաբանում է, որ. «Հայաստանի նման փոքր երկրում, հօ չեն կարող, մի քանի անձ, շաքար ներմուծել»: Մի կողմ թողնենք այն հարցը, որ նման պատասխան կարող էր տալ միայն Հայաստանի նախագահը…

Բայց չէ՞ որ հէնց երկրում նման մոնոպոլիաների առկայութեան փաստը, որի գոյութիւնը երկրում այնքան աղաղակող է, որը չի բացառում նույնիսկ ՀՀ-եան նախագահը, ասում է, որ այդ երկիրը կառավարւում է՝ մոնոպոլիստ սակաւապետների (օլիգարխներ) կողմից, որ այլօք այդտեղ այլեւս անելիք և փնտրելիք ոչինչ չունեն: Այսինքն՝ միամիտները թող չկարծեն, որ իրենք տնտեսական այդ բնագաւառներում ներդնել կարող են, ինչը որ խոստովանում էր նաև Բեռլինում ՀՀ-ի նախկին դեսպանը:

Նման կարճատես, սխալ և վախւորած տնտեսական քաղաքականութեան պատճառով, հայութիւնը կորցրեց ամենապատեհ առիթը՝ Հայաստանում ստեղծել իրօք այնպիսի ժողովրդական և իրաւական պետականութիւն, որը կը դառնար աշխարհասփիւռ հայութեան, նրա դրամագլխի, ինպէս նաեւ նրա՝ արեւմուտքի նոր տեխնոլոգիային ծանօթ ձեռներեցութեան համար կը դառնար կենտրոնաձիգ մի կայուն ուժ, մի կայուն հանգրուան :

Յայտնի է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ արիւնաքամ և լրիւ աւերուած Արևմտեան Գերմանիան, ետպատերազմական տարիներին տնտեսական աննախընթաց վերելք ապրեց, ամերիկեան դրամագլխի՝ Marshal Plan-ի և ժամանակակից ամերիկեան զարգացած տեխնոլոգիայի ներդնման շնորհիւ: Դա այլ հարց է, որ այն ժամանակ, Գերմանիայի հզօրացումը  ուղղուած էր նաեւ Սոցիալիստական երկրների դէմ, որոնց անմիջական հարեւանն էր նա:

Այո՛, Հայաստանի նորելուկ իշխանութիւնները, իրենց շահերին զոհեցին հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ միւս ժողովուրդների կողքին արժանավայել, անկախ ապրել և ոչ թէ օտար երկրների ժողովուրդների օգնութիւնը և կարեքցանքը հայցող մի ողորմելի և աղքատ պետութիւն լինել:

Այո, Հայաստանի նորաթուխ և երկրի ժողովրդական հարստութիւնը հափշտակած նոր վերնախաւը, այնքան էր արբել նոր պայմանների ընձեռած հնրաւորութիւններից, որ կորցրեց առիթը և շատ թանկագին ժամանակ, երկիրը շուտափոյթ դուրս բերել ճգնաժամից:

Այո՛, աւելի քան քսան տարի է անցել անկախութիւնից, բայց այսօր էլ երկիրը կանգնած է անհամար անլուծելի տնտեսական և քաղաքական հարցերի դէմ-հանդիման, որոնք վտանգում են երկրի ապագան և անկախութիւնը: Այս ամէնը աչքի առաջ ունենալով չի կարելի անտարբեր մնալ և չասել, որ առնուազն լուրջ չի հնչում Հայաստանի իշխանութիւնների կողմից հրապարակուած՝ «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարեդարձի համահայկական հռչակագրի» բովանդակութիւնը, մանաւանդ վերջում զետեղուած հետեւեալ 12-րդ կէտը.

«Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասէր, գիտակից և ուսեալ կեցուածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգութեանը, աննահանջ պայքարով ծառայել յանուն՝

առաւել հզօր հայրենիքի՝ ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետութեան,

անկախ Արցախի առաջընթացի ու զարգացման,

աշխարհասփիւռ հայության գործուն համախմբման,

համայն հայութեան դարաւոր նուիրական նպատակների իրականացման:

Ո՞ւմ աչքերին են փոշի փչում Հայաստանի իշխանութիւնները, գրելով՝ «առաւել հզօր հայրենիքի՝ ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետութեան», կամ իրենց վերամբարձ փքուն խոսքերով, որոնցով լիքն է այդ հռչակագիրը:     

Ինչի՞ մասին է խօսքը և ո՞ւմ և ի՞նչ են ցանկանում նրանք ասել և ո՞ւմ են ցանկանում այդպիսով ապակողմնորոշել:   

Իրօք, ի՞նչ են հետապնդում նրանք, հանրութեանը անգամ եւս յիմարի տեղ դնելով:      

Արդեօ՞ք մի իշխանութիւն, որը որակւում է որպէս «օլիգարխիկ» և հակաժողովրդական. որը իր իրականօրէն բանեցրած հակաօրինական տնտեսական քաղաքականութեամբ, երկիրը և ժողովրդին կանգնեցրել է փակուղու առաջ, բարոյական իրաւունք ունի՞, նման հռչակագրի տակ ստորագրել և զայն հրապարակել:

You May Also Like