ՀՀ Սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հայտարարությունը՝ ստեղծել Սփյուռքի ներկայացչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, շատերին է գցել ցայտնոտի եւ անորոշության գիրկը:
Նախ հիշեցնեմ, որ այս գաղափարի հեղինակային իրավունքը պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին (Հրանդ Մարգարեան, Թորոնթոյի ելույթ, Asbarez, 12.08.10.):Սակայն, այս հարցի հետ կապված ժամանակագրությունն անհրաժեշտ է ճշտել:
ՀՀ Սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հայտարարությունը՝ ստեղծել Սփյուռքի ներկայացչական պալատ
Նախ հիշեցնեմ, որ այս գաղափարի հեղինակային իրավունքը պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին (Հրանդ Մարգարեան, Թորոնթոյի ելույթ, Asbarez, 12.08.10.):Սակայն, այս հարցի հետ կապված ժամանակագրությունն անհրաժեշտ է ճշտել:
Շատերը, ինչպես նաեւ ես, հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները “Հայ-թուրքական հարաբերություններ” տխրահռչակ քաղաքականությունից հետո, այս գաղափարը կարող են օգտագործել յուրովի՝ որպես Սփյուռքի “սիրտը շահելու” կամ “սփյուռքին քաղաքական գործիք” դարձնելու նպատակայնություն: Սակայն, սփյուռքից բազմաթիվ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հարցադրումներ են անում, չհասկանալով՝ այս կամ այն համազգային խնդրի “անհրաժեշտություն եւ հնարավոր իրագործում” պատճառ-հետեւանքային կապը:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Հարցադրում 1-ին՝
Արդյո՞ք Հայաստանից դուրս, աշխարհով մեկ սփռված հայության համար Հայաստանը ընկալվում է համայն հայության հայրենիք:
Հարցադրում 2-րդ՝
Եթե վերեւի հարցի պատասխանն “այո” է, ապա արդյո՞ք դրանից չի բխում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի՝ համահայկական, համազգային պետություն, եւ սփյուռքյան խնդիրներն ու կարիքները պետք է դառնան ՀՀ պետության հետաքրքրության շրջանակներում:
Հարցադրում 3-րդ՝
Եթե Սփյուրքն իր առջեւ ունի՝ հայապահպանման պայքար,- հայոց լեզվի, հայոց պատմության, ազգային ինքնության գիտակցության ամրապնդում, հայոց եղեռնի միջազգային ճանաչողություն եւ այլն խնդիրներ, ապա արդյո՞ք այս խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչության շահերից են բխում, եւ ընդհանրական համազգային շահեր են:
Հարցադրում 4-րդ՝
Արդյո՞ք պետությունը՝ որպես կառույց, առավել կազմակերպված լծակ չէ, որը կարելի է օգտագործել Սփյուրքը կազմակերպելու, եւ նրա առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Եվ եթե այս հարցադրման պատասխանն “այո” է, ապա ո՞ր տարբերակն է առավել ճիշտ՝ դրսո՞ւմ ունենալ համասփյուռքյան առանձնակի կառույց, թե՞ մայր հայրենիքում եւ նրա շուրջ կենտրոնացնել սփյուռքյան ուժերը:
Կարծում եմ, որ վերեւում բերված հարցերն ինքնին կանխանշում են բնական եւ տրամաբանական դրական պատասխան, եւ գոնե տեսականորեն, թե՛ սփյուռքահայը, թե՛ հայաստաբնակը կունենան նույն պատասխանը: Այո՛, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, այո՛, Հայաստան պետությունը պետք է դառնա համահայկական շահերի արտահայտողը, այո՛ սփյուռքի առջեւ ծառացած հիմ-նական գերխնդիրները ոչ թե Հայաստանյան, այլ՝ համազգային նշանակության խնդիրներ են, այո՛ մայր հայրենիքում եւ նրա շուրջ է պետք կենտրոնացնել սփյուռքյան ուժերը, եւ անհեթեթություն է՝ Հայաստանը շրջանցող համաս-փյուռքյան առանձնակի կառույց ստեղծելու գաղափարը:
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Հարցադրում 1-ին՝
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի սփյուռքյան ներկայացուցիչների պալատում պետք է ընդունվեն որոշումներ եւ օրենքներ նաեւ սփյուռքի համար, ապա արդյո՞ք անհրաժեշտ է, որ պառլամենտի կազմում ընդգրկվեն հիմնականում այնպիսի ներկայացուցիչներ, որոնց ընդունած որոշումները ոչ թե մնան օդում, այլ իրագործվեն սփյուռքում: Որեմն, ովքե՞ր կարող են լինել այդ պալատի ներկայացուցիչները:
Պատասխան՝
Պարզ է, որ Հայաստանի Ազգային Ժողովի սփյուռքյան ներկայացուցիչների պալատում պետք է ընդգրկվեն այս կամ այն երկրում գոյություն ունեցող ռեգիոնալ հասարակական բոլոր լուրջ կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի ընդունած որոշումներն իրագործվեն սփյուռքում հե՛նց այդ կազմակերպությունների միջոցով: Եվ ՀՀ Ազգային ժողովում նման ներկայացուցչական պալատ հնարավոր է ստեղծել համամասնական “ընտրության” տարբերակով: Ավելին, այսօր, բավականաչափ կազմակերպված սփյուռքը, ի վերջո՝ իրավականորեն, այս կամ այն օտար երկրում գրանցված է որպես հասարակական կազմակերպությունների հավաքականություն:
Հարցադրում 2-րդ՝
Արդյո՞ք սփյուռքահայ պառլամենտականը լիարժեք հասկանում է Հայաստանի բնակչության կենցաղային կամ օրենսդրական կարիքների հետ կապված խնդիրները, եւ իրավունք ունի՞ որոշում կայացնել Հայաստանում ապրողի համար: Եվ նաեւ հակառակը՝ արդյո՞ք Հայաստանում ապրողը հասկանում է սփյուռքը եւ սփյուռքահայի փոխարեն իրավունք ունի նրա համար որոշումներ կայացնել:
Պատասխան՝
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկու պալատների օրենսդըրական որոշումներ կայացնելու իրավունքները պետք է հստակ բաժանվի եւ սահմանվի: Ի վերջո, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ կան տեղայնական խնդիրներ եւ կան համազգային խնդիրներ: Համազգային խնդիրները կարող են արծարծել երկու պալատները միասին, իսկ միայն Հայաստանի բնակչությանը կամ սփյուռքին վերաբերող կազմակերպչական, մարտավարական եւ ռազմավարական հարցերը կարող են դիտարկվել առանձնաբար, երկու տարբեր պալատներում:
Եվ վերջում ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել Սփյուռքի ներկայացչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ընդհանրապես:
Պատասխան՝՝
Անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել եւ առավել արդյունավետ դարձնել համահայկական ներուժը՝ հայության առջեւ ծառացած գերխնդիրների լուծման համար:
Անհրաժեշտ է հասկանալ եւ տարբերակել՝ հայրենի պետությունը Հայաստանի իշխանություններից: Հայրենի պետության մեջ ունենալ սփյուռքյան ներկայա-ցուցչական պալատ, որը համազգային նշանակության կառույց կարող է լինել, չի նշանակում սատար կանգնել անցողիկ այս կամ այն իշխանավորին կամ իշխանական էլիտային, այլ հակառակը: Օրինակ՝ եթե մենք նախորօք ունենայինք Հայաստանի Ազգային Ժողովում սփյուռքի ներկայացչական պալատ, ապա այն կարող էր լինել “Հայ-թուրքական պրոտոկոլներ” քաղաքականության դեմ լուրջ ընդիմադիր լծակ:
Եվ վերջում ցանկանում եմ ընդգծել, որ այս հոդվածը ուրվագծային պարզաբանումներ են միայն: “Սփյուռքի ներկայացչական պալատ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում” գաղափարն անհրաժեշտ է դարձնել բազմաշերտ ծրագիր, որտեղ նույնիսկ մանրունքները պետք է լինեն ուսումնասիրված եւ հաշվառված: