Սամուէլ Յովասափեան, Բեռլին, Դեկ. 2014
Մեր օրերում, երբ մենք բոլորս ընդվզումով կորցրել ենք մեր հաւատը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ, ովքեր, ինչպէս նաեւ նրանց մօտ շրջապատը բացարձակօրէն և անխնայ հարստահարում են երկիրը, քաղաքների աշխատաւորութեանը, գիւղացիութեանը, որոնք, անկախ արհմիութիւնների և դատարանների բացակայութեան պարագայում, անպաշտպան ենթարկուած են նրանց և վերնախաւի հայեցողութեանը և այդպիսով վտանգում հայ ազգի և երկրի ապագան, ապա հնարաւոր էր, որ հայ եկեղեցին այն հաստատութիւնը հանդիսանար, որը իր կեցութեամբ կը հակակշռէր նրանց կամայականութիւններին և չնայած որ զարմանալի կը լինէր, սատար կը կանգնէր հայաստանաբնակ հասարակ ժողովրդին:
Սակայն մենք վկան ենք մի այնպիսի իրականութեան, որը վեր է մեր բոլորի երեւակայութիւններից: Այն է, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգեն Երկրորդը, Հայ Առաքելական եկեղեցին դարձրել է իշխանութիւնների հաճոյակատարը և նրանց շեփորահարը: Բացի այդ, նա կաթողիկոսական աթոռին ոչ հարիր իր արարքներով և հայտարարութիւններով զարմանալի արագութեամբ, սպառում է իրեն, թէ՝ որպէս անձնաւորութիւն, թէ՝ որպէս հայ, թէ՝ որպէս հաւատացեալ և թէ՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով յաջորդել է Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝ Խրիմեան Հայրիկին, Վազգէն և Գարեգին Վեհափառներին, այն կաթողիկոսներին, որոնց հայ ժողովուրդը գնահատել և մեծարել է իրենց ազգանուէր աշխատանքների և կեցուածքի շնորհիւ:
Սամուէլ Յովասափեան, Բեռլին, Դեկ. 2014
Մեր օրերում, երբ մենք բոլորս ընդվզումով կորցրել ենք մեր հաւատը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ, ովքեր, ինչպէս նաեւ նրանց մօտ շրջապատը բացարձակօրէն և անխնայ հարստահարում են երկիրը, քաղաքների աշխատաւորութեանը, գիւղացիութեանը, որոնք, անկախ արհմիութիւնների և դատարանների բացակայութեան պարագայում, անպաշտպան ենթարկուած են նրանց և վերնախաւի հայեցողութեանը և այդպիսով վտանգում հայ ազգի և երկրի ապագան, ապա հնարաւոր էր, որ հայ եկեղեցին այն հաստատութիւնը հանդիսանար, որը իր կեցութեամբ կը հակակշռէր նրանց կամայականութիւններին և չնայած որ զարմանալի կը լինէր, սատար կը կանգնէր հայաստանաբնակ հասարակ ժողովրդին:
Սակայն մենք վկան ենք մի այնպիսի իրականութեան, որը վեր է մեր բոլորի երեւակայութիւններից: Այն է, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգեն Երկրորդը, Հայ Առաքելական եկեղեցին դարձրել է իշխանութիւնների հաճոյակատարը և նրանց շեփորահարը: Բացի այդ, նա կաթողիկոսական աթոռին ոչ հարիր իր արարքներով և հայտարարութիւններով զարմանալի արագութեամբ, սպառում է իրեն, թէ՝ որպէս անձնաւորութիւն, թէ՝ որպէս հայ, թէ՝ որպէս հաւատացեալ և թէ՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով յաջորդել է Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝ Խրիմեան Հայրիկին, Վազգէն և Գարեգին Վեհափառներին, այն կաթողիկոսներին, որոնց հայ ժողովուրդը գնահատել և մեծարել է իրենց ազգանուէր աշխատանքների և կեցուածքի շնորհիւ:
Փոխանակ նա հետեւէր և շարունակէր նրանց մեծարման արժանի աշխատանքները, իրեն թոյլ է տալիս այնպիսի սայթաքումներ, որ դրանց հետեւանքով ժողովրդի մօտ նա այնպիսի «համբաւ» է վայելում, որը երեւի եզակի է լինելու հայոց պատմութեան մէջ, որ և ժողովուրդը և գիտակները և համարձակները և հայ ժողովրդի և հայ եկեղեցու ապագայով տագնապած անձինք (ոչ թէ, մի քանի «տգէտներ») լաւ իմանալով, որ նա ցմահ է ընտրուել, նրա հրաժարականն են պահանջում:
Վերջին տարիներին հայ հասարակայնութիւնը վկան է նաև մի այլ աննախադէպ երեւոյթի, սփիւռքի շատ հոգեւորականների բացէիբաց ընդվզումը նրա դէմ: Ըստ երեւոյթի Էջմիածնի կաթողիկոսարանի և սփիւռքի որոշ էջմիածնական թեմերի յարաբերութիւնը այնքան է սրուել, որ որոշ արքեպիսկոպոսներ և հոգեւորականներ հրապարակայնօրէն և այո, հոգեւորականին ոչ վայել նրան հանդիմանում են, ինչպէս նաեւ այլեւայլ պիտակներ են կպցնում, որը ընդհանուր առմամբ պատիւ չի բերում ոչ միայն համայն հայութեան և հայ եկեղեցուն, այլ մասնաւորապէս Էջմիածնի կաթողիկոսական աթոռին:
Հայ հասարակայնութիւնը զարմանքով հետեւելով եկեղեցու ներսում ընթացող նման սրուած և ոչ յարգալից պայքարին, որը ընթանում է հայկական թերթերի ու կայքերի էջերում, ինքն իրեն հարց է տալիս, այս ո՞ւր է գնում հայ եկեղեցին, ինչի՞ համար է նման սրուած և կարելի է ասել՝ ոչ պատուաբեր պայքարը:
Իհարկե, շատ ճշմարտութիւններ և մանրամասնութիւններ մնում են մթութեան մէջ և հայ հասարակութիւնը անկարող է իր բազմաթիւ հարցերի վերջնական և սպառիչ պատասխանները ստանալ և գնահատել, թէ՝ որքան են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրասը չարաշահում են կաթողիկոսական աթոռը և իրենց դիրքը յանուն իրենց անձնական շահերի, որում նրանց մեղադրում են նրանց քննադատողները: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարձրութեան վրայ չէ, դա կարող ենք նաեւ մենք՝ ինքներս նկատել և գնահատել…
Ոչինչ աւելի լավ չի սահմանում նրա, իր աթոռին ոչ վայել պահուածքը, քան հայկական հեռուստատեսութեամբ արած նրա յայտարարութիւնները և հանրութեանը յայտնի գործելակերպը՝
– Նա ՝ իր քննադատողներին՝ «նենգ», «չարակամ», «տգէտ», «անտեղեակ» է անուանում և իր անձը պատնէշելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսով, իրեն անքննադատելի է համարում:
– Նա՝ չի ցանկանում լեռների վրայի եկեղեցիները կործանումից փրկել, բայց ամենուր, նույնիսկ Երեւանի կենտրոններում, նոր եկեղեցիներ է կառուցել տալիս: Եւ այդ այն դեպքում, երբ աղէտի գօտում դեռ շատ բազմազաւակ մայրեր, թիթեղեայ տնակներում են ապրում և շատ հայ ընտանիքներ թուրքերին են ապաւինել, տաք անկիւն և աշխատանք փնտրելու համար և իրենց մանկահասակ երեխաներին նրանց մօտ աշխատանքի են ուղարկում: Տարիներ առաջ հայկական կայքէջերում կարելի էր կարդալ այն 8-ը տարեկան երեխայի առօրեայի մասին, ով իր թուրք գործատիրոջը աւելի էր սիրում, քան ընտանիքին լքած իր հօրը: Սա մի շառաչուն ապտակ էր Հայաստանի իշխանութիւնների երեսին, իհարկե եթէ նրանք հասկանային, թէ դա ինչ է նշանակում և եթէ նրանք այդքան հեռացած չլինէին ժողովրդից և մինչեւ այդ աստիճանի չարհամարհեին նրան:
– Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երեւանում քանդել է տալիս ակադեմիական շէնքը, տեղը ի՞նչ աւելի կարեւոր շինութիւն կառուցելու համար…։ Երեւի նրա մօտ հարցը այսպէս է դրուած՝ ինչո՞ւ չնմանուել Գագոներին, Գռզոներին, այլևայլ «օլիգարխներին» և նրանցից օրինակ չվերցնել: Ինչո՞ւ չունենալ սեփական պալատ:
– Ինչո՞ւ Քոչարեանների, Սարգսեանների նման չգործադրել անառարկելի իշխանութիւն և չվայելել իշխանական աթոռի փառքն ու հմայքը:
– Նա քամահրում է ոչ միայն հայաստանաբնակ ժողովրդի կարծիքը և ցանկութիւնները, այլ շվեցարահայ թեմի երեսին շպրտում է ՝ «ես ինչ ուզեմ, կ՚անեմ»: Այո նա հզօր է, նա ամենակարող է, ով ի վերուստ և ի պաշտօնէ իրաւունք ունի որոշում կայացնելու, հրամաններ տալու: «Ես եմ ճշմարտութիւնը, չկայ այլ ճշմարտութիւն ինձանից բացի», չէ՞ որ նման ասացուածքը, կրօնական օրինականութիւն է յայտարարուած…
Որ հայ առաքելական եկեղեցու շատ սպասաւորներ իրենց արարքով, նաև իրենց կրօնական մոլեռանդ քարոզչութեամբ, երբեմն բացասական ազդեցութիւն են ունեցել հայ ժողովրդի դարաւոր պատմութեան ընթացքում, դա անառարկելի է: Րաֆֆին, իր վէպերի հերոսների լեզուով, բազմիցս քննադատել է ժամանակի հայ հոգեւորականներին, իրենց բացառապէս Աստծոյ ապաւինելու քարոզչութեան և կեցուածքի պատճառով, ինչը որ կործանարար է եղել հայ ժողովրդի համար: Անցեալից մեզ քաջ յայտնի է հետեւեալը՝ պարսիկ, կամ թուրք մոլլաները միացած խուժանին, իրենց հաւատացեալներին քարոզում էին՝ կոտորէք անհաւատներին և ձեր տեղը դրախտում ապահովուած կը լինի, իսկ այդ նոյն ժամանակ հայ հոգեւորականները փակւում էին եկեղեցիններում, մոմեր էին վառում և քարոզում՝ «ով սուր վերցնի, սրով էլ կ՚ընկնի»:
Դեռ վերջերս մենք վկան եղանք հայ եկեղեցու կողմից բանեցրած՝ անզորութեան և ապակողմնորոշող ցայտուն մի այլ օրինակի: Սիրիայում իսլամիստները զէնքի ուժով գրաւում են Քեսաբը, տեղի հայ բնակչութիւնը լքում է իր հայրենիքը, իսկ յետոյ ի՞նչ է կատարւում, յետոյ, ամենուր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցւում և երկու կաթողիկոսներից մինչեւ սովորական հոգեւորականներ, Աստծոյ փեշերն են քրքրում և «հայոց տառապեալ հոգու համար» թողութիւն հայցում, ինչպէս միշտ, ինչպէս ամէնուր: Այս ու նման կեցուածքը ոչ միայն ամօթալի է, այլ ստորացուցիչ, նուաստացնող:
Դեռ ի սկզբանէ, հայ առաքելական եկեղեցին, նախ թագաւորական զէնքի ուժով և յետոյ քրիստոնեական ուսմունքի քարոզչութեամբ, ստորացնելով հայ ժողովուրդին, կռտել է նրան, նրանից խլել է նրա ինքնապաշտպանութեան բնական բնազդը, ակամայից նրան դարձնելով իշխանների և օտար նուաճողների վասալ, կամակատար:
Մինչեւ ե՞րբ է ցանկանում հայ եկեղեցին նման սխալ և ապակողմնորոշող քարոզչութիւնը շարունակել: Մինչեւ եր՞բ են ցանկանում Հայաստանի իշխանութիւնները, և նրանց հոգեւոր սպասաւորները հայ ժողովրդին կրօնով մոլորեցնելով, ամրապնդել իրենց աթոռը:
Տարիներ առաջ էր, դոկտոր պրոֆեսոր Ա. Բ-ը Հ1 հեռուստակայանով մէկ ժամ խօսեց հայ ժողովրդի պատմութեան և եղեռնի շուրջ, իսկ վերջում ոչ հանդիսաւորապէս ու հպարտօրէն, ասես ինչ որ գիւտ արած լինէր, յայտարարեց. «Աշխարհում ինչ որ կատարւում է, կատարւում է Աստծոյ կամքով»: Դրան կարելի էր նաեւ, հենց այնպէս, ուշադրութիւն չդարձնել: Բայց հարցը նրանումն է, որ այսօր Հայաստանում՝ նմանը, ասես մի ինչ որ պակասութեան տեղը լրացնելու համար, կրկնում են շատերը, Զորի Բալայանից սկսած, մինչեւ Էջմիածնի տաճարում՝ ծնկաչոք եկած, բոլոր տեղերից կտրուած ձեռքները աղերսանքով դէպի երկինք պարզած, քարերը համբուրող, տառապեալ և անօգնական կանայք: