1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային եւ հայերի գույքային իրավունքները, ինչպես նաեւ բարոյական կորուստները, կարող են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի եւս:
2. Ի՞նչ ծավալի իրավունքների եւ գույքի մասին է խոսքը:
1. Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործության (crime against humanity) տարատեսակ է: Թերեւս ամենածանր տարատեսակն է, բայցեւայնպես, պատասխանատվության առումով այն համարժեք է նմանաբնույթ մյուս հանցագործություններին: Միջազգային իրավունքը հստակորեն ամրագրել է, որ “բնաջնջումը, ստրկացումը, աքսորը, եւ որեւէ քաղաքացիական բնակ- չության դեմ իրականացված այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում” հանդիսանում են հանցագործություններ մարդկայնության դեմ (crimes against humanity). [… extermination, enslavement, deportation, and other inhumane acts committed against any civilian population, before or during the war …] (1) Անվիճելի իրողություն է. թուրքերը ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական բնակչությանն աքսորել են:
Պահպանվել է Օսմանյան կայսրության այն օրենքը (Tehcir Law), որի հիման վրա իրականացվել է հայերի աքսորը: Օրենքն ընդունվել է Օսմանյան խորհրդարանի կողմից 1915թ. մայիսի 27-ին եւ ուժի մեջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտոնա-թերթում 1915թ. հունիսի 1-ին տպագրվելուց հետո: Օրենքի ամբողջական անվանումն է. “Պատերազմական իրավիճակի եւ հրատապ քաղաքական անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորվող հայերի տարաբնակեցման կարգ:” ("Regulation for the settlement of Armenians relocated to other places because of war conditions and emergency political requirements")
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որեւէ պատճառաբանություն կամ պատրվակ աքսորն իրականցրած պետությանը, որը գործել է հանցագործ իշխանության միջոցով, չի ազատում պատասխանատվությունից եւ տուժողներին համարժեք հատուցում տալու պարտավորությունից: Հայերի պարագային թուրքական պետության հանցանքը բարդանում է նաեւ նրանով, որ աքսորի ժամանակ պետությունը հստակ քաղաքականություն է իրականացրել աքսորյալների մեջ մահացու ելքերը շատացնելու համար:
2. Հայության իրավունքների եւ սեփականության հարցն ունի երեք մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպված խմբերի, անհատական կամ մասնավոր: Առաջին դեպքում ամեն ինչ հստակ` կա կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով հստակեցված է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին, որոնք խարսխված են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա (առիթներ ունեցել եմ հանդես գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնա): Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է հողային իրավունքների վերականգնման, տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ:
Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար: Հայության համայնքային եւ անհատական գույքային իրավունքների վերականգնման համար ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես բնավ նախապայման չէ: Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է անել մի հստակեցում. հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որեւէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:
Հայերից ապօրինի բռնագրավված գույքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարված որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ դեռեւս խիստ հատվածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին (ReichsBank) Օսմանյան կայսրությունից փոխանցած 33 տոննա ոսկու (ներկա գներով ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերեւս ամբողջությամբ, ապօրինի բռնագրավվել էր հայերից:(2) Առ այսօր Թուրքիան չի բացահայտել Օսմանյան կայսրության զանազան բանկերում, ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի թուրքական մասնաճյուղերում, պահվող հայկական հաշիվների անվանացանկերը եւ գումաների չափը:
Որքան այսօր դժվար է փաստել սեփականության իրավունքը, հստակեցնել անհատական գույքի գինը եւ հետամտել կորուստը, նույնքան էլ դյուրին է դա անել համայնքային սեփականության հարցում: Քանի որ Օսմանյան կայսրությունը կառուցված էր ազգային/կրոնական սկզբունքով եւ լուսավորչական հայերը ներառված էին մեկ` էրմենի միլիեթի մեջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշվառված էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշվարկներ, ներառյալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած տեղեկանքները:
Թերեւս ամենաամբողջականը Ռայմոն Գեւորգյանի եւ Փոլ Փապուճեանի (3) հաշվարկներն են, քանի որ դրանք հիմնված են պատրիարքարի չհրատարակված արխիվների վրա: Ըստ այդ հաշվարկների 1913-14թթ. առաքելական հայերն ունեին 2538 գործող եկեղեցի, 451 վանք եւ գրեթե 2000 դպրոց: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի եւ հայ ավետարանականների հոգեւոր հաստատություններն ու դպրեցները, ինչպես նաեւ Ռուսական կայսրության Կարսի, Սուրմալուի եւ Բաթումի վարչական միավորների հայապատկան գույքը:
Ամփոփելով վերոշարադրյալը կարելի է անել հետեւյալ եզրակացությունները.
Հայոց իրավունքներին տեր կանգնելու համար բնավ պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչության աքսորը նույնքան պատասխանատվություն է դնում թուրքական պետության վրա եւ պարտավորեցնում հատուցել աքսորյալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանության փաստը:
Օսմանյան կայսրության հայ համայքի իրավունքները ամրագրված են եղել ըստ երկրի գործող օրենսդրության եւ թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում նրան իր իրավունքից: Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը` ուղղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին` Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին եւ ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:
Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի Եվրամիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության եւ նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից եւ սպառնալիքի լեզվով:
——————-
1. Article 6 (c) of the Charter of the International Military Tribunal, [Nurnberg Tribunal] annexed to Agreement for the Prosecution and Punishment of the Major War Criminals of the European Axis ("London Agreement"), 8 August 1945.
2. Shavarch Toriguian, The Armenian Question and International Law, Beirut, 1973, pp. 107-8.
3. Raymond H. Kevorkian and Paul B. Paboujian, Les Armeniens dans L’Empire Ottoman a la veille du Genocide, Paris, 1992.