Սփիւռքեա՞ն թէ համահայկական խորհրդարան…

Վրէժ-Արմէն, Հորիզոն, Մոնթրէալ, 22 Նոյեմբեր 2010

Գաղափարը շատ երկար ատենէ ի վեր գոյութիւն ունի: Շատեր արտայայտուած են այդ մասին, ի միջի այլոց նաեւ այս տողերը գրողը:

Այս օրերուն վերստին կ՚արծարծուի ան, ու կ՚արծարծուի տարբեր կողմերէ: Գուցէ տարբեր դրդապատճառներով:
 

Վրէժ-Արմէն, Հորիզոն, Մոնթրէալ, 22 Նոյեմբեր 2010

Գաղափարը շատ երկար ատենէ ի վեր գոյութիւն ունի: Շատեր արտայայտուած են այդ մասին, ի միջի այլոց նաեւ այս տողերը գրողը:

Այս օրերուն վերստին կ՚արծարծուի ան, ու կ՚արծարծուի տարբեր կողմերէ: Գուցէ տարբեր դրդապատճառներով:
 

Նաեւ՝ Հարաւային Գալիֆորնիոյ համալսարանին մէջ, Լոս Անճելըս, գիտաժողով մը տեղի ունեցած պիտի ըլլայ այս օրերուն֩ շուտով կը լսենք այդ մասին, կ՚ենթադրեմ։

Կ՚արժէ սակայն անգամ մը եւս, ու դեռ բազում անգամներ խօսիլ այս մասին, վիճիլ, քննել ու քննարկել, մինչեւ որ գաղափարը բիւրեղանայ ու գործադրութեան դրուելու հանգրուանին հասնի:

Անկէ առաջ ցանկալի է որոշ յստակացումներ կատարել:

Առաջին հարցը, որ կը ծագի, նման խորհրդարանի մը բնոյթն է: Համահայկակա՞ն թէ համասփիւռքեան պիտի ըլլայ ան: Հայաստանը մաս պիտի կազմէ՞ անոր, թէ ոչ: Ասիկա հիմնական հարց է, քանի որ երկու բնոյթները իրարմէ մեծապէս կը տարբերին իրենց նպատակներով:

Իսկ այդ հարցումին պատասխանելու համար անհրաժեշտ է ճշդորոշել նպատակները: Ի՞նչ նպատակներ պիտի հետապնդէ համասփիւռքեան խորհրդարան մը, եւ ի՞նչ նպատակներ՝ համահայկականը: Արդեօք մէկը միւսը կը բացառէ՞, թէ կ՚ամբողջացնէ:

Արդեօ՞ք «Սփիւռք» հասկացողութիւնը կարելի է յստակօրէն սահմանել, որպէսզի կարելի ըլլայ սահմաններ ճշդել, նպատակներ դնել ու անոնց հասնելու համար լաւագոյն ճանապարհը որոշել:

Սփիւռքը ամբողջ Արտերկի՞րն է, Երկրէն՝ Հայաստանէն (ներառեալ հայաբնակ եւ արդէն ոչ հայաբնակ հողերէն) դուրս գտնուած հայութեամբ:

Կամ՝ արդեօք միայն կազմակերպուած հայ զանգուածնե՞րն են, որ «Սփիւռք» հասկացողութեան տակ կ՚իյնան:

Իսկ այդ զանգուածները ինչպէ՞ս սահմանել: Հայց. եկեղեցւոյ թեմե՞րն են, առաւել յարանուանութիւնները, իսկ այդ թեմերէն ու յարանուանութիւններէն դուրս գտնուողնե՞րը: Կուսակցութիւննե՞րն են, առաւել իրենց ուղեկից կազմակերպութիւնները, իսկ անոնցմէ՞ դուրս գտնուող կազմակերպութիւններն ու անհատնե՞րը: Ի՞նչ է ասոնցմէ իւրաքանչիւրին «տեսակարար կշիռ»ը՝ միւսներուն բաղդատմամբ: Կարելի՞ է խորհրդարան գոյացնել ընտրութեամբ, իւրաքանչիւր սփիւռքահայ մարդու մէկ քուէին իրաւունքով:

Իսկ ինչպէ՞ս կ՚առաջադրուին թեկնածուները, որո՞ւ կողմէ, իրենք զիրե՞նք թեկնածու կը դնեն: Ի՞նչ չափանիշներով կ՚ըլլայ թեկնածուներու առաջադրումը֩ անհատներուն համոզումնե՞րը թէ … նիւթական միջոցները կ՚առնուին նկատի:

Այս բոլորին մէջ ըսելիք մը պիտի ունենա՞ն սփիւռքահայ կեանքի գլխաւոր կռուանները՝ ազգային-թեմական կառոյցները, կուսակցութիւնները, անոնց ուղեկից բարեսիրական, ընկերային, երիտասարդական, մշակութային կազմակերպութիւնները, տակաւին՝ ոչ-ուղեկից այլ կազմակերպութիւններ։

Յաճախ կը խօսուի Սփիւռքի հայութեան ձայնը լսելի դարձնելու մասին, մէկ ինքնութեամբ այդ ձայնը արտայայտելու մասին:

Այստեղ եւս հարցականներ կը բարձրանան: Ի դիմաց որո՞ւն ներկայանալու համար֩ աշխարհի՞ն, որու լսարանը Միացեալ ազգերո’ւ կազմակերպութիւնն է, իսկ ազգերը իրենց պետութիւններով կը ներկայացուին, եւ ոչ … սփիւռքներով: Այլապէս, հայրենիքի՞ն լսելի դարձնելու համար մեր ձայնը:

Տակաւին, որո՞նք են այն հարցերը, որ մեր Սփիւռքի կամ սփիւռքներու ներկայացուցիչներէն բաղկացած խորհրդարանը պիտի դնէ իր օրակարգին վրայ ու որոնէ համահայկական լուծումներ:

Հայ դա՞տը, որուն շուրջ կը թուի թէ այլեւս նկատառելի տարակարծութիւն չկայ: Հայ դատի հետապնդո՞ւմը. հետապնդում կը նշանակէ գործադրութիւն, իսկ խորհրդարանը գործադիր մարմին չի կրնար ըլլալ, օրէնսդիր մարմին է: Ուրեմն նաեւ Սփիւռքի կառավարութի՞ւն է պէտք, որ խորհրդարանին տուած որոշումները գործադրութեան դնէ: Ուրեմն, կայ նաեւ կառավարութիւն մը ընտրելու հարցը…

Հայ դատէն զատ, ի՞նչ այլ հարցեր այդ ընդհանրական բնոյթը կրնան ունենալ, հայապահպանո՞ւմը, իր կրթական եւ մշակութային բոլոր երեսներով, Հայաստանի ու Արցախի ամրապնդման հա՞րցը, որ հետզհետէ պիտի դառնայ ոչ միայն Սփիւռքի հարցը, այլեւ Սփիւռքը կենդանի պահելու գլխաւոր կռուանը, ու Հայ դատին հետ՝ Սփիւռքի գոյութեան առանցքը:

Այս նպատակները, սակայն, միայն Սփիւռքի՞ կը վերաբերին, թէ՝ համայն հայութեան: Եւ կու գանք դարձեալ վերեւը դրուած առաջին հարցումին՝ համահայկակա՞ն թէ համասփիւռքեան խորհրդարան:

Կարելի՞ է երեւակայել հայութիւն մը, որուն հայրենաբնակ փոքրամասնութիւնը եւ արտերկրաբնակ մեծամասնութիւնը տարբեր դէմքերով ներկայանան աշխարհին, գուցէ եւ հակադիր ճակատներով: Այսպէ՞ս կը լուծուի աշխարհի առջեւ մէկ ձայնով ներկայանալու առաջադրանքը: Եւ եթէ երկու կամ աւելի ըլլան այդ ձայները, մէկի փոխարէն, անոնցմէ ո՞րը աւելի կշիռ կ՚ունենայ…

Հասկնալի է, որ Հայաստանի իշխանութիւնները ամենայն հայոց կառավարութիւն չեն, չեղան տակաւին, եւ կրնան դժուարանալ ըլլալու դեռ երկար ժամանակ: Արդեօ՞ք ատիկա կ՚արդարացնէ «Սփիւռքը իր գլխուն ճարը պէտք է նայի» հոգեբանութենէն յառաջացող պահանջքը՝ համասփիւռքեան խորհրդարան մը մէջտեղ բերելու համար:

Խորհրդային ամբողջ 70-ամեակը այդ չըրի՞նք միթէ, մեր «գլխուն ճարը նայեցանք»: Իսկ հիմա՞. նոյն այդ հոգեբանութիւնն ալ կրնայ մեզի ըսել տալ՝ «Հայրենիքն ալ ի՛ր գլխուն ճարը թող նայի»: Ի՞նչ կ՚ըլլայ նման մօտեցումի վերջնական արդիւնքը, եթէ ոչ երկիր մը, որ զրկուած է իր ժողովուրդէն, ժողովուրդի մեծ մասէն, եւ ժողովուրդ մը որ զրկուած է իր երկրէն, երկրի մեծ մասէն:

Անհայրենիք ժողովուրդ, անժողովուրդ հայրենիք:

Այս չէ՞ թշնամիին ալ ուզածը:

Այս չի նշանակեր ի հարկէ, որ Սփիւռքը աւելի համադրուած ուժերով չենք կրնար կառավարել, ու հասարակաց մեր դժուարութիւնները միասնաբար հարթելու միջոցներ գտնել։ Կը մնայ որոշել, թէ խորհրդարա՞ն մըն է լուծումը։

Տակաւին կը մնայ համայն հայութիւնը «մէկ ազգ՝ մէկ ժողովուրդ» հասկացողութեամբ առաջնորդելու հրամայականը։ Ի՞նչպէս։

Հարցը սեղանին վրայ է։

1 comment
  1. Սիրելի հայրենակից, Վրէժ-Արմէն

    Սիրելի հայրենակից, Վրէժ-Արմէն,

    Ձեր հարցադրումները շատ տեղին են և կարևոր: Փորձենք հստակեցնել հարցերը, ելնելով գոյացած իրողությունից: Հարյուրամյակներից հետո դժվարագույն խնդիր է ազգային պետականության վերականգման գործը: Մենք դրան պատրաստ չէինք ոչ 1918 ոչ էլ 1991 ին: Փորձենք պատրաստվել, չկորցնել այն, ինչ մեզ տրվել է, նույնիսկ մեր կամքից անկախ:

    Իրադարձությունները ստիպեցին ղարաբաղցիներին և հայաստանցիներին կազմակերպվել այն աստիճան, որ նույնիսկ պարտության մատնեցին Բաքվին, երբ նա առժամանակ զրկվեց Կրեմլի պաշտպանությունից և մասամբ ազատագրել հայրենի որոշ տարածքներ: Անվիճելի իրողություն է, որ անխուսափելիորեն կկորցնենք այն, ինչ ունենք այսօր, եթե ազգովին չմասնակցենք ազգային պետականության վերականգման գործին:  1921ի պարտությունների և կորուստների հիմնական և գլխավոր պատճառը նրանում էր, որ չկարողացանք ԱԶԳՈՎԻՆ բավարար ուժ ապահովել:

    Անհետաձգելի անհրաժեշտություն է մնացյալ հայության ինքնակազմակերպումը: Արտերկրի հայությունը հիմնականում հետևանքն է շարունակական կոտորածների, հալածանքների, Մեծ Եղեռնի, այսինքն ժառանգներն են գաղթականների Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, ժառանգները նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիների, որ պարզապես անվանում ենք Արևմտահայեր, որոնք միայն կարող են պահանջատեր լինել, եթե կազմակերպվեն ինչպես հարկն է:

    Իբրև առաջին քայլ արտերկրի հայության ինքնակազմակերպման համար առաջարկում ենք նախապատրաստել և հրավիրել Արևմտահայերի Երրորդ Համագումարը 2011թ աշնանը Փարիզում, որտեղ սկիզբը կդրվի հիմնադրէլ Արևմտահայերի Լիազոր Ներկայացուցչական մարնինների, Արևմտահայոց Ազգային Խորհրդի և այլն: Մանրամասնությունները կարող եք ստանալ Keghart.com-ից:

    Արտերկրի իմքնակազմակերպման լավագույն միջոցը իբրև արեվմտահայեր կազմակերպվելն է: Սրա ապացույցն է պատմությունը: Եղած կազմակերպությունները իրենց դերը ինչ որ չափով կատարեցին հայապահպանման գործում: Կուսակցությունները անելիք չունեն այլևս արտերկրում, երբ նրանք տեղափոխվել են ՀՀ, որտեղ կարող են պայքարել իշխանության համար, հզորացնելու համար ՀՀ և Արցախը:

    Արտերկրի հայությունը կազմակերպված իբրև ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ կարող է ոչ միայն իր շահերը պաշտպանել, պահանջները ներկայացնել ուր որ հարկն է, այլ և իր լիարժեք մասնակցությունը բերել Հայոց պետականության վերականգման, զարգացման և հզորացման գործընթացին:

    Շնորհակալություն, պատրաստ եմ ծագած հարցերին պատասխանել:

    Կարեն Միքայելյան

Comments are closed.

You May Also Like
Read More

“Keep Turkey on Our Side …”

The Zoryan Institute    PRESS RELEASE FOR IMMEDIATE RELEASE                                                          CONTACT: Deborah Hay DATE: January 8, 2014                                                                     TEL: 416-250-9807 “Keep…
Read More