Նվիրում եմ
Ծնողներիս հիշատակին
Վարդան Գրիգորյան, Երևան
Արցունքը թախիծ ու վիշտ է ծնում,
Ուժը իրավունք ու հպարտություն,
Բռունց լինենք, որ Հայրենին մեր Մայր
Ծաղկի, շենանա, մեզ տա զորություն…
ԱՐԱՐԱՏԻՍ
Գագաթներիդ՝ բիբլիական,
Արցունքներն են հայի սառել,
Ախ, Արարատ, քո կարոտից
Քանի Հայոց սիրտ ես վառել
՛՛…Գարուն ա, ձյուն ա արել…՛՛
Պարույր Սևակ
՛՛Մեզ են գլխից են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Հազար դարեր են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Եղեռնազարկ Էլ եղանք, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն,
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:՛՛
Հովհաննես Շիրազ
Նվիրում եմ
Ծնողներիս հիշատակին
Վարդան Գրիգորյան, Երևան
Արցունքը թախիծ ու վիշտ է ծնում,
Ուժը իրավունք ու հպարտություն,
Բռունց լինենք, որ Հայրենին մեր Մայր
Ծաղկի, շենանա, մեզ տա զորություն…
ԱՐԱՐԱՏԻՍ
Գագաթներիդ՝ բիբլիական,
Արցունքներն են հայի սառել,
Ախ, Արարատ, քո կարոտից
Քանի Հայոց սիրտ ես վառել
՛՛…Գարուն ա, ձյուն ա արել…՛՛
Պարույր Սևակ
՛՛Մեզ են գլխից են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Հազար դարեր են զարկել, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Եղեռնազարկ Էլ եղանք, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն,
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:՛՛
Հովհաննես Շիրազ
Նախերգանք
Առավոտացավ…
Լուսինաթաթախ
Երկինն աստղազարդ
Դժկամ,
բայց դանդաղ
Մեկեն դալկացավ
Ու հուշիկ-հուշիկ
Մթամած դեմքը,
Համրաքայլ ու հեզ,
Հրաբորբվեցավ,
Շառագունեցավ,
Դարերի բեռից
Կքված լեռների
Ուսին՝ վեհորեն,
Բազմեց արևը
Ու հոգիները՝
Խոր քնից ելած
Մարդկանց,
Ջերմացավ,
Քանզի հերթական
Նոր օրը բացվեց՝
Բացվեց ու ժպտաց
Ադամալույսը…
Առավոտացավ…
1.
Հինգ հազար տարի
Այսպես ամեն օր
Անցած ու տեսած
Վերելքներ դժվար,
Տեսած փառավոր,
Ահեղադղորդ,
Լույս հաղթանակներ,
Տեսած արհավիրք,
Անհուն զրկանքներ
Հողը հայրենի`
Երկիր Նաիրին,
Շենշողացնելով,
Քարաստանները ծաղկապատելով,
Կորովով, դողով
Ու գուրգուրանքով,
Հին քարին նոր քար ավելացնելով,
Մեկը հարյուրով,
Բյուր դարձնելով,
Ազգը միակամ,
Ազգը շինարար
Հուր ու կրակի միջովը անցած,
Թրծված,
Հղկված,
Ու հզորացած,
Ուժ առած ու թև՝
Լեռներից պարթև,
Որքան էլ պոկված իր բնօրրանից,
Նորեն ծիլ տված
Քայլում է հպարտ
Դեպի նոր դարեր՝
Միշտ հաղթանակած…
2.
Հայաստա՛ն իմ, շեն.
Հինգ հազար տարվա
Ուղի ես անցել,
Հինգ հազար տարի ծաղկել,
շենացել,
Հինգ հազար տարում
Կորցրել ես շատ,
Բայց և գտել ես
ու չես ընկրկել…
Զարկել են հաճախ
Ու հաճախ զրկել,
Քեզնից տարել են՝
Նորն ես արարել…
Հայաստա՛ն իմ, լույս.
Քեզ շատ են դավել՝
Երբեք չես դավել,
Քեզնից են խլել`
Երբեք չես խլել,
Քեզ կործանել են,
Բայց չես կործանվել,
Ավերել են քեզ,
Նորեն ես հառնել,
Հառնել ես նորեն,
Որ որպես կոչնակ,
Որպես ահազանգ,
Աշխարհին ասես
Ու հիշեցնես, որ
Պարզկա երկինքը
Պիտ թագավորի,
Ոչ թե խավարը,
Գիշերը անտես,
Գիշերը մռայլ,
Գիշերը դժնի…
Հայաստա՛ն իմ, հար.
Դրախտի բարն ես,
Քո զավակների
Սրտի նուրբ զարդն ես,
Որքան կամենան
Քեզ բնաջնջել,
Սրախող անել
Կամ էլ կործանել,
Մեկ է՝ հավերժ ես,
Դու հարատև ես,
Կծաղկես նորեն
Ու նոր շունչ կառնես…
3.
Օրերը դանդաղ իրար գումարվում
Տարի են դառնում,
Ու ասուպաձև տարիներն այդ
Իրար ետևից գալիս,
կուտակվում
Ու դառնում են դար՝
ճիշտ հարյուր տարի…
Սահմռկեցուցիչ Հայոց Մեծ վշտի,
Ցասումի մեկ դար…
Ակներն են թրջվում,
Թախծախեղդ լինում,
Ամեն մի հայի:
Դողդոջ ձեռքերին ծաղիկներ՝
խոնարհ,
Լուռ ու վշտաբեկ՝
Վրեժի ծարավ լեցուն հայացքով,
Սգո թափորի նման շարվեշար,
Վեր են բարձրանում
Այսօր հայերը
Ծիծառների բերդ՝
Ծիծեռնակաբերդ,
Ուր բոցկլտում է
Անմեղ զոհերի սրտի կրակը,
Կրակ, որ հայու ոգուն կոչ կուղղե.
Հիշի՛ր հար, ձա՛գս,
Թե հայու բախտին
Թուրքերն ինչ բերին,
Միակամ եղե՛ք՝
Անջատ չմնա՛ք,
Բռունցք եղե՛ք, որ
Կուլ չերթա՛ք չարին…
4.
Սևասիրտ անցավ
Ամբողջ սևադար,
Մեկ հարյուր տարի…
Ամեն նոր եկող գարնանամուտին
Հոգիներն է մեր մորմոք
Դառնանում,
Դալկանում,
Հետո թաքուն արտասվում…
Հայոց մեծ վիշտը դարով ենք չափում,
Բայց արցունքները դարով կչափե՞ն,
Կչափե՞ն վիշտը, կարոտն իմ ազգի,
Որ թուրքեր կուզեին սուրբ ազգիս լափեին…
Դար անցավ՝ կորցրած բերրի երկրից,
Ու չկան այսօր Մուշ, Անի ու Վան,
Չկան Սասունը, Ղարսը, Ադանան,
Չկան էրզրում, Տարոն, Արդահան…
Որ մեկը հիշես ու որը ասես…
Հե՜յ վախ, շեն հողից մի պտղունց մնաց՝
Մեծ Հայք, Հայաստան դրախտ երկրիցս,
Բարեբեր, դրախտիկ, ծաղկուն երկիրս
Թուրք յաթաղանին, թուրքին կուլ գնաց…
Ու խռնվում են մտքերս այնպես,
Ոնց դար առաջ էր՝
Տասնհինգ թվին,
Խռնված, դժնի…
Ախ՜, այս ամենը ու՛մ էլ որ պատի,
Ո՞նց չկարկամի,
Կամ ո՞նց չգժվի….
5.
Ամեն գարունքին մշակ, այգեպան
Հողն են հերկում, նոր այգի հիմնում,
Հողին ճակատի քրտինքն են խառնում
Ամեն մի շյուղի, հորովելի տակ…
Բայց այս ամենը այսօր.
Դար առաջ…
Հերկած ակոսը քրտինք չտեսավ,
Արևն ակամա սևով պարուրվեց՝
Դեմքին առնելով մահվան սև քողը,
Գարնան ծաղկունքը արյան գույն առավ,
Կարմրով ներկեց երկիրն ու հողը…
Լուսավոր օրը մթամած դարձավ՝
Ամպրոպ էր, որոտ պարզկա երկնքում՝
Պաղն ու սարսուռն էր պատել բոլորին,
Ու մահվան գույժը հարազատ ծոցում…
Յաթաղանների բոցկլտացող փայլ,
Ու ոհմակների հարձակում բռի…
Թուրքը կուզեր, որ ահն իր տարածի,
Որ շուրջ բոլորը սարսափը պատի…
Ու ոտքի ելավ մի ողջ ժողովուրդ՝
Նրա՛նք,
Որ ազատ ապրել էին ուզում,
Նրա՛նք,
Ում համար կյանքն էր զորեղ,
Իմաստամռունչ,
Սլացք հարատև,
Նրա՛նք,
Ում հայոց շեներն էին հուզում…
6.
Ծիծառ ու կռունկ՝
Ուր էլ որ թռչեն,
Դարձյալ իրենց տուն՝
Բույնն են ետ դառնում,
Որքան էլ նրանց բանտել կամենան,
Հանց փյունիկ թռչուն
Նորից են հառնում…
Թուրքն էլ կամեցավ սուրբ ազգս ջնջել,
Սրախող անել՝
Ջնջելել աշխարհում,
Միայն մեկ զույգ հայ կամեցավ թողնել,
Թողնել մեկ նմուշ սև թանգարանում,
Որ լալահահաչ իր ողբը երգե
Իրենց պես անշուք
Մռայլ զնդանում…
Բայց իրենց երազ նպատակները
Այդպես էլ երազ ու սին մնացին՝
Հայի մեկ շիվը ճյուղեր գցելով,
Վեր սլանալով ձգվեց դեպ լույսը,
Դեպի արևը,
Եդեմը դեպի
Ու բարդու նման՝
Որպես կենաց ծառ,
Նորեն ծիլ տալով
Հառնեց մոխիրից,
Բայց և սփռվեց
Աշխարհով արար
Ու սերունդ տվեց,
Տվեց նոր պտուղ…
Հայ գիրն ու լեզուն
Անաղարտ պահած
Աշխարհասփյուռ
Ազգը մեր հայոց,
Թեկուզ և սրտերն արյունավառված
Մնացին ազնիվ՝ ոչ հոգիագոց…
Հայն իր հայ լեզուն
Իր պատերից ներս,
Որտեղ էլ լինի,
Իր այբն ու բենը փոխանցեց որդվոց,
Խոսեց իր լեզվով,
Իր ոգով խոսեց,
Որ սերունդներն էլ
Կուլ չէրթան այլոց՝
Որտեղ էլ լինեն, որ մի անկյունում,
Արևելք լինի
Ու թե արևմուտք,
Պաղ հարավ լինի,
Թե լինի հյուսիս,
Ամենայն տեղ էլ
Միշտ բարձր պահեն
Եվ էությունը
Եվ փառքը Ազգիս…
7.
Մեկ դար է արդեն…
Սրտներիս սպի՝
Ու արնաթաթախ հիշում ենք վշտով,
Հիշում ենք ցավով
Մեկ միլիոն ու կես նահատակներին,
Որոնց արևը, լույսը խավարեց,
Որոնց լուսեղեն երազանքների,
Լուսե իղձերի ուղին կասեցվեց…
Միլիոն ու կեսի,
Որ ոչ գաղթախեղդ
Ճամփեքն օգնեցին,
Ոչ քարավանը՝
Շարվեշար քայլող
ակնահակների…
Որքան էլ հպարտ ազգակիցներս՝
Թուր ու թվանքով
լեռներ բարձրացան,
Որքան ոգեղեն ազգակիցներս՝
Ցասումը սրտում,
խենթ ըմբոստացան,
Փափագ հույս սրտում
Ստիպված էին
Թողնել տուն ու տեղ,
Թողնել օջախներ,
Լքել հայրենի բնօրրաններն ու…
Կարոտ աչքերով հեռուներ գնալ…
Ո՛չ իրենց կամոք
Այ՝լ կամոք թուրքի,
Բայց, հույսով,
Որ մի լուսապայծառ օր,
Ետ են դառնալու
Իրենց օջախներ,
Որ թոնիրներում կրկին թեժացնեն
Հուրը կենարար՝
Լույսն իրենց պայծառ,
Բայց …
8.
Չարքն էր եկել՝
Արնախումները,
Արյունն աչքերում,
Չեղած սրտերը սևով պարուրած
Ու չոքել բկին իմ հպարտ ազգի…
Մեկ միլիոն ու կես հայ կոտորեցին,
Հայ գլխատեցին,
Սրախող արին,
Մեր ու մանուկին բարբարոսաբար
Սրի մատնեցին…
Դաշտ ու անապատ
Կարմրով ներկեցին`
Ուղիղ դար առաջ…
Իսկ այսօր՝ ոսկոր,
Ոսկոր …
Ցավ է, չէ՞…
9.
Անշունչ անապատ քշեցին ազգիս՝
Մեռյալ անապատ,
Մթին անապատ,
Ուր միայն սևսիրտ
Կակաչն է բուսնում՝
Արնաթերթերով,
Եվ ուրիշ ոչինչ…
Անապատները,որ չեն կանաչում՝
Գերեզմաններ են ըմբոստաց համար…
Ոսկորի վրա խոտ կկանաչի՞,
Ծառ, ծաղիկ կաճի՞ ոսկորի վրա…
Ու ոտքի ելավ
Սերուցքն իմ ազգի՝
Այր ու կին ելան,
Ելան աչքերում
Հուր, բոց ժայթելով,
Ելան, որ ոսոխ
Թշնամուն վանեն՝
Թլպատ թուրքերին
Արյունի ծարավ:
Ելան պայքարի հրոսակի դեմ,
Սակայն ոհմակին՝ արյունառուշտ,
Հաջողվեց ազգիս բնավեր անել,
Զրկել տուն տեղից, ինչքից ու բանից,
Բայց Հայոց ոգուն
Զորու չէր հաղթել…
10.
Տասնհինգ թվի գարնան ապրիլը
Արյունաշաղախ,
Արյունահամ էր…
Արյուն չէր ծորում, այլ վարար գետի
Հորձանքի նման,
Խենթ շառաչելով,
Հոսում էր, հոսում՝
Անսկիզբ ու անվերջ…
Շատերին անշունչ Դեր-Զոր քշեցին,
Շատերին ճամփին սրի քաշեցին,
Շատերն էլ՝
Որպես վերջին հանգրվան,
Գետեր ու ձորեր Հայոց ընտրեցին…
Հոսում էր ազգիս արյունն անդադար…
Հայաթափվեցին ու թալանվեցին
Բոլոր տները, գյուղեր, քաղաքներ,
Որ շենացնում էին ազգիս մեծերը,
Մեծերը՝ ազգիս, որոնց ջնջեցին,
Սրախող արին ու գլխատեցին…
Գյուղ ու քաղաքից հայ պարմաններին
Հավաքեցին ու՝
Իբրև զինվորներ,
Տարան խառնեցին
Թուրք ասկյարներին,
Որ հեշտ գլխատեն
Կամ էլ հոշոտեն…
Հայաթափում էին հայոց շեները
Գյուղեր, քաղաքներ,
Իսկ հետո արդեն՝
Փաշա, բեյ կարգված արնախումներով
Վրա էին տալիս անպաշտպան գյուղին,
Ու տնաթափում,
Տնավեր անում,
Կամ էլ թրատում
Ըմբոստ հայերին,
Ում մինչ այդ հպարտ անվանում էին
Արարիչ ու հեզ,
Կիրթ ու շինարար,
Բայց այսօր հանկարծ
Բիրտ էին ու ըմբոստ,
Չար, անհնազանդ՝
Պայքարի ծարավ…
11.
Քշում էին ազգիս
Գաղթի ճամփեքով,
Քշում էին լույսին,
Մութին,
Խավարին,
Քշում խմբերով դեպ անապատներ՝
Աչքներից հեռու,
Քարսիրտ աշխարհի…
Սրախող անում արնախումները՝
Թուրք արնառուշտը,
Որ ոհմակի պես վրա էր տալիս
Անպաշտպան դարձած խմբերի վրա:
Գաղթի ճամփեքին, որ կողմ էլ դառնար
Հայացքը չարքաշ քարվան խմբերի,
Աղետ էր միայն, ցավ էր սոսկումի…
Ցցահան եղած հայի գլուխներ
Հղի մոր փորից յաթաղանահան
Չծնված մանկանց աղեկտուր ճիչ,
Գանգերի բլուր
Ու մահասառսուռ, համատարած վիշտ,
Ծովացած արցունք,
Լաց, ողբ ու կական
Լռաձայն անեծք ու …
Ոչինչ, ոչինչ…
Այսպես գլխահակ քայլում էին դեպի
Մահվան տեսիլքին,
Մահվանն ընդառաջ…
Կամենում էին ամեն մի պահի
Հեշտ զոհ գտնեին՝
Անպաշտպան էգի,
Աղջիկ – հարսներին,
Որոնց հեշտորեն
Իրենցով անեն…
Ուժովը տիրեն,
Որ հայ հարսների մարմար մարմնովը
Իրենց պիղծ ազգի
Սերունդը մաքրեն…
Բայց համոզվեցին, որ հայ էգերը
Հայ խոր ձորերը,
Գետերը վարար
Ավելի են նախընտրում
Քան թե լամուկ շների,
Սառնաղի գիրկը…
Ու նետվում են ցած
Լեռան ծերպերից,
Կամ կամրջներից՝
Միայն թե թուրքին բաժին չդառնան,
Միայն թե մաքուր,
Անաղարտ մնան…
Բայց թուրքն արնախում
Կիսատը նորեն բոլորել ուզեց,
Ուզեց հային էլ
Իր պես թլպատել,
Թրքացնել ուզեց մի ամբողջ ազգի,
Ուզեց իր նախնյաց կամքը ավարտել
Ու նորեն գյուղեր,
Շեներ ավերել…
Ով այս ամենը աչքով
Իր տեսավ
Սոսկումից,
Ցավից խելագարվեցավ…
12.
Թնդաց նորովի վրեժի կանչը,
Ու թնդաց հուժկու որպես ահազանգ,
Որպես մի կոչնակ, որպես մի ցասում,
Որպես հոգու ճիչ՝
Նվիրական, թանկ.
… Սուլթան գուզե
Ջընջիլ մըզի,
Զարթիր, լաո,
Մըռնիմ քըզի….
Ու ապրեց հայը
Հավատով զորեղ,
Ապրեց պայքարով,
Ու պատվով ապրեց,
Քանզի իր ծոցից զավակներ ուներ՝
Ուներ Անդրանիկ
Ու Չաուշ ուներ,
Խիզախ Արաբո
Ու Սոսե մայրիկ…
Դեռ որին հիշես,
Որ մեկին թվես…
Հերոս զավակներ
Բազում ու բազում,
Որ ելան մարտի հանուն հայրենյաց.
Ու զարկեր տվին ոսոխին դժնի
Իրենց Հայաստան հողում՝
Արժանի …
Սարերը ելան գեղջուկ, գեղջկուհի՝
Կոտրելու թուրքի ակռը բերանում,
Ելան լեռները՝ անառիկ հայոց,
Որ Աստծուն մոտիկ ու հաստատ մնան,
Լեռները մեր սեգ, հպարտ, հայրենի,
Որ գեթ արևի հզոր լույսի տակ
Ազատ շունչ քաշեն,
Հայ մնան հավետ,
Որ չզգան լքյալ՝
Չքայլեն մոլոր…
Ամենայն տեղ էլ ոտքի էին ելնում՝
Ահել ու ջահել՝ զենքը ձեռքներին,
Պայքարում էին, կռիվ էին տալիս՝
Փորձելով վանել
հրոսակներին….
Աշխարհն էլ գիտի, սակայն լռում է.
Այդ մասին արդեն շատերն են ասել.
Որտեղ որ թուրքն էր կենում կամ անցնում,
Այնտեղ արյուն էր, աղետ էր, ավեր…
Զուր չի,
Որ նույնիսկ ավեր քարերն են ասում՝
՛՛…այստեղով թուրքերն են անցել՛՛…
13.
Ու եղեռնապուրծ մի բուռ հայերը
Ուր էլ որ հասան, ուր բնակվեցին,
Հայ ոգին մեկ է արթուն պահեցին,
Պահեցին լեզուն,
Գիրը՝ պահեցին,
Բաղձանքն էլ հետը,
Որ հաստատ մի օր
Տուն են դառնալու՝
Հայաստան մի նոր…
Մազապուրծները կողմերն աշխարհի
Հասան՝
Ով ինչպես, ինչով կարեցավ:
Հազվադեպերը՝
Կարոտներ հոգում,
Օտար հողերում հանգրվան գտավ…
Ու միևնույն է,
Ուր էլ որ ապրեն
Հայն իր Հայաստան յարին է կարոտ,
Իր Վանա լճին,
Արարատին իր,
Իր Տալվորիկին,
Մուսա լեռանն իր,
Ղարսին է կարոտ,
Մուշին,
Բիթլիսին,
Իր Սեբաստիային,
Մալաթիային իր…
Բազում են այնպես,
Ինչպես բազումք են
Մերոնք, որ հպարտ
Հայ ազգ են կոչվում,
Մերոնք,
Որ իրենց բյուր շնորհներով
Հպարտ ապրում են արար աշխարհում…
14.
Հիսուն տարի անց
Մեր այգում, հայրս,
Տնկեց թթենու մի ծառ թալիսման,
Որի պտղունքը մեր ազգի կորուստ
Նահատակներին կարծես մի նոր կյանք
Ու նոր մի ծնունդ,
Պարգև ցանկության նպատակ ուներ՝
Այն մեկ ու կեսի,
Անմեռ զոհերի,
Որ ապրում են դեռ
Սրտերում մեր տաք,
Մեկ ու կես միլիոն հայ-հայրենակից,
Մեկ ու կես միլիոն թթենու պտուղ,
Մեկ ու կես միլիոն…
Հայրս էլ հեռացավ,
Բայց դե թթենին այսօր էլ կանգուն
Ամեն գարունքին
Ծաղկում է էլի՝
Հիշեցնելով իր գոյությունը,
Ինչպես որ մենք ենք՝
Ողջերս, հիշում,
Սև գարունն ազգիս,
Որ ձյուն էր արել…
Հիմա թթենին՝ հորս կարոտի,
Մենք ենք խնամում՝
Ջրում ենք,
Էտում,
Փայփայում հուշիկ…
Վեր է խոյացել,
Ճյուղառատացել,
Դարձել հուշարձան
Այգու կենտրոնում…
Բայց վիշտ կա սրտում
կանգուն թթենու,
Ցավ ու արտասուք,
Ու դառը հուշեր…
Հիշում է իրավ՝
Արցունքաչքերով,
Դողատրոփ սրտով
Ու նվիրումով,
Հորս՝
Երբ իրեն տնկում էր այգում,
Կարծես իր վիշտն էր
Լռին ամփոփում…
15.
Օրերը դանդաղ ու թավագլոր
Անցնում են՝ իրար գլխի ժողվելով,
Ամիս են դառնում
Դառնում են տարի,
Ու դառնում են դար,
Ճիշտ հարյուր տարի…
Հայոց ծառերս օտար հողերում՝
Աշխարհում արար,
Ծիլեր են տալիս նոր ու նորովի,
Բայց արմատները՝
Հայ բախտի նման
Խորը չեն գնում,
Այլ սփռվում են
Գետնի երեսին
Արևաթաթախ մնալու համար…
Երկրներասփյուռ ազգակիցներս՝
Աշխարհագնդի ամեն անկյունում,
Ուր էլ որ բախտը նետել է իրենց,
Իրարու գլխու ժողղվում են ու
Խորհում են անվերջ,
Ցավագին հիշում
Կոտորածն անգութ
Եղեռնավիշտը,
Բայց և հիշում են արմատներն իրենց,
Շեն տունն ու հողը,
Էրգիրն իրենց Սուրբ,
Ուրկե են եկել
Եվ ուր են գնում…
Բայց դե որքան էլ մեկն է Հայրենին
Հպարտանում են իրենց մայր հողով՝
Մեկն իր Աշնակով,
Մեկը Բասենով,
Մուսա Լեռով իր,
Իր Արտամետով,
Այսպես անդադար ու ամեն կողմից
Բարձրաձայն, զորեղ հնչում է, հնչում.
- Ես Մշեցի եմ,
- Իսկ ես Վանեցի,
- Իգդիրցի եմ ես,
- Ես Արդահանցի,
- Բա Բիթլիսն իմ,
- Բա իմ Սասունը,
- Իմ Ալաշկերտը,
- Բագարանը իմ,
- Իմ Էրզրումը,
- Անին՝ իմ տունը,
- Ես…
- Բա ես…
- Իսկ մենք…
Դե ասեք հիմա,
Հը՞ շարունակե՞նք…
16.
Ու ամեն մի Հայ, ամեն մի հողից,
Հիշում են, պատմում
Ինչ շեն տներ են թողել անցյալում…
Թե ինչ զրկանքներ տեսան պապերը
Կամ Մեծ մայրերը՝
Ինչպես սիրալիր
Կոչում են իրենց սիրասուն տատոնց,
Եղեռնի թվին,
Գաղթի ճամփեքին…
Իսկ այսօր,
Այսօր քարսիրտ Եվրոպա,
Դու Ամերիկա,
Ասիա, Ավստրալիա,
Տոթակեզ, անհուր Աֆրիկա
Ու դեռ…
Աշխարհում,
Ուր էլ հայեր գաղթեցին
Այնտեղ՝ այդ երկրում երբեք չդարձան բեռ,
Դարձան հարազատ,
պիտանի դարձան,
Դարձան ցանկալի,
ընդունելի դեռ…
17.
Գիտենք,
Որ մի օր տուն են դառնալու
Աշխարհով սփյուռ բոլոր հայերը,
Եվ տունը հայոց շենացնելու ենք,
Ուր լինելու ենք լիիրավ տերը…
Թող աշխարհն արար
Զարմանքով մնա,
Իրավունք ունենք մենք
Հպարտ ասել՝
Հասել ենք հույսի՛,
Հավատի՛ բախտին,
Ո՛չ թե իրենցով,
Մեզնով ենք հասել:
Որքան զարկել են
Ու որքան զրկել,
Հայերը ո՛ղջ են,
Հայերը կապրե՛ն,
Ու կապացուցե՛ն,
Որ հիշեն հավետ՝
Նրանք,
Որ ազգիս մահն էին կամենում.
18.
Հայը զորեղ է իր հայ էությամբ,
Ավյունով,
Խինդով,
Կատարելությամբ,
Մտքի սլացքով,
Բազկի զորությամբ…
Հայը
Հայաստան երկիրը պահեց,
Իր Հողը պահեց՝
Սուրբ Բիբլիական,
Պահեց հավատով,
Իր լեզվով պահեց,
Մաշտոցյան գրով,
Ոգով հայկական,
Ու երգով պահեց՝
Թեկուզև թախծոտ,
Կռունկի կանչով
Ու ծիծեռնակով,
Բայց և իր սրտում՝
Թախծի հետ մեկտեղ
Կարոտն էլ պահեց
Ու պահեց անմեռ…
Հոգուց ու սրտից
Ամեն մի հայի,
Այսօր էլ նույնիսկ դեռ
Կարոտակեզ
Հորդում է երգը
Հայիս տարագիր.
Հորդում հավատով,
Հնչում հանց տունկանչ.
Քելե, լաո,
Քելե էրթանք մըր էրգիր…
19.
Չարագույժ խոհեր,
Դառն իրողություն,
Մտքեր,
Որ երբեք հանգիստ չեն թողնում
Եվ ամեն պահի՝
Ակնթարթ, թե ժամ
Անցյալից ելած մեռյալ ոգիներ,
Հուշեր ու հուշեր
Սիրտդ են մխրճվում
Ու… հիշեցնում են,
Որ դեռ արթուն են,
Որ դեռ ապրում են,
Որ հարատև են,
Պահանջատեր են…
Արթուն է՝
Գիտցեք, հայերի ոգին…
Այսպես ամեն օր,
Ամեն Աստծո օր…
Իսկ սերունդները
Քայլում են հպարտ,
Քայլում լիացած,
Քայլում վեհորեն,
Նորաթուխ ջահել լինի,
թե ահել,
Պարծենում են,
Որ Հայ են մնացել,
Պարծենում են միշտ,
Որ շենացնում են,
Ոչ թե կործանում,
Որ արարում են,
Ոչ թե ավերում,
Որ ստեղծում են շքեղ բուրաստան,
Դրախտ բաղձալի
Հզոր Հայաստան…
ՎԵՐՋԵՐԳ
Ու թող իմանան,
Հիշեն բոլորը,
Բոլոր ազգերը
Հարավ, թե հյուսիս,
Արևելք լինի,
Լինի արևմուտք,
Հայը բարի է
Եվ ոչ թե անգութ…
Բայց և հաստատ է.
Գալու է տարին
Հայը հայի հետ
Ուս ուսի տված՝
Թնդացնելու է՝
Սարսափ թշնամյաց
Հայոց լեռներում
Հզոր քոչարին…
2013-2014 թ.թ.