Փութինի Ենթադրեալ Պատասխանը Պալայեանին

Զ. Հ. Պալայեանի Բաց Նամակը Վ. Վ. Փութինին
տեսնել «Առավոտ» կայքէջին մէջ

Յարգելի Զորի Հայկի.

Ձեր նամակը թերթելով՝ ես իւրաքանչիւր էջում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտայայտել էք դուք՝ կապուած թուրք-ազրպէյճանական վտանգի հետ: Ձեր պատմութիւնն է երեւի ստիպել նամակում արտայայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու Ցեղասպանութեան պատմութիւնը: Գիտէք Զորի Հայկի, ինձ այս ամէնով հանդերձ՝ ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նոյն Ձեր պատմութիւնը չի ստիպել Ձեզ՝ գոնէ մասամբ փոխուելու: Էլի նոյնն էք, ինչ կայիք օրինակ Իսրայէլ Օրու, Յովսէփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Միթէ՞  Ձեր համար դաս չեղան այդ ժամանակները, միթէ՞  Ձեր պատմութիւնը չապացուցեց, որ հայերիդ պետականութիւնը վերականգնուեց ոչ թէ Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918թ. հերոսամարտում ընկած հայ զինուորների արեան յենքի վրայ: Կամ 1991թ. Արցախն անկախացաւ ոչ թէ նոյն Ձեր կամ Սիլվա Կապուտիկեանի՝ Մ. Կորպաչովին ուղղուած նամակների, այլ շուրջ 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիւ:

Զ. Հ. Պալայեանի Բաց Նամակը Վ. Վ. Փութինին
տեսնել «Առավոտ» կայքէջին մէջ

Յարգելի Զորի Հայկի.

Ձեր նամակը թերթելով՝ ես իւրաքանչիւր էջում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտայայտել էք դուք՝ կապուած թուրք-ազրպէյճանական վտանգի հետ: Ձեր պատմութիւնն է երեւի ստիպել նամակում արտայայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու Ցեղասպանութեան պատմութիւնը: Գիտէք Զորի Հայկի, ինձ այս ամէնով հանդերձ՝ ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նոյն Ձեր պատմութիւնը չի ստիպել Ձեզ՝ գոնէ մասամբ փոխուելու: Էլի նոյնն էք, ինչ կայիք օրինակ Իսրայէլ Օրու, Յովսէփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Միթէ՞  Ձեր համար դաս չեղան այդ ժամանակները, միթէ՞  Ձեր պատմութիւնը չապացուցեց, որ հայերիդ պետականութիւնը վերականգնուեց ոչ թէ Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918թ. հերոսամարտում ընկած հայ զինուորների արեան յենքի վրայ: Կամ 1991թ. Արցախն անկախացաւ ոչ թէ նոյն Ձեր կամ Սիլվա Կապուտիկեանի՝ Մ. Կորպաչովին ուղղուած նամակների, այլ շուրջ 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիւ:

Հասկացէք Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զէնքերի մէջ ամենաթոյլն է, եւ մի մոռացէք, որ դուք այլեւս ունէք պետութիւն, իսկ մենք՝ ռուսներս, կայսերական շահեր: Չկասկածէք, որ մեր զինուորները մի օր անգամ չեն մնայ Արաքսի ափին, եթէ դա չբխի մեր կայսերական շահերից, եւ հակառակը՝ մնալու ենք այնտեղ, եթէ անգամ Ձեր հայոց հողում բնակուեն 3 մլն սահակաշվիլիներ կամ բայդեններ: Որքան հասկացայ ̧դուք ռուսական պատմութեան դասերը լաւ գիտէք, յիշու՞մ էք, թէ 1722թ. Պետրոս Մեծն ինչու կէս ճամբից հետ վերադարձաւ եւ չեկաւ հայերիդ օգնելու, որովհետեւ կար դարձեալ կայսերական շահը, որից այն կողմ ոչինչ չկայ մեր համար: Նոյնկերպ մի օր հետ կը գնանք Ախուրեանից ու Արաքսից, եթէ մեր շահերն այլ տեղ որոնելու լինենք: Նոյն կերպ հեռացանք Վանից, Էրզրումից, իսկ Կարս անառիկ ամրոցը պատմութեան մէջ վերցրել  ու յանձնել ենք շուրջ 5-6 անգամ: Ասելս այն է, որ մենք մի օր կանք, մի օր՝ ոչ: Հայաստանում յաւերժականը հայ ազգն է, որի շահերն այսօր համընկնում են ռուսների, վաղը կարող են համընկնել Չինաստանի, Մոնղոլիայի կամ Կամբոջայի շահերի հետ:

Զորի Հայկի, չեմ ուզում անդրադառնալ նամակի այն, ինձ համար ծիծաղաշարժ դրուագներին, որոնցում առաջարկում էք կարդալ մեր պատմութիւնը եւ տեսնել մեր յաւէրժական շահերն Անդրկովկասում:  Դուք յիշատակում էք Գիւլիստանի պայմանագիրը: Գիտէք, Զորի Հայկի, իմ մօտ տպաւորութիւնն այն է, որ Դուք չէք գիտակցում Արցախի առաւելութիւնը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչուած Աբխազիայի կամ Հարաւային Օսիայի նկատմամբ: Եթէ տարբերութիւնը չէք գիտակցել, ասեմ. Արցախը ներկայումս պաշտպանում է Արցախի Պաշտպանութեան բանակը, ի տարբերութիւն Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի, ուր տեղակայուած են ռուսական զօրքերը: Ես յիշեցնեմ, որ եւ՝ պետականութեան կայացման, եւ՝ միջազգային բանակցութիւնների թոհուբոհում Արցախի առաւելութիւնն այս համատեքստում անքննելի է:

Դուք, Զորի Հակի, կանխագուշակում եւ զգուշացնում էք ինձ, որ մի օր թուրք-ազրպէյճանցիները կը հզօրանան, կը կլանեն նաեւ մեր երկրի շատ մասեր, որից սարսափած՝ ես պիտի պաշտպանեմ ՀՀ-ն ու Արցախը: Հիանալի անգլիական մեթոտ՝ ուրիշի ձեռքով հանել կրակից շագանակներ:  Մի պահ ենթադրենք՝  ես չգիտէի այդ ամէնը եւ այժմ անցնում եմ գործի, սակայն այստեղ ինձ ապշեցնում էք դարձեալ դուք՝ հայերդ: Զորի Հայկի, Ձեզ չի հետաքրքրել, թէ ̧Դուք ինչու՞  էք հաւատում միայն թրքա-ազրպէյճանական կողմի հզօրացմանը եւ լուսադէմից մինչ իրիկուն հաշուարկում, թէ նրանք հզօրանալով ինչեր կանէն: Զորի Հայկի, ինձ շատ հետաքրքիր է, ինչու՞  չէք հաւատում  Դուք Ձեր ազգի, Ձեր երկրի հզօրացմանը: Միթէ՞  90-ականներին ամբողջ Ազրպէյճանը ծնկի բերած եւ արդէն 20 տարի Արցախի անկախութիւնը կերտող արցախահայութիւնն ի վիճակի չէ ապագայում եւս տէր կանգնել նրան: Տպաւորութիւնս այն է, որ հայերդ աւելի հրաշալի էք ապրել Ցարական Ռուսաստանի կազմում եղած ժամանակ, քան անկախութեան տարիներին եւ այժմ կարօտախտով էք յիշում ցարական երջանիկ տարիները:

Զորի Հայկի, ես լաւ գիտեմ իմ գործը, իսկ Ռուսաստանին առաջնորդում են իր շահերը: Այ դուք՝ հայերդ, լաւ չգիտէք ձեր գործը եւ փոխանակ հզօրացնէք ձեր երկիրը, ազատագրուած Արցախը, զբաղուած էք օտար տէրեր ման գալով: Ես ապշեցի. ուղիղ 10 տարի առաջ, երբ կազմալուծուած 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թէ Արցախի ազատագրուած ու բերրի տարածքներ, այլ` վերահաստատուեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնուեց 10 տարի անց, երբ 70 հազարանոց կազմալուծուած սիրիահայ համայքից նոյնպէս մատների վրայ հաշւուող հայեր եկան Արցախ:  Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն մի խօսք կայ` հողը նրանն է, ով ապրում է այնտեղ,  դուք` հայերդ, աւելի գերադասում էք ապրել Եւրոպայում, անգամ Ռուսաստանի տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Այդ է նաեւ պատճառը, որ անգամ իմ «հայրենակիցներ»  ծրագրի իրագործումից յետոյ, որը շարունակում է Ձեր երկրից տանել տասնեակ հազարաւոր մարդկանց, կրկին հայ գրողների շուրթերից չեն իջնում  «կեցցէ Փութինը» քծնախառն բառերը: Յիշեցնեմ նաեւ, որ Ձեր կողմից այդքան քննադատուած նոյն Սթալինը քառասունականներին իրականացրեց  ներգաղթի լայնածաւալ ծրագիր, որով Սովետական Հայաստան եկան հազարաւոր սփիւռքահայեր, մարդիկ՝ որոնց սերունդներն այսօր զանգուածօրէն լքում են այդ նոյն «երազի երկիր» Հայաստանը: Այսքանից յետոյ ̧ դուք խօսում էք Նախիջեւանի կամ Արեւմտահայաստանի մասի՞ն, ծիծաղելի է:

Վերադառնալով մտքիս՝ նշեմ, որ ձեր ազգի մօտալուտ աղէտը ոչ թէ Թուրքիայի կամ Ազրպէյճանի հզօրացումն է, այլ ձեր երկրի հզօրացման ցածր տեմպերը, Ձեր ժողովրդի սեփական երկրի ապագայի հանդէպ հաւատի բացակայութիւնն ու դրա բերումով երկրից հեռանալու փաստը: Ելնելով այս, ինչպէս նաեւ այն հանգամանքից, որ դուք ինձ մի քանի տասնեակ խորհուրդներ էիք տուել, ես ինձ իրաւունք եմ վերապահում՝ խորհուրդ տալ ձեզ. մի նամակ էլ գրէք Ձեր ղեկավարութեանը՝ յիշեցնելով վերջիններիս, որ իրենց ոչ մէկը չի խանգարում, եւ ոչ մի եւրոպա կամ ասոցացման համաձայնագիր պէտք չէ, որպէսզի վերջիններս ստեղծեն իրաւահաւասար ու արդար երկիր, որտեղ ապրանքների եզակի ներկրողները չեն սահմանի իրենց ուզած գները, վերացնեն կոռուպցիան, մենաշնորհները, ստեղծեն արդար ու անկախ դատական համակարգ: Ահա այս պայմաններում երբ կ’ունենաք բարեկեցիկ երկիր, կ’ունենաք արտագաղթի մասին մոռացած ժողովուրդ, կ’ունենաք հզօր եւ պաշտպանուած Արցախ, ձեզ՝ հայերիդ, էլ ոչ մի «գիւլիստան» կամ  «թուրքմէնչայ» պէտք չէ:

Գիտէք Զորի Հայկի, ես գնահատում եմ Ձեր մտավախութիւնները, գիտակցում նաեւ այն վտանգը, որը կախուած է Ռուսաստանի գլխին, եթէ թուրք-ազրպէյճանցիները կլանեն Արցախը, ոչնչացնեն Հայաստանը եւ ձգուեն դէպի Ալթայ: Այդուհանդերձ ես առայժմ չեմ ցանկանում զօրքեր տեղակայել Արցախում: Սակայն եթէ հայերդ շարունակէք դատարկել ՀՀ-ն ու Արցախը, եւ մի օր զգացուի Արցախի պաշտպանութեան պակաս, ես կը մտածեմ այդ մասին: Այդ ժամանակ ֆիզիքապէս կը լինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրօշի առկայութիւնը շատ բան կը փոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին:

Զորի Հայկի զբաղուէք ոչ թէ մեռած ու Ձեր ազգի արժանապատուութիւնը ոտնահարող պայմանագրերի վերակենդանացմամբ, այլ կենսատու հարցերով: Ձեր երկրի հզօրացման հետ համատեղ, զբաղուէք օրինակ Վիլսոնի իրաւարար վճռի կենսագործմամբ, Ջաւախքի հիմնահարցի արծարծմամբ, որը ձեր ապահով ելքն է դէպի արտաքին աշխարհ եւ Վրաստանի միջոցով մեզ՝ ռուսներիս հետ կապի երաշխաւորը:

Ի դէպ նոյն Ջաւախքում եւս առկայ է՝ ձեր կողմից բարձրաձայնուող թուրք-ազրպէյճանական վտանգը: Դուք դա նշել էք նաեւ Ձեր  «Հայոս-քարթլոս. աւելին, քան լեգենդ է» գրքում: Ես կ’ասէի աւելին. ձեր՝ հայերիդ, ՀՀ-ի ու Արցախի ապագայի իրական վտանգը Ջաւախքի թրքացումն է:

Ես որքան հասկացայ Ձեր գրքից՝ Ջաւախքում եղել էք 2007թ.: Խորհուրդ կը տամ գնաք այժմ եւ տեսնէք, թէ ինչեր են անում այնտեղ թուրքերն ու ազրպէյճանցիները, որոնց մասին պարբերաբար զեկուցւում է ինձ: Հաւատացած եմ՝ յաւէտ կը մոռանայիք Գիւլիստանի պայմանագիրը եւ միանգամից իմ առաջ կը յայտնուէր թարմ նամակ-խնդրանք, որպէսզի ես շուտափոյթ կեանքի կոչեմ Ադրիանապոլսի պայմանագիրը, որով 1829թ. Ողջ Ջաւախքը Թուրքիայից անցաւ Ռուսաստանին: Կասկած չունեմ, որ այնտեղ կը լինէին այսպիսի տողեր.  «Յարգարժան Վ. Վլատիմիրովիչ. 1829թ. Ադրիանապոլսում կնքուեց յաւերժական ժամանակների համար մի պայմանագիր, որով Ջաւախքում թուրքական դրօշը փոխարինուեց ռուսականով, այժմ այնտեղ, Թափարվան գետի ափին, կրկին ծածանւում է կիսալուսինը: Արդ, աղաչում եմ ձեզ, իրականացրէք կայսրերի կողմից Ձեզ լիազօրուած պարտաւորութիւնները, կրկին փոխարինէք այն ռուսականով, առաւել եւս, որ Ջաւախքը Խորհըրդային Վրաստանին է միացուել 1921թ. Կովբիւրոյի որոշմամբ, Սթալինի անմիջական նախաձեռնութեամբ: Դուք, որպէս Խորհրդային Միութեան իրաւայաջորդ, պարտաւոր էք միջամտել Ջաւախքի հարցերին, քանի որ իւրաքանչիւր դժբախտ դէպք, որ կատարւում է այսօր Ջաւախքի շուրջ, Ձեր իրաւանախորդի գործողութիւնների արդիւնք է»:

Ուզում եմ զարմացնել Ձեզ Զորի Հայկի, այդ պարագայում ես չէի քննադատի Ձեզ, քանի որ ջավախահայութիւնը չունի պետականութիւն եւ կարիք ունի օգնութեան, ինչպէս ամէն մի ոչ տիտղոսային ազգ, իսկ այն պետութեան քաղաքականութիւնը, որի հաւատարիմ քաղաքացին է նա, վարել է փրոթուրքական քաղաքականութիւն: Աւելին երբ ես զօրքերը դուրս բերեցի Ախալքալաքից, նրանց նախագահը խոստացաւ լիովին ապահովել ջաւախահայութեան անվտանգութիւնը եւ զարգացումը, իսկ Վրաստանի բանակի ողջ կարտոֆիլը գնել Ջաւախքից: Խաբեց: Ես մեղաւոր եմ այդ ժողովրդի առաջ: Այ եթէ ապագայում հնարաւոր լինի այցելել Ջաւախք, ես կ’օգտագործեմ այն: Ես երազում եմ լինել Փարվանայի ափին, տեսնել նրա ափին գտնուող Փոկա գիւղը, որը ինչպէս ինձ պատմել են, շատ է նման իմ հայրենի Ս.Պետերբուրգին. գիւղի մէջտեղով, ինչպէս Նեւան, հոսում է Թափարվանը: Իմ սեղանին են Ղունկիանոս Երգիչ Կարնեցու, Ջիւանու, Դեմիրճեանի, Վ. Տէրեանի գործերը՝ իմ շատ սիրելի Վ. Բրիւսովի թարգմանութեամբ, հրատարակուած 1916թ.: Հետեւաբար՝  ես շատ կ’ուզենայի լինել այդ մեծերի ապրած վայրերում՝ Վարեւանում, Կարծախում, Ախալքալաքում եւ Գանձայում:

Երազում եմ տեսնել նաեւ հրաշագեղ Թմկաբերդը, որը ռուսներիս հարսը՝ Թամար թագուհին, որպէս հայկական բերդ 1191թ. ժառանգեց Զաքարեանների կրտսեր ճիւղի՝ Վահրամեանների տոհմի ներկայացուցիչ Սարգսին:

Զորի Հայկի, հայերիդ այժմ ոչ թէ «գիւլիստան» է պէտք, այլ կամք՝ հզօրացնելու սեփական երկիրը: Իսկ իմ մտահոգութեան առարկան այժմ ոչ թէ «գիւլիստան»ն է կամ Արցախը, այլ՝ «ադրիանապոլիսն» ու Ջաւախքը:

Կանխաւ ներողութիւն հայցող՝
Վ.Վ. Փութին
ՌԴ  Նախագահ
24 Հոկտեմբերի 2013 թ.
Մոսկուա, Քրեմլ

Վ.Վ.Փութինի հնարաւոր նամակը  Զ.Հ.Պալայեանին
հայերէնի վերածեց՝ Վահէ Սարգսեանը

Արտատպուած Times.am Կայքէջէն

 

 

You May Also Like