Բեյրութցի հերոս կիները

Անահիտ Հարությունյան , Երևան, 6 հունիս 2023

 Օրերս մի լավ նվեր ստացա համալսարանական ընկերոջիցս՝ Մինաս Գոճայանից, որ նրա նոր լույս տեսած գիրքն է՝ «Փիւնիկեան ափերէն» հուշագրության առաջին հատորը (Լոս Անջելես, 2022): Այս հերթական գրքով նա ներկայանում է որպես Մինաս Փիւնիկ: Նա գիրքը ձոնել է իր ընկերներին, դասընկերներին, ավագ ընկերներին, ուսուցիչներին, հայ և օտար բարեկամներին, ընտանիքին, հարազատներին, Հայաստանի և սփյուռքի ազգականներին ու իր բոլոր աշակերտներին:

Երբ զննում էի բովանդակության ցանկը, շատ հետաքրքրեց հեղինակի կյանքի լիբանանյան հանգրվանին՝ ծննդավայրին վերաբերող մասում տեղ գտած «Մեր թաղի հերոս կիները» վերնագիրը: Ի՞նչ հերոս կանանց մասին էր խոսքը, որ մենք չգիտենք: Գայթակղությունն այնքան մեծ էր, որ ընթերցանությունը սկսեցի ոչ թե սկզբից՝ սովորության համաձայն, այլ տվյալ հատվածից: 

Ովքե՞ր էին բեյրութցի հերոս կանայք

Այս հուշը Սառը պատերազմի ժամանակներից մնացած մի պատառիկ է, երբ Երկրորդ աշխարհամարտից աչքերը հազիվ բացած մարդկությունն ու երկրագունդը, ինչպես հեղինակն է գրում, երկուսի էին բաժանված, և «Ցուրտ պատերազմ» կոչված հրեշի արյունոտ մագիլները զոհեր էին խլում երկու կողմերից էլ:

Հայ մարդիկ, որոնք տեսել էին արդեն մի քանի աքսոր, դարձել էին գաղթական, որոնց աչքերը դեռ չէին ցամաքել Առաջին աշխարհամարտում խոշտանգված, անհետ կորած ու անգերեզման մնացած հարազատների կսկիծից, գրում է հեղինակը, նոր աղետի առաջ էին կանգնած, որին «եղբայրասպան կռիվներ» անունն են տվել պատմության գրքերում ու մամուլի էջերում:

Այդ ժամանակ գրքի հեղինակը, ինչպես և իր հասակակիցները՝ 8-10 տարեկան երեխաները, քիչ բան է հասկացել, թե ինչու են իր ազգակիցները բաժանվել Բեյրութի գետի (Նահր) այս ափին ապրող «մերոնքի» և մյուս ափին գտնվող «անոնքի», բայց հստակ իմացել է, որ նրանք «մարդ կը սպաննեն և տէրտէր կը ծեծեն»: Այդ քաղաքական հակամարտության դրսևորումներից մեկն էլ այն էր, որ կռվախնձոր և քաղաքական շահարկումների առարկա էր դարձել Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

Մի օր էլ իրարանցում է սկսվում թաղի կանանց մեջ: Վրդովված կանայք անիծում էին Լիբանանի գործող նախագահին և «անոնց» ճամբարին համակիր մի քանի հոգևորականների: Վերջինները լիբանանյան բանակի հետ մտել էին Անթիլիասի մայրավանքը և ծեծելով քշել էին «մերոնքական» հոգևորականներին:

Անառիկ էին մնացել Նոր Հաճըն թաղի Սուրբ Գևորգ ու Խալիլ Պատաուի հայաշատ թաղի Սուրբ Հարություն եկեղեցիները: «Մեր թաղի քաղաքականացած այրերուն-կանանց համար անխոցելի բերդեր էին անոնք, մանաւանդ որ մեր փափակասուն կանայք պատրաստ էին իրենց արեան գնով պաշտպանելու էջմիածնական «ամրոցները»,– գրում է հեղինակը:

Մի օր էլ կայծակի արագությամբ լուր է տարածվում, թե բանակը մտնելու է իրենց թաղը, գրավելու է եկեղեցին և այն հանձնելու է «անոնց»: Թաղի մայրերն ու հարսները, աղջիկներն ու տղաները գիշերը պատրաստվում են ինքնապաշտպանության և առավոտյան իջնում են փողոց: Նրանց պայքարին նպաստում է մի զուգադիպություն: Օրեր առաջ Բեյրութի քաղաքապետարանը որոշել էր թաղի զուգահեռ փողոցները օժտել մայթերով և այդ նպատակով թաղը լցրել էր մեծ քանակի քարերով, որոնք շարվելու էին մայթեզրերին:

Կանայք արագ են կողմնորոշվում և թաղի բոլոր մուտքերը փակում են այդ քարերով: Հաջորդ առավոտյան թաղը լցվում է ճիչերով. «Ճէյշը (բանակը) եկաւ, ով որ վախկոտ չէ, թող գայ ետեւէս»: Մինասի մայրը նույնպես, առանց ամուսնուն տալու առավոտյան ավանդական սուրճը, անմիջապես իջնում է փողոց և միանում քաղաքականացած կանանց, որոնք անեծքների տարափ էին տեղում բանակին:

Բանակի մեքենաները կանգ են առնում թաղի մատույցներում, և դրանցից ցատկում են սաղավարտավոր զինվորները: «Մենք՝ անզօր պատանիներս, մեր եղունգները կը կրծէինք ու գալիք սարսափելի տեսարանի մը ահը կ’ապրէինք»,– հիշում է հեղինակը:

Մայրը բղավելով հորդորում է որդուն շուտ տուն գնալ և սպառնալից թափահարում է իր հողաթափը: Նրան հետևում են մյուսները: Ապա լսվում է ցույցի առաջնորդի՝ «հերոս Զիզիի» քրոջ ձայնը, որը առաջարկում է բոլորին պառկել ասֆալտին. «Այս «ասկեարները» մեր թաղերը մտնել ուզեննէ մեր մարմիններուն վրայէն պէտք է անցնին»: Ապա դիմում է աստիճանավոր սպային. «Եթէ քաջ տղամարդ էք, եկէ՛ք կնիկներուն դէմ պատերազմելու»:

«Մամայիս պիտի մեռցնեն»,– ճչում է Մինասի դասարանցին՝ Էլիզը և գնում փաթաթվում է գետնին պառկած մորը: Նրան հետևում են մյուս աղջիկներն ու տղաները, ինչպես և Մինասը:

Բանակայինները շվարում են, ոմանք էլ ծիծաղում են՝ մատնացույց անելով պառկած կանանց: «Յայտնի էր, որ զինուորները չէին ուզեր անզէն ու «տկար կնիկներուն» վրայ յարձակիլ արագահարուածներով կամ մահակներով»: Այնուհետև կանանց առաջին շարքերին են մոտենում սպաները և հարցնում են նրանց, թե ո՞ւր են իրենց ամուսինները, նրանց հետ են ցանկանում խոսել: Կանանցից մեկը իր իմացած արաբերենով հասկացնում է, որ իրենց ամուսիններին հասնելու համար ստիպված կլինեն իրենց վրայով անցնել: Այս լսելով՝ սպաները հրամայում են զինվորներին բարձրանալ մեքենաները. «Մենք աս կնիկներուն հետ չափուելու չենք եկած»:

«Քանի մը վայրկեանէն թաղին մատոյցներէն հեռացան մեր սիրելի Լիբանանի պատուախնդիր զինուորները. քիչ ետք լսուեցան մեր թաղի Ս. Յարութիւն եկեղեցւոյ կոչնակին ղօղանջները: Աւարայրէն նեշնչուած փափկասուն տիկնանց հերոսական արարքին շնորհիւ Ս. Յարութիւնն ու Ս. Գէորգը մնացին Էջմիածնի հաւատարիմ հոգեւոր ամրոցներ»,– ամփոփում է հեղինակը:

Այսպես ահա օտար երկրի պատվախնդիր բանակն ընկրկում է հայ կանանց «բանակի» առջև:

(Շարունակելի)

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like