Արեգ Եափուճեան, Սիտնի, Աւստրալիա, 3 Յունուար 2023
Երեսուն երկար տարիներու սպասումէ ետք, 2022-ի Օգոստոսին, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանի հրամանագրով, Արեգ Յովհաննիսեանը նշանակուեցաւ Աւստրալիոյ Հասարակապետութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան:
Դեկտեմբերին դեսպան Արեգ Յովհաննիսեանը ժամանեց Աւստրալիա՝ իր հաւատարմագրերը յանձնելու Աւստրալիոյ ընդհանուր կառավարիչ Տէյվիտ Հարլիին: Այս առիթով մամլոյ ասուլիս մը կազմակերպուած էր յարգարժան դեսպանին հետ, որուն հրաւիրուած էին աւստրալահայ գաղութի լրատուամիջոցներու ներկայացուցիչներ: Ասուլիսին ներկայ գտնուեցայ իբրեւ «Միութիւն» ամսաթերթի թղթակից:
Ստորեւ կը ներկայացնեմ գրեթէ ամբողջական շարադրանքը իր յառաջաբան խօսքին, հարցումիս տուած սպառիչ պատասխանին եւ ասուլիսի ընթացքին արծարծած շահեկան հարցերուն:
Սկիզբը Արեգ Յովհաննիսեան հակիրճ ներկայացուց ինքզինք եւ իր ներդրումը Աւստրալիոյ հետ ՀՀ-ի յարաբերութեանց հաստատման մէջ.
– Իմ նստավայրը Ճափոնիայում է, հաւատարմագրուել եմ Աւստրալիայում եւ Նոր Զելանտիայում: Շուտով իմ հաւատարմագրերը պիտի ներկայացնեմ նաեւ Հարաւային Քորէայի իշխանութիւններին:
Ունեցել եմ մամուլի հետ սերտ յարաբերութիւն: Ինքս ղեկավարել եմ Արտաքին Գործերի Նախարարութեան մամուլի բաժինը 1997-1999 թուականներին: Բաւական աշխատանք ենք տարել մամուլի օրէնքի բարեփոխումների ուղղութեամբ, որպէսզի ունենանք աւելի ազատական մամուլ:
2007-ին առաջին անգամ նշանակուել եմ ԱԳՆ Ասիայի եւ Խաղաղովկիանոսեան երկրների վարչութեան պետ: 2017-ին նորից եմ ստանձնել նոյն պաշտօնը: Աւստրալիայում դեսպանատան բացումը միշտ ջատագովել եմ: Բայց դա դեռ չենք իրականացրել: Այս նոր իշխանութիւններին կարիք չեղաւ համոզելու, որ պէտք է գոնէ հաւատարմագրուել, որպէսզի մենք էլ կարողանանք ժամանակ առ ժամանակ մեր տեսակէտները ուղղակի ներկայացնել Աւստրալիայի իշխանութիւններին:
Մենք ունենում ենք բազում հարցեր: Շատ անգամ Աւստրալիայի կառավարութիւնը կայացնում է որոշումներ՝ հիմնուելով մէկ աղբիւրից ստացուած տեղեկագրութեան վրայ, որը թուրք-ատրպէյճանական համատեղ աղբիւրն է:
Վերջապէս մենք այստեղ ունենում ենք հաւատարմագրում, որը մեզ թոյլ կը տայ աւելի աշխոյժ եւ ուղղակի տեղեկագրել, արագ փոփոխութիւններ անել:
Պարոն դեսպանին հարց տուի, թէ որո՞նք են Աւստրալիոյ կառավարութեան ներկայացուցիչներու հետ իր քննարկած երեք առաջնահերթ խնդիրները եւ թէ աւստրալահայ գաղութը ի՞նչ ներդրում կրնայ ունենալ այդ ծրագիրներու իրականացման մէջ:
Արեգ Յովհաննիսեան պատասխանեց.
– Քանպերրայում իմ հանդիպումները շատ դրական եմ գնահատում: Կրկին համոզուեցի, որ անհրաժեշտ էր Աւստրալիայում ՀՀ-ի դեսպանի հաւատարմագրումը, որովհետեւ իրենք շատ բան ուրիշ ձեւ են պատկերացնում՝ տեղեկութիւնները ուրիշ աղբիւրներից ստացած լինելով: Ընդհանուր առմամբ, շատ լաւ էր ընդունելութիւնը, շատ յարգալից: Բարձր մակարդակի հանդիպումներ ունեցայ, որոնց մասնակցում էին բոլոր շահագրգիռ կամ կարեւոր պաշտոնյաները: Պայմանաւորուեցինք միասնաբար ձեւաւորել օրակարգ:
Իրաւաբանական դաշտը զերօ է, ոչինչ չունենք: Տարիներ շարունակ հեռուից հեռու փորձել ենք իրենց ասել, եկէք «ներդրումների պաշտպանութեան» (investment protection) համաձայնագիր անենք, եկէք «կրկնակի հարկման բացառման» (double taxation exemption) համաձայնագիր անենք, «առեւտրի համաձայնագիր» (trade agreement) կնքենք, ինչ որ մի բան անենք: Ամէն ինչի ասել են, թէ հնարաւորութիւն (volume) չկայ, այս չկայ, այն չկայ, քիչ են առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները, սա չենք ուզում, նա չենք ուզում, «մշակութային համաձայնագիր» (cultural agreement) առանձին չենք անում, «կրթական համաձայնագիր» (education agreement) առանձին չենք անում, թող առանձին հիմնարկներ իրար միջեւ համաձայնութիւններ անեն, եւ այլն, եւ այլն:
Հիմա իրենց հետ պայմանաւորուեցինք, որ առնուազն իրենք նայեն այն առաջնային բաները, որոնք նրանք անում են մեր տարածաշրջանի ուրիշ երկրների հետ, եւ այդ առաջնահերթ բացթողումները մենք լրացնենք:
Երկրորդ. նշեցի այն ուղղութիւնները, որոնք ուզում ենք աշխուժացնել, փորձենք գտնել համագործակցութեան եզրեր: Օրինակ, հանքարդիւնաբերութիւնը եւ «ենթակառուցուածքների զարգացումը» (infrastructure development) իրենց կարող է հետաքրքրեն: Շուտով մրցոյթներ (tender) ենք ունենալու ՀՀ-ում տարբեր ծրագրերի, որոնք նաեւ Եւրամիութեան 2,5 միլիառ եւրոյի դրամաշնորհի գումարներով են լինելու: Աւստրալիական ընկերութիւնները կարող են մասնակցել այդ մրցոյթներին: Աւստրալիացիք թունելների շինարարութեան եւ նման ծրագրերի մեծ փորձ ունեն: Ունեն հետաքրքրութիւն հանքարդիւնաբերութեան մէջ, որովհետեւ իրենց եկամտի 70 տոկոսը հանքարդիւնաբերութիւնից է գալիս:
Ասացի որ մեր երկրների միջեւ հեռաւորութիւնը, այո՛, խնդիր է, մատակարարման (logistics) խնդիրներ ունենք, բայց եկէք մտածենք այնպիսի բաների մասին, որոնց իրագործմանը մատակարարումը չի խոչընդոտի, օրինակ՝ ներդնել դեղերի արտադրութեան մէջ: Մաքուր ուժանիւթի (green energy) արտադրութեան, շրջակայ միջավայրի մաքրութեան, անտառների վերականգնման ծրագրեր կարող ենք անել միասին: Հիմա պէտք է սերտենք, տեսնենք ո՞ւր կարող ենք գտնել այդ ընդհանուր հողը, պարարտ հողը, որի հիման վրայ կարող ենք առաջ գնալ: Հնարաւորութիւններ շատ կան:
Բացի դրանցից, պէտք է քայլեր ձեռնարկենք տեղեկատուութեան ոլորտում: Աւստրալիացիների հիմնական մասը մեր մասին շատ քիչ բան գիտէ: Ուրախութեամբ ասեմ, որ գոնէ պետական մարմինների այն պաշտոնյաները, ում հետ շփւում էի, աւստրալահայ գաղութի մասին շատ դրական վերաբերմունք, յարգանք ունեն, ինչը ի հարկէ նաեւ մեր բարձր գնահատականին արժանի է: Հպարտութեան պատճառ է որ գաղութը իրեն այսպէս է դրսեւորել տասնամյակների ընթացքում:
Երբ բացում ենք Աւստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի բաժանմունքի (Department of Foreign Affairs and Trade) կայքէջքը եւ նայում ենք Հայաստանի Հանրապետութեան բաժինը, ի՞նչ ենք տեսնում. գրուած է «շատ ջերմ յարաբերութիւններ» (very warm relations), որոնք պայմանաւորուած են «ժողովուրդէ ժողովուրդ կապերով» (people to people ties): Դա նշանակում է, որ ձեր գաղութի, մասնաւորապէս Հայրենիք աւստրալահայերի գնալ-գալու շնորհիւ ունենք այդ «շատ ջերմ յարաբերութիւններ»ը:
Նոյն կայքում բացում ենք Ատրպէյճանի մասը: Այնտեղ խոսվում է առեւտրական յարաբերութիւնների մասին: Գրուած է, թէ նրանք ներդրումներ են անում Աւստրալիայի սակարանում (Australian bonds market): Այսինքն Ատրպէյճանի հետ Աւստրալիայի յարաբերութիւնները հիմնուած են տնտեսութեան վրայ: Նրանց համար էլ ասում են, թէ յարաբերութիւնները ջերմ են, բայց մեզ համար պատճառը մէկ է, նրանցը՝ ուրիշ:
Հիմա մենք պէտք է իրենց հասկացնենք, որ այդ տնտեսական կապերը, որոնցով հպարտանում էք, գիտէ՞ք ինչի վրայ են հիմնուած: Ատրպէյճանում արիւնարբու բռնատիրութիւն (dictatorship) է հաստատուած, որը պատերազմական յանցագործութիւններ է գործել, որոնց վերաբերեալ այսօր միջազգային դատարաններում հետաքննութիւններ են ընթանում, իսկ դուք շարունակում էք հպարտանա՞լ, որ իրենց հետ ունէք տնտեսական յարաբերութիւններ…
Հաստատելու համար ասածս, յաջորդ օրը ես էլի այցելեցի նոյն կայքէջի Ատրպէյճանի մասը: Զարմանքս աննկարագրելի էր, երբ այնտեղ կարդացի. «Աւստրալիա պաշտպանում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը (որը յայտնի է նաեւ որպէս «Արցախի Հանրապետութիւն») իբրեւ անկախ պետութիւն»:
Դեսպան Արեգ Յովհաննիսեան իմ հարցումիս պատասխանը եզրափակեց այս խօսքերով. «Հիմա Թոքիոյի դեսպանատան մէջ մէկ ես եմ ու մէկ ուրիշ դիւանագէտ, եւ վե՛րջ: Ունեմ ճափոնացի մէկ օգնական: Դեսպանատան մէջ երեք հոգի ենք: Դեսպանատունը չորս փոքր սենեակներով մի բնակարան է: Իւրաքանչիւրս մէկ գրասենեակ ունենք եւ վե՛րջ: Սա՛ է մեր կարողութիւնը, որը անշուշտ պէտք է աւելացուի: Բայց ունենք նաեւ ուրիշ խնդիրներ. օրինակ՝ այս պահին չունենք ճափոներէնի մասնագէտներ: Այս հնարաւորութիւներով էլ անում ենք այնքան ինչքան որ կարողանում ենք»:
Ներկաներէն հնչեցին եւս քանի մը հարցումներ եւ ահա մամլոյ ասուլիսը հասած էր իր աւարտին: Ներկաները յաջողութիւն մաղթեցին նորանշանակ դեսպանին, այն յոյսով, որ ան մօտ ապագային դարձեալ կը վերադառնայ այս հեռաւոր ափերը:
Լուսանկար՝ Արեգ Եափուճեան (ձախին) դեսպան Արեգ Յովհաննիսեանի հետ