Արամ Ամրոց, Երևան, 7 Նոյեմբեր 2021
Երբ 2020–ին Ստեփանակերտի՝ գրեթե երեսուն տարի խաղաղ ու զուլալ երկնքից թափվեցին առաջին ռումբերը, ես այնտեղ էի, և չնայած մտքովս երբեք չէր անցնի, որ մեր բանակն արագ կհայտնվեր նման անօգնական վիճակում, բայց, այնուամենայնիվ, հոգուս խորքում վստահ էի, որ խաղաղ բնակչության դեմ ցանկացած ոտնձգության դեպքում ( էլ չեմ ասում կասետային ռումբերի ու մասսայական ոչնչացման «Սմերչ», «Գրադ», ՏՕՍ համակարգերի մասին) մեր ռազմավարական դաշնակիցն ու, այսպես կոչված, «մեծ եղբայր» բարեկամն անմիջապես կարձագանքի ու հուժկու պատասխանի կարժանացնի նախահարձակին (ագրեսորին)։ Բայց իրադարձությունները լիովին այլ ընթացք ունեցան։ Փոխարենը՝ «Մեծ եղբայրը» դանդաղկոտ ու խոհուն քաղաքական ռևերանսներ արեց, կազմակերպեց հեռուստատեսային լայն ու դատափետող (բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին ռուսական կոշտուկներ տրորել) հաղորդումներ, թմրած, հիվանդագին ու անպտուղ շարժումներ արեց, հասցրեց է՛լ ավելի սերտ ու խոր բարեկամանալ Թուրքիայի հետ, վերջում էլ անսպասելիորեն օգնության հասավ բարեկամ ժողովրդի խաղաղ բնակիչներին ու մեր գլխավոր հրամանատարի ձեռամբ վավերացրեց իր ձեռքով գրված (Վ. Պուտինն անձամբ խոստովանեց) հանձնման (կապիտուլյացիոն) խայտառակ թղթիկը, որով իբր անորոշ ժամանակով երաշխավորվում է Արցախից մնացած պատառիկում ապրող հայերի անվտանգությունն ու փրկվում է իրականում հերոսաբար ու անձնազոհաբար (որոշ բացառություններով, որոնք, իհարկե, լինում են բոլոր պատերազմների ժամանակ) մարտնչած հայոց բանակի կեսից ավելին:
Ծագում է առաջին հարցը. մի՞թե սա ռազմավարական դաշնակից գերտերությանը բնորոշ գործելաոճ է, և ավելի շուտ չի՞ հիշեցնում նախապես ծրագրավորված ռազմավարություն` համեմված կեղծավոր-զգացմունքային ու ոչ-քաղաքական հայտարարություններով, որ ամենօրյա ժամանակացույցով անխնա տարածվում էին ռուսական «թոք շոուների» (talk show) ընդգծված ազգայնամոլ ու ցեղամոլ հեղինակ-վարողների բերաններով, որոնք հիմնական շեշտը դնում էին նախագահ Պուտինին ՀՀ–ում լավ չդիմավորելու, ռուս թագավորին սպասեցնելու, դրոշը գլխիվայր կախելու, Խաչատուրովին ու Քոչարյանին ձերբակալելու և այլնի վրա։ Բայց արդյո՞ք բանական ու բազմածալ ուղեղում հարց չի ծնվում. մի՞թե վերոգրյալի համար պետք էր պատժել Արցախում ապրող հայ ժողովրդին, որը մինչ վերջին պատերազմը գրեթե 100 տոկոսով ռուսամետ էր, և նման պատիժը ի՞նչ էր տալիս Ռուսաստանին, որը փաստացի իր աշխարհաքաղաքական–ռազմավարական ազդեցության տարածքը թողեց Թուրքիային և վերջինիս ձեռամբ նաև իսլամիստ ահաբեկիչներին։
Այսինքն՝ կան մարդիկ, որ մտածում են, եթե ինքնաթիռի «տռապի»(*) (կներեք ռուսերեն բառի համար, բայց այս պարագայում խիստ տեղին եմ համարում) առաջ Պուտինին չդիմավորես, նա իր կենսական տարածքը հենց այնպես կզիջի՞ իր դարավոր հակառակորդին։ Հնարավո՞ր է նման միամտություն։ Պարզվում է՝ այո: Եվ դեռ մինչև պատերազմը քաղաքական օրակարգ նետվեցին այս կեղծ թեզերը, իսկ պատերազմից հետո դրանց փորձեցին տրամաբանություն և մտքի վերլուծական շղթա հաղորդել, ու հասարակ մարդկանց մոտ դա աշխատեց. ահա՜ թե ինչ է լինում, երբ դեմ ես գնում «մեծ եղբայր» Ռուսաստանին կարգախոսով։ Իսկ հիմա՝ պատերազմից մեկ տարի անց, Էրդողանն ու Պուտինն արդեն չեն թաքցնում իրենց հիանալի համագործակցությունն ու ապագայի տեսլականը. «Ռուսաստանն ու Թուրքիան սովորել են փոխհամաձայնության գալ, մեր հարաբերությունները դրական են զարգանում» (Վ. Պուտին, 29.09.2021):
Եվ վերջապես, երկրորդ հարցը՝ արդյո՞ք իսկական ռազմավարական դաշնակիցը որևէ դեպքում ձեռքերը ծալած կնստեր ու կհետևեր, թե ինչպես են երկու պետություններ և իսլամիստ ահաբեկիչները կործանում իր դաշնակցի բանակի կենդանի ուժն ու գրեթե ամբողջությամբ ոչնչացնում հիմնականում հենց ռուսական արտադրության ռազմական տեխնիկան։ Ռազմավարական դաշնակիցների բանակները փոխադարձ անգնահատելի կարևորություն ունեն, քանի որ պատերազմի կամ ռազմական հարձակման (ագրեսիա) ժամանակ նույն խրամատում են կռվելու և նույն թշնամու դեմ: Բայց արդարության համար նշենք, որ եթե Սումգայիթում և Բաքվում ռուսա–սովետական բանակն ուշացավ ընդամենը երեք օր, ապա արցախյան 2020–ի պատերազմին սպասեց 44 օր, սպասեց մինչ Թուրքիան ամեն օր զինում էր իր փոքր եղբայր` Ադրբեջանին, սպասեց, մինչ Սիրիայից իսլամիստ վարձկաններ ու ահաբեկիչներ էր տեղափոխում Արցախ, սպասեց մինչ Իսրայելից մեր կենդանի ուժի ու տեխնիկայի հիմնական պատճառ դարձած անօդաչուների նոր խմբաքանակներ, դրանք սպասարկող մասնագետներ ու պահեստամասեր էին բերվում Ադրբեջան: Այո՛, 44 օր սպասեց, բայց հետո խառնվեց, չէ՞, հետո ջախջախեց իր ռազմավարական դաշնակից` հայի գլուխ կտրող, հայ գերիներին խոշտանգող, վանքերը, մատուռներն ու գերեզմանոցներն ավերող թշնամուն, հզոր Ռուսաստանը մի լավ դաս տվեց իր դաշնակցին նեղացնողին, չնայած ուշ, բայց խառնվեց, չէ՞, կհարցներ անտեղյակ մեկը: Դե իհա՛րկե՝ ոչ: Ռուսաստանը 44 օր սպասեց մինչև այն կետը, երբ իր ռազմավարական դաշնակցի բանակը լիակատար հյուծվել էր, երբ ռազմական տեխնիկայի կորուստն այնքան մեծ էր, որ դրա համալրումն անհնար էր, երբ հասունացել էր հայոց բանակի (իր ռազմավարական դաշնակցի. սա մանտրայի նման պետք է կրկնել ու կրկնել) վերջնական ոչնչացման մոտալուտ պահը, և առանց մեկ կրակոցի խաղաղապահներ մտցրեց Արցախ ու «որոշակի կայունություն» բերեց տարածաշրջան, այն էլ ում հետ միասին, արդեն զարմանալի էլ չէ. հայ ազգի դարավոր թշնամու` Թուրքիայի:
Նման ռազմավարական դաշնակից միայն թշնամուն կարելի է մաղթել, և արդեն տարօրինակ էլ չէ, որ Կարսի անկումից հարյուր տարի անց, հարյուր տարի քաղաքական նույն թուլամորթ ու խեղճ քաղաքականությունն ինքնահոս գլորելով, մենք կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ. ծանրագույն գնով ազատագրված հողը՝ հինգ հազար նահատակի արյունով ներծծված, այլոց շահերի ու առևտրի խաչմերուկում, սկուտեղի վրա հանձնում ենք թշնամուն: Մենք դարավոր ռազմավարական դաշնակից չունենք, մենք ընդհանրապես որևէ դաշնակից չունենք. մատաղացու գառները դաշնակիցներ չեն ունենում: Դաշնակիցներ ունենում են գայլերը, հատկապես երբ ոհմակով են և ուժեղ, երբեմն էլ՝ գորշ:
Իսկ հոդվածը գրելու ժամանակ նման տեղեկություն կարդացի լուրերի ժապավենի վրա. «Մի շարք քրդական լրատվամիջոցներ հայտնում են, որ YPG–ի հրամանատարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում իր զորքերը դուրս բերելու և Թուրքիային հանձնելու Քոբանի քաղաքը, ինչպես դա պահանջում է Ռուսաստանը»:
տռապ – ինքնաթիռի սամդղակ