Արամ Ադամյան, Facebook, Օնտարիո, Հոկտեմբեր 2022
Կարծում եմ, թե Զանգեզուրի միջանցքը որքան թուրք-ադրբեջանական, առնվազն այնքան էլ հենց ռուսական նախագիծ է: Պարզից պարզ է, որ Նախիջևանն ու Թուրքիան Ադրբեջանի բուն տարածքի հետ ԽՍՀՄ փլուզումից հետո անխոչընդոտ կապ են ունեցել Իրանի տարածքով, որը հիմա էլ ունեն: Ուստի, Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զույգին կարող է հետաքրքիր լինել միայն երկու առումով.
- Իրանից կախվածության թուլացում և հակաիրանական գործողությունների համար ավելի մեծ ազատության ապահովում,
- Իրանի Իսլամական Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն սահմանի փաստացի վերացմամբ ՀՀ-ի աշխարհաքաղաքական դերի և ինքնիշխան պետության կենսունակության ոչնչացում:
Սակայն Ռուսաստանը Զանգեզուրի միջանցքի մեջ ոչ միայն տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ի կենսական շահերի հաշվին քաղաքական առևտրի հնարավորություն, այլև ունի ուղղակի շահագրգռություն հետևյալ առումներով.
- ՀՀ-ին վերջնականապես կախվածության մեջ գցելով իրենից՝ ամրապնդել իր դիրքերը մեր տարածաշրջանում,
- Միջանցքի անվտանգության երաշխավորի կարգավիճակից բխող փաստացի վերահսկմամբ լրացուցիչ քաղաքական լծակ ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ,
- ՀՀ-Իրան սահմանի և Իրան-ՀՀ երկկողմանի բեռնափոխադրումների, գազատարի և էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի փաստացի վերահսկողության հաստատումով Իրանի նկատմամբ էական քաղաքական լծակի ձեռքբերում, ինչպես նաև Իրանից ՀՀ ու այնուհետև Վրաստան ու Սև Ծովով դեպի Եվրոպա գազի առաքման մրցակցային հնարավորության չեզոքացում,
- Ռուսաստան-Ադրբեջան-ՀՀ-Նախիջևան-Թուրքիա երթուղով Վրաստանը շրջանցող ցամաքային հուսալի կապի հաստատում առևտրային ավելի ու ավելի մեծ նշանակություն ձեռք բերող գործընկեր Թուրքիայի հետ:
Շահերի այս պարզ գույքագրումն, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ Ռուսաստանն առնվազն ոչ պակաս, քան Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքով՝ պայմանավորված իրեն տրվող անվտանգության երաշխավորի կարգավիճակից բխող լծակներով: Եվ եթե այս ամենի վրա ավելացնում ենք նաև այն, որ Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններն սկսվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ, ապա պարզ է դառնում, որ ռուսական վերը նշված նպատակների իրագործումը էական նշանակություն է ունեցել 44-օրյա պատերազմում ՀՀ-ի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի սառնասիրտ դիտորդի պահվածքի վրա: Ավելին, կարծում եմ, թե Արցախում ռուսական խաղաղապահների տեղադրման հիմնական նպատակը ոչ թե Արցախի հայ բնակչության պաշտպանությունն է, այլ Ադրբեջանի վրա լծակ ձեռք բերելուց զատ Սյունիքի վրա ռուսական լիակատար վերահսկողության հաստատումը, կամ, նվազագույնը, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրականացումը և դրա ռուսական վերահսկողությունը: Հասկանալի է, որ ՀՀ-ի դաշնակցի ձևական կարգավիճակը Ռուսաստանին թույլ չի տալիս ուղղակի պնդել Զանգեզուրի միջանցքի իրականացման վրա: Ռուսաստանի իշխանությունների կարծիքով՝ դրա կարիքը չկա էլ: Բավական է փոխհամաձայնեցված ադրբեջանական հարձակման դեպքում չկատարել ՀՀ-ի հանդեպ ստանձնած անվտանգության երաշխավորի պայմանագրային պարտավորությունները և ՀՀ-ն ստիպված կլինի համաձայնել Ադրբեջանի պահանջներին: Հենց այս տրամաբանությունն է ընկած Ռուսաստանի ներկայիս հետևողական պահվածքում:
Վերջում ավելացնեմ, որ բոլոր այն հայ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք իրենց հրապարակային խոսքում ըմբռնումով են մոտենում իբր ուկրաինական պատերազմով տարված Ռուսաստանի՝ մեր նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորությունների բացահայտ անտեսմանը, գործում են ոչ թե ՀՀ-ի, այլ ներկայումս մեզ հակոտնյա իր շահերն առաջ մղող Ռուսաստանի շահերից ելնելով: Ռուսաստանի շահերը պետք է հաշվի առնվեն ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար, սակայն Ռուսաստանի պահվածքը չդատապարտելը, հատկապես ոչ-իշխանական կուսակցությունների կողմից, հարվածում է իր ինքնիշխանության համար պայքարող ՀՀ-ի շահերին:
Լավրովի ծրագիրը (պլանը)
Ռուսաստանը 44-օրյա պատերազմից դեռ տարիներ առաջ փորձում էր Արցախի հարցում դուրս մղել Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որպեսզի հաստատված իրավիճակը (ստատուս քվոն) փոխվի իրեն ձեռնտու տարբերակով: Ուստի, Ռուսաստանը կողմերին էր ներկայացրել այսպես կոչված «Լավրովի պլանը», համաձայն որի հայկական կողմը Ադրբեջանին պիտի վերադարձներ անվտանգության գոտու յոթ շրջաններից հինգը՝ պահելով միայն Քարվաճառն ու Լաչինը (որոնք ևս պիտի վերադարձվեին հարցի վերջնական կարգավորման պահին), և Արցախի անվտանգությունն ապահովելու համար նրա շուրջ պիտի տեղակայվեին ռուսական խաղաղապահ ուժեր: Կարծում եմ, այս պլանի մեջ խայծ կար, որը լավ հասկանալով, հայկական կողմը մշտապես (նաև Թավշյա հեղափոխությանը նախորդող շրջանում) դեմ էր արտահայտվում այս առաջարկին, պնդելով, որ Արցախի Պաշտպանության բանակն ի զորու էր ինքն ապահովել Արցախի անվտանգությունը, մինչև Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ներառող փաթեթով հարցի վերջնական կարգավորումը:
Ադրբեջանական կողմը, մյուս կողմից, իմ կարծիքով շատ մեծ գոհունակությամբ էր ընդունում Լավրովի պլանը: Ահա թե ինչու հինգ շրջանների Ադրբեջանին հանձնումով Սյունիքի հարավային հատվածը ճիշտ ներկայիս նման երկու կողմից հայտնվելու էր ադրբեջանական զորքերի արանքում: Հաջորդ քայլով Ադրբեջանը ոտնձգություններ էր սկսելու Սյունիքի հարավում և ներկայիս նմանությամբ բարձրացնելու էր Զանգեզուրի միջանցքի, սահմանագծման-սահմանազատման և խաղաղության պայմանագիր կնքելու հարցերը: Գուցե զուգահեռ հարձակումներ լինեին նաև ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության մեջ մտնող Արցախի տարածքում, որին ռուսները չարձագանգեին, ինչպես հիմա էլ չեն արձագանգում, բայց սա ադրբեջանցիների համար առաջնահերթություն չէր լինելու: Հարվածի գլխավոր ուղղությունը պիտի լիներ Սյունիքի հարավում՝ ՀՀ-ն Իրանի հետ կապից զրկելով (առավելագույն ծրագիր – մաքսիմում) կամ, գոնե, ռուսական վերահսկմամբ Զանգեզուրի միջանցքով (նվազագույն ծրագիր – մինիմում): Առավելագույն ծրագրի իրականացումը ռուսներն իհարկե թույլ չէին տա, վրա հասնելով որպես հայ ժողովրդի փրկիչ և մի եռակողմ փաստաթուղթ ստորագրելով, համաձայն որի պիտի իրականանար նվազագույն ծրագիրը ու ամենայն հավանականությամբ նաև Քարվաճառի ու Լաչինի հանձնումն Ադրբեջանին:
Այսպիսով, իմ կարծիքով, Լավրովի ծրագիրը հանգեցնելու էր Հայաստանի ճիշտ նույն այսօրվա հույժ նվազեցված աշխարհաքաղաքական դերին, որտեղ ՀՀ-ն ոչ միայն ի վիճակի չէր լինելու հանդիսանալ Արցախի անվտանգության երաշխավորը, այլև կանգնած էր լինելու սեփական ինքնիշխանությունը փրկելու խնդրի առաջ: Միայն թե այս ամենը տեղի պիտի ունենար առանց այն չորս հազար զոհերի, որ մենք ունեցանք 44-օրյա պատերազմի հետևանքով: Ու եթե հայկական իշխանություններն ի վիճակի լինեին հաշվարկել, որ թե՛ Լավրովի ծրագիրը ընդունելու, թե՛ այն մերժելու տարբերակները հանգեցնելու էին ՀՀ-ի աշխարհաքաղաքական դերի նվազեցման նույն արդյունքին, ապա իհարկե ճիշտ կլիներ գնալ չորս հազար երիտասարդ կյանք զոհելուց խուսափելու ճանապարհով: Մեր վիճակի ծանրությունն այն էր, որ ուկրաինական պատերազմին պատրաստվող Ռուսաստանի համար Ադրբեջանն ու Թուրքիան այլևս շատ ավելի մեծ կարևորություն ունեցող գործընկերներ էին, քան Հայաստանը:
Դժվարանում եմ ասել, թե արդյոք որևէ այլ իշխանության դեպքում ՀՀ-ը վատթարագույն զարգացումներից կարո՞ղ էր խուսափել, թե՞ ոչ, քանի որ հույսը երկար ժամանակ արդեն դրել էր միակ դաշնակցի վրա, որի շահերից այլևս չէր բխում ոչ միայն Իրանի հետ սահման ունեցող Արցախի, այլև Իրանի հետ ինքնիշխան սահման ունեցող ՀՀ-ի անվտանգության ապահովումը: Իսկ որ Ադրբեջանն ու Թուրքիան Լավրովի ծրագրի իրականացման դեպքում ՀՀ-ի նկատմամբ որևէ բարյացկամություն չէին ցուցաբերելու, այլ շարունակաբար Ռուսաստանի հետ համաձայնեցված ծրագրով մեծացնելու էին ճնշումը, ինձ համար որևէ կասկածի տեղիք չի տալիս: Ով դրանում կասկածում է, նա փաստացի արդարացնում է Ալիևի և Էրդողանի՝ մեր նկատմամբ ներկայումս վարվող թշնամական քաղաքականությունը: