Գլուխ քորելու ժամանակներ…

Վահրամ Աղաջանյան, Երևան, 27 յունուար 2025

Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Արցախն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը։ Արդյո՞ք Փաշինյանը հասկանում է, թե ի’նչ ծուղակ են պատրաստում իր համար և ի’նչ վտանգի են ենթարկվում Հայաստանն ու հայ ժողովուրդը։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի»: Այս մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերությանն ու այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, խաղաղության պայմանագրի իր տարբերակները Հայաստանը արդեն ներկայացրել է Բաքվին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ու հույս հայտնել, որ Ադրբեջանը դրական կարձագանքի դրանց:

Երբեմն լսում ես Հայաստանի կառավարության ղեկավարին ու ակամայից մտածում. ո՞վ է խորհուրդներ տալիս այդ մարդուն։ Արդյո՞ք նա գիտակցում է իր ասած խոսքերի իմաստը, հասկանո՞ւմ է ինչ վտանգի է ենթարկում Հայաստանն ու հայ ժողովրդին։ Այս կապակցությամբ կցանկանայի մի քանի հարց ուղղել պրն․ Փաշինյանին:

Նախ, ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Արցախն ու Ադրբեջանը։ Չէ՞ որ 30 տարի շարունակ հայկական կողմը պնդում էր, որ պատերազմ է ընթանում Արցախի և Ադրբեջանի միջև, որը զինված հարձակում է սկսել հայկական երկրորդ հանրապետության դեմ։ Ինչո՞ւ է Փաշինյանը կրկնում Բաքվի վարկածը, թե պատերազմը ընթացել ու ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երկրորդ. ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել մի պետության հետ, որին պատերազմ չես հայտարարել և որը քեզ պաշտոնապես պատերազմ նույնպես չի հայտարարել։ Սա ի՞նչ անհեթեթություն է: Դա նույնն է, որ բաժանվես մի մարդուց, ում հետ ամուսնացած չէիր․․․

Երրորդ. եթե խաղաղության պայմանագիրը ստորագրում են ոչ թե Արցախն ու Ադրբեջանը, այլ Հայաստանն ու Ադրբեջանը, ապա Փաշինյանը դրանով Հայաստանին, ըստ էության, հայտարարում է նախահարձակ, որը 30 տարի ապօրինաբար բռնազավթել է ադրբեջանական տարածքները։ Փաշինյանը հասկանո՞ւմ է, թե դրանից հետո ի՞նչ հետևանքներ են սպասում Հայաստանին, ի՞նչ ծուղակ են պատրաստում մեր երկրի համար։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե սա ի՞նչ է. սովորական միամտությո՞ւն, թե՞ վտանգավար անհեռատեսություն:

Հակիրճ բացատրենք, թե ինչով է հղի հայկական կողմի այս չնաշխարհիկ (ֆանտաստիկ) հիմարությունը։ Եթե Հայաստանը 30 տարի ապօրինաբար բռնազավթել է ադրբեջանական տարածքները, ապա Ադրբեջանը նրան հաշիվ կներկայացնի «բռնազավթման» բոլոր տարիների համար։ Բաքուն արդեն հնչեցրել է «փոխհատուցումների» նախնական թիվը՝ առնվազն 50 միլիարդ դոլար։ Այսպիսի գումար է պահանջելու Ադրբեջանը Հայաստանից՝ Արցախը «բռնազավթելու» համար։ Ասում են՝ այս թիվը գնալով աճում է․․․

Հետաքրքրականն այն է, որ նշյալ թիվը գրեթե համընկնում է այն թվի հետ, որը վերջերս հնչեցրեց ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը: Ռուսական ակադեմիայի տվյալներով՝ 2020 թ. սեպտեմբերին Արցախը նվաճելու համար Ադրբեջանը ծախսել է առնվազն 48 միլիարդ դոլար։ Պարոն Սարգսյանը պնդում է, որ այդ գումարներն ուղղվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներին կաշառելուն: ՌԴ ակադեմիայի տեղեկություններով՝ Պուտինի շրջապատը Ադրբեջանի իշխանություններից ստացել է մոտ 10 միլիարդ դոլար:

Պարոն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ «թուրք-ադրբեջանական լոբբին (շահախումբը – «Գեղարդ») պարզապես գնում է ռուս պաշտոնյաներին Կրեմլում։ Մենք անուն առ անուն գիտենք նրանց, ովքեր փող են ստանում ՌԴ-ում, որքան են ստանում և որտեղից են ստանում։ Եվս 3 միլիարդ 470 միլիոն դոլար Բաքուն վճարեց հայ քաղաքական գործիչներին Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության համար»: Նշենք, որ մինչ օրս ոչ ոք չի հերքել ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի այս տեղեկությունները։

Չորրորդ։ Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող վճարել այդ աստղաբաշխական գումարը։ Նիկոլ Փաշինյանը չի՞ կռահում, թե փոխարենը ինչ «կխնդրի» Ադրբեջանը: Ճիշտ է՝ Սյունիքը։ Չե՞ս կարող փողով վճարել՝ վճարիր տարածքներով, ունեցվածքով, վատագույն դեպքում՝ տարբեր «միջանցքներով» և այլն։ Եթե սրան է ձգտում ՀՀ ղեկավարությունը, ապա նա «ճիշտ» ուղու վրա է։

ՀՀ վարչապետը, մեղմ ասած, զարմացրեց նաև մեկ այլ հայտարարությամբ: Մեջբերում ենք. «Ուզում եմ ընդգծել, որ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը պետք է իրականացվի դելիմիտացիա և դեմարկացիա (սահմանազատում եւ սահմանագծում – «Գեղարդ»)։ Որովհետև առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Ադրբեջանը շարունակելու է հայտարարել տարածքային պահանջների մասին»։

Զարմանալի է: Հայաստանի կառավարության ղեկավարը կամ չգիտի, կամ չի հասկանում, որ նախ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, իսկ հետո արդեն իրականացվի սահմանազատում եւ սահմանագծում, որովհետև շարունակվող պատերազմի, հրետակոծությունների և ռմբակոծությունների պայմաններում անհնար է հստակեցնել և գծել սահմանները պատերազմող կողմերի միջև։ Ադրբեջանը առանձնապես չի ձգտում նախ խաղաղության պայմանագիր կնքելու, հետո միայն հստակեցնելու սահմանները, քանի որ պայմանագրի ստորագրմամբ վերանալու է Հայաստանին պատերազմով շանտաժի ենթարկելու հնարավորությունը՝ կրկին նախահարձակ լինելու վտանգ կա։ Փաշինյանը կարծես թե նույն մտավախությունն ունի… 

Եվ ամենահետաքրքիրըինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը պետք է ստորագրվի հենց հիմա` հայ ժողովրդի դեմ ահաբեկչական հարձակումից ընդամենը 4 տարի անց, չավարտված պատերազմի պայմաններում։ Սա ի՞նչ շտապողականություն է: 1994 թվականից սկսած ոչ ոք չէր շտապեցնում Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ինչո՞ւ են շտապեցնում Հայաստանին՝ պատերազմից ընդամենը 4 տարի անց: 1996 թ․ մինչ օրս, 29 տարի շարունակ, իրար դեմ չպատերազմող Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում ճշտել երկու հանրապետությունների միջև սահմանները: Եվ ոչ ոք նրանց չի շտապեցնում: Ինչո՞ւ են այդպես շտապեցնում հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում պատասխանել այս հարցումներին․․․

Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Կարևորը հետևյալն է։ Ավելի քան 100-ամյա ղարաբաղյան հակամարտության ընթացքում հարեւան Ադրբեջանը չի ունեցել եւ մինչ օրս չունի որեւէ օրինական փաստաթուղթ, որը կհաստատեր հայկական հինավուրց մարզի՝ Արցախի նկատմամբ իր հակաօրինական նկրտումները։ Միակ «փաստաթուղթը» Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի՝ կուսակցական մարմնի 1921 թվականի որոշումն է Ղարաբաղի մասին, մարմին, որն իրավունք չուներ տարածքային հարցեր լուծել նույնիսկ սեփական երկրում։ 

Այժմ, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ստորագրի հայ-ադրբեջանական սահմանի զատման փաստաթուղթը և դրանով իսկ իրավականորեն (դե յուրե) ճանաչի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, նման փաստաթուղթ առաջին անգամ (!) կհայտնվի պատմության մեջ։ Փաշինյանը ոչ միայն օրինականություն կհաղորդի Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակմանը, այլև հայերի ապագա սերունդներին կզրկի մեր պատմական տարածքի նկատմամբ սեփականության իրավունքից։ Դա կլինի հայոց ազգային շահերի մեծագույն դավաճանությունը, դավաճանություն, որի նմանը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ․․․

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like