Արամ Ամրոց, Երևան, 22 Նոյեմբեր 2021
Սույն տարվա նոյեմբերի 16–ին ադրբեջանական բանակն այս տարվա մեջ արդեն որերորդ անգամ գրոհեց Հայաստանի սահմանն ու երկրորդ անգամ լուրջ առաջխաղացում ունեցավ՝ Սիսիանի կողմում ընդհուպ մոտենալով Երևան–Գորիս մայրուղուն: Եվ ի՞նչ պատասխանեց սրան Հայաստանը: Կամ պատասխանը թող մի քիչ սպասի: Ի՞նչ է արել ՀՀ ղեկավարությունը այդ ամենը կանխելու համար: Քանի որ հակառակորդի ցանկացած հարձակում կանխելն ավելի դյուրին է ու պակաս զոհաբեր (խոսքը կանխարգելիչ հարվածների մասին է), քան հետո կորցրածը հետ բերելը, իսկ մեր դեպքում, իհարկե, ընդհանրապես չբերելն ու հայրենիքի այս կամ այն հատվածը անհարմար, անպիտան, ձյունածածկ կամ դժգույն պիտակի ներքո հանձնելը: Այս հարցին պատասխանելու համար ժամանակի մեջ մի փոքր հետ գնանք և տեսնենք, թե ինչ եղավ այս տարվա մայիսի 12–ին և դրանից անմիջապես հետո, երբ ադրբեջանական զորքն այս անգամ Սև լճի տարածքում առանց որևէ դիմադրության ներխուժեց ՀՀ տարածք և առաջացավ մոտ 3.5 կիլոմետր՝ զբաղեցնելով ռազմավարական բարձունքներ և տարածք, որտեղ կարևոր ջրային պաշարներ կան: Առանձնապես ոչինչ: Այո, առանձնապես ոչինչ էլ չեղավ: Մայիսի 28–ի իր ճեպազրույցում մեր երկրի վարչապետ Ն. Փաշինյանը (նաև գլխավոր գերագույն հրամանատարն է), որ սկզբում Սև լիճը «Սև ջուր» անվանեց, ասաց` «հիմա ի՞նչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք: Ո՛չ, մենք չենք գնալու իրավիճակի սրման», հետո ավելացրեց, որ անհրաժեշտ է զորքերը երկուստեք հետ քաշել` շեշտելով, որ «այդ կողմերում հիմա ադրբեջանական բնակչություն չկա, որ էդտեղ ինչ–որ խնդիրներ լինեն»: Բայց ինչո՞ւ այդ կողմերում պետք է լիներ ադրբեջանական բնակչություն այն դեպքում, երբ ՀՀ մայիսի 13–ին Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին՝ իր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված: Այսինքն՝ մենք չենք մտահոգվում արոտավայրեր կորցրած հայ գյուղացու մասին, սակայն շեշտում ենք, որ այդ տարածքներ պետք է վերադառնան ադրբեջանցիներ:
Բայց անցնենք առաջ և խոստովանենք, եթե ինչ–որ կերպ կարելի է ընդունել որոշ բարդ իրավիճակներում սրման չգնալու որոշումը և, ամենակարևորը, մեր զինվորների կյանքը խնայելու համար բախումից խելամտորեն խուսանավելը, ապա անհասկանալի է սովետական ժամանակների որևէ քարտեզից խոսելը, քանի որ սահմանազատում-սահմնագծում (դեմարկացիա–դելիմիտացիա) դեռ չի արվել, և զորքերն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9–ի պայմանավորվածության, կանգնել են իրենց տեղերում: Կամ, ավելի ճիշտ, պետք է կանգնեին իրենց տեղերում, սակայն այդպես չեղավ. Ադրբեջանի զորքը սկսեց վերցնել դիրք դիրքի հետևից, բարձունք բարձունքի հետևից, էլ չեմ ասում՝ սարեր ու ջրամբարներ, և ոչ միայն Արցախում, այլև ՀՀ–ում: Ադրբեջանական զորքը նոյեմբերի 9–ից հետո բավականաչափ առաջացել է: Պատկերն ամբողջացնենք ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի (ՀՀ ԱԽ քարտուղարն էր նաև 44–օրյա պատերազմի ժամանակ) ուշագրավ խոստովանությամբ, որը վերջինս արեց Հ1 հեռուստաընկերության եթերում մայիսի 14–ին: Լրագրողի հարցին, թե ինչպես է հակառակորդին հաջողվել սողոսկել մեր տարածք և առաջ գալ, ԱԽ քարտուղարը պատասխանում է՝ «Ձմռան պատճառով չենք հասցրել ընդհանուր սահմանը կահավորել»:
Այժմ գանք նոյեմբերի 16–ի ադրբեջանական ներխուժմանը, և չնայած Հայաստանի ԱԽ քարտուղարը նույնն է մնացել, սակայն պատերազմից հետո փոխվել է ոչ ավելի, ոչ պակաս երեք պաշտպանության նախարար և մեկ գլխավոր շտաբի պետ: Եթե մայիսի 12–ի ներխուժման ժամանակ զոհեր և վիրավորներ չունեցանք, ապա այս անգամ ադրբեջանական առաջխաղացման առաջին օրը մեր զորքին տրվել է չկրակելու հրաման, ինչի արդյունքում կորսվել են ռազմավարական նշանակության դիրքեր, ունցել ենք գերիներ, ադրբեջանական զորքը Հայաստան է թափանցել 2–2.5 կմ: Միայն հաջորդ օրը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնակությունից և նոր նախարար Սուրեն Պապիկյանի նշանակումից հետո մեր զորքը սկսում է կրակել, երկու դիրք վերադարձվում է, սակայն Ադրբեջանը կրկին բավականին լուրջ տարածքային զավթում է իրականացնում՝ ընդհուպ մոտենալով Երևան-Գորիս մայրուղին վերահսկող բարձունքներին: Պաշտոնական վերջին տվյալներով հայկական կողմն ունի` 6 զոհ, 13 գերի և 24 անհայտ կորած: Այստեղ, բացի առաջին օրը մեր զորքին տրված չկրակելու հրամանից, էլի խութեր կան: Ադրբեջանական զորքը ներխուժումն իրականացնում է ռուսական ռազմակայանի ուղիղ քթի տակ: Անհասկանալի է ռուսական կողմի անտարբերությունը: Եթե այդ տարածքում ունեն ռազմակայան, ինչո՞ւ անհապաղ գործողություն չեն սկսում ակնհայտ նախահահձակման դեմ: Բայց ուրիշ խնդիր էլ կա: Չնայած հայկական կողմը միայն հաջորդ օրն է դիմում Ռուսաստանին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, սակայն դա անում է բանավոր և ԱԽ քարտուղարի շուրթերով: Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատներն անմիջապես ազդարարում են, որ գրավոր դիմում չեն ստացել: ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ սկսում են գրավոր դիմումի գործընթաց, սակայն մեր իշխանություններն այդպես էլ չեն դիմում, փոխարենը Ազգային ժողովում իշխող կուսակցության ներկայացուցիչները ձեռնարկում են մի իսկական բանավոր գրոհ ՀԱՊԿ–ի վրա, որի պատճառները նույնպես անհայտ են (մերոնք ՀԱՊԿ էլ գրավոր դիմում չեն ուղարկել): Որոշներն ասում են, որ եթե Ռուսաստանը շատ ուզենար, առանց դրա էլ կխառնվեր, բայց այս պնդումը իրավաբանական հիմնավորում չունի: Այսինքն՝ այս կերպ մտածողները վստահ են, որ մենք պետություն և իշխանություն չունենք, որն ի զորու է միջպետական պայմանագրի շրջանակներում մեկ դիմում ձևակերպելու և ուղարկելու, և ամեն բան թողնված է կիսաընկերական և տնայնագործական հարաբերությունների քմահաճույքին: Իսկ որոշներն էլ ասում են՝ մեկ է, Ռուսաստանը չէր օգնելու, քանի որ նրա թողտվությամբ է Ադրբեջանը իրականացնում ռազմական նախահարձակումը: Սրան էլ կարելի է պատասխանել, որ եթե իշխանություններն այդքան վստահ են Ռուսաստանի դավաճանության մեջ, ինչո՞ւ են շարունակում մնալ ՀԱՊԿ–ում, չեն խզում պայմանագիրը Ռուսաստանի հետ և չեն փորձում դիմել աշխարհին, մի՞թե բացառել են նաև, որ որևէ այլ երկիր կօգնի մեզ: Այդ դեպքում մեր դիվանագիտությունը ինչո՞վ է զբաղվել երեք տարի: Եվ, վերջապես, եթե վստահ ես, որ ռազմավարական դաշնակիցդ դավադիր է և քեզ մերժելու է, ուրեմն անպայման պետք է դիմեիր: Հենց միայն մերժման և այլ դաշնակիցներ գտնելու գործում քաղաքական դիրքդ գոնե մի քիչ շահեկան դարձնելու համար:
Առհասարակ հայաստանյան իրականության մեջ այսօր բացարձակ մշուշ է: Ոչինչ հասկանալի չէ: Ասենք՝ եթե դեռ նոր պետք է սկսվի սահմանազատում-սահմնագծում կոչեցյալը, ապա ինչի՞ հիման վրա են ՀՀ ղեկավարության ներկայացուցիչներն ասում, որ Կապան–Գորիս ճանապարհի քսանմեկ կիլոմետրը և Ճակատեն տանող ճանապարհը Ադրբեջանինն է: Անհասկանալի է մեր զորքերի նահանջի վերջնակետերը: Այդպես նահանջելով կարելի է հասնել մինչև Իրանի, Նախիջևանի, Թուրքիայի և Վրաստանի սահմանները: Սկզբում առանց կրակոցի թշնամուն են տրվում ռազմավարական բարձունքներն ու ճանապարհները, վերջինս սկզբում այնտեղ ամրանում է, իսկ հետո ավելի լայն ճակատով հարձակվում և էլ ավելի խոր մխրճվում Հայաստանի տարածքների մեջ: Ի դեպ, վերջին հարձակումն Ադրբեջանի և Նախիջևանի միջև գտնվող Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածային գծով էր, և սպառնում էր կտրել Երևան–Գորիս մայրուղին: Խոսքն արդեն անգամ ոչ թե ռազմավարական բարձունքների կորստի մասին է, այլ Հայաստանն ուղղակի կիսելու մասին:
Ու վերջում ընդամենը մի քանի հարց ՀՀ իշխանությանն ու մտածող մարդկանց. ի՞նչ եղավ Սև լճի հարցը, արդյո՞ք այնտեղ տեղակայվելու են միջազգային դիտորդներ (վարչապետը մայիսի 28–ին հայտնել էր այդ մասին՝ ակնարկելով, որ համանախագահներից մեկի հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա): Ո՞վ է որոշելու, թե սովետական որ թվականի քարտեզով անել սահմանագծումը: Սահմանագծումից առաջ ի՞նչ հիմքով են մեր իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ փաստում, որ Գորիս–Կապան ավտոմայրուղու 21 կիլոմետրը և Ճակատենի ճանապարհը կամ ցանկացած այլ բնակավայր ու տարածք ադրբեջանական են: Ո՞վ է տվել զորքերը հետ քաշելու և չկրակելու հրաման, ինչի արդյունքում հիմա ունենք բազմաթիվ զոհեր և գերիներ: Ովքե՞ր են Հայաստան երկրի պատասխանատուները:
Եվ վերջապես, ի՞նչ է հայերիս մնալու հայրենիքը կորցնելուց հետո…