Արամ Ամրոց, Երևան, 18 Հունվար 2022
Այսօր Եվրախորհրդարանը բավականին կոշտ բանաձև է ընդունել Ղազախսատանում հունվարի 2-ի խաղաղ ցույցերին հաջորդած համատարած բռնության դեպքերին` կասկածի տակ առնելով իշխանությունների կողմից հնչեցված «ահաբեկչության մեղադրանքներն» ընդդիմությանը: Իսկ սրանից օրեր առաջ, երբ ՀԱՊԿ զինված ուժերն արդեն գրեթե ամբողջ ծավալով լքել էին Ղազախստանը, այդ երկրի ընդդիմության ամենակտիվ դեմքերից մեկը` Մուխտար Աբլյազովը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում (17.01.2022թ.) սահմռկեցուցիչ տվյալներ հրապարակեց` պնդելով, որ Ալմաթիի հինգ դիահերձարաններից միայն մեկում հունվարի 12-ին գտնվել է 600-ից ավելի սպանվածի դի, և, որ 225 զոհվածի մասին պաշտոնական թվերը խայտառակ սուտ են:
Բայց Հայաստանի լրատվական դաշտ առնետների նման բաց թողեցին մի այլ տարօրինակ տեղեկութիւն (ինֆորմացիա), ըստ որի Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդությամբ ՀԱՊԿ զորախումբը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանն ու աշխարհը Թուրանից փրկելու համար: Այս «փաստը» հնարավորություն էր տալիս փակել հայկական զորքը Ղազախստան ուղարկելը քննադատող բոլոր բերանները, որոնք հաստատ քիչ չէին: Բայց արդյո՞ք մի քանի օր տևած գործողությունը պայքար էր ահաբեկիչների կամ Թուրանի դեմ (վերջինը մի քիչ ծիծաղելի է հնչում), թե՞ հերթական գունավոր հեղափոխության դեմն առնելուն էր միտված, կամ էլ հափրացման բոլոր սահմաններն անցած նազարբաևյան կլանի լուծարման գործողութիւն (օպերացիա) էր:
Եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Թուրան կոչվող սպառնալիքի դեմ պայքարելու դույզն ինչ ցանկություն ունենային, ապա ատամներով պետք է պահեին քրիստոնյա հայկական Արցախն ու թույլ չտային Գորշ գայլերից Թուրանի քարտեզը նվեր ստացած թուրք առաջնորդին անարգել մտնել Անդրկովկաս, բացեիբաց կանգնել Ադրբեջանի թիկունքին և անհավասար պատերազմում ցինիկաբար հաղթել դարեր շարունակ նույն Թուրանի դեմ վերջին դարպասը հանդիսացող քրիստոնյա փոքրիկ, սակայն աշխարհին բացառիկ մշակութային արժեքներ տված ազգին: Նրանք քաղաքական բոլոր սեղանների և նաև ռազմադաշտում պետք է կռիվ տային Հայաստան-Արցախի տարածքի ամեն թիզի, Իրանի հետ սահմանի ամեն սանտիմետրի համար, բայց լրիվ հակառակն արեցին: Վերոգրյալը հատկապես իրատեսական էր ռուսական հատուկ ծառայությունների և բարձրագույն պաշտոնյաների կողմից բազմաթիվ պաշտոնական հայտարարությունների խորքին (ֆոնին), որոնք հաստատում էին Թուրքիայի կողմից ահաբեկիչների համակարգված պարբերական տեղափոխումը Արցախի սահման:
Բայց Ռուսաստան-ՀԱՊԿ-ը ոչ միայն Արցախի սահմանը չպաշտպանեց ահաբեկիչների հարձակումից, այլև ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանի անձեռմխելիության երաշխավորը չեղավ (արդարության համար նշենք, որ մեր իշխանությունն էլ համառորեն Ռուսաստանին չդիմեց գրավոր, իսկ ՀԱՊԿ-ին դիմեց ռազմական օգնություն չնախատեսող հոդվածով), բայց սա էլ դեռ ամենը չէր. Ղազախստանի նախագահ Տոկաևը Ադրբեջանի հայասպան պատերազմի մեկամյակին շնորհավորեց Ալիևին հաղթանակի կապակցությամբ:
Եվ այսքանից հետո ՀՀ վարչապետն իբրև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հրատապ նիստ հրավիրեց` մեկ գիշերում ձեռնամուխ լինելով ադրբեջանամետ և Արցախի փաստացի թշնամի Տոկաևին ռազմական օգնության տրամադրելուն: ՀԱՊԿ կազմում Ղազախստան մեկնեց սկզբում խոստացված 70-ի փոխարեն` 100 հայ զինվոր:
Հայաստանն իր այս քայլով հաստատեց, որ Արցախի հարց իր համար ընդհանրապես գոյություն չունի, այն դուրս է մեր ազգային-պետական շահերից: Նաև հաստատեց, որ Հայաստանն առհասարակ զուրկ է ազգային տարրական արժանապատվությունից և ոչ միայն հաշտվել է իր պարտության հետ և անցնցում ընդունել այն, այլև իր պարտությունը համարում է «արդարացի» և իր համար գոհացուցիչ, քանի որ բառացիորեն ռազմական օգնություն է ցուցաբերում մեկին, որը Հայաստանի համար մեկ թշնամուն, որն այսօր էլ գրավված (օկուպացված) է պահում ըստ պաշտոնական տվյալների 42 քկմ տարածք, շնորհավորել է Հայաստանի հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ:
Հարցի մյուս կողմը Ղազախստանի հատուկ ծառայությունների և բանակի ներկա վիճակն է։ Ավելի ճիշտ ղազախական զորքի անկարողությունը անգամ սեփական երկրի ներսում ահաբեկչական խմբավորումնրին ոչնչացնելը, չնայած մի քիչ կասկածելի է տասնյակ հազարավոր ահաբեկիչների գոյությունն այդ երկրում և միաժամանակ մի քանի քաղաքներում ապստամբություն բարձրացնելը։ Նման սցենար իրականացվեց Հայաստան-Արցախի նկատմամբ, սակայն հայկական սցենարում մեր զորքի զգալի մասը շարքից հանվեց ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես։ Բանակը զրկվեց իր ռազմական ուժի և զինտեխնիկայի կարևոր մասից։ Ղազախական սցենարում բանակը, ներքին անվտանգության կառույցները ոչնչացվում են միայն բարոյապես։ Ո՞ւմ են պետք ղազախական հսկա բանակն և ուղղակի ահռելի ոստիկանական ուժերն ու հատուկ ծառայությունները, եթե հազարավոր ահաբեկիչներ տարիներ շարունակ բնավորվել են այդ երկրում և հիմա էլ անցել բաց ռազմական գործողությունների, գրավում են ոստիկանական բաժանմունքներ, զորամասեր, քաղաքապետարաններ, դատախազության շենքեր և հեռուստակայաններ։
Ավելի մեծ բարոյական ապտակ դժվար էր հասցնել Ղազախստանին, բայց ոչինչ էլ դեռ կորած չէր, մեկ գիշերում հայտնվեցին ռուս-բելառուս դեսանտայիններն ու մի քանի օրում երկրում վերականգնվեց կարգ ու կանոնը, իսկ ահաբեկիչները վերածվեցին փոշու։ Խնդիրը հենց այստեղ պետք է տեսնել։ Ռուսաստանը լավ գիտե, թե ինչ է լինում այն ժամանակ, երբ իր վասալ պետությունները ինքնուրույնանում են, ստեղծում ազգային բանակ ու ինքնուրույն ու ինքնաբավ տնտեսություն։ Այս ամենը միայն բարդացնում է ավագ եղբոր գործերը. վառ օրինակ է Ուկրաինան, որը «բարեկամ» երկրից, որին կարելի էր վաղ առավոտյան ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող Ղրիմը նվիրել, վերածվեց թշնամական երկրի և այսօր Սիրիայի վերածվելու մեծ շանսեր ունի։
Արցախյան վերջին պատերազմում Սովետական Միության վերածննդի համար կարևորագույն նախադրյալը հայկական և ադրբեջանական բանակների թուլացումն էր և ռուսական զորքի մուտքը Ադրբեջան (Արցախը դե յուրե Ադրբեջանի տարածքում է), իսկ այս ծրագրի (պլանի) իրագործման համար երկու պետության զորքերն էլ պետք է զրկված լինեին դիմադրելու հնարավորությունից։ Բայց, ինչպես միշտ, հայի բախտն էլի չբերեց, և մենք, որ մեր բազմադարյան պատմության ընթացքում տարած ֆիզիկական պարտությունների ժամանակ մեր փխրուն սիրտն ու հոգին սփոփում էինք բարոյական հաղթանականերով ու հերոս նահատակություններով, այս անգամ կրեցինք նաև բարոյական խայտառակ պարտություն. բանակում դավաճանության մասին անվերջ շեշտադրումները (սրա մասին առաջինը խոսեց ոչ ավելի ոչ պակաս ՀՀ վարչապետը) և հիմա էլ ամբողջ ջոկատով թշնամուն հանձնվելու դեպքերի շահարկումները, որոնց մասին ամենաբարձր ամբիոնից բարձրաձայնողի անունը փորձեք կռահել ինքներդ։
Ղազախական ներկայիս իրադարձությունները հուշում են, որ այդ երկիրը աշխարհից շատ ու շատ հետ է մնացել, դրա ղեկավարները հետամուտ ու անձնուրաց կերպով ապահովել են միայն իրենց ու իրենց կլանների անդամների հարստացումն ու հետագա ապահով բարեկեցությունը` ոտնահարելով ու անտեսելով իրենց երկրի բնակիչների իրավունքներն ու պետական շահը, ինչն էլ երկրում առաջացրել է նման մասշտաբի հուզումներ, որոնցից հնարավոր է օգտվեն նաև որոշ ծայրահեղական ուժեր: Միգուցե Տոկաևը ռուս-բելառուս դեսանտայինների օգնությամբ իր երկրի շահերն է պաշտպանում ծայրահեղականների դեմ է պայքարում: Ո՞վ իմանա: Իսկ ո՞ւմ շահերն են Հայաստանի ներսում ու դրսում պաշտպանում մեր իշխանությունները…
Աստված տա, որ հիրավի Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գլխավորությամբ սկսած լինի նման բաց ու վճռական պայքար Թուրան կոչվող հրեշի դեմ: Այս դեպքում հնարավոր է որոշակի ռազմաքաղաքական օգուտներ քաղել, և` «չեն լինում հավերժական թշնամիներ, կամ հավերժական բարեկամներ» սահմանումը կարելի կլինի փոխարինել` «չեն լինում հավերժական ստրուկներ և ստրկատերեր, և հավերժական կեղծ դաշնակիցներ» նոր սահմանումով…