«Ազատ Դոնբասը ողջունում է ձեզ»… իսկ Արցա՞խը

Արամ Ամրոց, Երևան

Մինչ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը  «Եվրանեսթ»-ի շրջանակներում կառավարության շենքում ընդունում էր ադրբեջանցի պատգամավորներին, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետություններն իր ստորագրությամբ հռչակեց անկախ պետություններ:

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում (Դոնբաս) ծագած ռազմական այս առճակատումը նոր չէ: Այն սկսվել է 2014 թ.-ին և  հանգեցրել հազարավոր զոհերի թե՛ բանակի և ռազմական խմբավորումների, և թե՛ խաղաղ բնակչության շրջանում: Օրերս ռազմական այս առճակատումը նոր թափ ստացավ` դառնալով Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության ահագնացող օջախ:

Ի վերջո, այս տարվա փետրվարի 15-ին Վ. Պուտինը հայտարարեց, որ` «Այն ինչ տեղի է ունենում Դոնբասում` ցեղասպանություն է»։ Ինչից կարելի է եզրակացնել, որ արևմուտքի երկարամյա տնտեսական պատժամիջոցները արդյունք չեն տվել, Ռուսաստանի տնտեսությունը դեռ չի փլուզվել (ինչը լսում ենք արդեն տասը տարի) և այն ոչ միայն չի պատրաստվում վերադարձնել Ղրիմը, այլև պատրաստ է նոր պատերազմի:

Ամենահետաքրքիրն այն է, որ Ուկրաինայի համար հակամարտող երկու բեևեռներն էլ խոսում են Ուկրաինայի և ուկրաինացիների բարօրության ու նրանց կյաքի իրավունքների մասին, բայց արդյունքում զոհվում են ուկրաինացիներն ու փոքրանում է Ուկրաինան: Կարծում եմ, որ եթե որևէ մեկին թվում է, թե Ուկրաինայում ապրող ուկրաինացիներից բացի կա գեթ մեկ ժողովուրդ, ազգ, պետություն, գերտերություն կամ կայսրություն, որ Ուկրաինայի ճակատագրով ավելի մտահոգ է, ապա նա չարաչար սխալվում է: Ուկրաինան այլոց համար լոկ քաղաքականություն է, աշխարհագրական դիրք, տնտեսական գոտի, հանքերով հարուստ տարածք և ոչ ավելին: Այսօր դա մի երկիր է, որի ղեկավարները տարիներ շարունակ ձախողել են երկրի կառավարումը` չկարողանալով երկիրը հեռու պահել քաղաքական ներքին և արտաքին տարատեսակ ճնշումներից ու ցնցումներից, իսկ այսօր էլ այն վերածել են կայսրությունների ահեղ պայքարի թատերաբեմի, օրակարգային դարձնելով իրենց հայրենիքի լինել-չլինելու, կամ առնվազն մասնատվելու հարցը: Բարդ իրավիճակում հայտնված երկրի ղեկավարի գերխնդիրը պետության ներսում հավասարակշռության հաստատումն է, բայց ուկրաինացի առաջնորդները չեն ձգտում հավասարակշռության, այլ անվերջ դրա մի նժարից մյուսն են ցատկում:

Իսկ արդյո՞ք մենք էլ նույն անհավասարակշռության ու ցատկոտումների պատմական փուլում չենք: Մենք` հայերս, որ դարեր շարունակ պայքարում ենք մեր ծվեն-ծվեն եղած հայրենիքում գոյատևելու համար, քարը դնում քարին, սակայն մշտապես ծնկում ավերակների առաջ:

Արցախի և Դոնբասի հակամարտություններում արտաքին նմանություններ շատ կան, բայց կան նաև մեծ տարբերություններ: Եթե Դոնբասի հարցում գերտերությունները հակառակ բևեռներում են, ապա Հայաստան-Արցախի պարագայում լուրջ դիմակայություն չենք տեսնում, ասես ծպտյալ մի ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս): Այլապես, ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի բացահայտ ռազմական ագրեսիան անցնում է հալած յուղի տեղ, և որևէ պետության դատապարտող ձայն չենք լսում, էլ ուր մնաց, որ հնչեին հայամետ դիրքորոշումներ, կամ էլ հարձակումից (ագրեսիա) տուժող կողմին միջազգային իրավաբանական և ռազմական աջակցություն ցուցաբերվեր: Բացառիկ սառնասրտությամբ աչքի ընկավ (հատկապես աչքի ընկավ) մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը` Արցախի տարածք ահաբեկիչներ տեղափոխող և առավոտ-երեկո ադրբեջանամետ ու հայատյաց հայտարարություններով հանդես եկող իրենց թուրք գործընկերոջը «վստահելի» անվանելով: Իսկ Ուկրաինա՞ն. դրա քաղաքական մոտեցումներն առավելապես ադրբեջանամետ էին: Իհարկե, Ուկրաինայի հետ մենք կիսել ենք մեր սովետական անցյալը, այդ երկրում ունենք բարեկամներ, ընկերներ, սակայն արցախյան վերջին պատերազմի ժամանակ ուկրաինական քաղաքական վերնախավի, նաև ազգաբնակչության մի զգալի մասի վերաբերմունքը մեղմ ասած հայանպաստ չէր, եթե չասենք ուղղակի թշնամական էր հայության հանդեպ: Առհասարակ, արցախյան վերջին պատերազմն ի ցույց դրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ թշվառությունը, ռազմավարական հեռանկարների և կանխատեսումների ի սպառ բացակայությունը: Միգուցե, նավթադոլարն է իշխում մերօրյա աշխարհում, ոսկին միշտ է ամենակարող եղել` թե՛ դեղինը, թե՛ սևը: Ապա, ինչպես ստացվեց, որ 2008 թ.-ին աշխարհի հզորները գործի դրեցին «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» (Remedial secession) միջազգային նորմը, որը կիրառվեց Արդարադատության միջազգային դատարանի կողմից Կոսովոյում անկախության հռչակման իրավաչափության վերաբերյալ գործի շրջանակներում, իսկ Արցախի խնդրի դեպքում գերակա դարձավ «տարածքային ամբողջականության» սկզբունքը:

2020 թ.-ի դեկտեմբերի 17-ին իր մեծ աղմուկ հանած հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Պուտինը մանտրայի նման քանիցս կրկնեց, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը: Եվ իրոք, ինչո՞ւ մենք 1994 թ.-ից մինչ այսօր չենք ճանաչել Արցախի անկախությունը: Չենք ճանաչել, երբ Հայաստանի իշխանությունը լիարժեք ռուսամետ էր: Չենք ճանաչել, երբ փորձում էր խուսանավել Արևեմուտքի և Ռուսաստանի միջև: Չենք ճանաչել, երբ եկան իբր արևմտամետներ: Սա նշանակում է արդյո՞ք, որ փոխվել է քաղաքական ուղղույթը (վեկտոր), սակայն Արցախի հարցում մեր իշխանությունների մոտեցումը նույնն է մնացել: Կամ միգուցե ուղղույթը երբեք չի փոխվել:

Բայց նույն հարցազրույցում Վ. Պուտինը որոշակի լույս է սփռում հայկական «վեկտորի» և ռուսական «մտրակի» հարցի վրա` հայտարարելով` «Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է»: Այս խոսքերը մեր ռազմավարական դաշնակից պետության ղեկավարը արտաբերել է 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց: Պատերազմ, որն Ադրբեջանը սկսեց Արցախից հայկական հետքը վերացնելու համար` խաղաղ քաղաքների ու գյուղերի գլխին հեղելով արկերի, հրթիռների, անօդաչուների, այդ թվում միջազգային համաժողովներով (կոնվենցիաներով) արգելված կասետային և ֆոսֆորային ռումբերի մի իսկական հեղեղ: Արդյո՞ք ադրբեջանական վերոգրյալ գազանությունները, դրան գումարած նաև գլուխ ու ականջներ կտրելու իսլամիստ ահաբեկիչներին հարիր ձեռագիրը չէի՞ն տեղավորվում «ցեղասպանություն» եզրույթի ներքո, որն այդքան թեթևորեն ու ճկուն կիրառվեց Դոնբասից նախապես պարպված (էվակուացված) և Ռուսաստանում տեղավորված ռուս բնակչության մասին արտահայտվելիս: Հիրավի, տերովին տերն է տարել, անտերին էլ…

Հ. Գ. Մեկ օր առաջ ռուսական լրատվականները մի ուշագրավ տեսագրություն տարածեցին, որտեղ Դոնբասի հատուկ նշանակության ջոկատայինները վնասազերծում էին ուկրաինացի ահաբեկիչների։ Դոնբասի հատուկ ջոկատայինների բարձրակարգ պատրաստվածությունն ու զինանոցը կարծում եմ անգամ այդ գործի մասնագետների հիացմունքը կհարուցեր, բայց ավելի տարօրինակ բան էր նկատելի տեսակադրերում. բերանքսիվայր գետնին փռված ու ձերբակալված ուկրաինացի «ահաբեկիչը» գոռում էր’ «Օգնեցե՜ք, ախր, ինչի՜ համար, ինչի՜ համար»…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like