Արամ Ամրոց, Երևան, 21 Դեկտեմբեր 2021
«Ոչմիթիզականները» մեղադրում են «հեռատես–խելացիներին», դավաճան անվանում նրանց: «Հեռատես-խելացիները» մեղադրում են «ոչմիթիզականներին» ոչմիթիզականության մեջ՝ մեր ազգի բոլոր ողբերգությունները բարդելով վերջիններիս գլխին և հենց նրանց համարելով իսկական դավաճաններ, ու այսպես շարունակ: Բայց եկեք խորանանք մերօրյա հայկական «ոչմիթիզականության» մեջ ու հասկանանք. Հայաստանի Երրորդ հանրապետությունն ունեցե՞լ է գեթ մեկ առաջնորդ, որը հրաժարվել է տարածքային զիջումներից և եղել է «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի ջատագովը: Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական ասպարեզ մտավ որպես Ղարաբաղյան շարժման առաջնորդ՝ ազդարարելով «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» ազգայնական կարգախոսները: Սակայն, հետագայում, չնայած այն հանգամանքին, որ հենց իր նախագահության տարիներին հայերս կարողացանք վերականգնել պատմական ճշմարտությունը և ապահովել Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, նա խիստ մեղմացրեց իր մոտեցումները` խնդրի լուծումը տեսնելով ոչ թե ձեռք բերածն ամեն գնով պահելու, այլ զիջումների գնով և քաղաքական բարձրագույն շրջանակների հետ փոխհամաձայնության միջոցով խնդրի խաղաղ կարգավորման մեջ: Լևոն Տեր–Պետրոսյանը հեռու է «ոչմիթիզական» կոչվելուց և այսօր վերջիններիս (պայմանական «ոչմիթիզականների») հիմնական թիրախն է:
Հաջորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն անզիջում ու կոշտ քաղաքական գործչի համբավ է ձեռք բերել, նույնպես պատրաստ էր զիջումների: Հենց նրա կառավարման տարիներին ասպարեզ բերվեց Արցախյան կարգավորման, այսպես կոչված, «Մեղրիի» տարբերակը, ըստ որի՝ Արցախը իր ԼՂԻՄ նախկին տարածքով, գումարած Լաչինի շրջանը, փոխանակվելու էր Մեղրիի հետ: Այս տարբերակը ոչ միայն շատ ու շատ հեռու էր «ոչմիթիզականությունից», այլև սակարկման առարկա էր դարձնում ՀՀ ինքնիշխան (սուվերեն) ու միջազգայնորեն ճանաչված սահմանները և, բացի այդ դառնում էր թուրք–ադրբեջանական դարավոր երազանքի կատարյալ իրագործում, Հայաստանը կորցնում էր նաև իր համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանն Իրանի հետ, որն ուղղակի աղետաբեր կլիներ:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընդհանրապես չի կարելի կպցնել «ոչմիթիզական» պիտակը: Նա բացի այն, որ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողն էր, նաև քառօրյա պատերազմում կորսված ռազմավարական բարձունքների և 800 հեկտար տարածքի մասին այսպես է արտահայտվել` «Եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ: Դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»: Սրան ավելացնենք նաև երրորդ նախագահի Աղդամի մասին ձևակերպումը, ըստ որի՝ այն հայի հայրենիքը չէ, և պատկերն ավելի ամբողջական կդառնա: Սերժ Սարգսյանը պատրաստ էր նաև վերադարձնել ազատագրված շրջանները Արցախի կարգավիճակի դիմաց:
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը, որը բառի բուն իմաստով «ոչմիթիզականության» հակապատկերն է, ով մինչև մեզ համար աղետաբեր պատերազմը սկսելը Ալիևին համարում էր կիրթ և փաստում, որ` «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար», իսկ պատերազմում պարտվելուց հետո հայկական պատմական տարածքները սկսեց նշել ադրբեջանական անվանումներով:
Իրականում, Հայաստանի Երրորդ Հանրապետության որևէ իշխանություն «ոչմիթիզականության» հետ անգամ աղերս չի ունեցել: Մերոնց «ոչմիթիզականությունը» արտահայտվել է կեղծ լոզունգների, նախընտրական քարոզների, հայրենասիրական պաթոսախեղդ երգերի (հիմնականում զինվորական հագուստ հագած երգիչն իբր ռազմի դաշտում կամ հենց փայլեցված ու պսպղուն բեմի վրա երգում ու ռազմի կոչեր էր անում, բայց իրական կյանքում փնտրում ու գտնում էր հնարավոր ճանապարհներ իր մտերիմին բանակից ազատելու համար), կամ, ասենք, պաշտոնավորների այց Արցախ (էլի զինվորական հագուստով), որը ճանապարհին ընդմիջվում էր տարատեսակ ռեստորաններում «մի կտոր հաց» ուտելով ու ճոխ–ճոխ (և պարտադիր հայրենասիրական) կենացներով: Կերուխումը շարունակվում էր նաև Արցախում, իսկ սահմանին կանգնած զինվորի ռազմական հագեցվածության ու բարոյահոգեբանական վիճակը, մեղմ ասած, բավարար չէր: Եվ հետո՝ «ոչմիթիզականը» Երևանում միջնադարյան դղյակներ չի կառուցում, քանի դեռ մինչև ատամները չի զինել իր բանակն ու ամրացրել առաջնագիծը: Նա հսկում է իր պետության բյուջեի ամեն լուման (կոպեկը) և ոչ թե իր ու իր մերձավորների գրպաններն է լցնում, այլ պետական–ռազմավարական խնդիրներ է լուծում: «Ոչմիթիզականը» իր ազգը չի պառակտում, հարկային ահաբեկչություն չի իրականացնում, սկզբունքայիններին ու ազնիվներին լուսանցքից դուրս չի թողնում, թույլ չի տալիս, որ իր երկրի կայացած մասնագետները լքեն հայրենիքը, և դա համարվի «ազգային առանձնահատկություն»: «Ոչմիթիզականը» չի լռում, երբ իր կողքինը թալանում ու պղծում է «էրգիրը», պաշտոնի համար գաղափար ու սկզբունք չի ծախում, սատանայի հետ գործարքի չի գնում՝ հայրենիքից բացի այլ շահի համար: «Ոչմիթիզականը» ոչ թե լքում է Արցախը պաշտոնի համար, այլ փակում է Արցախը լքողների ճանապարհն ու ինքը, առաջին հերթին ինքն արմատի պես խրվում է իր հողի մեջ: Մեր հայրենի՜ք թշվառ ու անտեր, որտե՞ղ են «ոչմիթիզականներդ»…
Բայց «ոչմիթիզականներ», ավելի ճիշտ՝ իսկական «ոչմիթիզականներ», այնուամենայնիվ, կան: Կան այդպիսի ղեկավարներ, որոնք եթե ի զորու են գրավելու որևէ տարածք, այն համարում են հայրենիք և այդպիսով քայլ առ քայլ մեծացնում իրենց երկիրն ու ավելի բարեկարգ հողերի տիրանում: Իսկական «ոչմիթիզական» առաջնորդը հենց Իլհամ Ալիևն է, այո, մի՛ զարմացեք, Ադրբեջանի ներկայիս նախագահը: Վերջինս Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը համարում է պատմական Ադրբեջան, իսկ Արցախի հարցում էլ երկու տասնամյակ հրաժարվեց որևէ փոխզիջումային տարբերակից: 1994թ. ջախջախիչ պարտությունից հետո ժառանգելով երկրի կառավարումը՝ նա Արցախի հարցում զուգահեռաբար առաջ մղեց արտաքին քաղաքական ու ռազմական մեքենայի կատարելագործման և արդիականացման բոլոր հնարավոր մեխանիզմները՝ մերժելով փոխզիջումը որպես խնդրի հանգուցալուծում, սկզբում մանրաքայլ քաղաքական հաջողություններ գրանցելով, իսկ ավելի ուշ ռազմական ճանապարհով լուծեց իր առջև դրված խնդրի զգալի մասը և Հայաստանն առհասարակ դուրս մղեց աշխարհաքաղաքական քարտեզից: Մինչ մենք՝ Հայաստանի հայերս, իրար էինք կպցնում «ոչմիթիզականի» պիտակն ու անխնա հարստանալուն (պաշտոն ունենալու դեպքում) զուգահեռ՝ նույնքան անխնա ձևով հալածում ու ստորացնում իրար, իսկական «ոչմիթիզականը» իր երկրի և ժողովրդի համար մեծ հաղթանակ ապահովեց:
Իսկ թե որքան կտևի Բաքվի թագաժառանգի, որն առիթը բաց չի թողնում հայի արժանապատվությունն ու պատիվը նվաստացնելու համար, հաղթական ցնծությունն ու ցնծագին դոփապարը, կախված է յուրաքանչյուր հայի այսօրվա քայլերից, որոնք ունեն գոյաբանական հրամայական՝ լինել միասնական, հեռատես և իմաստուն:
Նկարը՝ «Մեկ ազգ, մեկ բռունցք» հուշակոթող, Հրազդանի ձոր, Երևան