Ազգային պահանջատիրության ներհայկական երեսակը

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, Երևան, 28 ապրիլ 2024

Մենք հիշում ենք, բայց ի՞նչ ենք պահանջում և ումի՞ց:

Լավ, սկսենք հիշելուց:

Որքանո՞վ է մեր հանրությունը տեղյակ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասզկբի պատմական դրվագներից: Եթե նայենք ամբողջ համաշխարհային պատմության պրիսմակի միջով, գուցե որևէ արտասովոր բան էլ չնկատենք հատկապես 1915 թվականին, երբ ընթանում էր առաջին համաշխարհային պատերազմը: Բայց մեր ազգի պատմությունը մեզ համար պետք է այլ նշանակություն ունենա. մենք պետք է մեր պատմությանը նայենք ոչ թե աշխարհի, այլ հայի՛ աչքերով, այդ տարիներին ապրած, ստեղծած ու արարած մարդկանց թոռների՛ ու ծոռների՛ աչքերով:

Ցեղասպանությունը միայն 1915-ի ապրիլի 24-ը չէ: Դա մի տևական գործընթաց էր, հայ ժողովրդի դեմ օսմանյան կառավարության որդեգրած հստակ քաղաքականություն: Ջարդերը սկսվել են դեռ 1890-ականներին՝ Կարմիր սուլթանի՝ Աբդուլ Համիդ Բ.ի օրոք: Հայտնի են Սասունի, Զեյթունի և Վանի նախճիրները: Բայց դրանք դեռ ամենը չեն: Այդ շրջանում Հայկական հարցը արդեն միջազգային հարթակ էր բարձրացվել, հայերի ազատագրական ցանկությունները եփվել էին տարիներով և վաղ թե ուշ արտահայտվելու էին: Կարծես թե հայերը և այլ հպատակ ժողովուրդներ միջամտում էին կայսրության ներքին գործերին, ինչը թուրքերին չէր կարող դուր գալ: Եվ նրանք սկսեցին «զսպել» անհնազանդներին:

Հարց տանք. հպատակ ժողովուրդները ինչո՞ւ պետք է միջամտեին կայսրության ներքին գործերին, եթե ամեն ինչ կարգին լիներ, եթե իրենց իրավունքներն ու արժանապատվությունը չոտնահարվեին: Այսօրվա հայկական պետությունում մեզ հետ կողք-կողքի ապրում են այլազգիներ, սակայն նրանք չեն մտածում ազատագրվելու, անկախանալու մասին, ավելին՝ հայ զինվորին հավասար կռիվ են տալիս հայոց հայրենիքի համար: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով՝ նրանց պատմական հողերը այլ անվամբ չենք կոչում, նրանց հավատքը չենք սահմանափակում, նրանց մշակույթը չենք յուրացնում կամ աղավաղում: Չեմ կարծում, թե հավատքն այս հարցում առանցքային դեր ունի, սակայն դա նույնպես պատրվակ էր, դա նույնպես օգտագործվում էր մեր դեմ:

Ես չգիտեմ, թե թուրքական դպրոցներում երեխաներին ինչեր են սովորեցնում, գուցե այն, որ հայերը դավաճան են, դրա համար են «պատժվել», որ հայերն այսօրվա թիվ մեկ զավթիչներն են … Բայց մի բան հաստատ գիտեմ՝ մեր դպրոցներում շատ հարցեր մնում են անպատասխան, մեր դպրոցներում հաճախ վախենում ենք երեխաներին ներկայացնել փաստեր, այո՛, դժոխային փաստեր մեր անցյալից: Ընդ որում դրանք թաքուն չեն, պահված չեն. Երևանում գործում է ցեղասպանության թանգարան, որտեղ պահպանվել են ինչպես պատմական դեպքերի թվագրություններ, այնպես էլ անհատների պատմություններ: Ամեն անգամ այցելելիս ուրախանում եմ, երբ լսում ու տեսնում եմ, որ աշխատակիցը, ինձ անծանոթ լեզվով, այլազգիների է ներկայացնում իմ պատմությունը, նրանց համար անծանոթ մեր պատմությունը: Որքա՛ն ավելի շատ մարդ կիմանա մեր ազգի ցեղասպանության մասին, այնքան ավելի կմոտենանք ճշմարտության: Անգամ համացանցում ուղղակի փնտրելով, մենք կարող ենք իմանալ, թե իրականում ինչ է կատարվել մեզնից 100-110 տարի առաջ:

Այսինքն՝ մենք նախ պետք է իմանանք, թե ի՛նչ է կատարվել մեզ հետ, ի՛նչ ասել է ցեղասպանություն, և ապա նոր հիշենք ու պահանջենք նախ ինքներս մեզնից, ապա՝ արտաքին աշխարհից:

Հասանք այս հարցին՝ բայց ի՞նչ պահանջենք:

Աշխարհից իհարկե պետք է պահանջենք ճանաչում, հատուցում… Կասեք, թե ո՞ւշ է: Ես պատասխան հարց կտամ՝ իսկ այս ամենը երբևէ կանգ առե՞լ է: Ճիշտ է, թե մեր նախնիների հետ դաժան հաշիվ տեսած անձինք այլևս ողջ չեն, բայց ի՞նչ է կատարվել դրանից հետո: Մի՞թե 1988-ից սկսած ջարդեր չեղան, մի՞թե 44-օրյա պատերազմն անցավ առանց արյունալի հետևանքների, մի՞թե այսօր հայը չի զրկվում իր տուն ու տեղից:

Մենք ձգտում ենք մեր պատմական հայրենիքի վերականգնմանը, սակայն նախ պետք է կարողանանք ներկայիս պետությունը պաշտպանել: 100 տարին պատմության տեսանկյունից շատ կարճ ժամանակ է, բայց մի՞թե այն բավարար էր, որ մենք մոռանայինք, թե ինչ է նշանակում հայրենազրկություն, գաղթ, սփյուռք: Ընտանիքներ են բաժանվել, հարազատներ իրարից հեռացել ու այսօր լուր չունեն միմյանցից… Կլինե՞ր արդյոք այսպիսի դրություն, եթե ժամանակին ստիպված չլինեին համատարած լքել իրենց հայրենի եզերքները:

Ցեղասպանության թանգարանի պատին կարդացի այս միտքը․ «Կը հեռանայինք, բայց յանկարծ, մտքով կը դառնայի մեր քաղաքը, մեր տունը, մեր տան տաքուկ շունչը, մեր տան թարմ հացը, մեր պարտէզի համով պտուղները, մեր սաքուին վրայ շուք ընող ծառերը, իրենց մէջէն սահող-անցնող զով հոսանքը օդի… Ասոնք ամենքը մնացեր էին մեր ետեւը, բայց կը զգայի, որ մեր տան դուռը բաց ձգեր էինք այն մտքով, թէ քիչ ետք պիտի վերադառնայինք…»: Այս տողերը մեզ ինչ-որ բան չե՞ն հիշեցնում: Դրանք եթե գրված լինեին ոչ թե արևմտահայերենով, այլ Արցախի, Սյունիքի կամ Տավուշի բարբառով, կամ արևելահայերենով՝ վերջին տարիների իրողությունների հարազատ արտահայտություն չէի՞ն լինելու:

Իրո՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, քանի դեռ Եղեռնը մեզ համար սոսկ դառը պատմություն է ինչ-որ մեկի մասին: Եղեռնը իմ ու քո դառն անցյալն է, մինչ ներկան դրա շարունակությունն է: Մի՞թե մենք ուզում ենք, որ մեր ապագայում էլ ամեն ինչ նույնը լինի, մի՞թե չենք ուզում առաջ շարժվել, մի՞թե ուզում ենք ևս մի դար անցնի ու էլի կարծենք, թե ուշ է:

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՐԿՆՎԻ. հենց սա՛ պիտի պահանջենք մենք մեզնից:

Պատերազմներ եղել են, շարունակում են լինել, պայքարում լինում են զոհեր, հերոսներ… Կորուստներ ենք տալիս, որ հաղթանակ ձեռք բերենք, ազատություն, խաղաղություն, կյա՛նք ձեռք բերենք:

Արդար մարտում կռվող զինվորի մահը, այո՛, ծանր է, այո՛, անդառնալի է, բայց այն իր հետ նոր կյանք է բերում, նոր հույս ու նոր նպատակներ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like