«Կաթով սուրճ» մեծությունը

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, Ամրոց հիմնադրամ, Երևան, 27 մայիս 2024

Սերունդները ազգային մշակույթը պահպանում են դարերով, մեծ հոգատարությամբ փոխանցում գալիքին, իսկ երիտասարդները, իմանալով, որ դա իրենցն է, ճանաչելով ու սիրելով, ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցառում, որ հանկարծ չկտրեն այդ երկար ու ամուր թելը, ընդհակառակը՝ այն ավելի՛ ամրացնեն ու ավելի՛ խորքային ճանաչելի դարձնեն: Երբ խոսում ենք փոքր ազգերի մասին, դա հենց այսպես էլ լինում է: Բայց կան մշակութային արժեքներ, որ ընդգրկում են ավելին, քան մի ազգն է. դրանք միջազգային են, գուցե նաև համաշխարհային: Այս դեպքում չկա դրանք կորցնելու վախը, կամ՝ շատ քիչ է անհանգստությունը, քանի որ այն իրենց ձեռքերի վրա ու իրենց սրտում պահում են միլիարդավոր մարդիկ:

Շառլ Ազնավուրը հենց այն մշակույթն է, որ չի մնացել մի ազգի ձեռքում, աշխարհինն է դարձել: Ինքն իր մասին ասում էր, որ կաթով սուրճի է նման․ թե՛ հայ է, թե՛ ֆրանսիացի, այն էլ՝ 100-ական տոկոսով: Չնայած նրան, որ ազգությամբ հայ է, գերազանցապես ֆրանսերեն է երգում: Շառլ Ազնավուրին լսում է ամբողջ աշխարհը: Այս բացառիկ արվեստագետը ինքն էր գրում իր երգերը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե երաժշտությունը մեծ մասամբ իր հեղինակածն է: Նա ուներ ասելիք աշխարհին, և դրա համար ընտրեց մի շատ հետաքրքիր միջոց՝ երգը: Շատերը չեն հասկանում նրա լեզուն, բայց ինչպե՞ս է լինում, որ նրա երգերը այսքան լսելի ու սիրելի են: Գուցե հենց երաժշտությունն է, որ կապում է բոլորին, բայց Ազնավուրը պատմում է, որ Ճապոնիայում կայացած համերգի ժամանակ կար թարգմանիչ, ով ասում էր, թե ինչի մասին է հաջորդ երգը: Ազնավուրի դիտարկմամբ՝ հանրության արձագանգն այլ էր, երբ նրանք գիտեին երգի բովանդակությունը:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ազնավուրը չի թաքցրել, որ ուզում է 100 տարեկանում բեմի վրա երգող երգիչ մնալ: Ցավոք, այսօր, իր 100-րդ տարեդարձին, նա բեմի վրա չէ, բայց Հայաստանը պետականորեն եւ ժողովրդով նշում է հանճարեղ շանսոնիեի հոբելյանը: Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, հատկապես՝ դպրոցներում: Ինքս էլ ոչ վաղ անցյալում դպրոցական եմ եղել և շատ կարևորել եմ նշանավոր անձանց մասին կամ նրանց համար կազմակերպվող միջոցառումները․ այդպես, անգամ դասերով քիչ հետաքրքրվող աշակերտները գիտելիքների մնայուն պաշար են ձեռք բերում: Շատ ուրախ եմ, որ դպրոցներում այդ գեղեցիկ ավանդույթը շարունակվում է:

Մայիսի 22-ին` մեծ Հայի ծննդյան օրը, Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացօթյա համերգ էր, որին ներկա էին հարյուրավոր հայեր և այլազգիներ: Այն կազմակերպել էր «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզության նախարարության հետ համագործակցությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հագեցած ծրագիր էր․ ցուցադրվեցին կադրեր Ազնավուրի կյանքի տարբեր շրջաններից, պատմվեցին հայտնի և անհայտ փաստեր Ազնավուր անհատի մասին: Հնչում էին Վարպետի երգերը հայ ժամանակակից արվեստագետների կատարմամբ (Գոռ Սուջյան, Սյուզաննա Մելքոնյան, Էրիկ Կարապետյան, Լիպարիտ Ավետիսյան) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (խմբավար՝ Սերգեյ Սմբատյան): Նշանակալի էր դաշնակահար Էրիկ Բերշոյի ներկայությունն այս համերգին: Նա տարիներ շարունակ կիսել է բեմն Ազնավուրի հետ: Հետաքրքիր է՝ նա ի՜նչ էր զգում կրկին նույն մեղեդիները նվագելիս, բայց արդեն առանց հեղինակի հսկողության:

Ճիշտ է, Ազնավուրին շատերը գիտեն որպես ֆրանսահայ երգչի, սակայն հարկ է նշել, որ նա նաև դերասան, գրող ու հասարակական գործիչ էր: Լավ երգող մարդուն այդքան շատ մարդիկ չէին սիրի, ինչքան էլ նրա երգը կենդանի լինի, մարդկանց մասին լինի, կյանքի մասին լինի (Ազնավուրի երգն այդպիսին է): Իմ համոզումով, արվեստագետն սկսում է հասարակության լայն շերտերի հարգանքը վայելել, երբ ավելին է անում, երբ արձագանգում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, կոչերով և ուղերձներով դիմում է անձերի և կառույցների, ովքեր պատրաստ են լսել իրեն: Նման մի հայտնի դրվագ է Ազնավուրի մասնակցությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին: Ո՞վ կմտածեր հայերի ու Հայաստանի մասին, ո՞վ օգնության ձեռք կմեկներ, եթե չլիներ կապող օղակ, կամուրջ Հայաստանի և ամբողջ աշխարհի միջև: Ինչո՞ւ եմ հատուկ ուշադրություն սևեռում այս փաստի վրա. պարզապես ուզում եմ, որ այդպիսի՛ն լինեն մեր բոլոր տաղանդաշատ արվեստագետները, կանգնեն բեմին ելույթ ունենալիս, սակայն հիշեն, որ վարագույրների փակվելուց հետո իրենք շարունակում են լինել ժողովրդի մի մասնիկը: Բայց սա էլ ճիշտ չէ. չենք կարող նույնացնել ճանաչում ունեցող երգչին բոլորի հետ: Հենց այդ տարբերությունը պետք է օգտագործվի հասարակությանը ոգևորելու և, երբեմն, նաև ուղղորդելու համար:

Եվ ահա թե ինչն է ինձ ոգևորում: Այդ օրը հարյուրավոր մարդիկ հավաքվել էին արվեստի, մեծ Մարդու, որակյալ երաժշտության շուրջ: Շարժառիթը բողոքը, հիասթափությունը, դժգոհությունը չէր: Վերջին իրադարձությունների հետ կապված` հաճախ թերագնահատվում են մշակութային, գիտական, տնտեսական և այլ բազմաթիվ ոլորտների նվաճումները: Մարդիկ չեն խոսում դրանց մասին, որովհետև «երկրի վիճակը» ստիպում է ամեն ինչ քաղաքականացնել: Մեզ պետք են մշակութային միջոցառումներ, գիտական նվաճումներ, գործարարության մեջ և այլ մարզերում հաջողություններ… Այս բոլորը պետք են, նույնիսկ՝ անհրաժեշտ: Այո՛, իրավիճակը մի փոքր այլ է և մենք փորձում ենք նաև քաղաքական տիրույթում լինել աշխուժ ու նախաձեռնող: Դա վատ չէ, ավելին` այդպես էլ պետք է լինի` որպես ժողովրդավար պետություն, սակայն միշտ չափի մեջ, մասնագիտական գիտելիքների սահմաններում…

Դե լավ, եկեք ավելի չխոսենք քաղաքականության մասին:

Վերադառնալով հոդվածի սկզբին` Ազնավուրը, իբրև անհատ, ընդամենը «կաթով սուրճ» չէ, նա 2 ազգերինը չէ, նա բոլորինն ու ամենքինն է, ողջ աշխարհինը: Ազնավուր լսել են, լսում են և կլսեն դեռ շատ երկար ժամանակ: Հենց սա՛ է երաժշտության որակի չափանիշը: Ազնավուրը որակ է և ճաշակ, Ազնավուրը սեր է և կյանք:

Իսկ սերը հավիտենական է, մարդկանց հոգիները նվաճող հզորագույն «զենքը»:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like