Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 27 յունուար 2025
Այս ամիս շատ խորհրդանշական օր եղավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հունվարի 24, ցուրտ երեկո, ու ընկերներիցս մեկը ցածր ձայնով ասում է.
– «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ իրական մասնակիցն է` պապիկիս ընկերը։
Դահլիճը լցված էր, ազատ աթոռներ չկային. Մենք եկել էինք «Փարիզյան դատավճիռ» ներկայացմանը։ Դա թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր բեմադրիչ Արմեն Խանդիկյանը բեմահարթակ է հանել Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա, որն էլ իր հերթին ունի պատմական հիմքեր։
1981 թ.-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող քառանդամ անձնասպանական ջոկատը գրավում է Փարիզում Թուրքիայի հյուպատոսարանը: Մարտախումբը հյուպատոսարանում մնում է և պատանդներին բաց չի թողնում 15 ժամ, մինչև Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը խոստանում է կատարել մարտախմբի պահանջները՝ գործողության քաղաքական բնույթի ընդունում և խմբի նկատմամբ քաղաքական դատավարության խոստում: «Վան» գործողությունը և նրան հաջորդող քաղաքական դատավարությունը մեծ դեր ունեցան Հայկական հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնելու գործում այդքան տարի անց։ ԱՍԱԼԱ-ի հերոսների դատավարությանը տղաներին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնեոյը (Աշոտ Մալաքյան), Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի այրին` Մելինե Մանուշյանը, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան), ՎԱՆ-ի փաստաբաններից՝ պետական և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը և այլ անվանի հայեր:
Այսպիսի չոր պատմություն մենք կարող ենք կարդալ թե՛ դասագրքերում, թե՛ տեղեկատվական հոդվածներում, բայց անհամեմատելի է այս հարցում թատրոնի, գրականության և արվեստի որևէ այլ ճյուղի դերը… Ինքս միայն լսել էի ԱՍԱԼԱ-ի մասին, սակայն այս ներկայացման միջոցով իմացա ինչպես իրական հերոսների անուններն ու նրանց անցած ուղին, այլև զգայական ճիշտ ազդակներ փոխանցող դերասանական խաղի միջոցով ծանոթացա ՎԱՆ պատմական գործողությանը, շատ հիմնավոր հասկացա ԱՍԱԼԱ-ի կազմավորման և գործունեության նպատակը, որը, թեև երբեք կասկածի տակ չեմ դրել, բայց ոչ էլ իմաստային խոր վերլուծության եմ ենթարկել։
Գլխավոր դերերում էին Գրիգոր Խաչատրյանը, Արտաշես Մխիթարյանը, Լևոն Հախվերդյանն ու Նիկոլայ Ավետիսյանը։ Նրանց արվեստավարժությունը (պրոֆեսիոնալիզմը) ինձ հայտնի էր այլ ներկայացումներից ու ֆիլմերից, սակայն ազգային ազատագրական պայքարի մարտիկների դերում նրանց տեսնելը շատ հետաքրքիր փորձառություն էր։ Չեմ կարող պատկերացնել դերասանի հոգեվիճակը նման դեր խաղալիս՝ ի՞նչ են զգում, ի՞նչ են վերապրում։ Իսկ նրանք հաստա՛տ վերապրում են, քանի որ ամբողջությամբ իրենց վրա են կրում այն անձանց բնավորությունը, անցած ուղին ու պատմությունը, ում դերը տանում են։ Թերևա ավելի դժվար ու ծանր է այն դերասանների համար, ովքեր կատարում են ոչ հայի դեր, իսկ առավել դժվար` թուրքի դեր։ Դերասանի վարպետության շնորհիվ է, որ ներկայացման վերջում ասես դժվարանում ես ծափահարել թուրք կերպարներին։
Ներկայացման մեջ կար մի շատ հետաքրքիր պահ. կերպարներից մեկը, ով եղեռնազարկ ընտանիքի Ֆրանսիայում հանգրվանած զավակ էր, պատմում էր, որ իր պապերը միշտ երեխաներին ասում էին, որ չպետք է մոռանան այն, ինչ արել են մեզ հետ, ինքն էլ այլ հայ մանուկների էր հիշեցնում այդ մասին… Կարծում եմ՝ մեր ազգի ցեղասպանությունը արդեն մեր ծինային (գենետիկ) հիշողության մեջ է, մեզ չպետք է անընդհատ ասեն դրա մասին… Ես չեմ ունեցել Մեծ եղեռնի դեպքերի մասին ինձ պատմող տատ կամ պապ, ով կասեր ինձ, որ թուրքերը մեր ազգի թշնամիներն են, բայց չեմ հիշում իմ կյանքում գեթ մի վայրկյան, որ մոռացած լինեմ այդ մասին։ Հիշում եմ, թե ավելի վաղ տարիքում ինչքան բացասական զգացողություններ էի ունենում, երբ մտածում էի Թուրքիայի, Արևմտյան Հայաստանի մասին, երբ պատկերացնում էի, թե ինչ տեսք ունեն թուրքերը։ Իմ համոզումով, այս զգացողությունը ամեն իսկական հայի ներսում է, և դա ոչ թե հասարակ հակակրանք կամ ատելություն է, այլ այն վերաբերմունքը, ինչ մարդիկ ունենում են իրական սպառնալիքը գիտակցելու դեպքում։ Ինչ-որ մեկը կարող է այդ զգացողությունը վախ անվանել կամ հենց վախ էլ զգալ, մեկ ուրիշը՝ անարդարություն, որի հետ չի կարողանում որևէ կերպ համակերպվել… 110 տարի է անցել 1915-ից, 1981 թվականի Բեյրութն էլ չենք տեսել, ոչ էլ Փարիզը, բայց այն, ինչ կատարվում էր ներկայացման ընթացքում, պարզ էր, հասկանալի, պարզաբանման, բացատրության, արդարացման կարիք չունեցող։
Ինքս թատերագետ չեմ ու չէի ուզենա քննարկել ներկայացման գեղարվեստականությունը կամ այլ հարցեր, դրա համար շեշտը դնում եմ հասարակ մարդկային զգացողությունների վրա։ Ինձ համար տպավորիչ էին հավաքական կերպարները, հատկապես տիկին Մելինե Մանուշյանի ելույթը, երբ նա տղաների համար մի ակնթարթ դարձավ գորովագութ մայր… Այդ դրվագով ևս մեկ անգամ հիշեցվեց, որ որևէ հայ մարտիկ արյան ծարավով չէ համակված․ նրանք հասարակ երիտասարդներ են, նույնքան փխրուն, նույնքան զգայուն և նույնքան խոցելի, ինչպես յուրաքանչյուր ազնիվ տղա, սակայն կարողացել են հաղթահարել մի պատնեշ, որից հետո այլևս ավելի ուժեղ ու ցայտուն զգացումներ ես ունենում, քան վախը, կարոտը, անձնական երջանկության ձգտումը…
Վերջում բեմում դերասանների կողքին մենք տեսանք «Վան» գործողությունն իրագործած բուն հերոսներին՝ մարտախմբի ղեկավար Վազգեն Սիսլյանին և անդամ Հակոբ Ջուլֆայանին (ցավոք, մյուս երկու անդամները՝ Արամ Բասմաջյանը և փոխհրամանատար Գևորգ Գյուզելյանը մահացել են արտերկրում)։ Ամբողջ դահլիճը հոտնկայս երկար ծափահարում էր հայոց ազատագրական-պահանջատիրական պայքարի կենդանի մարտիկներին, ովքեր հանուն իրենց ազգի արդար դատի համարյա հինգ տարի նստել են ֆրանսիական բանտերում։ Նրանց ներկայությունը այդ օրը այդ դահլիճում կարծես դաջեց, կնքեց, ամբողջացրեց ներկայացման ազդեցությունը, որը ես չեմ վախենա մի ամբողջական ազգային դաս անվանել հատկապես երիտասարդների համար։
Քեզ, սիրելի՛ ընթերցող, խորհուրդ կտամ հարմար առիթով դիտել «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը, որ Երևանի դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացել արդեն 100-ից ավելի անգամ։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 35 հազար հանդիսատես յուրացրել է թատրոնի միջոցով փոխանցված ազգային դասը, ինչն այնքան անհրաժեշտ է մեզ՝ այս օրերին։