Նոր Ջուղայի և Շահինշահրի ընկերներ, 28 Ապրիլ 2013
Թվականիս Ապրիլի 11-ին 70 տարեկան հասակում կյանքից հեռացավ իրանահայ մտավորական, հասարակական գործիչ և համալսարանի դասախոս Արամայիս Միրզախանյանը:
Արամայիսը ծնվել էր Սպահանի երբեմնի հայաբնակ Փերիա գավառի Նամագերդ գյուղում, տարրական և միջնակարգ կրթությունը ստացել էր Նոր Ջուղայի հայոց դպրոցներում, այնուհետև ավարտել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարանը ստանալով էլեկտրոտեխնիկայի դոկտորական կոչում:
Տարիներ նույն համալսարանում դասավանդելուց հետո Արամայիս Միրզախանյանը 1979 թվին տիկնոջ Ջոկոնդայի և դստեր Մանուշի հետ վերադառնում է Իրան և աշխատանքի է անցնում Սպահանի «Սանաթի» համալսարանում:
Այս, թեկուզ և ոչ այնքան երկարատև ժամանակաշրջանում նա ակտիվ մասնակցություն է բերում Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ հասարակական կյանքին, կատարելով կազմակերպչական ազդեցիկ դեր համայնքի մեջ ծավալված ժողովրդական շարժման, Ժողովրդական Ժամանակավոր Կոմիտեի (ԺԺԿ), ինչպես նաև Իրանահայ Ազգային և Մշակութային Միության (ԻԱՄՄ) Նոր Ջուղայի մասնաճյուղի հիմնադրման գործում:
Այնուհետև քաղաքական պայմանների բերումով ընտանյոք մեկնում է արտասահման և աշխատանքի է անցնում Ստոկհոլմի «The Royal Institute of Tecnology» համալսարանում:
Հայրենասիրությունը և սեփական ժողովրդի ճակտագիրը Արամայիսի համար բարձրագույն և անսակարկ արժեքներ էին, որոնց հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Նա տևաբար կապի մեջ էր Մայր Հայրենիքի հետ: Իր սովորած համալսարանում հիմնել էր գիտական լաբորատորյա և հաճախ էր այնտեղ լինում գիտական դասախոսություններ կարդալու:
Արամայիս Միրզախանյանը գործոն մասնակցություն ունեցավ նաև արցախյան ազատամարտի ընթացքում, նախաձեռնող հանդիսանալով Շվեդում մարդասիրական օգնության կազմակերպման և Արցախ փոխադրելու գործում:
Արամայիսը հայրենի ժողովրդի ապագան տեսնում էր արդար և ժողովրդավար պետության մեջ և վերջին շրջաններում խիստ անհանգստանում էր Հայաստատանում տիրող քաղաքական-հասարակական հոռի երևույթներին ի տես և իր հանդուգն ու անաչառ վերաբերմունքն էր արտահայտում բազմաթիվ հոդվածներով:
Նա ազնիվ էր և սկզբունքային: Նրա հզոր, տիտանական արտաքինի տակ բաբախում էր խիստ բարի և հուզառատ մի սիրտ: Նա ապրում էր բանաստեղծությամբ, զբաղվում էր գեղանկարչությամբ: Կարոտում էր իր ծննդավայր Նամագերդ Գյուղին:
Հարգանք նրա պայծառ հիշատակին և մխիթարություն նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
1 comment
Արամայիսը անփոխարինելի է
Կ'ըսուի թէ ամէն անձ փոխարինելի է, մանաւանդ աշխատանքային շրջանակի մէջ:
Կ'ըսեմ թէ սխալ է այդ, յատկապէս մարդու մը տարած աշխատանքին իսկ պատճառաւ:
Եւ եթէ մենք մեր գործն ենք, եւ ո'չ միայն մեր խօսքերը, Արամայիսը՝ ըստ ինծի, պիտի մնայ միշտ անփոխարինելի:
Չեմ ճանչցած զինք անձնապէս դէմ հանդիման, սակայն ծանօթ եմ իր գործին եւ մանաւանդ գրութիւններուն եւ կրնամ շատերուն նման վկայել թէ ամէն բանէ առաջ իր մի'տքն էր պայծառ ու յստակատես: Իսկ վերջին տարիներուն ունեցած եմ պատիւը իրեն հետ համակարգչով նամակագրելու:
Երբեմն երբեմն, ցուրտ Գանատայի ցուրտ օրերուն տաքուկ ելեկտրոնային նամակներ կը ստանայի նոյնքան ցուրտ Շուետէն:
Պիտի կարօտնամ զինք, եւ իր միտքը մանաւանդ:
Ցաւակցութիւններ ո'չ միայն իր հարազատներուն եւ բարեկամներուն, այլ ամբողջ հայ ազգին:
Մեծն Արամայիսը ո'չ եւս է:
Բայց կը մնան մեր ժողովուրդին ապագային հանդէպ ունեցած իր երազները:
Անոնց իրագործումին լծուելու աշխատանքը հիմա կը մնայ մեզի:
Գլխիկոր եւ բարեկամօրէն
Վիգէն Լ. Ադդարեան
Comments are closed.