Ոչ ոք օրէնքից վեր չի:
(Չինական խօսք)
Գուրգէն Արմենակեան (Հիւսեան), ԱՄՆ, Մայիս 2020
Ես նահատակուած Արմենական Գուրգէն Հիւսեանի եղբօր ծոռնորդին եմ: Մեր ընդարձակ գերդաստանի մի մասին բախտ վիճակուեց անցնել Արաքսն ու հատատուել Կովկասում, ապա՝ Երեւանում, իսկ միւս մասին գաղթի ճանապարհները տարան գցեցին Իրան: Մեր տանը միշտ խօսւում էր Արմենականների քաջագործութիւնների, Անդրանիկ զօրավարի, Մկրտիչ Աւետիսեանի եւ այլոց մասին: Մեր տան խօսակցութիւնների մի մասն էլ Հայրենիքից դուրս հայ մնալու խնդիրն էր, հայ դպրոցն ու Եկեղեցին:
Թեհրանում հայութիւնը յատկապէս հաւաքուած էր լինում Եկեղեցու շուրջ, որպէս հայ ինքնութեան ու հաւատի հաստատ կայան: «Մեր եկեղեցին,– ասում էր պապս,– սրբութիւն է, աշխարհի հայութեան երկրորդ հոգեւոր հայրենիքն է եւ օջախը»: Մինչեւ օրս էլ մեր ընտանիքի անդամները, ուր էլ որ ապրելիս լինեն, երբեք Հայաստանեայց եկեղեցուց չեն կտրւում:
Վերջերս կարդացի ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանի «Ի Խնդիր Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Պայծառութեան» յայտարարութիւնը, որը թէ՛ տխրութիւն եւ թէ՛ ընդվզում պատճառեց ինձ: Տխրեցի, որ մեր Եկեղեցին յայտնուել է, մեղմ ասած, այսպիսի անցանկալի կացութեան մէջ՝ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների եւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան գահին բազմած անձի պատճառով: Ընդվզեցի այս կացութեան պատճառով եւ բարեկամներից ու լաւատեղեակ աղբիւրներից իմացայ, թէ բոլոր փաստերը կային հաստատելու համար վերոյիշեալ յայտարարութեան սրտացաւութեան տուն տուող դրդապատճառները:
Ս. Էջմիածինը այնպիսի մի հաստատութիւն է, որի գահին բազմել էր Խրիմեան Հայրիկի նման մի վեհութիւն, որին աշակերտել են մեր գերդաստանի նախնիներից ոմանք: Ինչպէ՞ս չմտահոգուել մի հաստատութեան համար, որի վերջին վեհափառներից Վազգէն Ա. կաթողիկոսը պատուել է պապիս, բայց այսօր այդ նոյն Էջմիածինը յայտնուել է այսպիսի անբաղձալի կացութեան մէջ:
Տիար Մայք Խարապեանն ու իր վարչութիւնը սրտցաւութեամբ նշելով այս տխուր փաստը, ցանկանում են մաքրուած եւ բարեփոխուած տեսնել մեր Եկեղեցին: Ես յուսով եմ, որ մեր ազգը եւ Հայաստանեայց եկեղեցւոյ անաղարտութեամբ մտահոգ հայորդիներ ոչինչ չեն խնայի եւ իրենց ձայնը լսելի կը դարձնեն ամէնուր:
Ընկերակցող նկարը կը ներկայացնէ Արմենական ազատամարտիկները Վանի 1915-ի ինքնապաշտպանութեան օրերուն: