Վահե Արսեն, Երևան, 21 Դեկտեմբեր 2021
Արցախի օդը պատերազմից անդին դեռևս չի մաքրվել վառոդի հոտից: Մարդիկ դեռ վեր են թռչում կտրուկ ձայներից, երկնքից լսվող ձայն ու երկնքում երևացող ցանկացած առարկա վախ է պատճառում, բայց ավելի սարսափելի բան կա, որ կախված է պատառոտված Արցախի օդում: Դա անորոշության փթթող ամպն է: Արցախը դժվարություններ շատ է տեսել, գրեթե չես գտնի ընտանիք, որ 90–ականների պատերազմում զոհեր չունենար, սակայն հաղթանակը սփոփում էր արցախցուն, սպիացնում անբուժելի վերքերը: Հաղթանակն այն միակ դեղամիջոցն էր, որ արդարացնում էր հայի զոհողությունները, արդարացնում էր մարդկային անդառնալի կորուստները, հաղթանակը կամք էր, հույս էր, ապրելու դրդիչ ուժն էր և հենց կյանքը:
Հիմա ամեն բան այլ է: Արտաքինից Արցախն ապրում է առաջվա պես, փողոցում անշտապ զբոսնում են արցախցիները, երեխաները դպրոց են գնում, խաղում «Գրադ» հրթիռային կայանի ռմբահարումներից վնասված շենքերի բակերում, ծիծաղում, լաց լինում, մարդիկ խանութներից գնումներ են անում, գնում եկեղեցի, մասնակցում հարսանիքների և ծնունդների ու ամեն օր երազանքներ պահում: Բայց արցախցու աչքերում առաջվա փայլը չկա, անկոտրում երկաթյա կամքը փոխարինվել է վրեժխնդրության նյարդային անհանգստությամբ, նուրբ ու անմեղ հումորը` գոյաբանական մտորումներով, արցախցիներին բնորոշ բացառիկ լավատեսությունը` լռությամբ և ուսերի թոթվումով: Արցախցու հոգում այսօր անորոշությունն է գահակալում, անորոշությունն է Արցախցու և Արցախի տերն ու տիրականը:
Արցախցին այսօր բառի բուն իմաստով ապրում է այսօրով, միայն ու միայն ներկայով, իսկ ոմանք էլ՝ անցյալով, որը, համեմատության մեջ դիտարկելով, ուղղակի երանություն է թվում: «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» վահանակը ոչ թե հպարտություն, այլ անցյալի քաղցր հուշեր ու կորստյան ցավ է արթնացնում:
Փոխվել է արցախցիների վերաբերմունքը նաև քաղաքականության նկատմամբ, հատկապես մեծ ու «մեծերի» քաղաքականության, իրենց «մեծ եղբոր» մեծ քաղաքականության հանդեպ: Եթե առաջ արցախցիների զգալի մեծամասնությունը (կարելի է ասել գրեթե բոլորը) որպես Հայաստան–Արցախի աշխարհաքաղաքական երաշխիք ու հենարան դիտարկում էին Ռուսաստանին ու միայն նրան, ապա այժմ կարծիքները գնալով ավելի ու ավելի տարբեր են, աղաղակող բեևեռացումը շատ ավելի հստակ: Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվել է: Հայաստանի հանդեպ նույնպես մեծ թերահավատություն կա: Հասարակության որոշ մասը դեռ հույսը կապում է Ռուսաստանի հետ, մյուսները Թուրքիայի հետ դարեր շարունակ փոխշահավետ լուծումներ գտնող այդ երկրի խաղաղապահ առաքելությունը դիտարկում են որպես արցախահայերի գլխին կախված դամոկլյան սուր, որն ամեն ակնթարթ կարող է թե՛ «մտրակ» լինել, թե՛ «քաղցրաբլիթ», սակայն անգամ «քաղցրաբլիթի» պարագայում Արցախի ինքնիշխանության տոկոսը խիստ ընկնում է կամ ուղղակի վերանում: Ասեմ նաև, որ որպես լուծման հնարավորություն քննարկվում է, այսպես կոչված, «երկքաղաքացիության» տարբերակը, որի դեպքում արցախցիները դառնում են նաև Ռուսաստանի քաղաքացի, և վերջինս պաշտպանում է նրանց ապրելու իրավունքը: Քայլ, որն Արցախն էլ ավելի կհեռացնի Հայաստանից:
Արցախցիների մի մասն էլ՝ ամենաաննահանջ ու խիզախ մասը, վստահ է, որ ինքնակազմակերպվել է պետք և պայքարել սեփական ուժերով: Մի արցախցի վերջերս պատահած մի դեպք պատմեց ինձ: Մոտ տասնհինգ օր առաջ Կարմիր շուկա–Թաղավարդ հատվածում ադրբեջանցի զինվորները մեր նախիրը քշել տարել են: Եվ չնայած Կարմիր շուկայի տարածքում ռուս խաղաղապահների կայան կա, այնուամենայնիվ ժողովուրդն ինքնակազմակերպվել է. ով բահով, ով կացնով, ով հրացանով զինվել ու զայրացած շարժվել են դեպի թշնամու զինվորները, և վերջիններս, առանց երկար–բարակ մտածելու, վերադարձրել են գողացած կովերին: Իհարկե, սա եզակի դեպք է, հիմնականում մեր անասուններին նրանք չեն վերադարձնում, և ադրբեջանցի զինվորին զսպողն այսօր անշուշտ ռուս խաղաղապահներն են, սակայն ինձ համար այստեղ այլ հանգամանք է կարևոր. արցախի ժողովրդի ամրակուռ ու միասնական լինելը: Հիմա սա ամենակարևորն է, հատկապես երբ Արցախի սահմանի երաշխավորն էլ ոչ թե հայ զինվորն է, այլ ռուսը, որը հրամանով պաշտպանում է ինչ–որ տարածք և ոչ իր հայրենիքը:
Արցախցու այսօրվա կարևոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից մաքսակետի տեղակայումն է, որի պարագայում կկտրվի Հայաստան–Արցախ վերջին պորտալարը: Մարդիկ շփոթված են. պատրաստ են մինչև վերջ լսել ամենաանհավանական լուրերն ու ասեկոսեները և հավատալ դրանց: Մեկն ասում էր, որ Արցախում մնացած հայկական զինված ուժերը վերադառնում են Հայաստան, ծանր տեխնիկան հեռացվում է շփման գծից: Մյուսները լիովին այլ և հուսադրող լուրեն են հայտնում: Ճանապարհին հանդիպում ես դեպի Հայաստան տեղափոխվող տեխնիկայի, որոնց մի մասը վնասված է, մյուս մասն արտաքնապես սարքին է երևում: Բայց ասեկոսեների վրա հիմնվելն, այն էլ նման ճակատագրական հարցերում անչափ վտանգավոր և անհեռատես է, այդ պատճառով էլ պետք է զերծ մնալ բամբասանքներից ու հապճեպ եզրակացություններ ոչ մի դեպքում չանել:
Ավելի կարևոր է, որ արցախցին իրեն լքված չզգա, հատկապես Հայաստանի և հենց Արցախի իշխանությունների լռության ֆոնին, որոնք ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի բռնազավթված շրջանների մասին: Ռուսներից պատասխաններ պահանջելն անիմաստ է և ներկա փուլում ոչ արդարացված: Ռուս խաղաղապահն Արցախում բնակվողների ֆիզիկական միակ գործուն երաշխավորն է, և չնայած տարբեր երկրների տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ ու դեմքեր անվերջ խոսում էին ուժի կիրառման անթույլատրելիության մասին (ռազմական ուժի կիրառման բացառումը Մինսկի խմբի հիմնարար դրույթներից էր), նույնիսկ քաղաքական մակարդակում Արդբեջանի ռազմական հանցագործությունների, պատերազմ նախաձեռնելու և փաստացի պատերազմի միջոցով (Ալիևն ինքն էլ դա միշտ խոստովանել է, չնայած հիմա իր կողմից արցախյան հիմնախնդիրը «ռազմական ճանապարհով» լուծելու որակումը փոխարինել է` «ռազմաքաղաքական ճանապարհ» սահմանումով) խնդիրը լուծելու փորձ անելու, բուն ռազմական գործողություններ նախաձեռնելու, հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու և այլ հանցանքների համար որևէ միջազգային կառույց կամ երկրի ղեկավար հասցեական դատապարտող հայտարարություն, էլ չեմ ասում քաղաքական կամ նույնիսկ ռազմաքաղաքական հստակ, շոշափելի և լուրջ հետևանքներ առաջացնող քայլ կամ գործողություն չի ձեռնարկել:
Իսկ մինչ այդ Արցախում ամանորյա եռուզեռ է, մարդիկ առևտուր են անում, խանութներում նույնիսկ զեղչեր կան, եղևնի գնում, սեղանի պատրաստություն տեսնում ու արտաքինից նույնիսկ մի պահ թվում է, որ արցախցին կորուստի հետ համակերպվել է, բայց ո՛չ: Իրականությունն այլ է. արցախցին հույսը չի կորցնում, լավատեսորեն սպասում է, սպասում է անգամ հրաշքի: Նա չի հավատում, որ այն, ինչը դարերով իրենն է եղել, կարող է 21–րդ դարում զենքով և նավթադոլարով խլվել իրենից: Նա հավատում է տիեզերական համաչափության, Աստծո արդարության օրենքներին և իր բազկին ու գլուխն արծվի պես շրջում է ազատ Արցախի լեռներից դեպի ժամանակավոր բռնազավթված արցախյան լեռները այնպես, ինչպես իմ ուսուցիչ ընկերն է Մարտունու սարերից ամեն օր ու հենց հիմա էլ նայում իր հայրենի Հադրութի մեկ մռայլ, մեկ ժպտացող, մեկ մոտեցող, մեկ աներևույթ լեռների ուրվագծերին…