Կրկեսի ուղղությունը. Արևե՞լք, թե՞ Արևմուտք

Վահե Արսեն, Երևան, 15 Հունիս 2021

Հռետորական-վերլուծական այս հոդվածն ուզում եմ սկսել Քվինտոս Հորացիոս Փլակոսի լատիներեն հանրահայտ խոսքով, որով գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտն ազդարարեց Լուսավորության ժամանակաշրջանի մուտքն ու էությունը. «Sapere aude»: Խոսք, որի նշանակությունը բազմիմաստ է` «համարձակվի՛ր իմանալ», «համարձակվի՛ր ճանաչել իրերը», «համարձակվի՛ր իմաստնանալ» և «համարձակվի՛ր օգտվել սեփական խելքից»: Մեզ այսօր թերևս ամենավերջին տարբերակն է պակասում:

Հայաստանն այժմ Ռուսաստանն ու արևմուտքը բաժանող, ոչ թե միացնող աշխարհաքաղաքական քարտեզի հատման ամենապայթյունավտանգ կետում է, և պարզից էլ պարզ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման կամ միտումնավոր չկարգավորման բանալիները պետք է փնտրել վերոգրյալ գերտերությունների` այսօր բավականին թեժ փուլում գտնվող հակամարտության համատեքստում:

Մանկահասակ երեխան անգամ վստահ կպատասխանի, թե ով է մեր դարավոր մեծ ու հզոր եղբայրը, պաշտպանը, քաղաքական լեզվով՝ ռազմավարական դաշնակիցը: Մենք էլ գիտենք, որ բազմաթիվ պատմական ու որոշիչ անցքերի ժամանակ  ունեցել ենք մեծ եղբոր օգնությունը, սակայն որոշ վճռական պահերի  մեծ եղբայրն անէացել է, մի քանի ճակատագրական օր ուշացել, չտեսնելու տվել, վերածվել է զորեղ ու տարածական, սակայն ուրվականի… Ուրեմն ինչո՞ւ ենք մեր պատմության նորագույն շրջանում Արցախի համար կեսկյանք պայքարածներս մնացել ձեռնունայն ու հուսահատ, ինչո՞ւ Արցախի ճակատագիրը կախված չէ մեզնից, այլ ուղղակի ռուսական վերնախավի քաղաքական և ռազմական հրահանգներից:

Այս երևույթի վրա որոշակի լույս սփռելու համար «համարձակվենք օգտվել սեփական խելքից» և մի հարց տանք. ինչո՞ւ Ռուսաստանը 1994 թվականին չցանկացավ լուծել խնդիրը (խնդրում եմ, հանկարծ չասեք, որ մերոնք չուզեցին, կամ այդ ժամանակվա հայաստանյան իշխանությունները թույլ չտվեցին), այդ ժամանակ Ադրբեջանը ծնկի էր եկել, Թուրքիան ներկայիս հնարավորություններն ու ուժը չուներ, Ռուսաստանն էլ շատ ավելի հզոր էր, քան այսօր, երբ այդ երկրի տնտեսությունը կքել է միջազգային պատժամիջոցների գերճնշումից: Ի՞նչը Ռուսաստանին ստիպեց  կամ չստիպեց հարցը վերջնականապես լուծել իր փոքր եղբոր, իր «ֆորպոստի» օգտին, ինչի համար կային բոլոր հնարավոր նախադրյալները, և խնդրի լուծումը հետաձգել անորոշ ժամանակով` քաջ գիտակցելով, որ տնտեսական զարգացումը միշտ լինելու է նավթատեր Ադրբեջանի օգտին, և տնտեսական շրջափակման մեջ գտնվող Հայաստանին էլ դժվար թե երբևէ հաջողվի առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ: Ժամանակ ձգելու ռազմավարության մեջ ո՞րն էր կարևոր` ներկա ուժեղ Հայաստա՞նը, թե՞ գալիք ՀԱՐՈՒՍՏ Ադրբեջանը:

Իսկ հնարավո՞ր է (լոկ վարկած է), որ Ռուսաստանին անհրաժեշտ է կախյալ-թույլ Հայաստան` որպես կայունության երաշխիք, որ հանկարծ միամտաբար չթեքվենք Արևմուտքի կողմը։ Հայաստան, որի տնտեսական, կրոնական-բարոյական, ազգային-գաղափարական հիմքերը կլինեն թույլ, Հայաստան, որը չունի լուրջ արդյունաբերություն, չունի էներգետիկ ինքնուրույնություն, և որի ներսում ուժեղ է միայն բանակը, բայց այն էլ ոչ հայկական, այլ բառի բուն իմաստով ռուսական: Իսկ ըստ այս (լոկ) վարկածի` հնարավո՞ր է, որ Արևմուտքին էլ պետք է անկախ-հզոր Հայաստան, որն ի զորու կլինի զսպելու անընդհատ կապարձակվող և ընդարձակվող Թուրքիային, որը դանդաղորեն վերածվում է տարածաշրջանային սպառնալիքի և ամեն ինչի ընդունակ է։

Չմոռանանք, որ Ադրբեջանի հարձակումը տարօրինակ կերպով համընկավ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ, ինչը, կարծում եմ, նախապես հաշվարկված էր, և բնավ լավագույն պահը չէր ԱՄՆ-ի համար, և ձեռնտու էր նրա հակառակորդներին: Այս ամենին կարելի է նաև ավելացնել ռուս-թուրքական բացառիկ մերձեցման ներկա փուլը. «Ս 400» ռազմական կայանների գնում, որը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև աննախադեպ լարվածություն է առաջացրել, երկու ատոմակայանի կառուցման պատվեր Ռուսաստանին, որոնք, էներգետիկ նշանակությունից զատ, նաև ռազմաքաղաքական կշիռ ունեն: (Հետաքրքրական է. Թուրքիան ատոմակայանների կառուցումը չի պատվիրել նույն ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիային, որը ատոմային էներգետիկայի առաջատարներից է, «Թուրքական հոսք»ի գործարկումը 2020 թ. հունվարի 8-ին, Իդլիբից թուրքական զորքի դուրս բերում արդեն հենց Արցախյան գոյամարտի պահին, և այլն):

Եվ վերջապես ո՞ւմ զորքն է այսօր փաստացի պաշտպանում Արցախում բնակվող հայերի կյանքը (ամենաբնական ու տրիվիալ, նաև շահարկելի հարցը), իհարկե ռուս խաղաղապահները: Եվ արդյո՞ք առանց հայկական բանակի պարտության, կամ լավ, փոխենք հարցադրումը, քանի որ Ադրբեջանն էլ մեծ մարդկային ու ռազմական տեխնիկայի կորուստներ է կրել, արդյո՞ք առանց պատերազմի, այսինքն՝ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի բանակների լուրջ թուլացման հնարավոր էր ռուս խաղաղապահների և թուրքական ռազմական ուժերի ներթափանցումը դե յուրե Ադրբեջանի տարածքում գտնվող միշտ ու հավերժորեն հայկական Արցախի տարածք: Իհարկե ոչ: Նշենք նաև, որ Հայաստանը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, մերժեց թե՛ ԱՄՆ-ի օգնությունը և թե՛ ֆրանսիականը` մեկ անգամ ևս փաստելով, որ Արցախյան հակամարտությունը  տեղի է ունենում ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտում, որտեղ արդեն նոր խաղացող էլ է հայտնվել` Թուրքիան: Իսկ առհասարակ ի՞նչ է արել մեր իշխանությունը` աշխարհաքաղաքական  նման ծուղակում չհայտնվելու համար, և արդյո՞ք որևէ լուրջ հարցում դեմ է գնացել ռուսական շահերին, որոնք չենք կարող չնշել` այս տարածաշրջանում ամենաազդեցիկն են:

Բայց այս հարցի պատասխանը մի փոքր ուշացնենք, և գանք Սերժ Սարգսյանի վերջերս հրապարակած ձայնագրությանը, որն առաջին հայացքից որևէ լուրջ գաղտնազերծում չի պարունակում: Քիչ ավելի վաղ նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, և որ ինքը պարտվել է  ավելի հզոր ուժերի: Որո՞նք են այդ հզոր ուժերը, և արդյո՞ք «թավշյա հեղափոխությունը» նույնպես այդ հզոր ուժերի կազմակերպած գործողությունը չէր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` հիմնական ծրագիրը: Հիմա գանք ձայնագրությանը, որի ամենակարևոր մասը, ինչպես նշեց նաև երրորդ նախագահը, Նիկոլ Փաշինյանի կողմից «գիժ խաղալն էր», բայց ո՞ւմ էր վերջինս փորձել խաբել, ո՞ւմ ծրագիրն էր ձախողել, իսկ միգուցե խաղի կեսի՞ց էր հետ կանգնել` տեսնելով, որ ժողովրդի մեծամասնությունը չի ընկալելու լուծման այդ  միգուցե ոչ այնքան հայանպաստ տարբերակը, և հենց այդ պատճառով էլ ստիպված էր «գիժ խաղալ»: Եվ առհասարակ, բացի «լավրովյան պլանից», որը դրված էր Մինսկի խմբի սեղանին, կա՞ր մեկ ուրիշը: Թերևս «պլան Բ-ն» պատերազմն էր, իսկ «գիժ խաղալով» գերտերությունների պայմանավորվածությունները վիժեցնելը անխուսափելիորեն հանգեցնելու էր խայտառակագույն պարտության, հատկապես ռուսական արբանյակային նշանառությամբ կողմնորոշվող Իսկանդեր հրթիռային համակարգեր և հրթիռազուրկ, սակայն բավականին թանկ գնված (այն էլ վարկով) Սու 35 ՍՄ ինքնաթիռներ ունեցող երկրի համար, որը բացի վերոգրյալ տեխնիկայից կորցրեց անվերականգնելին` հազարավոր հայորդիների կյանքն ու առողջությունը, ինչը ոչ միայն անդառնալի կորուստ է (նաև ռազմավարական-ժողովրդագրական առումով), այլև աններելի է:

Ու այս ամենը գրելուց հետո ինձ է՛լ ավելի է տանջում երրորդ նախագահի գաղտնագիր-խոսքը` «Նիկոլ, դու ճիշտ էիր, ես սխալվեցի»: Ո՞րն էր անդառնալի սխալը, և Սերժ Սարգսյա՞նն էր ավելի արևմտամետ, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանը այն քիչ քաղաքական գործիչներից էր, որ արտաքին քաղաքական հարցերում փորձեց ինքնուրույն քայլեր անել և մերձենալ Արևմուտքին։ Հիշենք “ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման” պայմանագիրը կնքելու երկարամյա բարդությունները, սակայն մեկ գիշերում դեռևս անհայտ ճնշմամբ ԵՏՄ-ին մեր անդամակցումը, նաև հայկական սակրավորների զորամիավումը ՆԱՏՕ-ի զորքերի կազմում Իրաք ուղարկելը, որ լրջագույն քաղաքական արարք էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Ռուսաստանի աջակցությամբ և ինքնաթիռներով հայկական սակրավորներին ուղարկեց Սիրիա ռուսամետ Ասադի զորքի առաջխաղացման համար տարածքներ ականազերծելու համար, 2021 թ.-ի հունվարի 21-ին դադարեցրեց թվային հաղորդիչ ցանցով CNN հեռուստաալիքի հեռարձակումը, անգամ պատերազմի ամենաթեժ պահին հրաժարվեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բոլոր հնարավոր օգնություններից։ Սրան էլ գումարենք նաև ներկա ԱԺ նախագահի խոստովանությունը, որ երկար լռելուց հետո վերջերս հայտարարեց. ինքն ԱԱԾ գործակալ է եղել։ Իսկ ՀՀ ԱԱԾ ի՞նչ է եղել տարիներ շարունակ, եթե ոչ սովետա-ռուսական ԿԳԲ-ի մասնաճյուղը Հայաստանում։ Այսպիսով, այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը արևմտամետ քաղաքականություն է վարում կամ էլ սպասարկում է արևմուտքի շահերը, մեղմ ասած կասկածելի է։ Նրա քաղաքականությունն ավելի նման է երկու ճոպանի վրա ջահերով աճպարարություն անելուն, իսկ ընկնելու պահին՝ խեղկատակ ձևանալուն, ինչը ճակատագրական կարող է լինել ամբողջ կրկեսի համար: Մնացյալը կարելի է դիտարկել որպես թատրոն, դրսի աչքն ու զգայական գիտակցությունը կառավարելու մանիպուլյատիվ (ձեռնածալութիւն) քայլեր. Ռուսաստանի նախագահին չդիմավորելը, հետո` մանկամտաբար հեռուստակամերաների առաջ սպասեցնելը, սորոսականներով քաղաքական դաշտը լցնելը, տրանսգենդերի հայտնվելը Ազգային ժողովում և այլն, և այլն։ Իսկ գերտերությունների հետ մուկ ու կատու խաղալը ողբերգական հետևանքներ է ունենում մեր նման փոքր երկրների համար, որտեղ ո՛չ ճոպանն է քոնը, ո՛չ ծաղրածուի հագուստը, ո՛չ տանիքն ու հենասյուները, ո՛չ էլ հրշեջները, այլ միայն կրակը, կրակն է քոնը…

Եվ քանի որ միայն վարկածներ առաջ քաշեցի, վերջնական եզրահանգումները թողնում եմ ընթերցողին: Երկու բառով` «Sapere aude»:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like