Վահե Արսեն, Երևան, 9 Հունվար 2022
Աշխարհում նավթով, բնական գազով, ուրանով, ոսկով, ցինկով, երկաթով, ածուխով, կալիումի պերմանգանատով և այլ օգտակար հանածոներով բացառիկ հարուստ Ղազախստանում կռիվ է ընկել: Մի քանի օրում կաթվածահար են եղել երկրի խոշորագույն քաղաքները, այրվել են տասնյակ մեքենաներ ու շենքեր, ձերբակալվել է 6.000-ից ավելի մարդ, սպանվածների թիվն ըստ ոչ-պաշտոնական աղբյուրների անցնում է հարյուրից: Եվ ո՞րն է պատճառը, ո՞վ է մեղավոր:
Արևմուտքը շեշտում է աղքատությունը, մենատեր (ավտորիտար) կառավարման համակարգը, փթթող օլիգարխիան, տնտեսական բեռի տակ ճզմվող քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը և այլն, իսկ ահա՛, ռուսական քարոզչամեքենան այժմ էլ, ինչպես ուկրաինական, վրացական, հայկական քաղաքական ճգնաժամերի ժամանակ, քննադատության սլաքներն ուղղել է Արևմուտքի կողմը և վերջինիս (մասնավորապես ԱՄՆ-ին) մեղադրում է Ղազախստանում անկարգություններ հրահրելու, վառելիքի գներն արհեստականորեն բարձրացնելու (գազի, նավթի և այլ օգտակար հանածոների մի շարք հանքերում արդյունահանումն իրականացնում են արևմտյան տարբեր ընկերություններ), հասարակ ու ազնիվ քաղաքացիներին խաբել-մոլորեցնելու մեջ:
Բայց, այդ ինչպես է լինում, որ ղազախ «Ազգի առաջնորդ» համարվող Նուրսուլթան Նազարբաևը և նրա կողմից պաշտոնի նշանակված նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևը, որին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն իր մտերիմ ընկերն ու Նազարբաևի արժանի հետևորդ անվանեց, այդքան թույլ գտնվեցին և ձեռքներից բաց թողեցին երկրի սանձերն և իրենց տիրապետության տակ ունենալով 120.000-200.000-անոց բանակ, 86.000-անոց ոստիկանական և հատուկ նշանակության ուժեր, օգնություն խնդրեցին ՀԱՊԿ-ից` կարիքն ունենալով այլ երկրների ուժային կառույցների միջամտության: Իհարկե, այլ երկրներին ռազմական օգնության համար դիմելու համար ծանրակշիռ փաստարկ էր պետք և այն արագ գտնվեց: Լրատվական ասպարեզ նետված առաջին վարկածը ահաբեկչական հարձակումն էր, որն ուղղորդվել և իրականացվել էր «դրսից»: Բայց, որո՞նք էին այդ «դրսի» ուժերը, այդպես էլ չհաղորդվեց: Դեռևս չի ներկայացվել նաև գեթ մեկ ահաբեկչական խմբավորման անդամի անձնագիր կամ տվյալ. ինչը սովորաբար արվում է նման դեպքերում:
Տաօրինակ էր նաև ՀԱՊԿ-ի արձագանքման արագությունը: Նրանք չպահանջեցին ահաբեկչական խմբավորումների ներկայության անհերքելի ապացույցներ, իրենց ռազմական ղեկավարությունը օդատիեզերական ուժերի տրամադրած բարձր ճշգրտության լուսանկարների, տեսաձայնագրությունների և քարտեզների առատությամբ համեմված հեռուստատեսային պաստառներից (էկրաններից) չներկայացրեցին ահաբեկչական խմբավորումների ձևավորման, մարզման տեղանքներն ու Ղազախստան ներթափանցման կածանները, ինչպես ասենք Սիրիայի պարագայում էր, կամ նույն Արցախի: Սակայն, ՀԱՊԿ-ին դիմելու հենց նույն օրը, նույն գիշերը ռուսական դեսանտային զորքերն արդեն հասան Ղազախստան ու անցան իրենց առջև դրված ռազմական խնդիրների կատարմանը: Բելառուսական զորքերն, ի համեմատություն երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ոգևորության, քիչ ավելի ուշ հասան Ղազախստան. ընդամենը հաջորդ օրը:
Ղազախական հուզումներում արևմտյան դերակատարումն իհարկե բացառել չի կարելի: Բայց, արդյո՞ք մենատիրականորեն կառավարվող երկրների ժամանակը վաղուց չի անցել, և ավելի զարգացած, ավելի մարդակենտրոն ու բարեկարգ քաղաքակրթության կողմից հնացած կիսաֆեոդալական թագավորությունների կլանումը բնական ու բանական չէ, ու վերջիններիս դիմադրությունն էլ նույնքան հնացած ու պարզունակ. ասենք, իբր ահաբեկչության դեմ պայքարի լույսի ներքո հարևան երկիր զորք մտցնելը, որը հղի է նաև այլ վտանգներով:
2020 թ.-ի օգոստոսին Վ. Պուտինն իր պատրաստակամությունը հայտնեց ռազմական օգնություն ցուցաբերել Բելառուսիայի իշխանություններին երկրի ներսում ծնունդ առած դժգոհության ալիքը ճնշելու համար: Այս իրավիճակն առաջին հայացքից նման էր ներկա ղազախական դեպքերին, սակայն այդպես չէ: Չնայած, Ա. Լուկաշենկոն կարողացավ սեփական ուժերով դիմակայել հեղափոխական գործընթացներին, այնուամենայնիվ, իր երկրում Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը առանձնապես չլարեց կրքերը, եթե չասենք, որ նույնիսկ մեղմացրեց դրանք: Սա կարելի է բացատրել նրանով, որ բելառուսների մեծամասնությունը անհատականացնում է որպես ռուս, ռուս ազգի ներկայացուցիչ, ապա ղազախների պարագայում այդպես չէ։ Մերօրյա ղազախները թյուրքական ցեղերի հետնորդներն են, որոնց զգալի մասը (մոտ 70 տոկոսը) մահմեդականներ են։ Եվ ՀԱՊԿ ռազմական ուժերի, որի միսն ու արյունը ռուսական զորքն է, մուտքը ինքնանկախ (սուվերեն) Ղազախստան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ռուսական զորքի ներկայությունը արագացնելու (ակտիվացնելու) և գրգռելու է ազգայնական տրամադրություններն այս երկրում, և մինչ այժմ միայն քաղաքական պահանջներ հետապնդող բողոքի ալիքին հաղորդի նաև ազգայնական տարրեր։ Դժվար թե ռուսական կողմըն այս ամենը հաշվի չի առել, այդ պատճառով էլ ենթադրելի է, որ Վ. Պուտինը գնում է վաբանկ: Ռուսաստան ու ռուսական քաղաքականությունը ձախողվել է նաև միջին ասիական տարածաշրջանում և առաջացրել ծայրահեղ քայլերի դիմելու անհրաժեշտություն, ինչը միջազգային ահագնացող պատժամիջոցների խորքին (ֆոնին), Ռուսաստանի համար կարող է ճակատագրական լինել։ Ռուսական գեոքաղաքական ազդեցության կայուն թվացող գոտում նոր թեժ կետի ծնունդը երկար տարիներ ներքին-փոքր քաղաքականությունը ձախողելու և ժամանակի հրամայականները հաշվի չառնելու հետևանք է նաև: Եվ ներկա իրադարձությունների խորքին (ֆոնին), մոտ կես տարի առաջ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը դժվար է զուտ պատահականություն համարել:
Ինչպես նաև դժվար է բանական մարդուն համոզել, որ միայն արտաքին միջամտությամբ հնարավոր է արդար դատարաններ, բոլորի համար հավասար իրավունքներ ու արժանապատվություն ապահովող, երկրի բնական աղբիւրներն (ռեսուրսներն) ու հարստությունը արդարացի բաշխող, հասարակ քաղաքացու և իշխող խավի կենսակերպի միջև անհաղթահարելի անջրպետ բացառող պետության ներսում հրահրել մարդկանց դուրս գալ փողոցային պայքարի և վտանգել իրենց և իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքը:
Հ. Գ. Ղազախ ցուցարարներից մեկը քաղաքական պայքարի հենց առաջին օրը լրագրողի հարցին, թե ո՞րն է իրենց բողոքի հիմնական պատճառը, բավականին անկեղծ ու միամիտ պատասխան տվեց` «Հոգնել ենք թալանից, աղքատությունից… ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրում են Նորվեգիայում և Շվեյցարիայում»:
Միամիտ այս ցուցարարի երազանքը օտար երկրների զորքերի վերահսկողության տակ գտնվող Ղազախստանում դժվար իրականանա, բայց չեմ կարող չասել, որ նա իրոք մեծ հնարաւորութիւններ (շանսեր) ունի ապրելու այնպես, ինչպես այսօր ապրում են Իրաքում և Սիրիայում.