«Պէտք Է Արձանագրուի Պատմական Հայաստանի Տրամաբանութեանը Վերադառնալու Ռազմավարական Անհնարինութիւնը». Փաշինեան

Ասպարէզ, 11 ապրիլ 2024

11 Ապրիլին, Ազգային ժողովին մէջ, վարչապետ Նիկոլ Փաշինեան հաստատեց, որ իշխանութեան համար Խոր Վիրապէն քանի մը մեթր անդին Թուրքիա է, իսկ պատմական Հայաստանի տրամաբանութեան վերադառնալու ռազմավարութիւնը անկարելի է:

Ըստ անոր՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հայեցակարգերուն միջեւ տարբերութիւն կայ Հայաստանի իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ, որոնց միջեւ բանավէճ ծագած է այս հարցով:

«Մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրաւանդակից, Վանի թագաւորութիւնից: Մեր բանավէճը սրա մէջ է՝ մենք աշխարհին պէտք է նայենք Վանի թագաւորութեան աշտարակի՞ց, թէ՞ Հայաստանի Հանրապետութեան աշտարակից: Սրանում է հայեցակարգային մեր բանավէճը», ըսաւ Փաշինեան:

Ան պատասխանեց այն հարցումին, թէ ինչպէ՛ս կարելի է որեւէ տեղ ըլլայ 7րդ դարու հայկական եկեղեցի մը եւ քանի մը մեթր միւս կողմը՝ Ատրպէյճան:

«Սա շատ կարեւոր հարց է: Իսկ ինչպե՞ս կարող է լինել 7րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետեւ Խոր Վիրապը մեր քրիստոնէութեան ակունքը գտնւում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է: Հայեցակարգային բանավէճն այստեղ է: Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թէ՞ չենք ընդունում: Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը եւ քաղաքական մեծամասնութիւնը ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է եւ Հայաստանի կառավարութեան համար այս արձանագրումը անվտանգութեան ապահովման կարեւորագոյն միջոց է: Եւ ռազմավարական ընտրութիւնն հէնց սրա մէջ է:

Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկայ, մենք ընտրում ենք պատմական Հայաստան: Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը: Նոյն մօտեցումն է Ոսկեպարի դէպքում: Այն ճանապարհները, որով մենք դուրս ենք գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից մեր մտքում, քաղաքականապէս, երբեմն ոչ քաղաքականապէս այդ ճանապարհները հնարաւորութիւն են տալիս ուրիշներին մտնել մեր ինքնիշխան տարածք: Ասում եմ, որ մենք այդ ճանապարհը պէտք է փակենք: Սա պէտք է արձանագրենք որպէս ռազմավարական մշտականութիւն: Մենք պէտք է արձանագրենք պատմական Հայաստանի տրամաբանութեանը վերադառնալու ռազմավարական անհնարինութիւնը: Այստեղ է մեր բանավէճը իրականում: Եւ սա կարեւոր բանավէճ է», եզրափակեց Փաշինեան:

1 comment
  1. Հայ ժողովրդի վերջին հարյուր ամյակի քաղաքական պայքարը չի եղել պատմական Հայասատնի համար, այլ եղել է մինչ այս օրս գոյություն ունեցող միջազգայնորեն միակ ճանաչված սահմանների համար, որը օկուպացված է լենին-քեմալ պայմանագրով։ Նիկոլի հիմարությունները կրկնել է Ասպարեզը, իսկ Գեղարդը ինչի՞ է որոշել արտատպել այս հիմարությունը պարզ չի։
    Այն անհատները, քաղաքական ուժերը, կուսակցությունները, շարժումները՝ ովքեր համամիտ են ԽՍՀՄ սահմաններով սահմանազատմանը ու Հայաստանին զարգանալու հեռանկարից զրկելուն, ապա իրենք ծառայում են թուրք-ռուսական եղեռնագործ համակարգին։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ԳԻՏՈՒԹՅԱՆ «ԶԱՐԳԱՑՈՒՄԸ» ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԻՑ

Լևոն Բաբաջանյան, Երևան, 17 Հուլիս 2021 Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան լրատվության մեջ աշխուժացել են «գիտության զարգացման» շուրջ…
Read More