Բանակում տեղի ունեցող ծանր հանցագործությունների սոցիալ-մշակութային արմատների մասին

Լևոն Բաբաջանյան, Երևան, 6 Հունվար 2022

2021-ը, մեղմ ասած, անհանգիստ տարի էր Հայաստանի այն քաղաքացիների և աշխարհասփյուռ այն հայերի համար, ովքեր մտահոգ են Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական ճակատագրով։ Քաղաքական, աշխարհքաղաքական, ռազմական, տնտեսական, առողջապահական և այլ անհանգստացնող իրադարձությունները հայությանը պահեցին հոգեբանական տևական լարվածության մեջ։ Հատկապես ազդեցիկ էին այն իրադարձությունները, որոնք վերաբերում էին զինվորականության անվտանգությանը և առողջությանը։ Ինչն ինքնին հասկանալի է, քանի որ արյունալի 2020-ը բազմաթիվ ընտանիքների անդառնալի կորուստներ պատճառեց․ բազմաթիվ զինվորներ զոհվեցին երկրորդ Արցախյան պատերազմի ընթացքում, ավելի շատերը վիրավորվեցին կամ հաշմանդամ դարձան, մի մասն էլ գերեվարվեց։ Եվ այս ամենի խորքին (ֆոնին) բնական է, որ զինծառայողների ֆիզիկական անվտանգությանը վերաբերող նորություններն այդպես հուզական էին ընդունվում հանրության կողմից։

Անհանգստությունը, ցավոք, տևեց մինչև տարեվերջ։ Դեկտեմբերի 31-ին լուր տարածվեց առ այն, որ Վայոց Ձորի զորամասերից մեկում կատարվել է հանցագործություն, որի հետևանքով սպանվել է ժամկետային զինծառայող, մեկ այլ զինծառայող էլ ձերբակալվել է սպանության կասկածանքով։ Այս դեպքից առաջ էլ՝ դեկտեմբերի 10-ին կրկին հայաստանյան հարավային զորամասերից մեկում տեղի էր ունեցել մեկ այլ հանցագործություն․ ժամկետային զինծառայողի կողմից մահացու հրազենային վիրավորում էր ստացել մեկ այլ զինծառայող, երկուսը վիրավորվել էին։ Մեկ այլ տարօրինակ հանցավոր դեպք էր տեղի ունեցել նոյեմբերի 15-ին, երբ հիվանդանոցում մահացել էր արդեն պայմանագրային զինծառայող։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, թեև մահացած պայմանագրայինի եղբայրը բազմաթիվ հանգամանքներ էր մատնանշում, որոնք, ըստ նրա, խոսում էին այն մասին, որ պայմանագրայինին ծեծել և հետո սպանել էին։ Իսկ  մայիսին արդեն Տավուշի մարզի զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայողի դի, նախնական վարկածի համաձայն՝ կատարվածը ինքնասպանություն էր։

Նկատենք, որ բանակում նմանատիպ բազմաթիվ դեպքեր տեղի են ունեցել նաև մինչև վերջին պատերազմը։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական համագումարի, վեհաժողովի (ասամբլեայի) վանաձորյան գրասենյակի զեկույցի՝  2021 թ․-ի առաջին կիսամյակում 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ բանակում զգալիորեն նվազել են սպանության, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Բայց այդ նվազման համատեքստում անգամ քիչ դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ պատերազմի դառը հետևանքները կրած մեր հասարակության համար։

Մենք իհարկե չենք կարող մեզ վերագրել իրավապահ մարմինների դերը և որոշել մեղավորներին, հանցագործությունների հանգամանքները, դրդապատճառները և այլն։ Յուրաքանչյուր հանցագործություն, մարդկային կյանքի յուրաքանչյուր կորուստ իր պատմությունն ունի։  Սակայն, դեպքերի նման առատությունը խոսում է այն մասին, որ գործ ունենք համակարգային խնդրի հետ։

Նախ նշենք, որ հայաստանյան իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են բանակում ծանր հանցագործություններ ծնող արատավոր մի շարք բարքերի մասին։ Առաջին հերթին նման հանցագործությունների պատճառ է նշվում անպատժելիության տիրող մթնոլորտը։ Օրինակ՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ բանակում կատարվող հանցագործությունների հիմնական պատճառը կատարվող դեպքերի պարտակումը կամ ոչ համարժեք վերաբերմունքն է պատասխանատու մարմինների կողմից։ Իհարկե զինվորական կարգապահության բացակայությունը, իրավապահ մարմինների ոչ պատշաճ աշխատանքը կամ հանցագործությունների միտումնավոր պարտակումը կարող են պատճառ լինել հանցագործությունների կատարման համար, սակայն նշվածները թերևս անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են հանցագործությունների կատարման համար։ Բանակում կատարվող ծանր հանցագործությունների պատճառները թերևս ավելի խորքային՝ սոցիալ-մշակութային արմատներ ունեն։

Բնական է, որ փակ համակարգում, ինչպիսին որ բանակն է, մարդկանց միջև շփումները հաճախակի են տեղի ունենում, և հետևաբար բախումների (կոնֆլիկտների) առաջացման հավանականությունն է մեծ։ Բախումների (Կոնֆլիկտների) լուծման աշխատակարգերը բխում են հասարակության արժեհամակարգից, մշակութային արժեքներից, բարոյական չափանիշերից (նորմերից)։ Այս համատեքստում մեր հասարակության համար իրական աղետ է քրեական ենթամշակույթի առկայությունը։ Քրեական ենթամշակույթի տարածման գործում անմասն չեն զանգվածային լրատվամիջոցները։ Ու խոսքը միայն ԶԼՄ-ներում քրեական բովանդակությամբ տեղեկատվության առատության մասին չէ, այլ հեռուստատեսությամբ հեռարձակվող այն սերիալների և ֆիլմերի մասին է, որոնք «գովերգում» են քրեական բարքերը, հերոսացնում այդ ճանապարհով հարստության կուտակումը, ցուցադրում և տարածում են քրեական ենթամշակույթին բնորոշ վարքը, արժեհամակարգը, խոսքի բովանդակությունը, ոճը, անգամ հագուստը և այլ տարրեր, որոնք բնորոշ են փողոցային վարքուբարքին։ Հեռուստատեսությունները նշվածը հիմնավորում են վարկանիշի պահպանման և գովազդների միջոցով նիւթական, տնտեսական (ֆինանսական) հարցերի լուծման գործոններով։ Իբր նման բովանդակությամբ նյութերը ավելի մեծ պահանջարկ են վայելում հանրության կողմից։ Բայց հարց է նախ, թե արդյո՞ք հասարակության պահանջարկը այս դեպքում չի ձևավորվում առաջարկի առկայության և հասանելիության պայմաններում, իսկ այնուհետև, թե արդյո՞ք գումար վաստակելու բոլոր ձևերն են ընդունելի, արդյո՞ք հեռարձակված բովանդակության հետևանքների համար նույն այդ հեռուստատեսությունները պատասխանատվություն չեն կրում։

Սոցիալ-մշակութային հաջորդ ոչ պակաս կարևոր պատճառներից պետք է առանձնացնել հանրակրթական դպրոցի խեղճացած և թույլ վիճակը։ Ժամկետային զինծառայողները մինչ բանակում հայտնվելը նախ հաճախել են դպրոց և «մշակվել» են հենց այդ պետական հաստատությունում։ Երբեմն բազմաթիվ առարկայական [ցածր աշխատավարձ, մղում չառաջացնող (ոչ մոտիվացնող) աշխատանքային պայմաններ, փտախտ (կոռուպցիա) և այլն] և որոշ ենթակայական [ծուլություն, տգիտություն և այլն] պատճառներով ուսուցիչները և դպրոցի աշխատակազմը չեն կարողանում դպրոցում հաստատել կրթական պատշաճ միջավայր, որտեղ աշակերտի համար սովորելը, դաստիրակվելը և կրթվելը կլինի «անխուսափելի»։ Այսօրվա խեղճացած հանրակրթական համակարգի պայմաններում աշակերտների «մշակման» գործառույթը երբեմն իրականացնում է փողոցը՝ իր վարքուբարքով, իր կանոններով, արժեհամակարգով և այլն։ Եվ բնական է, որ աշակերտների զինվորագրվելու հետ միասին այդ ամենը ժառանգվում է բանակին։ Իսկ փողոցի կանոնները հաճախ ոչ միայն բախումները (կոնֆլիկտները) հաղթահարելու լավագույն միջոցները չեն, այլև կարող են սպառնալիք դառնալ մարդկային կյանքի համար։

Իհարկե այս ամենին գումարվում է նաև սպայական անձնակազմի երբեմն ոչ պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ Սպայի մասնագիտությունը ցածր վարձատրության պատճառով այդքան էլ գրավիչ չէ Հայաստանում, և շատ հաճախ այդ մասնագիտությունն ընտրում են ճարահատյալ։  Մինչդեռ սպայի աշխատանքը ոչ միայն պահանջում է մասնագիտական որոշակի (կոնկրետ) գիտելիքներ, այլ նաև հոգեբանական և բարոյական որոշակի պատրաստվածություն։ Անպատրաստ սպան բնական է, որ չի կարող այնպես կազմակերպել զինծառայողների առօրյան, որ չառաջանան բախումներ (կոնֆլիկտներ) կամ գոնե այդ բախումները (կոնֆլիկտները) ծանր հետևանքներով չավարտվեն։ Ու խնդիրն այն է, որ սպայական անձնակազմի ընտրանքը վերը նշված պատճառով մեծ չէ, հետևաբար սպայական անձնակազմի աշխատանքի որակն էլ բավարար չէ։

Մի խոսքով՝ բանակում կատարվող ծանր հանցագործությունների համար չի կարելի մեղադրել միայն իրավապահ մարմիններին և զինվորական հրամանատարությանը։ Ճիշտ է՝ նրանք առաջին պատասխանատուներն են, բայց խնդիրները շատ ավելի խորքային են, և լուծումները նույնպես պետք է լինեն խորքային։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Պայքարի Վկայութիւններ

Մինաս Գոճայեան, Լոս Անճելըս,  15 Օգոստոս 2013 Ժողովրդավարութեան ու մարդասիրութեան ձայնը կարելի է ժամանակաւորապէս լռեցնել, բայց երբեք յաւիտենապէս:…
Read More