Հայաստանի 2018-ի ապրիլյան և Ղազախստանի 2022-ի հունվարյան իրադարձությունների միջև զուգահեռներն անիմաստ են

Լևոն Բաբաջանյան, Երևան, 10 Հունվար 2022

Ղազախստանում տարին սկսվեց ցնցումներով։ Պայմանավորված հեղուկ գազի գնի կրկնակի թանկացմամբ` հունվարի 2-ից սկսած ղազախական մի շարք քաղաքաներում տեղի ունեցան բողոքի զանգվածային գործողություններ, որոնք շատ կարճ ժամանակում վերաճեցին փողոցային բախումների ցուցարարների և ուժային կառույցների միջև։ Ցուցարարները չբավարարվեցին Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղար և նախկինում Ղազախստանի երկարամյա առաջնորդ Նազարբաևի պաշտոնանկությամբ և գազի գնի բարձրացման չեղարկումով։ Ակնհայտ է, որ տևական ժամանակ ժողովրդավարության բացակայության, մենատիրական կարգերի հաստատման, փտախտի ու կաշառակերութեան (կոռուպցիայի ) և մի շարք այլ արատավոր երևույթների առկայությունը ղազախ ժողովրդի մոտ պարարտ հող էին նախապատրաստել ընդվզման համար։ Հասկանալի է, որ հեղուկ գազի գնի բարձրացումն ընդամենն առիթ էր այդ ընդվզման արտահայտման համար։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարեց և դիմեց ՀԱՊԿ-ին խաղաղապահ ուժերի ներգրավման միջոցով զանգվածային անկարգությունները ճնշելու համար՝ պատճառաբանելով, որ այդ ամենի հետևում կանգնած են ինչ-ինչ ապակառուցողական ուժեր, ինչն ահաբեկչության և սահմանադրական կարգի խախտման վիճակ էր ստեղծել Ղազախստանում։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց այդ դիմումին և Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց  Ղազախստանի հանրապետություն ուղարկել «ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»՝ սկսելով ՀԱՊԿ զորախմբի՝ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան տեղափոխման գործընթաց։

Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի նախագահ Տոկաևի դիմումին արագ արձագանքը և Ղազախստանի հանրապետություն հայ խաղաղապահ ուժեր ուղարկելը դժգոհության լայն ալիք տարածեց հայաստանյան հասարակության շրջանում։

Փաշինյանին քննադատում էին մի քանի կետերով։ Նախ․ ինչո՞ւ նա այդպես հապճեպ արձագանքեց Տոկաևի դիմումին։ Բանն այն է, որ երբ մայիսին Ադրբեջանը, խախտելով Ադրբեջան-Հայաստան պետական սահմանը, զորքերն առաջ էր բերել Սև լճի հատվածում, ՀԱՊԿ-ի արձագանքը, մեղմ ասած, իրավիճակին անհամարժեք էր։ Եվ բնական է, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ բացասական տրամադրություններ էին ստեղծվել հայ հասարակության շրջանում։ Այն դեպքում, երբ ՀՀ-ն իսկապես միայնակ էր մնացել թշնամական պետության բացահայտ նախահարձակման (ագրեսիայի) առաջ, ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Իհարկե խնդրի մյուս կողմն էլ այն է, թե արդյո՞ք Փաշինյանն իսկապես կարող էր չարձագանքել, արդյո՞ք այդ չարձագանքելը հետևանքներ չէր ունենա սահմանային լարվածությունների տեսքով և այլ հանգամանքներ, որոնց վերլուծության համար և՛ համապատասխան տեղեկատվություն, և՛ ժամանակ է անհրաժեշտ։

Առավել հետաքրքիր է Փաշինյանին ուղղված հանրային մեկ այլ մեղադրանքի վերլուծությունը, ըստ որի՝ նա, լինելով ժողովրդական ընդվզման միջոցով իշխանության հասած քաղաքական գործիչ, այս քայլով կարծես դավաճանեց «ժողովրդավարության» սկզբունքներին։ Այս առումով (համատեքստում)  զուգահեռներ էին անցկացվում Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային անհնազանդության գործողությունների և 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդությունների միջև։ Սակայն, թեև որոշակի նմանություններին, տարբերություններն ավելի շատ են։ Այնքան շատ, որ այս երկու դեպքերի միջև զուգահեռներ անցկացնելն անիմաստ է։ Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ։

Նախ նմանությունների մասին։ Այստեղ նշելու քիչ բան կա, քանի որ միակ նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ գործ ունենք տևական ժամանակ անարդարությունների հետևանքով կուտակված դժգոհության զանգվածային արտահայտման հետ։ Եվ վե՛րջ։ Մնացած բոլոր բաղադրիչներով քննարկվող դեպքերը տարբերվում են։

2018-ի քաղաքական գործընթացները իրականանում էին հստակ քաղաքական առաջնորդության ներքո։ Ընդվզման, քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները տեղի էին ունենում Նիկոլ Փաշինյանի և  Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակի (թիմի) առաջնորդությամբ և քաղաքական պատասխանատվությամբ, ինչն ի վերջո հանգեցրեց իշխանափոխության։ Ձախողվելու դեպքում Փաշինյանն ու իր խմբակը անշուշտ պատասխանատվություն էին կրելու այդ ամենի համար։ Մինչդեռ Ղազախստանում տեղի ունեցած ընդվզման գործողությունները, թեև տարբեր աղբյուրների պնդմամբ, համակարգվում էին ինչպես դրսից գործող մարդկանց և կազմակերպությունների կողմից, այնպես էլ ղազախական ուժային կառույցների այն ղեկավարների կողմից, որոնք Ղազախստանի նախկին առաջնորդ Նազարբաևի կլանի ներկայացուցիչներն են համարվում, ինչպես օրինակ՝ ձերբակալված Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մասիմովը, բայց բացահայտ, համընդհանուր ընդունելություն ունեցող և քաղաքական պատասխանատվություն ստանձնող քաղաքական առաջնորդություն չունեին։ Ղազախական ընդվզումը հիմնականում տարերային բնույթ էր կրում։

2018-ի ապրիլի քաղաքացիական անհնազանդության գործողությունները խաղաղ բնույթ էին կրում։ Թեև որոշակի կազմակերպված հանցավոր խմբեր բռնության էին ենթարկում խաղաղ ցուցարարներին, բայց բարեբախտաբար չեղան ո՛չ զոհեր, ո՛չ էլ ծանր հետևանքով բռնության ենթարկվածներ։ Մինչդեռ ղազախական ընդվզման գործողությունները ոչ մի կերպ չի կարելի բնութագրել որպես քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններ։ Ընդվզման հետևանքները արյունալի եղան․ հարյուրից ավել զոհեր ուժայինների և քաղաքացիականների շրջանում, կողոպտված հասարակական նշանակության թիրախներ (օբյեկտներ), այրված կամ թալանված պետական կառույցներ և այլն։

Հայաստանում տեղի ունեցած գործողությունները հստակ քաղաքական օրակարգ էին հետապնդում․ գործող նախագահ, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանի հեռացում, նոր իշխանությունների ձևավորում և այլն, իսկ ղազախական ընդվզման գործողությունների օրակարգը հընթացս փոխվում էր․ այն սկսվեց որպես տնտեսական պատճառներով բողոքի գործողություններ՝ աստիճանաբար վերածվելով գործող վարչակարգի հեռացմանն ուղղված քաղաքական գործողության։ Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, այդ ընդվզումը հաճախ ներկլանային պայքար էին հիշեցնում, ինչը բնորոշ է միջինասիական քաղաքական գործընթացներին։ Հայաստանում տեղի ունեցած գործողությունները Հայաստանի ժողովրդավարացմանն էին ուղղված, իսկ ղազախական ընդվզումն այդպես էլ քաղաքական բնութագիր չստացավ։

Մի խոսքով՝ երկու դեպքերը քաղաքական իմաստով անհամեմատելի գործընթացներ էին և ինչ-որ առումով բնական է, որ հետևանքներն ու արդյունքները պետք է տարբեր լինեին։ Ղազախստանյան հասարակությունը, երկար տարիներ կքած լինելով մենատիրական համակարգի լծի ներքո, տեսնելով և ապրելով քաղաքական վարչակազմի (ռեժիմի) անարդարություններն ու փտածությունը, ընդվզման և՛ բարոյական, և՛ քաղաքական իրավունք ուներ։ Բայց նույնիսկ անարդար և հանցավոր ռեժիմի դեմ ընդվզումը պետք է հստակ բովանդակություն, նպատակ և ձև ունենա, հակառակ դեպքում այդ ամենը ոչ մի կառուցողական հետևանքի չի կարող հանգեցնել։ Հետևանքը կարող է լինել ինչպես մենատիրական համակարգի վերարտադրությունը, այնպես էլ պետության ինքնավարության և անկախության կորուստը։ Իսկ թե ինչ իրական հետանքներ կունենա այս ամենը Հայաստանի հանրապետության, Ղազախստանում հայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովրդի համար, միայն ժամանակը ցույց կտա։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like